HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Բորիս Գաբրիելյան. «Այսօր Սևանա լճում չունենք ձկան արդյունագործական պաշար»

05_06-b_gabrielyan«Այսօրվա դրությամբ մենք Սևանա լճում չունենք ձկան արդյունագործական պաշար, բացի կարասից, որը մենք դիտում ենք որպես Սևանա լճի համար ոչ ցանկալի ձկնատեսակ, քանի որ մրցակից է հանդիսանում տեղի տեսակների համար և' բազմացման առումով, և' կերային, քանի որ սնվում է այն կերով, որով սնվում են բոլոր ձկնատեսակների ձկնիկները»,- ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանն այսօր «Հայելի» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ նրա` նույնիսկ 100, 50 կամ 10 տարի առաջ նման վիճակ չի եղել: Բորիս Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Սևանա լճում ձվադրած իշխան ձկնատեսակի ձմեռային բախտակ և բոջակ տեսակներն անվերադարձ վերացել են: Ամառային բախտակի և գեղարքունի ցեղատեսակների համար կա պետական ծրագիր, որով նախատեսվում է այդ ձկնիկների բաց թողում Սևան լիճ: «Գումարներ են հատկացնում որոշ ձկնային տնտեսությունների, գնում են մանրաձուկը և արդեն 3-րդ տարին է բաց են թողնում Սևանա լիճ, բայց, մեր կարծիքով, այդ գումարները փոշիացվում են, քանի որ համապատասխան պատշաճ պահպանություն չի իրականացվում և, մեր տեղեկություններվ, այդ ձուկը, որ առաջին տարին բաց է թողնվել, արդեն մոտենում է ափերին, հասել է արդյունագործական չափերի, որ կարող է որսվել և արդեն որսվում է»,- ասաց Բ. Գաբրիելյանը: Ըստ տնօրենի` այս տեսակները ևս կարող են կանգնել վերացման վտանգի առաջ: «Պետք է մտածել ոչ միայն դրանց արհեստական վերարտադրման մասին, այլ նաև համալիր ծրագիր է անհրաժեշտ, որը կնախատեսի նրանց պատշաճ պահպանությունը ոչ միայն ափի մոտ, այլև քաղաքում, շուկաներում, ճանապարհներին: Բացի այդ, շատ կարևոր է տեղի բնակչության սոցիալական հարցերի լուծումը. քանի դեռ նրանք միջոցներ չունեն ապրելու, կմտնեն ու ձուկը կորսան»,- համոզված է Բորիս Գաբրիելյանը: Նա անհանգստացած է նաև սիգի առկա պաշարով. «Նրա մաքսիմալ պաշարը 80-ական թվականների վերջին եղել է 30 հազ. տոննա: 1983-ին սիգի պաշարները 12-13 հազարին մոտ էր, իսկ այսօր այդ թիվը կազմում է ընդամենը 170 տոննա: Այսինքն` այդ ձուկն այսօր որպես արդյունագործական տեսակ գոյություն չունի, նա մնացել է որպես ինչ-որ գենոֆոնդ, որ եթե մի 5 տարի առաջ հանգիստ թողնեին լիճը, ապա դրա հիման վրա սիգի պաշարները կարելի էր վերականգնել»: Բ. Գաբրիելյանն առաջարկում է արգելել սիգի որսը: «Սակայն Բնապահպանության նախարարությունը, չգիտես ինչու, ընդհանրապես արգելք բառ չի օգտագործում, միայն օգտագործում է թույլատրել բառը` պատճառաբանելով, որ եթե սրանք են թույլատրվում, ապա մեխանիկորեն մյուսները արգելվում է որսալ»,- ասաց Բ. Գաբրիելյանը: Նշենք, որ այսօր Սեւանա լճում թույլատրվում է միայն կարասի և խեցգետնի որսը: Հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանն անդրադարձավ նաև Սևանի ավազանում Սոտքի ոսկու հանքի շահագործման նպատակով տեղում գործարան կառուցելու` «Գեոպրոմայնինգ» ընկերության նախագծին: Նա տեղեկացրեց, որ իրենց հետազոտություններն այժմ շարունակվում են և իրենք դրական եզրակացություն չեն տվել գործարանի կառուցման համար: «Մենք 3 ուղղությամբ ենք ուսումնասիրում այդ տարածքը` ջրակենսաբանության, կենսաբազմազանության և հիդրոքիմիայի և պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք ոչ մի եզրակացություն չենք ներկայացրել «Գեոպրոմայնինգին», քանի որ ուսումնասիրությունները դեռ սկզբնական փուլում են գտնվում, իսկ կենդանիների ուսումնասիրության համար նույնիսկ մի տարին էլ շատ քիչ է, քանի որ դրանք պետք է ուսումնասիրվեն տարբեր սեզոնների, տարբեր վիճակներում, իսկ այսօրվա օրով մենք տվել ենք միայն նախնական գրականության ակնարկ, այսինքն` գրականության համաձայն` ինչ կենդանիներ, բույսեր կարող են գոյություն ունենալ այնտեղ»,- ասաց նա: Բորիս Գաբրիելյանը որպես քաղաքացի համարում է, որ ամեն դեպքում ռիսկի գնալ պետք չէ, հատկապես որ գործարանը Հայաստանի համար ինչ-որ հարցեր լուծող նախագիծ չէ, այլ զուտ ռեգիոնալ խնդիրներ է լուծում աշխատատեղերի և եկամուտների առումով: «Իսկ որպես գիտնական ես կտամ օբյեկտիվ գնահատական»,- ասաց նա: Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ասաց, որ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային կենտրոնը և Երկրաբանության ինստիտուտն արդեն եզրակացություն են տվել, որ «ռիսկերը պակաս են», չնայած ուսումնասիրություններն ավարտված չեն. «Քանի որ այս երկու ինստիտուտները կտան եզրակացություն, որ ռիսկերը սահմանափակված են և զսպված, ապա Հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի եզրակացությունն արդեն արժեք չի ունենա»,- կարծում է նա: Նախագահին կից Սևանի հանձնաժողովի անդամ Հակոբ Սանասարյանից փորձեցինք ճշտել` արդյոք հանձնաժողովում քննարկվել է այն հարցը, թե ինչ է լինելու Սևանի ափին գտնվող ինքնակամ շինությունների ճակատագիրը: «Ես կարծում եմ, որ դուք շուտով կլսեք, որ դրանք պետք է պետականացվեն և այն մարդիկ, ովքեր կառուցել են, իրենց սեփական միջոցներով պետք է կազմաքանդեն. դա վերաբերում է ծովի մակարդակից մինչև 1503.5 տասնորդական մետր նիշ ունեցող շինություններին»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter