HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Եվրոպան չի հրաժարվում «Նաբուկո»-ից

06_07-nabukoՀունիսի 29-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Բաքու եւ ռուս-ադրբեջանական գազային համաձայնագրի ստորագրումը հիմք տվեց վերլուծաբաններին կանխատեսելու, որ Նաբուկո գազամուղի ծրագիրը վերջնականապես ձախողված է: Դ. Մեդվեդեւի այցելության ընթացքում ռուսական «Գազպրոմի» եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջեւ ստորագրվեց համաձայնագիր, որով 2010 թ.-ից սկսած` Ռուսաստանը կգնի ադրբեջանական գազը Շահ-Դենիզ հանքավայրի առաջին փուլի մշակումից 500 մլն կուբամետր ծավալով` հետագայում այն ավելացնելու հնարավորությամբ: Թեեւ գործարքի գինը պաշտոնապես չհրապարակվեց, ռուսական КоммерсантЪ թերթի տվյալներով` «Գազպրոմը» պատրաստ է ադրբեջանական գազի դիմաց վճարել ռեկորդային գին` 350 դոլար 1000 կուբամետրի դիմաց: Ավելին, այցի ընթացքում համաձայնություն կայացվեց նաեւ, որ «Գազպրոմն» ընդգրկված է Շահ-Դենիզ հանքավայրի երկրորդ փուլի պոտենցիալ գնորդների ցուցակում: Հենց Շահ-Դենիզի շահագործման երկրորդ փուլից ստացված գազն էլ Եվրոպան հույս ունի մղել «Նաբուկո» գազամուղով: Գործարքն, իրոք, հարվածեց «Նաբուկո» ծրագրին, որի նպատակն է Կասպյան եւ Մերձավորարեւելյան գազը Ռուսաստանը շրջանցելով հասցնել Եվրոպա` ապահովելով վերջինիս էներգետիկ անկախությունը ռուսական մատակարարումներից: Սակայն, ծրագրի իրագործումը բարդանում է մատակարարողների բացակայության եւ մասնակիցների միջեւ առկա հակասությունների պատճառով: Որպես պոտենցիալ մատակարարներ են շարունակում դիտվել Ադրբեջանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Իրանը, Իրաքը, Եգիպտոսը: Գազամուղի շինարարության ընդհանուր արժեքը կազմում է մոտ 11 մլրդ դոլար: Ենթադրվում է, որ այն կսկսի գործել 2016-ից եւ կունենա 31 մլրդ կուբամետր թողունակություն: Ծրագրի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը պետք է ստորագրվեր դեռ հունիսի 25-ին, սակայն սահմանված ժամկետում ոչ մի հանդիպում էլ տեղի չունեցավ: Ծրագրի իրագործումը ձգձգվում է նաեւ Թուրքիայի պատճառով, որը ցանկանում է ստանալ «Նաբուկո»-ով մղվելիք գազի ծավալի 15 տոկոսը ինչպես ներքին սպառման, այնպես էլ վերավաճառքի համար: Այն, որ Ռուսաստանը ցանկանում է ամեն գնով խանգարել «Նաբուկո»-ի իրագործմանը, Մոսկվայում առանձնապես չեն թաքցնում: «Նաբուկո»-ի թիվ մեկ մրցակիցը «Հարավային հոսանք» գազամուղն է, որը, փաստորեն, գործարք է ռուսական «Գազպրոմ» եւ իտալական «Ենի» ընկերությունների միջեւ: Այն կանցնի Սեւ ծովի հատակով եւ Արեւելյան Եվրոպայով կհասնի Ավստրիա եւ Իտալիա: Ավելին, նախորդ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի եւ էներգետիկայի եւ բնական ռեսուսների նախարար Թաներ Յիլդիզի` Մոսկվա կատարած այցի ժամանակ ռուսական կողմը թուրքերին առաջարկեց համագործակցել «Հարավային հոսանք» ծրագրի շրջանակներում: Այսպիսով, Ռուսաստանը փորձ է անում «Նաբուկո»-ի մրցակից ծրագրի մեջ ներգրավել «Նաբուկո»-ի առանցքային մասնակիցներից մեկին` Թուրքիային: Հատկանշական է, որ թուրքական կողմը հստակ պատասախան չտվեց այս առաջարկին: Թաներ Յիլդիզը Մոսկվայում միայն հայտարարեց, որ «Նաբուկոն» եւ «Հարավային հոսանք»-ը ամենեւին էլ մրցակից ծրագրեր չեն Թուրքիայի տեսանկյունից, եւ որ նրանցից յուրաքանչյուրն իր զարգացման ծրագիրն ունի: Դրանից մի քանի օր անց Ռումինիայում իր կոլեգայի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավուդօղլին վերահաստատեց «Նաբուկո»-ին մասնակցելու` Թուրքիայի պատրաստակամությունը: «Նաբուկոն առաջնային կարեւորության ծրագիր է մեզ համար, եւ այն ունի ռազմավարական նշանակություն: Ես հավատում եմ, որ այն լուրջ ներդրում կունենա եվրոպական էներգետիկ սեկտորում»,- հայտարարեց նա Բուխարեստում: Թուրքիայի այս դիրքորոշումը պայմանավորված է ոչ միայն տնտեսական պատկերացումներով: Որոշ տեղեկությունների համաձայն` Թուրքիային խոստացել են ազատ մուտք Եվրամիություն` «Նաբուկո»-ի իրագործման դեպքում: Սակայն, չնայած ծրագիրը ձախողելու ռուսական ջանքերին, Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում այդպես հեշտ չեն հրաժարվելու «Նաբուկո» ծրագրից: Գազամուղի կառուցման կողմնակիցները, որպեսզի խթանեն ծրագրի իրագործումը, որպես «Նաբուկո» ծրագրի լոբբիստ են ընտրել Եվրոպական քաղաքականության մեջ մեծ հեղինակություն վայելող մի մարդու` Յոշկա Ֆիշերին, ով Գերմանիայի կանաչների կուսակցության նախկին առաջնորդն է եւ 1998-2005 թթ. Գերմանիայի արտգործնախարարը: Հատկանշական է, որ «Հարավային հոսանք», ինչպես նաեւ ռուս-գերմանական «Հյուսիսային հոսանք» ծրագրերի լոբբինգով զբաղվում է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Ֆիշերի անձը պատահական չէ ընտրված: Բացի նրանից, որ նա հայտնի է միավորված` ֆեդերալ Եվրոպայի իր հայացքներով, նա նաեւ գերմանական քաղաքական դաշտի ամենաթուրքամետ գործիչներից մեկն է: Մասնագետների համոզմամբ` Ֆիշերի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան հանդիսանում է «Նաբուկո»-ի առանցքային մասնակից երկիր, իսկ Ֆիշերը մի մարդ է, ով լավ դիվանագիտական կապեր ունի ինչպես Թուրքիայում, այնպես էլ «Նաբուկո»-ի մասնակից Բուլղարիայում եւ Ռումինիայում: Արդեն հայտնի է, որ «Նաբուկո»-ի վերաբերյալ ծրագրված միջկառավարական համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հուլիսի 13-ին Անկարայում: Արարողությանը ներկա գտնվելու հրավեր է ստացել նաեւ Եվրահանձնաժողովը: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ֆերրան Թարրադելլաս Էսպունիի խոսքերով` մշակված փաստաթղթի տակ պատրաստ են ստորագրել ծրագրի 12 մասնակից պետություններ: Ճիշտ է, ներկայացուցիչը չի մանրամասնել, թե որոնք են այդ պետությունները: Առայժմ հայտնի են միայն հինգ տարանցիկ պետությունների անուններ` Թուրքիա (Botas), Ավստրիա (OMV), Բուլղարիա (Bulgargaz), Հունգարիա (MOL) եւ Ռումինիա (Transgaz): Արարողությանը դիտորդի կարգավիճակով ներկա կլինի Գերմանիան (RWE), որը եւս «Նաբուկո» կոնսորցիումի անդամ է, թեեւ տարանցիկ դեր ծրագրում չունի: Միաժամանակ «Նաբուկո» ծրագիրը ֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, որը պատրաստ է արդեն 2010 թ. որպես նախնական գումար տրամադրել 1 մլրդ եվրո: Սակայն «Նաբուկո»-ի ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ մատակարարման աղբյուրների հստակեցումը: Պատահական չէ, որ այս օրերին ինչպես համաշխարհային, այնպես էլ իրանական մամուլում ավելի շատ են հանդիպում հրապարակումներ այն մասին, որ «Նաբուկոն» իր ողջ ծավալով հնարավոր կլինի իրագործել միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Իրանը, որը տիրապետում է աշխարհում գազի երկրորդ ամենամեծ պահուստներին` Ռուսաստանից հետո: Պատահական չէ նաեւ, որ նախորդ ուրբաթ պետական Ազգային իրանական նավթային ընկերության գործադիր տնօրեն Սեյֆոլլահ Ջաշնսազը հայտարարեց, որ Իրանը մտադիր է 70 մլրդ դոլարի ներդրում կատարել երկու հիմնական օֆշորային բնական գազի հանքերի մշակման համար 2010-2015 թթ. ընթացքում: Միաժամանակ «Նաբուկո»-ին Իրանի մասնակցությանը կարծես դեմ չէ Թուրքիան: Նախորդ շաբաթ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ դեռեւս օգոստոսյան պատերազմից հետո առաջ քաշված Կայունության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմի մեջ Իրանին ընդգրկելու առաջարկությամբ: Եվրոպացի պաշտոնյաները Իրանի մասնակցության հնարավորության մասին դեռ լռում են, սակայն չի բացառվում, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ մոտ ապագայում հարաբերությունների ջերմացում տեղի ունենա: Այս առիթով պետք է հաշվի առնել այն արձագանքը, որ Վաշինգտոնը տվեց Իրանի հետընտրական զարգացումներին: Վաշինգտոնում, ճիշտ է, իրենց մտահոգությունը հայտնեցին դրանց առթիվ: Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցրեց բոլոր այն պնդումները, թե Վաշինգտոնին ավելի ցանկալի կլիներ լիբերալ հայացքներ ունեցող Միրհուսեյին Մուսավիի հաղթանակը` հայտարարելով, որ մեծ տարբերություն չի տեսնում Իրանի ներկա նախագահի եւ նրա ընդդիմադիրի միջեւ: Օբաման դրանով, փաստորեն, ակնարկեց, որ Վաշինգտոնի համար էական չէ, թե ում հետ համաձայնության կգա Իրանում, եթե գործը հասնի դրան: Այն դեպքում, եթե «Նաբուկո»-ին մասնակցի Իրանը, բացառված չէ նաեւ Հայաստանի ներգրավումը ծրագրի մեջ: Մասնագետները ապրիլի 23-ին հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» հրապարակումը կապում են հենց այս հնարավորության հետ: Միաժամանակ պետք է նշել, որ թեեւ ռուս-ադրբեջանական գազային համաձայնագիրը Արեւմուտքում ընկալում են որպես ահազանգ, սակայն «Նաբուկո»-ին Ադրբեջանի մասնակցությունը դեռ ոչ ոք չի բացառել: Ավելին, նախորդ շաբաթ պաշտոնական այցով Բաքվում գտնվող Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից ադրբեջանական գազի գնման համաձայնագիրը կրում է «սիմվոլիկ բնույթ», քանի որ գնվող գազի ծավալը` 500 մլն-ը, «գրեթե ոչինչ է»: «Դա սիմվոլիկ համաձայնություն է: Դրա մասին մանրամասն ինձ տետ-ա-տետ զրույցում պարզաբանել է նախագահ Ալիեւը»,- հայտարարեց նա: Մոսկովյան հանդիպումներից հետո նաեւ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը հայտարարեց, որ «Ադրբեջանը երբեք չի հրաժարվել «Նաբուկո»-ում իր մասնակցությունից, իսկ այն համաձայնագիրը, որ Ադրբեջանը ստորագրել է Ռուսաստանի հետ, չի խանգարի «Նաբուկո»-ի իրագործմանը, քանի որ Ռուսաստանին գազը կվաճառվի այլ աղբյուրներից»: «Մենք սպասում ենք Շահ-Դենիզ հանքավայրի երկրորդ փուլի յուրացմանը, որը նախատեսվում է մինչեւ 2015-2016 թթ.»,- պարզաբանեց Յիլդիզը: Արեւմտյան վերլուծաբանները, այսպիսով, Բաքվի այս քայլը հակված են ընկալելու զուտ որպես նախազգուշացում` ուղղված Թուրքիային եւ Արեւմուտքին` Ադրբեջանի հանդեպ ավելի ուշադիր քաղաքականություն իրականացնելու համար: Գազային համաձայնության գնալով Մոսկվայի հետ` Բաքուն ակնհայտորեն փորձում է շահել նաեւ նրա աջակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, թեեւ ռուս վերլուծաբանները գտնում են, որ կողմերից որեւէ մեկի վրա ճնշում գործադրելու Մոսկվայի հնարավորությունները խիստ սահմանափակ են: Մի բան, սակայն, ակնհայտ է. մեր տարածաշրջանում նոր թափ հավաքած գազային մրցակցությունը այլեւս դադարել է զուտ Արեւմուտքի էներգետիկ անկախության ապահովմանն ուղղված պայքար լինելուց: Տարածաշրջանի այլ խնդիրները` մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը եւ զարգացումները Ղարաբաղյան կարգավորման գործընթացում անուղղակի կապ են ձեռք բերել գազային մրցակցության հետ: Իսկ թե որքանո՞վ են այս գործընթացները փոխկապակցված, գուցե ավելի պարզ լինի առաջիկա շաբաթներին սպասվող իրադարձություններից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter