HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

«Քվեաթերթիկներով իշխանություն չեք կարող վերցնել, իշխանությունը կարող եք վերցնել միայն ուժով»

Ըստ ՀԱԿ-ի` սա էր իշխանությունների ուղերձը «Մայիսի 31-ին, ինչպես նաև նախընտրական ժամանակաշրջանում, Հայաստանում կատարվել է աննախադեպ ընտրական զեղծարարություն, որին մասնակցել են ոչ միայն իշխող կոալիցիայի ներկայացուցիչները սովորական դարձած մեթոդներով, այլ նաև ամբողջատիրական մեթոդներով ծառայեցվել է ողջ պետական համակարգը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու համակարգմամբ»,- այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա մատնանշեց այն բոլոր մեթոդները, որոնցով «գործել են իշխանությունները» և հայտարարեց. «Այսպիսով, Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում կիրառված ընտրակեղծիքների տեխնոլոգիաներն ապացուցում են, որ Հայաստանում ստեղծվել է դեմոկրատական ֆասադով քրեապետական-ամբողջատիրական պետական համակարգ, երկրի վարչախումբը վերածվել է խունտայի, որը, համախմբելով պետական իշխանության լծակները, քրեական կառույցները, ստեղծել է համատարած ահաբեկման մի համակարգ, որն այսօր կարող է թափանցել ցանկացած ընտանիք և ուղղված է ահաբեկման նպատակով համախմբված աշխատել բոլոր անհատ քաղաքացիների հետ»: Ըստ Լևոն Զուրաբյանի` ՀԱԿ-ը բարձրացրել է կործանարար այս համակարգի դեմ պայքարելու դրոշը: Նա կոչ արեց «երկրի բոլոր դեմոկրատական, առողջ ուժերին միանալ ժողովրդավարության հաստատման համար մղվող պայքարին»: Հարցին, թե արդյոք իր մատնանշած «դեմոկրատական, առողջ ուժերի» թվին կարելի է դասել ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին, նա պատասխանեց. «Բոլոր այն ուժերը, որոնք իրենք իրենց կհայտարարեն գաղափարախոսական քաղաքական կուսակցություններ, շարժումներ, հոսանքներ մտնում են այդ սահմանման մեջ, կարծում եմ` դաշնակները այո, մնացած ուժերը պետք է որոշակի տրանսֆորմացիա ապրեն, որ դառնան գաղափարական ուժ»: Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունների հետ այլևս երկխոսության որևէ ճանապարհ չկա, քանի որ մարտի 1-ից սկսած` իրենց հետևողական ուղերձը միշտ եղել է` բաց թողնել քաղբանտարկյալներին և անցնել երկխոսության. «Ցավոք սրտի, այս իշխանությունները չեն հասկանում` ինչ է նշանակում կոմպրոմիսը քաղաքականության մեջ, նրանց համար կոմպրոմիսի պատրաստակամությունը թուլության նշան է, նրանք մեր բոլոր այս քայլերը համարել են թուլություն և մեր բոլոր քայլերին ընդառաջ` ավելի կոշտացրել են իրենց դիրքորոշումը, իսկ այս խայտառակ ընտրություններից հետո մեզ համար պարզ դարձավ, որ նրանք չեն հասկանում, որ կարելի էր հանուն ազգային համաձայնության զիջել և չգնալ համատարած կեղծիքների, ապահովել քաղաքական կայունություն, համագործակցություն ընդդիմության հետ»: Ըստ Լևոն Զուրաբյանի` իրենց այս դիրքորոշումը չի փոխվի նաև նախագահ Սերժ Սարգսյանի կողմից համաներում շնորհելու պարագայում: ՀԱԿ համակարգողը չբացառեց, որ իրենք կարող են գնալ համատարած քաղաքացիական անհնազանդության շարժում ձևավորելու ճանապարհով. «Իշխանությունների ուղերձը բավականին հստակ էր, նրանք, փաստորեն, ասացին` դատարկ քվեաթերթիկներով մի պայքարեք, քվեաթերթիկներով դուք իշխանություն չեք կարող վերցնել, իշխանությունը կարող եք վերցնել միայն ուժով, սա շատ հստակ ուղերձ էր իշխանությունների կողմից, մենք էլ մտածում ենք այդ ուղղությամբ»: Լևոն Զուրաբյանը հավելեց նաև, որ ընտրախախտումների մասին իրենց բոլոր տվյալներն այժմ հավաքվում են, և առաջիկա օրերին դիմելու են ԿԸՀ` պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter