HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալքալաքում բոշաներ մնացել են, բայց մաղագործ արհեստավորներ այլևս չկան (վիդեո)

«Բոշան որ չլիներ, մկի ծիրտ պիտի ուտեիք: Մաքուր մարդիկ են եղել բոշաները, մաղը ստեղծել են, որպեսզի ալյուրը մաղեն, մարդիկ մկների ծիրտ չուտեն»,-ասում է բոշա Հարութը:

Մաղագործության գործիքներ Ախալքալաքում ապրող բոշաների տներում պահպանվել են: 69-ամյա բոշա Լևոն Ավետիսյանը թվարկում է դրանք` ալրմաղ գործելու թուր, քյըսգըյ, զինար, շաղափ, քամանակ, փայտե քուղա, ուխլաբի և այլն:

Ախալքալաքի շուկայում` դեպի ավտոկայան տանող ճանապարհին մի մեծ տաղավարում տարիներ առաջ մաղ էր վաճառվում, գործող արհեստավորն էլ բոշա էր: Մաղագործի տաղավարն այժմ նորաձև է, մաղ էլ կա այնտեղ, բայց արդեն ոչ թե տեղացի բոշաների գործածն է, այլ Ախալցխայից բերված մաղերն են վերավաճառում: «Մեր իսկական պապական արհեստը չկա, մաղագործություն այլևս չեն անում,- ասում է 58-ամյա բոշա Խաչիկ Հակոբյանը,- արդեն գործարաններն են արտադրում մաղ, ձեռքով գործելու անհրաժեշտություն չկա»:

Բոշաները երկարավուն դեմքով, նեղ, ետ ընկած ճակատներով սևակն ու սևահեր են: Այդպես են բնութագրել նրանց նախկինում, սակայն վերջիններս իրենց հայ են համարում և ասում են, որ ոչնչով հայերից չեն տարբերվում: Թերևս միայն նրանով, որ մաղագործության հմուտ վարպետներ են եղել:

Ախալքալաքի շուկայից ներքև` Մյասնիկյան փողոցից  սկսվում է «բոշա մայլան»: Այդպես են անվանում ախալքալաքցիները քաղաքի հյուսիս-արևելյան հատվածը, որտեղ շուրջ 4 զուգահեռ ձգվող փողոցներում հիմնականում բոշաներն են բնակվում: «Մենք միշտ աշխատել ենք քաղաքի արվարձաններում ապրել, միշտ սիրել ենք առանձին ապրել, ոչ մարդաշատ տեղերում»,- նկատում է Խ. Հակոբյանը:

Խաչիկն ասում է, որ բոշաների շուրջ 100 տուն է մնացել Ախալքալաքում. մի մասն արդեն հեռացել է: Քաղաքում ապրում են Խաչատրյանների, Ավետիսյանների, Բալոյանների, Հակոբյանների, Տոնականյանների, Տոնոյանների գերդաստանները: Բոշա Երանոսյաններ կան նաև Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղում: Բոշաների համայնքներ դեռևս կան Ախալցխայում, Ծալկայում, Գորիում, Թբիլիսիում, Գյումրիում, Երևանում, Ախթալայում և մի քանի այլ բնակավայրերում:

Բոշայերենն արդեն մոռացվել է

Բոշաները հայախոս քրիստոնյա գնչուներ են համարում, որոնք հիմնականում բնակվել են Արևմտյան Հայաստանում: Ախալքալաքում բոշաները հայտնվել են 1830-ականներին, գաղթել են Էրզրումից` Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու առաջնորդությամբ Ջավախք հայերի զանգվածային գաղթի ժամանակ:

Կարծիքը, որ բոշաների նախահայրերը գնչուներ են եղել` հյուսիս-արևմտյան Հնդկաստանից, ախալքալաքցի բոշաները ժխտում են: Սակայն միևնույն ժամանակ հաստատում են, որ իրենց նախնիները թափառական կյանք են վարել: 19-րդ դարի վերջերից նրանք սկսել են կիսանստակյաց կյանք վարել: Ներկայումս բոշաները մշտական բնակության վայրեր ունեն և դարձել են նստակյաց:

«Մենք մեր պապերից էլ չենք լսել, որ Հնդկաստանից են եկել: Մենք ուրիշ ազգ չենք եղել, հայ ենք, պարզապես մաղագործի գործ ենք արել: Մենք միշտ հայերի հետ ենք եղել, ուրեմն մենք հայ ենք»,-ասում է Խաչիկը:

Բոշաները իրենց լեզուն ունեն` բոշայերենը, որը պատմական աղբյուրներում դասվում է նոր հնդկական լեզվախմբին: Կրել է հիմնականում հայերենի, մասամբ նաև պարսկերենի ազդեցությունը: Բոշաներն ասում են, որ իրենց լեզուն «գաղտնի» լեզու է, իրենք ստեղծել են այն, որպեսզի այլ ազգի ներկայացուցիչները, կողքից լսելով իրենց խոսակցությունը,  չկարողանան հասկանալ: Այժմ բոշաների լեզուն գործածությունից դուրս է եկել: Ախալքալաքի բոշաները նույնիսկ տանը չեն խոսում բոշայերեն:

«Մի քիչ գիտենք, ջահելությունը չգիտի»,-ասում է Լևոն Ավետիսյանը: Խաչիկն էլ ավելացնում է, որ իրենց սերունդն է արդեն մոռացել բոշաների լեզուն, իսկ երիտասարդները միայն հայերեն են հաղորդակցվում. «Մեզանից հետո ջահելությունն ընդհանրապես չի իմանա»,-շարունակում է Լևոնը:

Շուկայի «տերը» բոշաներն են

Բոշա տղամարդիկ արհեստավոր են, հիմնականում մաղագործներ: Կանայք փոխանակություններ են արել, զբաղվել մանր առևտրով:  «Վարսավիրներ ենք եղել, մաղագործներ են եղել, ժեշտանչիկներ են եղել»,- ասում է Լ. Ավետիսյանը:

Բոշաներն Ախալքալաքում էլ հմուտ արհեստավորներ են համարվում: Լավագույն թիթեղագործները նրանք են. երեք տավաղավար ունեն շուկայում, մեկն էլ քիչ հեռու` Ախալքալաքի ավտոկայանում: Թիթեղագործ եղբայրներ Ժոռան և Արտյուշը շարունակում են իրենց հոր գործը, հարևանությամբ երիտասարդ Հակոբի տաղավարն է, նա էլ թիթեղագործությունը պապից է ժառանգել:

Թիթեղագործների դիմացը ուստա Աղասի տաղավարն է` Բալոյանների ազգի 50 տարվա գլխարկ կարողը: Նրա մոտ դեռ պահպանվում են ստալինյան ոճի գլխարկները` չնայած գնորդներ գրեթե չկան. երիտասարդներն այլևս գլխարկ չեն դնում, ծերերն էլ հետզհետե մահանում են, բայց բոշա Աղասը շարունակում է կարել. «Արհեստ է, պիտի անես»,- ասում է նա:

Ախալքալաքի շուկայում մշտական առևտրականների մեծ մասն էլ է բոշա: Նրանք տարբեր գյուղերից բերված ապրանքը գնում ու նորից վերավաճառում են: Ախալքալաքցիներն ասում են, որ բոշաների հետ դժվար է սակարկել, շատ հմուտ են իրենց գործում, ոչ մշտական կամ վրացի վաճառողների հետ առեւտուր անելն ավելի դյուրին է:

Շուկայի կենտրոնում երկու բոշա կոշկակար կա աշխատող: Նախկինում Լևոն Ավետիսյանն էլ է կոշկակար եղել, հիմա շուկային կից տոնավաճառում կոշիկի առևտրով է զբաղվում:

 

Նրանց առանձնահատկությունը «թասիբն» է

Բոշաները համեմատաբար փակ են ապրել Ախալքալաքում, ամփոփված իրենց համայնքում, սակայն տարիների ընթացքում ինտեգրվել են տեղացիներին: Նախկինում բոշաները միայն իրար հետ են ամուսնացել. բոշաներն իրենց աղջիկներին ոչ բոշաների հարս չեն տվել և դրսից էլ աղջիկ չեն բերել: Հիմա խառնամուսնությունները հաճախակի են դարձել:

Ավանդույթների տարբերություն բոշաները չունեն: «Մեր առանձնահատկությունը մեր թասիբն է,- ասում է Խաչիկը,- մենք կարողացել են պաշտպանել մեզ: Մենք չենք սիրում մարդու ծախել:  Մեծերին հարգող ենք եղել: Օրինակ` հայերիս մեջ մարդ կա, որ ծերանոցներ են տալիս ծնողներին, բայց բոշաների մեջ դա անհնար է: Մենք կթքենք մեկս մեկիս երեսին: Ծնողի նկատմամբ հարգանքը մեր մեջ շատ ուժեղ է»,- ասում է Խաչիկը:

Եթե Ախալքալաքում մարդաշատ հուղարկավորություն է, ուրեմն հանգուցյալը բոշա է. երբ բոշաներից որևէ մեկը մահանում է, ողջ համայնքը գնում է նրա թաղմանը, նույնիսկ եթե տարիներ շարունակ միմյանցից խռով են եղել:

Սոցիալապես անապահով ընտանիքներ էլ չկան բոշաների մեջ, նրանք միմյանց թիկունք են կանգնում, օգնում են:

Բոշա տղամարդիկ խիստ են իրենց կանանց նկատմամբ, միայն վերջերս են կանայք սկսել տաբատ կրել: Մոտ 20 տարի առաջ տղամարդիկ թույլ չեն տվել, որ իրենց կանայք աշխատեն:

«Հիմա դարը փոխվել է, աղջիկները շատ են զարգացել»,- միջամտում է Լևոնի կինը: «Բայց կուլտուրաեն ադպես հետ չենք,- կատակում է Խաչիկը և բարբառով շարունակում,- խոսկըմ կա, թե` էշն օր խրդի, ձիեն կանցնի, ադ է եղել»:

Միևնույն ժամանակ բոշա տղամարդիկ հպարտանում են իրենց կանանց քաջությամբ և խոստովանում, որ բոշա կանայք ավելի քաջ են քան տղամարդիկ:

«Անձնագրում ես հոմ բոշա չեմ գրվում, գրվում եմ հայ»

Լևոնի ընտանիքի անդամների և Խաչիկի հետ մեր զրույցը երկարում է: Հարցնում եմ, թե ինչպես են վերաբերվում տեղացիները բոշաներին, արդյոք տարանջատում են իրենցից: Խաչիկը խոստովանում է, որ 30-40 տարի առաջ նրանց նկատմամբ երբեմն արհամարական վերաբերմունքի դրսևորումներ եղել են, հիմա համեմատաբար քիչ է:

Երբեմն բոշա երեխաներին դպրոցում տարբերել են հայերից: Հարութն իր ուսանած տարիներին անձամբ է զգացել որոշակի խտրական վերաբերմունք իր նկատմամբ` թե իր համադասարանցիների, թե ուսուցիչների կողմից: Նա երկու երեխա ունի` 13 և 12 տարեկան: Նրանք այժմ դպրոց են գնում:  

«Իմ դպրոցում սովորելու ժամանակ էլ, հիմա էլ նույնպես զգում եմ, որ ուսուցիչները այլ կերպ են վերաբերվում մեզ»,- ասում է նա:

«Գյուղացին իր բառապաշարի մեջ անպայման իր երեխաներին վախեցնում է բոշաներով` խելոք մնա բոշա պապն եկավ»,- ավելացնում է Խաչիկը:

«Կամ ի՞նչ ես առնում, դա բոշի բան է»,- շարունակում է Հարութը:

Խաչիկը շատ է ազդվում, երբ հայկական հեռուստառադիոընկերություններում «բոշա» բառը բացասական երանգով են հնչեցնում: Նա պատմում է, որ մեկ անգամ Հանրայինի «Որբերը» կինոնկարում հերոսներից մեկը ընկերուհու հետ խոսելիս արհամարական և բացասական իմաստով նրան «բոշա» է անվանել: 

«Ինձ շատ է նեղություն տալիս, որ մեզ ջոկում են հայերից: Վրացին կյանքում նման բան չի անում, հակառակը, ձգտում է իր ազգի մեջ քաշել: Եթե պետք եղավ, ես կասեմ` ես հայ չեմ, բայց հայերը որ այդպես են անում, ես ավելի եմ ջղայնանում: Թող ասեն բոշա, բայց ոչ որպես վիրավորական բառ»,- նեղսրտում է Խաչիկը:

«Բոշա» բառը տեղացիները վերագրում են թուրքական ծագման. երբ բոշա առևտրականը մաղ վաճառելուց հետո տուն է վերադարձել, հարևան թուրքը հարցրել է. «Եղբայր, առևտուրդ ինչպե՞ս էր, բոշան պատասխանել է` բոշ (թուրքերեն` դատարկ), այդտեղից էլ եկել է նրանց անվանումը:  

«Անձնագրում ես հոմ բոշա չեմ գրվում, գրվում եմ հայ, պապոց պապ այդպես է եղել,-ասում է Խաչիկը,- Բայց միշտ էլ մեզ ջոկել են հայերից: Նույնիսկ Վրթանես Փափազյանի գրքում Հայաստանի բնակչություն թվաքանակն է գրված, ասենք, ռուսներ` այսքան, քրդեր` այսքան, այսքան` եզդիներ` այսքան, հայեր` այսքան, բոշաներ` այսքան»:

Ախալքալաք

Մեկնաբանություններ (2)

bjishk
Shat hetaqrqir hodvats er Kristine, anchap shnorhakal em. Hamarya 30 tarekan em, nor em imanum vor boshan voch te shakaraklor vacharox poghotsayin arevtrakan tatik e, ayl etnik xumb. Shat lav kliner, vorpeszi shater@ texyak linen ays mardkants masin yev antexi chviravoren nrants.
Lisa
Karox eq texekatvutiun tal Erevani boshaneri masin? Kan deryevs? Yes hishum em nranc- sari camon ein caxum...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter