HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Թվիթեր հեղափոխություն. նոր միջոց ժողովրդավարացման համար

Իրանի հետընտրական զարգացումների մասին կարելի է տեղեկանալ այն թվիթերների կամ կարճ հաղորդագրությունների միջոցով, որոք հայտնվում են վերջին մի քանի ամիսների ընթացքում մեծ ժողովրդականություն ձեռք բերած twitter.com սոցիալական ցանցում:

Այն միկրոբլոգային տարածություն է, որը հնարավորություն է տալիս մարդկանց կապ պահպանել 140 նիշ չգերազանցող կարճ հաղորդագրությունների միջոցով: Իրանում տեղեկատվության համատարած վերահսկողության պայմաններում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ հետընտրական զարգացումներին այսօր ինչպես համաշխարհային հանրությունը, այնպես էլ համաշխարհային լրատվամիջոցները հնարավորություն ունեն հետեւելու միայն համացանցում գործող սոցիալական ցանցերի, բլոգերի միջոցով:

Օտարերկրյա լրագրողները հնարավորություն չունեն լիարժեք լուսաբանելու Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ նրանց համար ստեղծվում են խոչընդոտներ` նրանց կամ թույլ չեն տալիս օգտագործել լրագրողական տեխնիկան, կամ հրաժարվում են երկարացնել մեկ շաբաթվա համար նախատեսված մուտքի արտոնագիրը:

Արդյունքում մարդիկ ստիպված են օգտագործել ձեռքի տակ եղած հնարավորությունները` հեռախոսը, ինտերնետը` արտաքին աշխարհին տեղեկատվություն հաղորդելու համար: Վերջին շաբաթվա ընթացքում Իրանում արգելափակվեցին YouTube, Facebook կայքերը:

Սոցիալական ցանցերից միայն twitter.com-ն էր, որ կարողացավ դիմանալ ինտերնետային գրաքննությանը: Եվ այսօր իրանական ընտրությունների վերաբերյալ twitter-ում մի քանի վայրկյանում հայտնվում են 300-ից ավելի հաղորդագրություններ:

Նախորդ շաբաթ ԱՄՆ պետդեպարտամենտը նույնիսկ դիմեց կայքէջին` նախատեսված պրոֆիլակտիկ աշխատանքները հետաձգելու խնդրանքով, որպեսզի իրանցիների կապն արտաքին աշխարհի հետ չընդհատվի:

Twitter-ի առանձնահատկությունն այն է, որ հնարավորություն է տալիս համացանց թվիթներ ուղարկել նաեւ հեռախոսային հաղորդագրության միջոցով, հետեւաբար ավելի դժվար է կանխել դրանց տարածումը: Հնարավոր է արգելափակել մի շարք կայքէջերի հասանելիությունը, սակայն twitter-ում հայտնվող հաղորդագրությունների հոսքը կանխելու համար անհրաժեշտ կլինի արգելափակել նաեւ երկրում բջջային հաղորդագրությունների ծառայությունը:

Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ողջ ընթացքում համաշխարհային տեխնոլոգներն իրանցիներին տեղեկացնում են ինտերնետ-գրաքննությունը շրջանցելու եւ ինտերնետ-օգտվողների գտնվելու վայրը գաղտնի պահելու միջոցների մասին:

Վերջին օրերի հայտնագործությունը` Twitter ցանցի օգտագործողները փոխում են իրենց գտնվելու վիրտուալ վայրը Թեհրան` շփոթեցնելու համար հատուկ ծառայություններին, որոնք փորձում են բացահայտել Թեհրանից գործող թվիթեր-ակտիվիստներին:

Որպես համերաշխության մեկ այլ նշան` համաշխարհային թվիթերային հասարակության ներկայացուցիչներն իրենց պրոֆիլային նկարներին տալիս են կանաչավուն երանգ (իրանական նոր հեղափոխության պաշտոնական գույնը):

Ճիշտ է, twitter-ում ապատեղեկատվությունից խուսափել անհնար է: Վերջին հաղորդագրությունների համաձայն` twitter են մուտք գործել նաեւ Իրանի հատուկ ծառայությունները, որոնք տարածում են սեփական հաղորդագրությունները` իրարանցում առաջացնելու նպատակով:

«Հեղափոխությունների» ժամանակ twitter-ի լայնածավալ օգտագործման դեպք առաջին անգամ գրանցվեց այս տարվա ապրիլին` Մոլդովայում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ: Ցույցերի ակտիվիստներն օգտագործում էին սոցիալական ցանցերը` հավաքների մասին տեղեկատվություն տարածելու համար:

Մոլդովացի ցուցարարներից մեկի հանդեպ, ով սոցիալական ցանցերի միջոցով կոչ էր արել մարդկանց դուրս գալ խաղաղ ցույցերի, նույնիսկ մեղադրանք առաջադրվեց` «զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ անցկացնելու» համար: Իսկ ընդհանրապես, սոցիալական ցանցերը վաղուց արդեն օգտագործվում են քաղաքականության մեջ:

Քաղաքական գործիչները սկսել են լուրջ կարեւորություն տալ համացանցի միջոցով իրենց ընտրողների հետ կապ պահպանելու հնարավորությանը: Սեփական կայքէջեր եւ բլոգեր ունեն աշխարհի քաղաքական գործիչներից շատերը: Ճիշտ է, թվիթինգը համեմատաբար նոր միջոց է քաղաքական քարոզչության ոլորտում: Քաղաքական գործիչների համար, սակայն, սոցիալական ցանցերն ունեն իրենց բացասական կողմը: Երբեմն դժվար է լինում խուսափել տեղեկատվական արտահոսքերից:

Այս տարվա մայիսին twitter-ի շուրջ լուրջ աղմուկ բարձրացավ Գերմանիայում: Հյորսթ Քյոհլերի վերընտրումը որպես Գերմանիայի նախագահ գերմանացի քաղաքական գործիչների կողմից հրապարակվեց twitter-ում պաշտոնական արդյունքները հայտարարելուց 15 րոպե առաջ` դրանով իսկ խախտելով երկրում տասնամյակներ գործող ավանդույթը, ըստ որի միայն Բունդեստագի նախագահն իրավունք ունի հայտարարելու երկրի նոր ղեկավարի անունը:

Սկանդալը ստացավ Թվիթերգեյթ անունը: Սակայն, ընդհանուր առմամբ, քաղաքական գործիչները զգուշավոր են իրենց բլոգերի եւ թվիթեր էջերի հարցում: Ցանցերով հիմնականում զբաղվում են քաղաքական գործիչների հանրային կապերի պատասխանատուները, այդ իսկ պատճառով օրիգինալ եւ հետաքրքիր գրառումների այստեղ դժվար է հանդիպել:

Դմիտրի Մեդվեդեւի, Բարաք Օբամայի, Հիլարի Քլինթոնի բլոգերում տեղադրվում են հիմնականում պաշտոնական հաղորդագրություններ ու տեսանյութեր եւ կամ հղումներ պաշտոնական կայքերին: Ճիշտ է, դա չի խանգարում, որ, օրինակ, Դմիտրի Մեդվեդեւի բլոգում գրառումներն ունենան 500-2000 մեկնաբանություններ: Ավելի հետաքրքիր համացանցային դիվանագիտություն է վարում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Միլիբանդը:

Twittter-ի իր էջում նա զարմանում է, թե որքան թանկ արժեն թերթերը Միացյալ Թագավորությունում, եւ խորհուրդ տալիս մարդկանց ոչ թե ժամանակ վատնել twitter-ում, այլ գնալ մասնակցելու Եվրախորհրդարանի ընտրություններին: Իր բլոգում նա անում է հետաքրքիր գրառումներ` անձնական մեկնաբանություններով. այն, ինչ անհնար է գտնել պաշտոնական հաղորդագրություններում: Նոր մեդիայի հնարավորություններն իրենց քարոզարշավներում փորձում են օգտագործել նաեւ հայաստանյան քաղաքական գործիչները:

Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ, օրինակ, քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի շտաբից նրա բլոգին հղում կատարող նամակներ էին ուղարկվում էլեկտրոնային հասցեներով: Ճիշտ է, բուն նամակի բովանդակությանը ծանոթանալ անհնար էր այն պարզ պատճառով, որ հեղինակները մոռացել էին օգտագործել Յունիկոդ տառատեսակը:

Անկախ «հեղափոխություններում» սոցիալական ցանցերի ունեցած իրական դերից` կարող ենք պնդել, որ դրանք արդեն իսկ կատարել են իրենց կարեւոր դերը` հնարավորություն տալով մարդկանց այլընտրանքային տեղեկատվություն տարածել եւ ստանալ` դրանով մասնակից դառնալով ժողովրդավարական գործընթացներին:

Ու թեեւ համացանցի միջոցով «թվիթեր հեղափոխություններին» մասնակցելը շարունակում է անհասանելի մնալ աշխարհի շատ երկրների քաղաքացիների համար, ո՞վ գիտե, գուցե «վիրտուալ հեղափոխությունները» ապագայում շատ երկրներում իրական ժողովրդավարացման գործընթացների սկիզբ դնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter