HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Կիրո Մանոյանի` Ջավախքում ՀԷԿ կառուցելու միջոցով Վրաստանի իշխանություններն ուզում են փոխել երկրամասի ժողովրդագրական պատկերը

24_02-k_manoyanՎրաստանի անկախությունից ի վեր և առաջին նախագահից սկսած` վրաց իշխանությունները տարբեր հնարքներ են փորձում գտնել, որպեսզի փոխեն Ջավախքի ժողովրդագրական պատկերը: Սրան մասնակցում է նաև վրաց եկեղեցին: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով Երևանում Վրաստանի նախագահի արած այն հայտարարությունը, թե «Ջավախքում ՀԷԿ է կառուցվելու, հետևաբար պետք է դրսից` տարածաշրջանից, մոտ 2-3 հազար նոր աշխատող գա»: «Եվ սա հիմնական մտահոգություններից մեկն է: Նախ` այնտեղ բավական աշխատուժ կա, որը մանավանդ Ռուսաստանի հետ Վրաստանի ներկա պայմաններում չի կարողանում գնալ Ռուսաստան: Այսինքն` տեղում բավական անգործ և կարող աշխատուժ կա: Իսկ դրսից եկողները Ջավախքում ժողովրդագրական պատկերը փոխելու միտում ունեն: Մի ժամանակ աքսորավայր ուզեցին սարքել: Չստացվեց: Վերջերս ուզում էին բերդ կառուցել: Տեղի բնակչությունը բողոքեց: Հիմա էլ ՀԷԿ-ի կամ ՋԷԿ-ի անունով ուզում են դրսից աշխատող բերել, այսինքն` դարձյալ ժողովրդագրական պատկերը փոխելու միտում ունեն»,- ասաց Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, մտահոգիչ է, որ Ջավախքում ՀԷԿ կառուցելու դրական նախաձեռնությունն անգամ Վրաստանի իշխանությունները «փորձում են, փաստորեն, այդպիսի ոչ ճիշտ մոտեցումով ոչնչացնել»: Բանախոսը հիշեցրեց, որ Ախալքալաքով անցնող երկաթգծի` ներկայումս դանդաղած կառուցման համար ևս աշխատուժ էին բերել Վրաստանի այլ շրջաններից, այնինչ կարող էին օգտագործել տեղի աշխատուժը: «Մտահոգությունները չեն դադարում: Հայաստանյաց եկեղեցին ոչ մի կարգավիճակ չունի Վրաստանում, ինչպես չունեն մնացած բոլոր ոչ վրաց ուղղափառ եկեղեցիները: Եվ բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք պետք է անպայման կարգավորվեն»,- նշեց Կիրո Մանոյանը: Ըստ ՀՅԴ ներկայացուցչի` Ջավախքը պետք է Հայաստանն ու Վրաստանն իրար կապող ամենաուժեղ օղակը լինի, մինչդեռ այսօր այն ամենաթույլն է: Պատմությունը վկայում է, որ երբ հայերն ու վրացիները միասին են եղել, երկուսն էլ շահել են: Եվ հակառակը. գոնե այսքանը Վրաստանի քաղաքական վերնախավը պետք է հասկանա: Այս ամենից հետո Կիրո Մանոյանը տարակուսում է Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ Վրաստանի նախագահին պատվո շքանշան շնորհելու առիթով: «Մի քիչ անհասկանալի էր նաև այն պատվո շքանշանը, որ տրվեց: Պատճառներից մեկը, ըստ մեր նախագահի, այն է, որ ինքը Ջավախքում մեծ գործեր է արել: Երբ մեր նախագահը վերջին անգամ պաշտոնապես այցելում էր Թիֆլիս, այնտեղ վիրահայոց առաջնորդ Սրբազան Միրզախանյանը խոսեց ընդհանրապես վիրահայության և հատկապես Ջավախքի հայության խնդիրների մասին: Եվ այդ մի քանի ամսվա մեջ, հաստատ կարելի է ասել, որ Սահակաշվիլին նոր բան չի արել, որ Ջավախքի հարցերը մեղմանան, և ինքն էլ արժանի լինի շքանշանի: Բայց երևի դա փոխադարձության մոտեցում էր, քանի որ մեր նախագահին տրված էր շքանշան, ուրեմն պետք էր նաև մենք Վրաստանի նախագահին շքանշան տայինք, և դրա համար էլ դա կատարվեց»,- եզրակացրեց Կիրո Մանոյանը: Անդրադառնալով երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջև կազմակերպված բողոքի ցույցին` Կիրո Մանոյանը նշեց, որ ոստիկանության վերաբերմունքը անհրաժեշտից շատ ավելի խիստ էր, և կարելի էր ավելի «նորմալ» վերաբերվել ժողովրդին, մանավանդ որ վերջինից եկող որևէ սպառնալիք չկար` ո՛չ անվտանգության, ո՛չ էլ հասարակական կարգի խախտման իմաստով: Նրա խոսքերով, երեկ ցուցի ժամանակ իր նկատմամբ մեծ բռնություն չի կիրառվել, իրեն չեն ծեծել, և իր հետ կատարվածը «ավելի շուտ հունահռոմեական ըմբշամարտի նման էր` «փաթաթվել, բռնել, հրել, քաշել, քան թե ծեծել»: «Կարծում եմ` երեկ հավաք կազմակերպողների տեսակետները բավական բարձր հնչեցին և լրատվամիջոցների միջոցով հասան Վրաստանի նախագահին: Կարծեք ինչ-որ տեղ կար քաղաքական որոշում, որ Սահակաշվիլին հանկարծ չհանդիպի որևէ ցուցարարների, և ոստիկանության ամբողջ նպատակը այն էր, որ հրապարակը դատարկ լինի ցուցարարներից: Բայց կարծեմ ոստիկանության քայլերը նպաստեցին, որ ավելի շատ արձագանք լինի, քան կարող էր հավանաբար լինել մինչ այդ: Հետաքրքրական է, սակայն, թե ինչու՞ էր պետք Սահակաշվիլուն զրկել այդ իրականությունը տեսնելուց»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը: Նրա խոսքերով, երբ ցուցարարները ընթերցել են իրենց պահանջները, որոնք պետք է հանձնեին Սահակաշվիլուն, ոստիկանները զարմացել են. «Ես նայում էի ոստիկանների աչքերին: Տպավորությունս այն էր, որ տղերքը մտածում էին. «Սրա՞ համար սրանց քշեցինք: Այսինքն` էսքան լավ բաներ են ուզում: Սրա՞ համար սրանց հետ տարանք»: Մեկը իրենց ասել էր, որ Սահակաշվիլին պետք չէ իմանա, որ էս մարդիկ էստեղ են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter