HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ս. Սաֆարյանը խոսեց խորհրդարանական պատվիրակությունների պահվածքի մասին

29_04-s-safaryanԱյսօր «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ի պատասխան նույն կուսակցության և ԵԽԽԽ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցվող մեղադրանքների, հրապարակեց մի ուշագրավ փաստաթուղթ: Նա տեղեկացրեց, որ 2008 թ. մայիսի 26-27-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում, որը տեղի է ունեցել Կիևում, «Ժողովրդավարական հաստատությունների գործառնությունը Ադրբեջանում» բանաձևի տակ երկրի անունից քվեարկություն են իրականացրել Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ավետ Ադոնցը: «Բանաձևի 25.1 կետում գրված է. «Վեհաժողովը... համարում է, որ Ադրբեջանում կայուն ժողովրդավարական զարգացումը չափազանց դժվար է լինելու, քանի դեռ չի վերականգնվել երկրի տարածքային ամբողջականությունը»: Իսկ 25.2 կետում ասվում է, որ «Վեհաժողովն ուշադրություն է հրավիրում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Ադրբեջանի գրավված տարածքներում իրավիճակի մասին» բանաձևի վրա` ընդունված 2008 թ. մարտի 14-ին, որով լուրջ մտահոգություն է հայտնվում այն բանի կապակցությամբ, որ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ներսում և շուրջը ռազմական հակամարտությունը շարունակում է վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, վերահաստատում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իր աջակցությունն է հայտնում նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններին և պահանջում է անհապաղ դուրս բերել հայկական ուժերը գրավված տարածքներից»: Փաստաթղթին կից կցված է մոնիտորինգի հանձնաժողովի արձանագրությունը, որտեղ գրված է, որ այս բանաձևի նախագիծը ընդունվել է միաձայն, այսինքն` միաձայն` նշանակում է ադրբեջանցիներ, թուրքեր, գումարած Դավիթ Հարությունյան և Ավետ Ադոնց»,- ասաց Ս. Սաֆարյանը: Ստեփան Սաֆարյանը խոսեց նաև Աթենքում տեղի ունեցած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ընդունած «ՍՏՀԾ անդամ-պետությունների խորհրդարանների դերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում» փաստաթղթի մասին: Փաստաթղթի կետերից մեկն ասում է. «Վեհաժողովը կիսում է այն մտահոգությունը, որ անկայուն քաղաքական մթնոլորտը, ծայրահեղականությունը և անջատողականությունը, չլուծված և հետաձգված հակամարտությունները Սևծովյան ավազանում, փախստականների մեծ ռիսկը և սուր քաղաքական խնդիրները պոտենցիալ ռիսկ են ստեղծում: Այսպիսի իրավիճակն անհրաժեշտ է դարձնում հակամարտությունների լուծումը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, ինչն առաջնայնություն է տարածաշրջանի համար»: Ստեփան Սաֆարյանի խոսքերով` ինքը և Արա Նռանյանը մոտ 5 երկրների պատվիրակների ձայներ են հավաքել, որոնք պատրաստ էին դեմ քվեարկել այս կետին, որի հեղինակները ադրբեջանցի պատվիրակներն են: Բայց, ըստ նրա, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը «ինքնագլուխ ՀՀ-ի անունից ստորագրել է այդ խայտառակ բանաձևի տակ»: «Մեր վիճակն աննկարագրելի էր, քանի որ մենք Արա Նռանյանի հետ գնում ենք և ձայներ ենք բերում 5 երկրներից, և իրենք բիրիքով վաճառում են դա: Մենք անմիջապես այդ հարցերը բարձրացրել ենք: Բոլոր դեսպանները, արտգործնախարարությունը, Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավարությունը և Ազգային ժողովի ղեկավարությունը տեղեկացվել են, մենք արտահայտել ենք մեր զայրույթը` սպասելով փոփոխությունների, սակայն, ավաղ, ոչինչ չարվեց: Մենք չենք ուզեցել այս կեղտը հանել հասարակության ներսում, բայց Զարուհի Փոստանջյանի` պատվիրակության հետ կապված միջադեպը հրաշալի առիթ ընձեռեց ընդհանրապես խոսելու միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների պահվածքի մասին»,- «Հետք»-ին ասաց Ստեփան Սաֆարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter