HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Թուրքիայում զգում են Հայաստանի հետ համագործակցության անհրաժեշտությունը

Այսօր «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում հրավիրված ասուլիսում «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանն անդրադարձավ Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Բաքվում արած հայտարարությանը: Հիշեցնենք, որ Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կրկին կապել էր Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: «Թուրքիան ուզում է ցույց տալ, որ այս գործընթացն իր համար հեշտ գործընթաց չէ, որպեսզի միջազգային հանրության կողմից ճնշումներն առնվազն չավելանան, հնարավորության դեպքում նվազեն, Թուրքիան Ադրբեջանը չկորցնելու խնդիր ունի և հասկանում է, որ քանի որ փաստաթղթային որևէ ձևակերպմամբ Ղարաբաղի հարցը չի կարող ուղղակիրեն ամրագրված լինել, հետևաբար փոխարինող գործոնը մնում է միայն հայտարարությունների լեզուն»,- կարծում է Կ. Բեքարյանը: Նա նշեց, որ հաճախ «մենք մոռանում ենք, որ գտնվում ենք ինֆորմացիոն հոսքերի և ինֆորմացիոն հակադրումների, իսկ որոշ դեպքերում` նաև հոգեբանական պատերազմների շրջանակներում»: «Ես առավել քան վստահ եմ, որ եթե Թուրքիայի նախագահի կողմից շատ ռեալ հարցադրում արվի Ղարաբաղի հետ կապված, հենց այդ պահին բանակցությունները կավարտվեն, հետևաբար այդ խնդիրը Թուրքիայի նախագահը չի դրել բանակցային սեղանին»,- ասաց նա:: Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ կարծում է, որ Թուրքիայի կողմից հնչեցվող հայտարությունների կապակցությամբ արվող հարցադրումները` «դա քաղաքականությո՞ւն է, թե` խաղ», «քաղաքականությո՞ւն է, թե` իմիտացիա», «քաղաքականությո՞ւն է, թե` երկակի ստանդարտներ», արդյունք են մեր «հայ քաղաքական մտքի մանկականության»: «Քաղաքականությունը հենց ինքը խաղ է, իմիտացիա և երկակի ստանդարտ, Թուրքիայի քաղաքականությունն այս հարցի վերաբերյալ ուժերի հավասարակշռությունը պահելու մեջ է. այո, նա հասկանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, դա նրանց պետք է, բայց մյուս կողմից` նրանք չեն ցանկանում կորցնել Ադրբեջանը, դա ևս նրանց պետք է, սա է էությունը նրա, ինչ հիմա տեղի է ունենում»,- պրն Իսկանդարյանը: Ալեսքանդր Իսկանդարյանը կարևորեց նաև այն, որ հայ-թուրքական հարաբերությունները դարձել են Թուրքիայի ներքին խնդիրը, այնտեղ քննարկվող հարց: Կարեն Բեքարյանի կարծիքով` Թուրքիայի վարչապետի և նոր արտգործնախարարի` Բաքվում հնչեցված Ադրբեջանին հանգստացնող հայտարարությունները միջազգային հանրության կողմից մեղադրանքների տեղիք տվեցին, թե Թուրքիան տորպեդահարում է հայ-թուրքական հարաբերությունները, հետևաբար անհրաժեշտություն առաջացավ ճոճանակը մի փոքր ետ շրջել: Դրանով է Կ. Բեքարյանը պայմանավորում այն, որ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիայում անցյալում ազգային փոքրամասնությունների նկատմամբ եղել են խտրականություններ, որոնք հիշեցրել են ֆաշիզմ: «Մի տարի առաջ ոչ մեկը չէր կանխատեսի, որ այսպիսի արագությամբ հնարավոր է, որ Թուրքիայի բավականին բարձր քաղաքական կշիռ ունեցող գործիչը և իրավական առումով 3-րդ անձը սեփական երկրի անցյալին անդրադառնա` այն անվանելով ֆաշիզմ, հետևաբար մեր լրատվամիջոցների խնդիրն էր այդ հայտարարությունը նայել այն համատեքստում, թե դրանից մինչև ցեղասպանություն բառը քանի քայլ է»,- ասաց Կ, Բեքարյանը Ըստ նրա`Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի մակարդակով հնչեցված հայտարարությունները պատահական չեն, բայց դա չի նշանակում, որ անկեղծ են, քանի որ այդ գործիչները կերտում են քաղաքականություն: Կարեն Բեքարյանը կարծում է նաև, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունն է դառնում նպատակ, ապա դա Հայաստանին ձեռնտու չէ, քանի որ «անվերջ ձգձգվող գործընթացից Թուրքիայի շահերը հստակ կարող են երևալ, իսկ մերը` ոչ»: «Եթե մենք շահերը չվնասելով գործ ունենք Թուրքիայի կողմից իմիտացիայի հետ, այդ իմիտացիայի համար գալու է պատասխան տալու ժամանակը, և ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության առաջ, բայց իմիտացիան ունի նաև իներցիայի վերածվելու հնարավորություն»,- կարծում է Կարեն Բեքարյանը: Եվ Կարեն Բեքարյանը, և Ալեքսանդր Իսկանդարյանը մայիսի 26-27-ին մասնակցել են Ստամբուլում հայ-թուրքական հարաբերությունների հարցերին նվիրված կոնֆերանսի: Երկուսն էլ Թուրքիայի մասնագետների ելույթներից տպավորություն են ստացել, որ Թուրքիայի վերլուծաբանների շրջանում չկա միարժեք կարծիք այն հարցում, թե պե՞տք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, թե ոչ, սակայն նրանք զգում են անհրաժեշտությունը Հայաստանի հետ համագործակցության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter