HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արմեն Հարությունյան. Հասարակության անտարբերությունը շատ վտանգավոր է

Ազատ և արդար ընտրությունների ինստիտուտ ունենալը ենթադրում է երկկողմանի ճանապարհ: Ընդդիմությունն ընտրությունները չպետք է դիտարկի միայն որպես իշխանություններից ձերբազատվելու ճանապարհ, այլ որպես հասարակության և քաղաքական դաշտի մեջ ճիշտ իշխանական հակակշիռներ ստեղծելու միջոց: Իշխանությունն էլ, իր հերթին, չպետք է ազատ և արդար ընտրությունները դիտարկի որպես սպառնալիք իրեն, այլ պետք է հանդուրժի այդպիսի ընտրությունները` որպես միջոց ճիշտ հակակշիռ ստեղծելու համար: Այսպիսի կարծիք հայտնեց «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանն այսօր հիմնադրամի կազմակերպած «Ընտրական իրավունքը» թեմայով քննարկման ժամանակ: «Նորմալ ընտրություն չենք անցկացրել: 91 թ. բացառությամբ երևի թե մենք իրոք արդար ընտրություններ չենք ունեցել Հայաստանում»,- ասաց Վարդան Օսկանյանը: Քննարկման մյուս բանախոսը` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, նշեց, որ եթե քվեարկության ժամանակ իշխանությունը մշտապես հաղթում է, իսկ ընդդիմությունը` մշտապես պարտվում, ապա դա, բանական օրինաչափությունից ելնելով, երկարատև ժամկետային տեսակետից կարող է հանգեցնել ընդհուպ մինչև դանդաղ ոչնչացման, քանի որ տեսակը, առանց կատարելագործվելու, չի կարող ապագա կերտել: Ըստ նրա` ՀՀԿ-ն պետք է ավելի բարձր պատասխանատվություն ստանձնի, քանի որ հաղթողի պատասխանատվությունը միշտ ավելին է: Ընդդիմությունն էլ պետք է շարունակի իր պատասխանատվությունը կրել և կատարելագործվել, փորձել հասկանալ, թե ինչ սխալներ է արել: Արմեն Հարությունյանի կարծիքով, ընտրություններին չմասնակցած ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունն ընդդիմադիր զանգվածն էր: Նրա կարծիքով, սա ահազանգ է ընդդիմությանն այն մասին, որ հասարակության ընդդիմադիր զանգվածը ընդդիմադիր քաղաքական ուժերի մեջ չտեսավ իշխանությանը այն այլընտրանքը, որը կցանկանար: Մինչդեռ Երևանի բնակչության առնվազն 50 տոկոսն ընդդիմադիր զանգվածն է: «Այս ընտրությունները ոչինչ չփոխեցին, ցույց տվեցին, որ մենք, ինչպես եղել ենք, այնպես էլ շարունակում ենք մնալ: Եվ այդ տեսակետից մի վտանգավոր բան կա. անտարբերանում է հասարակությունը: Իսկ դա ավել վտանգավոր է, քան եթե նա լինի ընդդիմադիր: Պատմաբաններն այսօր նշում են, որ Բյուզանդիայի անկման հիմնական պատճառներից մեկը հենց իր հասարակության անտարբերությունն էր սեփական պետության նկատմամբ»,- ասաց Արմեն Հարությունյանը: Նրա համոզմամբ, մեր հասարակությունը շարունակում է մնալ նյութականացված, ինչի ուղղությամբ արդեն 16-17 տարի քաղաքական համակարգն աշխատում է, քանի որ նյութականացված մարդը իր ձայնը վաճառում է 5-10 հզ. դրամով, հետևաբար այդպիսի հասարակությանը կառավարելը շատ ավելի հեշտ է: Արմեն Հարությունյանի խոսքերով, ինքն ասում է քաղաքացիներին, որ եթե ինչ-որ մեկը իշխանության է գալիս ձեր ձայնը գնելով, ապա ձեր սոցիալական վիճակը չի բարելավելու, որպեսզի դուք միշտ այդ 5 հզ. դրամի կարիքն ունենաք: Նա նշեց, որ մենք պայքարող քաղաքացու տեսակը չենք կարողանում ձևավորել: Եթե քաղաքացին իր իրավունքին տեր չկանգնի, ոչ ոք չի կարող նրան օգնել: Բայց քաղաքացու հետ այս իմաստով պետք է աշխատի ողջ քաղաքական սպեկտրը: Իշխանությունները փոխվում են, իսկ քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը մնում է նույնը: «Ամեն մեկս մեզանից պետք է սկսենք, քաղաքական ուժերն էլ` իրենցից»,-ասաց մարդու իրավունքների պաշտպանը: Նրա համոզմամբ, թե 10 և թե 100 հոգու կաշառողների մեղավորությունը հավասար է: «Բայց, իհարկե, իշխանությունից ավելի շատ բան է կախված, որովհետև իշխանության ռեսուրսներն ավելի շատ են: Իսկ պատասխանատվությունը բոլորինը հավասար է, որովհետև ամեն մեկը, իր ռեսուրսի օգտագործման տեսակետից, քաղաքական մշակույթ է ձևավորում»,- ասաց Արմեն Հարությունյանը: Վարդան Օսկանյանն էլ նշեց, որ տասնամյակներ կանցնեն, մինչև մարդկանց կենսամակարդակը այնքան բարելավվի, և վերջիններս հրաժարվեն ընտրակաշառքից: Ուստի, փող բաժանելու դեմն առնելու ամենակարճ ճանապարհը «վերևից» արգելելն է: «Թվում է, թե քաղաքացին մտնում է ընտրատարածք, իր քվեն է գցում տուփի մեջ և ինքը փաստորեն օգտվում է իր սահմանադրական իրավունքից և այդ իրավունքն օգտագործում է: Բայց օրվա վերջում, երբ նման խախտումներ են լինում, լցոնումներ են լինում հօգուտ մի քաղաքական ուժի, այդ մի ձայնը դեգրադացվում է: Դրա տեսակարար կշիռը ընդհանուր ձայների մեջ նվազում է: Այսինքն` «1 անհատ` 1 ձայն» գաղափարն արժեզրկվում է: Ես գնացել քվեարկել եմ, բայց ես չեմ համարում, որ իմ ձայնը 1 հոգու ձայն է եղել. դա եղել է 1/100` նայած, թե ինչքան լցոնում է եղել»,- ասաց Վարդան Օսկանյանը` հավելելով, որ հիմնական մեղավորն ընտրակաշառք բաժանողն է, երկրորդը` այդ կաշառքը վերցնողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter