HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Սեւանի համար շարունակում են ահազանգել

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը տեղեկացրեց, որ Սևանը փրկելու նպատակով էկոլոգիական կազմակերպությունների վարած քարոզարշավի արդյունքում արդեն ապրիլի վերջին սկսեցին արձագանքել պետական կառույցները, որոնք այս կամ այն կերպ պետք է իրենց համաձայնությունը և դրական եզրակացությունը տան, որպեսզի «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Սևանի ավազանում Սոտքի ոսկու արդյունահանման գործարան կառուցի: «Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեմ արտահայտվեց Սոտքի նախագծին, դեմ արտահայտվեցին նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Սևանին կից հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ևս դեմ արտահայտվեց, բայց զգուշությամբ.նա ասաց, որ դա կոմերցիոն պրոյեկտ է, մենք դրան չենք անդրդառնա, քանի որ օրենքը նման պրոյեկտի իրականանցում թույլ չի տալիս և վերջապես արձագանքեց  նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Գեղարքունիքի բնակչության հետ հանդիպմանը ասաց, որ եթե դա օգուտ է տալու, մենք հավանություն կտանք, եթե վնաս` չենք տա»,- պատմեց Ինգա Զարաֆյանը: Նախագահի ասածից Ինգա Զարաֆյանը եզրակացություն  է արել, որ նախագահը ոչ թե լիովին դեմ է  Սոտքի նախագծի իրականացմանը, այլ նրան պետք են ավելի ծանրակշիռ ապացույցներ: Ըստ Ինգա Զարաֆյանի` այդ ապացույցները հավաքելու համար էլ այս պահին «Գեոպրոմայնինգ» ընկերությունն ուսումնասիրություններ է կատարում, որոնք ավարտվելու են այս տարվա հոկտեմբերին: Դրանից հետո, Ինգա Զարաֆյանի կանխատեսմամբ, կրկին կսկսվի Սոտքի նախագծի լոբբին, այդ թվում ընկերությունը կաշխատի նաև «Սևանի մասին»  օրենքը  փոխելու ուղղությամբ: Ինգա Զարաֆյանը պատմեց, որ «Գեոպրոմայնինգ» ընկերության գործադիր տնօրեն Դիմա Կալանդադձեն և «ՋՓՄ Գոլդ»  դուստր ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վարդան Վարդանյանը հայտարարել են, որ եթե իրենց թույլ չտան գործարանը տեղափոխել Սոտք, ապա իրենք կհրաժարվեն Սոտքի հանքավայրի շահագործումից: Հիշեցնենք, որ այժմ Սոտքից  հանքանյութը տեղափոխվում է եւ մշակվում է Արարատում: «Մենք չենք հավատում, որ այդ ընկերությունը կհրաժարվի հանքավայրի շահագործումից, քանի որ վերջին իրադարձությունները գալիս են ապացուցելու, որ ընկերությունը ոչ միայն այն սկսել է շահագործել, այլ սկսել է շահագործել` բացելով փակ հանքահորերը: Բաց ձևով վերամշակումը ամենավտանգավորներից է, քանի որ ողջ փոշին գնում է լճի մեջ ու դա դեռ խոսքը գործարանի կառուցման մասին չէ»,- ասաց Ի.Զարաֆյանը: Ինգա Զարաֆյանը տեղեկացրեց նաև, որ Վարդան Վարդանյանը հաստատել է իրենց ունեցած այն տեղեկատվությունը, որ Վրաստանից բերված ավտոմեքենաներով ցիանը տեղափոխվում է Արարատ Սևանի մայրուղով, որը, ըստ Ինգա Զարաֆյանի, նույնպես շատ վտագավոր է, քանի որ ցիանը չի կարելի տեղափոխել բնակեցված շրջանների և ջրամբարների մոտով: Sos Sevan խումբը դիմել է Բնապահպանության նախարարությանը, նախարարությունից խոստացել են պարզել, սակայն այդպես էլ խումբը պատասխան չի ստացել: «էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի  նախագահը հավալեց նաև, որ այնպիսի ընկերությունները, ինչպիսին է «Գեոպրոմայնինգը», գալիս Հայաստանի նման երկրներ, արագորեն շահագործում են հանքերը՝  տեղում թողնելով ավերված հսկայական տարածքներ եւ հեռանում: «Իսկ այնտեղ տարածքն իսկապես փոքր չի, քանի որ ընկերությունն այժմ արդյունահանում է տարեկան 500 000 տոննա հանքանյութ,  բայց ուզում է այդ ծավալները հասցնել մինչև 3 մլն տոննայի: Այդ դեպքում մեր լճում կկուտակվեն  ծանր մետաղներ և թունավոր նյութեր ու մենք կկորցնենք 33 միլիարդ խորանարդ մետր ծավալով քաղցրահամ ջրի պաշարները»,- ասաց նա: Ինգա Զարաֆյանը  «Հետք»-ին ասաց նաև, որ Վարդան Վարդանյանը խոստովանել է, որ Սոտքի հանքավայրում կա ոչ թե 40 տոննա ոսկի, որի մասին դեռ 2005թ էր հայտարարվում, երբ հանքավայրը շահագործվում էր հնդկական կազմակերպության կողմից, այլ մոտ 200 տոննա, իսկ ռուսական փորձագետների կարծիքով  անգամ ավելի շատ: «Եթե անգամ  հաշված չէ, թե ինչքան ոսկի կա Սոտքի հանքավայրում, ապա ինչպե՞ս կարելի է խոսել գործարանի կառուցման տնտեսապես շահավետ կամ անշահավետ լինելու մասին»,- հարցնում է տկն. Զարաֆյանը: Ինգա Զարաֆյանը չի բացառում, որ նոր հանդես եկած այդ ցուցանիշներով է պայմանավորված պետական կառույցների դիրքերի կոշտացումը նախագծի իրականացման նկատմամբ: Sos Sevan խմբի մտագոհությունն նաև այն է, որ եթե «Գեոպրոմայնինգ» ընկերությունը հասնի իր նպատակին, ապա դա ճանապարհ կբացի այլ ընկերությունների համար, որոնք նույնպես ցանկանում են նման գործունեություն ծավալել: Այս ամենը հաշվի առնելով` Sos Sevan խումբը պատրաստվում է իր գործունեություն ծավալել մի քանի ուղղություններով` կատարել ձեռնարկությունների գործունեության միջազգային փորձի ուսումնասիրություն, անցկացնել  «Գեոպրոմայնինգ» ընկերության գործունեության հասարակական մոնիտորինգ` պարզելու, թե ընկերությունն ինչքանով է կատարում իր բնապահպանական պարտավորությունները, «Սևանի մասին» օրենքի փոփոխությունը թույլ չտալու նպատակով շարունակել հասարակական շերտերին տեղեկացնել Սոտքի նախագծին առնչվող իրադարձությունների մասին և շարունակել ստորագրահավաք: Նշենք, որ SoS Sevan խմբի համար միակ ընդունելի տարբերակն է, որ ոսկու հանքերի վերամշակումը տեղի ունենա Արարատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter