HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

ԼՂՀ դիրքորոշումն արտահայտելու ժամանակը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` սանկտպետերբուրգյան հանդիպումը, ինչպես եւ սպասվում էր, բեկում չարձանագրեց: Սակայն դրա շուրջ ծավալված արձագանքները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արագացմանն ուղղված ջանքերից ոչ ոք չի հրաժարվել:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում էր, որ հանդիպման ընթացքում արձանագրվել են «դրական քայլեր, որոնք նվազեցրել են կարգավորման մի շարք հիմնարար սկզբունքների շուրջ երկու երկրների միջեւ եղած տարաձայնությունները»: Կողմերի դիրքորոշումների մոտեցման մասին նշեց նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը` հայտարարելով, որ սանկտպետերբուրգյան բանակցությունները շատ ավելի դրական էին, քան Պրահայում կայացած բանակցությունները, եւ որ կողմերը մոտեցնում են իրենց դիրքորոշումները դեռ չհամաձայնեցրած հարցերի շուրջ: «Այն, ինչ մենք այսօր լսեցինք, հիմք է ստեղծում, որպեսզի մենք շարունակենք աշխատել»,- ընդգծեց նա: Միեւնույն ժամանակ, «առաջընթացի» մասին խոսեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 5-ին Վաշինգտոնում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նա, մասնավորապես, ընդգծեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում առաջընթացի վկայություն է Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում: Հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելու մասին է վկայում նաեւ այն, որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի սանկտպետերբուրգյան հանդիպումը վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդն էր, եւ չի բացառվում, որ երկու նախագահները նորից հանդիպեն առաջիկա ամսվա ընթացքում: Ըստ Մինսկի խմբի համանախագահների վերոնշյալ հաղորդագրության` նախագահները համաձայնել են միջնորդների առաջարկին` հանդիպելու մոտ ապագայում, եթե հնարավոր է` հուլիս ամսին: Միաժամանակ, թուրքական «Միլիյեթ» թերթը փոխանցել էր Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուի` Վաշինգտոնում արած հայտարարությունն այն մասին, որ հունիսի վերջին Իտալիայում` Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում, կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ից շտապեցին հերքել այս տեղեկատվությունը` նշելով, որ վերոնշյալ հայտարարությունն արված է «իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հիման վրա»:

Թուրքիայի արտգործնախարարը, սակայն, Վաշինգտոնում ավելի հետաքրքիր հայտարություններ էլ է արել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ. «Հարաբերությունների բարելավման գործընթացն ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունից հետո շարունակվում է, եւ առկա են ուղղակի եւ միջնորդավորված շփումներ: Բանակցությունների գործընթացում դադար չկա: Մենք ամեն ինչ անում ենք խնդիրները լուծելու համար»:

Դավութօղլուն նաեւ ավելացրել է, որ հայ-թուրքական երկկողմ հարբերությունների կարգավորման համար «նման բարելավում անհրաժեշտ է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Միաժամանակ, ՆԱՏՕ-ում թուրքական խորհրդարանական վեհաժողովի անդամ Մեհմեթ Ջեյլանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է միանալ ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Թուրքիայի ցանկությունն է ներդրում ունենալ հակամարտության կարգավորման մեջ` Միսնկի խմբի շրջանականերում, եւ դա բնական է»,- ասել է նա:

Միջնորդների դրական գնահատականներն ու հայտարարությունները, ավելի հաճախ տեղի ունեցող հանդիպումները վկայում են, որ հակամարտության կարգավորումն արհեստականորեն արագացնելու գործընթաց է սկսվել: Իսկ Թուրքիայում հույս ունեն, թե ստեղծված իրավիճակում, երբ միջազգային հանրությունը պատրաստ է ամեն գնով «առաջընթաց արձանագրել» Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, գուցե հնարավոր լինի որեւէ դեր խաղալ դրանում:

Հատկանշական է, որ այս գործընթացին զուգահեռ ակտիվացել են նաեւ ԼՂՀ-ից հնչող հայտարարությունները, որ պետք է հաշվի առնել նաեւ ղարաբաղյան կողմի դիրքորոշումը: Դեռեւս ապրիլին ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը նշել էր, որ «Ղարաբաղի կողմից կա կտրուկ անհամաձայնություն մադրիդյան սկզբունքների հետ կապված` մի քանի հիմնական կետերի մասով»: Իսկ մայիսի 9-ին, այսինքն` պրահյան հանդիպումից հետո, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում պետք է վերականգնել Ղարաբաղի մասնակցությունը:

Հատկանշական է, որ Մինսկի խմբի միջնորդները եւս բազմիցս հայտարարել են, որ վերջնական արդյունքում հաշվի է առնվելու նաեւ Ղարաբաղի դիրքորոշումը: Այն մասին, որ հասունացել է Ղարաբաղի` բանակցություններին վերադառնալու պահը, վկայում է նաեւ լրատվամիջոցների տարածած, բայց այդպես էլ չհաստատված տեղեկությունը, թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պետք է մասնակցեր Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ընթրիքին:

Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին ակնհայտորեն բխում է հայկական կողմի շահերից, ուստի անհասկանալի է, թե ինչու է հետաձգվում վաղ թե ուշ հրամայական դարձող այս քայլը: Ստեղծված պայմաններում ցանկացած արագացում եւ ցանկացած «առաջընթաց» ժամանակի կորուստ է միայն եւ բլեֆի քաղաքականություն` դրանում ներգրավված բոլորի կողմից, եթե պայմանավորվածությունները զուգահեռաբար չեն համաձայնեցվում նաեւ ղարաբաղյան կողմի հետ, որին էլ պետք է պատկանի վերջնական որոշման իրավունքը:

Ստեղծված իրավիճակում կարեւոր է հենց ղարաբաղյան կողմի հստակ դիրքորոշման բարձրաձայնումը, որը ոչ միայն չի վնասի կարգավորման գործընթացին, այլեւ լուրջ խաղաքարտ կտա բանակցությունների անմիջական կողմ հանդիսացող Հայաստանին` լայն դիվանագիտական մանեւրների հնարավորությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter