HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Հայաստանը նախագահական ընտրություններից հետո անցավ ամենաբռնի ճնշումների միջով

«2009 թ-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքում հաղթեց Սերժ Սարգսյանը, հավաքելով ձայների 52 տոկոսը, Հայաստանն անցավ վերջին տարիների ընթացքում, թերևս, ամենաբռնի ճնշումների միջով: Ընդհանուր առմամբ, երկիրը աչքի ընկավ կոռուպցիայի բարձր մակարդակով, դատական համակարգի անկախության բացակայությամբ և ոստիկանության կողմից խոշտանգումների կիրառմամբ»,- ասված է «Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիայի» 2009թ տարեկան հաշվետվության մեջ, որի էջերում Հայաստանը առաջին անգամ է հայտնվել: Այն այսօր «Մարիոթ» հյուրանոցում լրագրողներին ներկայացրեցին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները: Հաշվետվությունը հրապարակվել է  ֆեդերացիայի և Ընդդեմ խոշտանգումների միջազգային կազմակերպության համատեղ աշխատանքի արդյունքում: Հաշվետվությունը ներկայացնելու օրը պատահական չէր ընտրված, քանի որ այսօր խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է: Հաշվետվությունում ներկայացված են նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակագրությունը` իրավախախտումների և բռնաճնշումների շեշտադրմամբ, որոնք իրականացվել են հատկապես իրավապաշտպանների նկատմամբ. «Իրավապաշտպանների վիճակը հասարակության մեջ դեմոկրատիայի մակարդակի ինդիկատորն է, երբ որ իրավապաշտպանները վտանգի մեջ են հայտնվում, նշանակում է` դեմոկրատիայի մակարդակը հասել է այնպիսի մի աստիճանի, երբ մարդը, ով պաշտպանում է մարդկանց և քաղաքացիների իրավունքները, դառնում է գոյություն ունեցող համակարգի թշնամին»,- ասաց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը: Այս հաշվետվությունից բացի Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և ֆեդերացիայի անդամ, Հայաստանում գործող Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) հետևել են նաև Հայաստանում մարտի 1-ի գործով ձերբակալված անձանց դատավարություններին և դրա հետ կապված օրենսդրական վերջին փոփոխություններին: Այսօր ներկայացվեց նաև այդ դիտարկումների նախնական եզրակացությունը, որտեղ, արձանագրելով բոլոր իրավախախտումները, կոչ են անում ՀՀ իշխանություններին քրեական վարույթի ժամանակ չօգտագործել այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել դաժան վերաբերմունքի արդյունքում, այն դեպքում, երբ կասկածյալի դեմ ցուցմունքները ձեռք են բերվել խորթ մեթոդների միջոցով, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ մեթոդների կիրառողներին արդարադատության առաջ կանգնեցնելու, մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան ձեռք բերել անկողմնակալ ապացույցներ և աստիճանաբար նվազեցնել կախումը վկաների ցուցմունքներից և ինքնախոստովանական ցուցմունքներից քրեական արդարադատություն իրականացներլիս: Հեղինակները, չընդունելով վերջերս կատարված որոշ օրենսդրական փոփոխություններ, ՀՀ իշխանություններին նաև կոչ են անում «ապահովել մեղադրյալի`իր դատաքննության ժամանակ ներկա գտնվելու իրավունքը, ինչպես նաև իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը»: ՔՀԻ ներկայացուցիչ Լիլիթ Պետրոսյանի խոսքերով` չնայած համաներմանը, իրենք կոչ են արել իշխանություններին ձեռնարկել այս բոլոր քայլերը, քանի որ անպատժելիության մթնոլորտը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, և այս մեկ տարին հստակ ախտորոշեց Հայաստանում արդարադատության ոլորտում առկա բոլոր խնդիրները: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ղեկավարները երեկ հանդիպում են ունեցել նախագահականում. «Մենք նրանց բացատրեցինք մեր մտահոգությունները դատական գործընթացների, ոստիկանությունում առկա խնդիրների մասին, բռնությունների, իրավապաշտպանների վիճակի վերաբերյալ, մենք լիովին անկեղծ էինք մեր գնահատականներում, նախագահականից մեզ հավաստիացրին, որ այդ բոլոր դեպքերը կմեկնաբանվեն: Գործընթացը սկսվել է, բայց մենք դեռ ոչ մի բան չենք կարող երաշխավորել, բայց մենք կհետևենք, թե ինչ է տեղի ունենում և այս հարցերով կրկին կվերադառնանք Հայաստան»,- ասաց Սուեր Բելասենը: Տիկին Բելասենն ուրախ է , որ իրենց Հայաստանում հնարավորություն են տվել բանտեր գնալ. «Այդ թույլտվությունն արդեն ինչ-որ մեծ քայլ է, որ հնարավոր է բանտեր այցելել, քանի որ մի շարք երկրներում օբյեկտիվ դիտորդներին ուղղակի հնարավոր չէ բանտեր մտնել, բայց ավելի մեծ քայլ կլիներ, եթե կարողանայինք այցելել ոստիկանական բաժանմունքներ, որը Հայաստանում այսօր հնարավոր չէ, իսկ շատ հաճախ հենց այնտեղ են տեղի ունենում ամենալուրջ խախտումները»,- ասաց նա: 155 կազմակերպություն ընդգրկող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան ժամանել է Հայաստան ֆեդերացիայի 37-րդ կոնգրեսը պատրաստելու համար, որը տեղի է ունենալու 2010 թ.-ի ապրիլի 4-7-ը: Այն առաջին անգամ է անցկացվելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Հայաստան են ժամանելու մոտ 110 երկրների իրավապաշտպաններ: Կոնգրեսի հիմնական թեման լինելու է արդարադատությունն իր տարբեր ասպեկտներով. «Բոլոր տարածաշրջաններում և երկրներում, այդ թվում Հայաստանում, արդարադատության արդյունավետությունը պայմանավորված է դեմոկրատիայի զարգացմամբ, օրենքի նկատմամբ եղած հարգանքով և տնտեսական կայունությամբ: Արդար դատավարությունը ենթադրում է իրավահավասարություն, երբ հավասարապես պաշտպանվում են ինչպես մեղադրող կողմի, այնպես էլ պաշտպանական կողմի շահերը, երբ դատական համակարգը անկախ է»,- ասաց ֆեդերացիայի գործադիր տնօրեն Անտուան Բերնարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter