HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Ինչպես փոխել ստատուս-քվոն. նոր պատերազմ Կովկասո՞ւմ

Ռուս-վրացական նոր պատերազմի հավանականության մասին կանխատեսումները չեն դադարում դեռեւս օգոստոսյան պատերազմի ավարտից հետո: Սակայն անցած եւ գալիք իրադարձությունները ստիպում են փորձագետներին հանդես գալ նոր կանխատեսումներով:

Այդ կանխատեսումների համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ հունիսի 29-հուլիսի 6-ը Ռուսաստանի հարավում, ինչպես նաեւ Հայաստանում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ընթանալու են «Կովկաս-2009» ռազմավարական զինավարժությունները:

Արդեն հայտնի է, որ զինավարժություններին կմասնակցեն 8500 զինվոր, 200 տանկ, 450 զրահապատ մեքենաներ, 250 հրետանային զենք: Հայտնի է նաեւ, որ դրանց կմասնակցեն Հարավային Օսիայում եւ Աբխազիայում տեղակայված 4-րդ եւ 7-րդ ռազմական գումարտակները:

Մասնագետների հավաստմամբ` այս զինավարժությունների սցենարով ռազմական գործողությունները նախատեսված են հարավից եկող հնարավոր սպառնալիքի դեմ, եւ ենթադրյալ հակառակորդը, փաստորեն, Վրաստանն է: Վրաստանի ԱԳՆ-ն այս առնչությամբ տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշվում է, որ զինավարժությունները սպառնալիք են հանդիսանում երկրի պետականության համար:

Ըստ հաղորդագրության` կազմակերպիչների մտահղացմամբ դրանք պետք է պատասխան դառնան ավելի վաղ Վրաստանում կայացած ՆԱՏՕ-ի զինավարժություններին: Դրանք անցկացվեցին գարնանը` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, եւ դրանց մասնակցեցին 14 երկրների մոտ 1000 զինծառայողներ:

Հիշեցնենք, որ Մոսկվան իր դժգոհությունն էր հայտնել տվյալ զինավարժությունների վերաբերյալ, իսկ Հայաստանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել դրանց: Վրաստանի ԱԳՆ-ն միաժամանակ հիշեցնում է, որ «Վրաստանի դեմ 2008 թ. օգոստոսի ռուսական լայնամասշտաբ ագրեսիային նախորդել էին նույնանման իրադարձություններ («Կովկաս-2008» - հեղ.)»:

Արեւմտյան վերլուծաբանները եւս ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ նախորդ տարի «Կովկաս-2008»-ի պատրվակով տեղաշարժվել է հսկայական քանակությամբ զինուժ եւ զինտեխնիկա, որոնք հետագայում օգտագործվել են ռուս-վրացական պատերազմում:

Կատոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող եւ «Տնտեսական վերլուծության ինստիտուտի» ֆոնդի նախագահ Անդրեյ Իլլիարիոնովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է նույնիսկ ռուս-վրացական պատերազմի վերսկսման հավանական օրը` հուլիսի 6-ը, երբ կավարտվեն «Կովկաս-2009»-ի զինավարժությունները, եւ երբ կսկսվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Մոսկվա: Ըստ նրա` պատերազմի նախապատրաստության մասին են վկայում հակամարտության գոտուց ԵԱՀԿ եւ ՄԱԿ առաքելությունների դիտորդների դուրս մղմանն ուղղված Մոսկվայի քայլերը, ինչպես նաեւ` շփման գծերում հաճախակի դարձած ահաբեկչական գործողությունները: Ինչպես հայտնի է, ռուսական վետոյի համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մինչեւ հունիսի 30-ը պետք է լքի Վրաստանը:

Հունիսի 15-ին Մոսկվան վետո է դրել նաեւ ՄԱԿ-ի առաքելությունը երկարացնելու բանաձեւի նախագծի վրա: Ա. Իլլիարիոնովը հիշեցնում է, որ ռուսական ղեկավարությանն այդպես էլ չի հաջողվել հասնել իր հիմնական նպատակին` Միխայիլ Սահակաշվիլու տապալմանը եւ Վրաստանում քաղաքական ռեժիմի փոփոխությանը: Ուստի, նոր ռազմական արշավի հիմնական նպատակը կարող է լինել Վրաստանի` որպես ինքնիշխան պետության վերացումը, նրա բաժանումը մի քանի մանր քվազիպետական կազմավորումների եւ միասնական պետական եւ ռազմական կառույցների ոչնչացումը:

Ռազմական փորձագետ Յուրի Նետկաչեւը «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի հետ զրույցում նշել է, որ Վրաստանում ռազմական հակամարտությունն արտասահմանյան զորքերի (ոչ միայն ռուսական) մասնակցությամբ հնարավոր է այն դեպքում, երբ «անջատողական տրամադրությունները կտրուկ ավելանան Ջավախքում, ուր բնակվում է մեծ հայկական սփյուռք»: Նրա խոսքերով, երբ նա այցելում էր Ախալքալաքում գտնվող երբեմնի ռուսական ռազմակայան, «տեղի հայ առաջնորդները հայտնում էին Վրաստանից անջատվելու եւ Հայաստանի կազմ մտնելու պատրաստակամության մասին»:

Eurasia Daily Monitor-ի մեկնաբան Պավել Ֆելգենհաուերը Ռուսաստանի կողմից նոր պատերազմ սկսելու պատճառների շարքում նշում է նաեւ Հայաստանում իր ռազմակայանի հետ ցամաքային կապ ապահովելու անհրաժեշտությունը:

«Ռուսական ուժերը Հայաստանում կտրված են Ռուսաստանից, առանց ցամաքային կապի, եւ առկա ռազմական տարանցման համաձայնությունը Վրաստանի հետ չի գործում 2008-ի օգոստոսից սկսած: Սա ռազմավարական առումով անհանդուրժելի է, սակայն նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւս մեկ անգամ պնդեց, որ Ռուսաստանը որեւէ բանակցություն չի վարի Թբիլիսիի ներկա ռեժիմի հետ, բայց «կարող է գործ ունենալ նոր ղեկավարության հետ, որը բարեկամական քննարկումներ կսկսի հարեւան Ռուսաստանի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ»,- նշում է Պավել Ֆելգենհաուերը:

Ռուսական կողմը, իր հերթին, ռուս-վրացական նոր պատերազմ նախապատրաստելու մեջ մեղադրում է Թբիլիսիին: Ռուսաստանի Գլխավոր շտաբի տվյալներով` 2008-ի օգոստոսից հետո Վրաստանն ամբողջովին վերազինվել է: Բոլորովին վերջերս ուկրաինական թերթերից մեկում, հղում կատարելով պետական պաշտոնյաներից մեկին, հաստատվեց, որ Վրաստանը ռազմական տեխնիկա եւ հրաձգային զենք է ստանում Ուկրաինայից, ընդ որում` դրա համար Թբիլիսին Կիեւին պարտք է 30 մլն դոլար: Այն, որ նոր ռազմական գործողությունները կարող են հրահրվել Վրաստանի կողմից, չեն ժխտում նաեւ Վրաստանում:

Վրաստանի նախկին վարչապետ, «Արդար Վրաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Զուրաբ Նողաիդելին վերջերս հայտարարել է, որ նախագահ Սահակաշվիլին պատրաստ է գնալ ցանկացած քայլի` իշխանությունը պահպանելու համար: «Ես չեմ բացառում նույնիսկ նոր ռազմական սադրանքի հնարավորությունը»,- հայտարարել է Զուրաբ Նողաիդելին:

Ռուս-վրացական նոր պատերազմի հավանականության մասին կանխատեսումները, սակայն, ավելի նման են տեղեկատվական պատերազմի, երբ երկու կողմերը միմյանց մեղադրում են պատերազմի նախապատրաստվելու մեջ: Ճիշտ է, նման տեղեկատվական պատերազմի պայմաններում իրական պատերազմի հավանականությունը միայն աճում է: Սակայն, այս ամբողջ իրարանցումը մեզ հիմք է տալիս հասկանալ այն ենթատեքստը, որտեղից ծնվում են նման կանխատեսումները:

Ակնհայտ է, որ նախորդ տարվա ռուս-վրացական պատերազմի հետեւանքով տարածաշրջանում տեղի ունեցող տրանսֆորմացիոն գործընթացները կանգ են առել, տարածաշրջանի վերափոխման խթանը դադարել է գործել: Ոգչ Ռուսաստանին, ոգչ Արեւմուտքին դեռ չի հաջողվել առավելագույն օգուտ քաղել տրանսֆորմացիոն գործընթացներից:

Փաստացիորեն, տարածաշրջանը հայտնվել է փակուղու մեջ, երբ կրկին հակում կա պահպանել ստատուս-քվոն: Սակայն, հնգօրյա պատերազմը ստեղծել է այնպիսի մի կարծրատիպ, որ պայթյունավտանգ Կովկասում խաղաղ գործընթացների միջոցով ստատուս-քվոյի փոփոխություն գրեթե անհնար է, եւ որ ընդհարապես որեւէ փոփոխություն մեր տարածաշրջանում հնարավոր է դառնում արմատական գործընթացներից, պատերազմներից եւ ցնցումներից հետո միայն:

Բավական է միայն բերել Ադրբեջանի օրինակը, որը չի թաքցնում, որ Ղարաբաղյան ստատուս-քվոն պատերազմի միջոցով խախտելն իր համար ցանկալի տարբերակ է, քանզի խաղաղ բանակցություններն առաջընթաց չեն արձանագրում: Այս ամենի ֆոնին արմատական գործընթացների խրախուսումը լիովին տրամաբանական է թվում:

Մամուլի հրապարակումների, փորձագետների գնահատականների ուսումնասիրությունից պարզ է դառնում նաեւ, որ եգւ Ռուսաստանում, եգւ Արեւմուտքում ռուս-վրացական հնարավոր պատերազմի դեպքում որոշակի դեր է «հատկացված» նաեւ Հայաստանին:

Վերջինիս բոլոր դեպքերում ձեռնտու չէ Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերությունների նոր սրումը, եւ նա չի ցանկանում ընտրություն կատարել նրանց միջեւ: Մինչդեռ Մոսկվայում Երեւանից սպասում են համերաշխության քայլերի եւ միշտ դիտարկում են հայկական գործոնն օգտագործելու հնարավորությունը:

Իրենց հերթին` Վրաստանում եւ Արեւմուտքում հակված են կասկածանքով վերաբերվել Ռուսաստանի ռազմավարական դաշնակցին, որը, փաստացիորեն, Հարավային Կովկասում Մոսկվայի միակ հենակետն է մնում: Սակայն տարածաշրջանում առկա ստատուս-քվոն նոր պատերազմի միջոցով վիճարկելը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

Օգոստոսյան պատերազմը ցույց տվեց, թե իրականում որքան փոխկապակցված են գործընթացները Հարավային Կովկասում: Այն նաեւ ցույց տվեց, որ որքան արմատական են գործողությունները, այնքան ավելի դժվար է հետագայում փոխել դրանց արդյունքում ձեւավորված ստատուս-քվոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter