HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարդաղբյուրի համայնքապետը պաշտոնանկության եզրին է

29_06-vardaghbyurՇիրակի մարզի Վարդաղբյուր գյուղում բանն ի սկզբանե էր... Նախ` Կառլեն Բալոյան, հետո` Սարգիս Բալոյան, 2005 թ.-ից էլ համայնքապետի «փոխանցիկ դրոշը» հայտնվեց Հրաչ Բալոյանի մոտ: Գյուղը 105 բնակիչ ունի: Գյումրի-Բավրա միջպետական մայրուղու աջ ու ձախ կողմում, բլրի վրա տեղակայված 22 տներից 7-ը պատկանում են Բալոյանների գերդաստանին:

Գյուղում հետաքրքրվեցինք` ազգանո՞ւնն է ազդեցիկ, թե՞ սովորություն է դարձել համայնքապետի ընտրությունը նույն տոհմից կատարելը: Բացատրեցին, որ Բալոյանների ազգությունը մեծ է, ընտրություններին այլ թեկնածուներ էլ են առաջադրվել, սակայն հաջողության չեն հասել: «Փոքր համայնքներում, ցավոք, ֆեոդալիզմի տարրերն առավել ակնառու են երեւում,- այս առթիվ հայտնեց փոխմարզպետ Միքայել Վարդանյանը,- եթե տվյալ գյուղի ամենաբանիմաց ու գրագետ մարդը ազգականներ չունի, անհնար է, որ երբեւէ համայնքապետ դառնա»: Փոխմարզպետն օրինակ բերեց Փոքր Մանթաշ գյուղը, որտեղ Հակոբյան եղբայրները որոշել էին համայնքապետ առաջադրել իրենց փոքր եղբորը` Արթուր Հակոբյանին: «Հավատացեք, այդ տղան չգիտեր, թե 4 անգամ 4-ը ինչքան է անում, բայց ընտրվեց: Մենք նրան հետո անվստահություն հայտնեցինք` առաջարկեցինք դիմում գրել: Պատկերացրեք, որ հրաժարականի դիմումը գրեց, բայց զգուշացրեց, որ հաջորդ ընտրությունների ժամանակ կրկին առաջադրվելու է»,- պատմեց փոխմարզպետը: Ներկայումս Փոքր Մանթաշը ղեկավարում է Արթուրի մյուս եղբայրը` Ժիրայր Հակոբյանը: Օրենքի անկատարությունն ու սահմանափակումների բացակայությունը հնարավորություն է տալիս Բալոյանների նմաններին, Ցողամարգի համայնքապետի եւ շատ այլ նմանների հայտնվել ՏԻՄ համակարգում: Շիրակի մարզպետարանի տարածքային բաժնի ղեկավար Կառլեն Աբրահամյանը պարզաբանում է. «Վատն էլ այն է, որ մենք Հրաչ Բալոյանին անվստահություն չենք կարող հայտնել, օրենքը թույլ չի տալիս, էդ մարդը ոչ հավաքել է, ոչ էլ` վատնել, այսինքն` նրա միակ մեղքը անգործությունն է, իսկ դրա համար դժվար դատախազությունում գործ հարուցեն»: Մարզպետարանի Ֆինանսատնտեսական վարչությունում Վարդաղբյուրի անունը լսելով` վարչության աշխատակիցներն ուսերը թոթվեցին. «Ի՞նչ տվյալներ եք ուզում, որ տանք, էդ մարդը չի աշխատում, ցուցանիշները զրո են»: 2008 թ.-ին Վարդաղբյուրում սեփական եկամուտների գծով գրանցվել է 38,4% ցուցանիշ` 7 մլն 363 հազար դրամի փոխարեն համայնքապետը հավաքագրել էր 2 մլն 878 դրամ: Այս տարվա 5 ամսվա արդյունքներն էլ ավելի հուսահատեցնող էին. սեփական եկամուտներ` 0,4%, հողի հարկ` 0,3%, գույքահարկ` 0%, ընդհանուր եկամուտներ` 14,4%: Այս 5 ամիսներին համայնքապետն անգամ մուծումներ չի կատարել: Ընդամենը 10 հազար 500 դրամի անդորրագիր է գրվել, այն էլ` համայնքապետարանի հաշվապահի անունով: Վարդաղբյուրի հաշվեհամարը կալանքի տակ է 2008 թ. օգոստոսից: Այս տարի համայնքապետարանը գանձապետարանի հետ դեռ ոչ մի դրամական գործարք չի կատարել: «1996 թ.-ից չհավաքած հողի հարկի պարտք կա` 12 մլն դրամի չափ,- տեղեկացրեց Վարդաղբյուրի համայնքապետ Հրաչ Բալոյանը,- համայնքապետարանն ընդունել եմ աշխատավարձի 6 մլն դրամ պարտքով, 3 մլն էլ կենսաթոշակայինին ենք պարտք: Կալանքն էդ պատճառով է, ԴԱՀԿ-ը կենսաթոշակայինի պարտքն է տանում»: 29_06-vardaghbyur-1Համայնքապետարանի աշխատակազմը համեստ է` երեք աշխատող: 2005 թ.-ին, երբ Բալոյանն ընտրվել է առաջին անգամ, աշխատակազմը 2 անգամ մեծ է եղել: Համայնքապետի ասելով` երկու հավաքարար են ունեցել, մեկը` համայնքապետարանի, մյուսը` գրադարանի համար: Գրադարանի շենք, որպես այդպիսին, գյուղում չտեսանք, համայնքապետարանն էլ տեղավորված էր 9 մետրանոց վագոն-տնակում: 2008 թ. ընտրություններից հետո աշխատակազմի 3 անդամներին ազատել են աշխատանքից, բնականաբար, 2 հավաքարարին էլ հետը: Հիմա ամեն ամիս 150 հազար դրամ է պետք երեք աշխատակիցների աշխատավարձն ապահովելու համար: Հունիսի 1-ի դրությամբ համայնքապետը, պարտքերը չմարելով հանդերձ, 750 հազար դրամի ընթացիկ պարտք է կուտակել: 29_06-vardaghbyur-2Զրույցի ժամանակ Վարդաղբյուրի համայնքապետը վստահեցրեց, որ այս տարի այլ կերպ է լինելու, հարկերն անպայման հավաքելու է: «Վերջ, էլ չեմ զիջելու,- ասաց Հրաչ Բալոյանը,-եթե պարտքերը չտվեցին, չեմ թողնելու, որ խոտը հավաքեն»: Թե ինչպե՞ս է իրականացնելու իր սպառնալիքը, համայնքապետը չմանրամասնեց: «Հա՛մ իրենք են մեղք, հա՛մ ես, գոնե մինչեւ տարվա վերջ պարտքերը փակեն, որ էդ տուժ-տուգանքն էլ վրեքիցը ելնի»,- հավելեց համայնքապետը: Վարդաղբյուրը չունի հեռախոսակապ, դպրոցը տարրական է: Վարդաղբյուրցիները այստեղ հաճախում են մինչեւ 4-րդ դասարան, միջնակարգն ավարտում են 4 կմ հեռավորության վրա գտվող Մուսայելյան գյուղում: Գյուղի զարգացման քառամյա ծրագրում համայնքապետը գրել է ակումբի շենքի կառուցման մասին, որի համար 25 մլն դրամի ակնկալիք ունի կառավարությունից, 1 կմ ճանապարհահատվածի վերանորոգման համար համայնքապետարանին 10 մլն դրամ է պետք: Ընդհանուր առմամբ, գյուղի հիմնախնդիրները լուծելու համար, ըստ համայնքապետի, 35 մլն դրամ է անհրաժեշտ, իսկ թե որտեղից, ինչ ձեւով կհայթայթի այդ գումարը` չգիտի: Հունիսի 23-ից մարզպետարանը վարչական ստուգումներ է սկսել Վարդաղբյուրում: Տարածքային բաժնի ղեկավար Կառլեն Աբրահամյանի կարծիքով` Հրաչ Բալոյանը պաշտոնանկ արվելու շեմին է: «Թեպետ, ճշմարտության դեմ չմեղանչենք, ի՞նչ է փոխվելու, Հրաչին կհանենք, մյուս Բալոյանը կընտրվի: Մուսայելյանում էլ նախկին համայնքապետին անվստահություն հայտնեցինք, փոխարինողը աշխատելու առումով նրանից վատը դուրս եկավ: Ողջիի համայնքապետին էլ անվստահություն հայտնեցինք, անգամ քրեական գործ հարուցվեց, արդյունքում էդ մարդն էլի Ողջի գյուղի համայնքապետն է»,- դժգոհեց պրն Աբրահամյանը: Փոխմարզպետ Միքայել Վարդանյանը նույնպես չաշխատող կամ վատ աշխատող համայնքապետերին անվստահություն հայտնելուն թերահավատորեն է վերաբերվում: Խոսելով նույն Ողջի գյուղում 2005 թ.-ին ծավալված դեպքերի մասին, երբ գյուղը բաժանվել էր երկու մասի, նշեց, որ արդյունքում ոչ մի բան էլ չէր ապացուցվել: Դե, իսկ կուսակցականացված համայնքապետերը, հատկապես իշխանական թեւին պատկանող, ամենաանպատասխանատուներն են, եւ ամենադժվարը հենց այդ համայնքապետերի հետ լեզու գտնելն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter