HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Խնդիրների ամենահեշտ լուծումը դրանք չլուծելն է

02_07-sargsyan_sahakashviliՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ճիշտ ժամանակին այցելեց Երեւան: Վերջին մի քանի ամիսների ընթացքում խնդիրները հայ-վրացական հարաբերություններում կուտակվել էին լարվածության աստիճանի, եւ թվում էր, որ նախագահների մակարդակով հանդիպումը գուցե քաղաքական լուծումներ կտա դրանց: Սակայն Վրաստանի նախագահի այցը Հայաստան միայն նոր հարցեր առաջացրեց` առանց տալու եղածների պատասխանները: Վրաստանում հայկական եկեղեցիների պատկանելիության հետ կապված վեճերը, Ջավախքի հայ ակտիվիստների հանդեպ հետապնդումները, վրացահայ ուսուցիչներին Հայաստանում վերապատրաստվելու, իսկ ԱԺ պատգամավորին Ջավախք մուտք գործելու արգելքները, որ տեղի ունեցան վերջին ընթացքում,  աննախադեպ լարեցին հայ-վրացական հարաբերությունները: Այն աստիճանի, որ   հարեւան հանրապետության պաշտոնյաների այս տարվա այցելությունները Հայաստան ուղեկցվում են Ջավախքի խնդիրներով մտահոգ մի շարք հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների բողոքի ցույցերով: Բոլորովին վերջերս Հայաստանի հասցեին ոչ կոռեկտ հայտարարություն արեց Վրաստանի նախագահը` հայտարարելով, թե Հայաստանի տնտեսությունը կործանման եզրին է: Ավելի ուշ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Թբիլիսիին մեղադրեց իր աշխարհագրական դիրքը չարաշահելու եւ Հայաստանի համար ապրանքների տարանցման բարձր գներ սահմանելու մեջ, ասելով, որ «ապրանքների փոխադրումն աշխարհի ցանկացած կետից Փոթի  կամ Բաթումի փաստացի կրկնակի էժան է, քան Փոթիից եւ Բաթումիից դեպի Հայաստան»: Հայ-վրացական հարաբերություններում լարվածության առաջացումը այս պահին` նախորդ տարվա ռուս-վրացական պատերազմից հետո, ընդհանրապես անտրամաբանական է: Հայաստանը, ինչպես հայտնի է, չեզոքություն պահպանեց եւ ձեռնպահ մնաց հակամարտության կողմերից որեւէ մեկին աջակցելուց, իսկ այնուհետեւ այդպես էլ չճանաչեց Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունները` թեեւ բոլորին է հայտնի, որ Մոսկվայից որոշակի ճնշումներ կային ՀԱՊԿ անդամ-պետությունների հանդեպ` նման քայլի դիմելու: Ավելին, ռուս-վրացական պատերազմի հետեւանքով Հայաստանը եւս մեծ կորուստներ կրեց: Պատերազմը ցույց տվեց, որ Վրաստանի եւ Հայաստանի անվտանգությունները հավասարաչափ վտանգված կարող են լինել, եւ առաջ քաշեց հայ-վրացական հարաբերությունները լիովին նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը: Եվ կարծես այս նպատակի իրագործմանն էին ուղղված պատերազմից հետո խիստ ակտիվացած միջպետական փոխայցելությունները: 2008-ի սեպտեմբերին Թբիլիսի մեկնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ( նախագահները համաձայնության եկան Բաթումը Երեւանին կապող նոր ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ), այնուհետեւ` վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս տարվա փետրվարին Հայաստան այցելեցին նախ Վրաստանի Ա նախարար րիգոլ Վաշաձեն, ապա` Խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն: Հունիսի սկզբին էլ Վրաստան այցելեց Հայաստանի Ա նախարար Էդվարդ Նալբանդյանը: Սակայն Միխայիլ Սահակաշվիլիի` հունիսի 24-25-ը կայացած պաշտոնական այցի ընթացքում հայ-վրացական կարեւորագույն խնդիրները գրեթե չքննարկվեցին: Առանցքային թեման Վերին Լարսի անցակետի հնարավոր բացումն էր: Լարսի անցակետը, ինչպես հայտնի է, փակվել էր դեռ 2006-ին` ռուսական կողմի նախաձեռնությամբ` վերանորոգողական աշխատանքների պատճառաբանությամբ: Այս տարվա մայիսին ռուսական կողմը հայտարարեց վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, սակայն ճանապարհի բացման համար անհրաժեշտ է Մոսկվայի եւ Թբիլիսիի պայմանավորվածությունը:  Սահակաշվիլին Երեւանում հայտնեց, որ վրացական կողմը պատրաստ է իր մասով բացել ճանապարհը, եթե Ռուսաստանն էլ այդպես անի: «Ոչ մի տարածաշրջան Վրաստանում այդքան ներդրումներ չի ստացել վերջին տարվա ընթացքում, որքան Ջավախքը»,- Երեւանում հայտարարեց Մ.Սահակաշվիլին` անդրադառնալով Ջավախքի խնդրին: Վրաստանի նախագահի խոսքերով այժմ այնտեղ կառուցվում է երկաթգիծ (Կարս-Ախալքալաք-Բաքու), որն իրար է կապելու Եվրոպան եւ Չինաստանը, միաժամանակ կսկսվի խոշոր էլեկտրակայանի շինարարություն, որը կպահանջի մի քանի հազար բանվորների ներգրավում, ընթացքի մեջ է նաեւ տարածաշրջանի գազաֆիկացումը: Ս.Սարգսյանը, իր հերթին, ողջունեց Վրաստանի կառավարության քայլերը «Ջավախքում սոցիալ-տնտեսական իրավիճակը մեղմելու, ենթակառուցվածքները բարելավելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ»: Այսքանով Ջավախքի թեման փակված համարվեց: Ավելին, հայ ոստիկանները բռնի ուժով ցրեցին Սահակաշվիլիի այցի ընթացքում մի խումբ ջավախահայ ակտիվիստների կազմակերպած ցույցը, որով վերջիններս իրենց բողոքն էին արտահայտում Ջավախքում տիրող իրավիճակի վերաբերյալ: Եվ օգտվելով այն առիթից, որ իրեն առանձնապես Հայաստանում չեն անհագստացնում հայ-վրացական խնդիրների մասին բացատրություններ պահանջելով` Վրաստանի նախագահը հանդես եկավ մի շարք հակառուսական հայտարարություններով: Նա մասնավորապես նշեց, որ օգոստոսյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը «թքած ուներ հայերի շահերի վրա»` հարվածներ հասցնելով այն ճանապարհներին եւ կամուրջներին, որոնք պատերազմի ժամանակ չէին օգտագործվում: «Երբ Ռուսաստանը գործում էր Վրաստանի դեմ, այն գործում էր նաեւ Հայաստանի դեմ»,- մասնավորեցրեց Սահակաշվիլին: Վրաստանի նախագահի` Երեւանում արված հակառուսական հայտարարությունները խիստ զգացմունքային ընդունվեցին Մոսկվայում: Թեեւ ռուս քաղաքագետներին եւ քաղաքական գործինչներին ավելի շատ հուզեց Սերժ Սարգսյանի կողմից Սահակաշվիլիին Պատվո շքանշանով պարգեւատրելը: Նախագահ Սարգսյանը Սահակաշվիլիին Պատվո շքանշան շնորհեց «հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար»: Ինչպես հայտնի է, նախորդ տարվա սեպտեմբերին պաշտոնական այցով Վրաստան մեկնած Սերժ Սարգսյանին Միխայիլ Սահակաշվիլին եւս պարգեւատրել էր Պատվո շքանշանով: Սակայն Ռուսաստանում Հայաստանի նախագահի այս քայլն ընկալվեց որպես «ոչ բարեկամական» քայլ ռազմավարական գործընկերոջ հանդեպ: Ռուսաստանի պետդումայի անդամ Վիկտոր Իլյուխինը «Դաշնության լուրեր» ինֆորմացիոն գործակալության հետ զրույցում  հայտարարեց, որ «Հայաստանի կողմից Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին բարձր պետական պարգեւի ցուցադրական հանձնումը անտակտ եւ ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի հանդեպ»: Ճ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter