HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

ՀԱԿ-ի համար ընտրական գործընթացը դեռ չի ավարտվել

08_06-a_avagyanՀԱԿ գլխավոր գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենց կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված, մոտավորապես 360 էջից բաղկացած դիմումը, որի հիման վրա ՀԱԿ-ը առաջարկում էր անվավեր ճանաչել մայիսի 31-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքները, չի քննարկվել ԿԸՀ-ի կողմից, հանձնաժողովի անդամների մեծ մասը չի ծանոթացել փաստաթղթերին: Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ԿԸՀ-ն հրավիրված արտահերթ նիստում մերժել է ՀԱԿ-ի դիմումը: Ավետիս Ավագյանի խոսքերով, այդ դիմումի մեջ իրենք ներկայացրել էին ոչ միայն ընտրությունների օրը տեղի ունեցած ընտրախախտումների, այլև բողոքարկման փուլին վերաբերող խախտումների ողջ սպեկտրը: Մասնավորապես, Ավետիս Ավագյանը տեղեկացրեց, որ հունիսի 2-ին իրենք դիմել են բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` խնդրելով իրենց տրամադրել ընտրատարածքների բոլոր ընտրատեղամասերի գրանցամատյանների գրառումների պատճենները` քաղվածքներ կատարելու համար: Բացառությամբ 6-րդ ընտրատարածքի` ոչ մի ընտրատարածքում ՀԱԿ-ին չեն տրամադրել գրանցամատյանները` պատճառաբանելով, որ «ընտրական նյութերը գրանցամատյանների հետ միասին տեղափոխվել են Հայաստանի ազգային արխիվ», կամ «հանձնաժողովների գործավարության մատյաններն արխիվացվել են սահմանված ժամկետում վերահաշվարկի բողոքներ չլինելու կապակցությամբ»: «Սա օրենքի բռնաբարում է, քանի որ ընտրատարածքներում փաստաթղթերը պահելու ժամկետը պայմանավորված չէ բողոք լինելոով կամ չլինելով, օրենքի հստակ պահանջն է, որ ընտրական փաստաթղթերը պիտի պահպանվեն ընտրատարածքային հանձնաժողովում 7 օր, որպեսզի հնարավորություն տրվի բողոքարկման ամբողջ պրոցեսն ավարտել: Եվ 7 օրից հետո 2 ամսվա ընթացքում նոր միայն նրանք իրավունք ունեն արխիվացնել, այդ էլ այն դեպքում, երբ չկա դատական վեճ. եթե կա դատական վեճ, արխիվացման գործընթացը կարող է սկսվել միայն դատական վեճի ավարտից հետո»,- մեկնաբանեց Ա. Ավագյանը: Իսկ ինչ վերաբերում է 6-րդ ընտրատարածքին, Ավետիս Ավագյանն ասաց, որ այս ընտրատարածքում իրենց վստահված անձանց թույլ են տվել կատարել քաղվածքներ, «բայց նորից խախտումով. չեն վավերացրել` համապատասխան կնիք և ստորագրություն չդնելով»,- ասաց նա: Ըստ Ավագյանի` այս ամենի նպատակն այն է, որ իրենք չկարողանան պատշաճ կարգով քաղվածքներ անել ու հիմնավորել իրենց բողոքները. «Խնդիրն այն է, որ գրանցամատյաններն ընտրությունների օրը վարվում են ընտրատեղամասերում, այնտեղ արձանագրվում են նկատված խախտումները, ընդ որում, տարածված պրակտիկայի համաձայն` շատ դեպքերում հանձնաժողովի անդամները փորձում են խախտումը չարձանագրել, եթե հնարավորություն կա: Եթե ընտրախախտումն արձանագրվում է գրանցամատյանում, ապա դա այնպիսի աղաղակող իրավախախտում է, որ անգամ հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը ստիպված են արձանագրել: Ստացվում է, որ այդ ամենաաղաղակող խախտումներն ուղղակի գրանցվում են ու հանձնվում պատմության դատին, քանի որ մենք հնարավորություն չունենք քաղվածքներ կատարելու և ներկայացնելու իրավապահ մարմիններին, ընտրատարածքային հանձնաժողովն էլ իր հերթին քայլեր չի ձեռնարկում»,- ասաց նա: Ավետիս Ավագյանն այս ամենից եզրակացնում է, որ նախընտրական, բուն ընտրությունների և հետընտրական շրջանի ընթացքում գրանցված ընտրախախտումներն ուղղորդվում են նույն կենտրոնից. «Իշխանություններն են այս ամենը կազմակերպում և ուղղորդում` հանձին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի, ով, փոխանակ տարբեր լրատվամիջոցներով ճամարտակելու և մեր դիմումը անհիմն համարելու, պարտավոր էր մեր ներկայացրած բոլոր փաստաթղթերը հատ-հատ քննարկել ԿԸՀ-ում և կոնկրետ որոշումներ ընդունել ամեն դիմումի համար: Եթե այդ դիմումները անհիմն էին, ապա դա նրանց համար փայլուն առիթ կլիներ` ցույց տալու, որ իրենց ներկայացված են անհիմն դիմումներ»,- ասաց նա: Ավետիս Ավագյանի խոսքերով, իրենք այս ամենը անպատասխան չեն թողնելու և այսօր ևեթ դիմելու են Վարչական դատարան` «Վարչական դատարանից ակնկալելով իրենց դիմումների ըստ էության և ըստ բովանդակության քննարկում»: Ավետիս Ավագյանը նաև ասաց, որ քանի դեռ կա դատական վեճ, և չկա դատական ատյանի վճիռը, իրենց համար ընտրական գործընթացն ավարտված չէ: Սակայն, այսօր տեղի ունեցավ ավագանու առաջին նիստը: Ավետիս Ավագյանի խոսքով, սա անտրամաբանական է, քանի որ օրենքը պետք է ժամանակ սահմաներ դատական գործընթացի համար: ՀԱԿ-ը հայտարարել է, որ հրաժարվում է ավագանու իր մանդատներից, սակայն դեռ պաշտոնապես հրաժարվելու վերաբերյալ դիմումներ չի ներկայացրել ԿԸՀ: Ավետիս Ավագյանն ասաց, որ մանդատներից հրաժարվելու իրենց դիմումները կներկայացնեն միայն դատական գործընթացից հետո, քանի որ հնարավոր է` դատարանն «այլ» որոշում կայացնի: «Հետքի» հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու ՀԱԿ-ը, եթե Վարչական դատարանն իրենց հայցը չբավարարի, Ավետիս Ավագյանն առաջարկեց այդ հարցի պատասխանը ստանալու համար հունիսի 12-ին մասնակցել ՀԱԿ-ի հանրահավաքին: Հարցին, թե ինչպես է ՀԱԿ-ը վերաբերվում «Ժառանգություն» կուսակցության անդամ Զ. Փոստանջյանի արած հայտարարությանը, թե ՀԱԿ-ը դեռ կայացած կառույց չէ, Ավետիս Ավագյանն արձագանքեց. «Հարկ չեմ համարում դրան անդրադառնալ, այդ պնդումները մեկնաբանման արժանի չեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter