HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Ղարաբաղը անվստահություն է հայտնում Հայաստանին

Ուրբաթ օրը Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները` Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին, հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում հաստատում են իրենց պատրաստակամությունը` աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ հանձնարարում իրենց միջնորդներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին հաղթահարել մի քանի մնացյալ տարաձայնությունները միմյանց միջեւ եւ ավարտել համաձայնեցումը հիմնական սկզբունքների շուրջ, որոնք կազմում են համապարփակ կարգավորման ծրագիրը»,- նշված է հայտարարության մեջ:

Երեք ղեկավարների այս հայտարարությունը պատահական չէր: Հուլիսի 17-ին Մոսկվայում ձիարշավի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, որը Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի արդեն 6-րդ հանդիպումն է վերջին մեկ տարվա ընթացքում: Ավանդույթի համաձայն` հանդիպումը կազմակերպելու նպատակով նախորդ շաբաթ տարածաշրջան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք կրկին մեծ սպասելիքներ ունեն կայանալիք հանդիպումից:

Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպումը կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում դուրս գալ եզրափակիչ փուլ: Իսկ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի պնդմամբ` հանդիպմանը սպասվում է մադրիդյան սկզբունքների հիման վրա ընթացող քննարկումների որոշակի կոնկրետացում:

Մասնավորապես մոտ 15 սկզբունքներից 2-3-ի շուրջ այժմ ընթանում են բանակցություններ, եւ հենց այդ կետերի շուրջ էլ համանախագահները հույս ունեն ավարտել բանակցությունները` անցնելով մյուս թեմաներին: Եվ եթե մինչեւ տարեվերջ նախագահները ընդհանուր համաձայնության գան հիմնարար սկզբունքների շուրջ, ապա 2010-ից կարող է սկսվել Ղարաբաղյան հարցի շուրջ պայմանագրի նախապատրաստումը:

Հիշեցնենք, որ թեեւ մադրիդյան սկզբունքները լիովին քողազերծված չեն, Associated Press գործակալության փոխանցմամբ` դրանք ենթադրում են Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանին, անվտանգության երաշխիքների ստեղծում, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, տեղահանվածների եւ փախստականների` իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունք, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծում` իրավական առումով պարտադիր ուժ ունեցող կամքի արտահայտության միջոցով: Սակայն նախորդ շաբաթ Երեւանից եւ Բաքվից հնչեցին հայտարարություններ, որոնք կրկին ցույց են տալիս, որ Ղարաբաղյան հակամարտության ամենակարեւոր խնդրի` Ղարաբաղի կարգավիճակի շուրջ կողմերի մոտեցումները լիովին հակադարձ են:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ռուսական «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ Բաքուն հնարավոր չի համարում Լեռնային Ղարաբաղի գոյությունը ինքնուրույն պետության կարգավիճակում: Ադրբեջանը, ըստ նրա, երբեք դրան չի համաձայնի: «Իհարկե, Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա որեւէ կարգավիճակ: Բայց կրկին մենք չենք տեսնում այդ կարգավիճակը ինքնիշխան ադրբեջանական պետությունից դուրս: Կարծում եմ, որ բանակցությունների հետագա գործընթացը օկուպացված տարածքների ազատումից հետո կարող է ավելի կառուցողական ընթանալ»,- հայտարարեց Ալիեւը: Ադրբեջանի նախագահը նաեւ նշեց, որ ներկայումս բանակցություններում Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի էլ քննարկվում: «Այն առաջարկություններում, որոնք մենք այսօր քննարկում ենք, եւ որոնք ընդունում ենք եւ համաձայնեցնում, կարգավիճակի խնդիրն այսօր դրված չէ: Եթե նորից այդ թեման առաջնային լինի դիրքորոշումների համաձայնեցման համար, մենք ոչ մի տեղ չենք հասնի:Այդ պատճառով կա այն բանի ըմբռնումը, որ կյանքը ցույց կտա»,-ասել է Ալիեւը: Ինչ վերաբերում է կարգավիճակի հարցի վերջնական լուծմանը, ապա, ըստ Ադրբեջանի նախագահի, «դա կարող է լինել 1 տարի հետո, կարող է լինել 10 տարի հետո, գուցե 100 տարի հետո, իսկ գուցե` երբեք»:

Նախորդ շաբաթ Ղարաբաղի կարգավիճակի հարցում հայկական կողմի դիրքորոշումը եւս մեկ անգամ հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Լեռնային Ղարաբաղի բանակցային պրոցեսում նոր զարգացումներ չկան, եւ մենք մեր մոտեցումները, բնականաբար, չենք փոխել: Մի բան ակնհայտ է. բոլոր ներգրավված կողմերը գիտեն, որ խնդրի կարգավորման առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է»,- հայտարարեց Ս. Սարգսյանը` միաժամանակ ավելացնելով, որ որեւէ լուծում չի կարող կենսունակ եւ իրագործելի լինել, եթե այն չարժանանա ԼՂ ժողովրդի հավանությանը: Սակայն, որքան ավելի են ակտիվանում գործընթացները Ղարաբաղյան կարգավորման շուրջ, այնքան ավելի հաճախ է բարձրաձայնվում նաեւ ղարաբաղյան կողմի տեսակետը:

Ստեփանակերտում նախկինում ավելի զգուշավորությամբ, իսկ այժմ արդեն բացահայտորեն հայտարարում են, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Մասնավորապես, դրա մասին խոսեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում հուլիսի 10-11-ին կայացած հայ-թուրքական հարաբերություններին եւ Ղարաբաղյան հիմնահարցին նվիրված համաժողովի ժամանակ: «Արցախը, որ հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիմնական կողմը, այսօր դուրս է մնացել բանակցություններից, եւ մենք պետք է հասնենք այդ կարեւոր սկզբունքի վերականգնմանը: Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի համաձայնության անհնար է իրականացնել որեւէ որոշում»,- հայտարարեց ԼՂՀ նախագահը:

Ավելին, համաժողովի ավարտին հրապարակվեց համատեղ բանաձեւ, որում, մասնավորապես, նշվում է, որ բանակցային գործընթացում «պետք է փոխվի խեղված ձեւաչափը, եւ ԼՂՀ-ն հանդես գա իբրեւ լիիրավ կողմ»:

Համաժողովը, փաստորեն, անընդունելի է համարում նաեւ մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորումը` նշելով, որ «ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու ցանկացած թուլացում առանց ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնման, մեծացնելու է պատերազմի հավանականությունը եւ վտանգելու Արցախի բնակչությանը»:

Ըստ այդմ` «համաժողովը դատապարտելի, անթույլատրելի եւ իրավական ուժից զուրկ է համարում միջազգային որեւէ փաստաթղթի ընդունումը` առանց հակամարտության հիմնական կողմի` ԼՂՀ իշխանության անմիջական մասնակցության:

Համաժողովը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի ժողովրդի համար այս կենսական հարցի լուծման մեջ իրավասու չէ փոխարինել ԼՂՀ-ին: Համաժողովը ՀՀ իշխանություններից պահանջում է չստորագրել առաջարկվող փաստաթուղթը եւ հրատապ միջոցներ ձեռնարկել ԼՂՀ-ն բանակցություններում որպես լիիրավ կողմ վերադարձնելու համար»:

Եթե հաշվի առնենք այն, որ համաժողովն ընթանում էր ԼՂՀ նախագահի բարձր հովանու ներքո, այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ԼՂՀ պաշտոնական դիրքորոշում եւ, փաստորեն, անվստահության հայտնում Հայաստանի Հանրապետությանը, որը բանակցություններում ներկայացնում է նաեւ Ստեփանակերտի շահերը:

Հարկ է նշել, սակայն, որ եթե հայաստանյան իշխանությունները մինչ այժմ հայտարարում էին միայն, որ վերջնական որոշման իրավունքը պատկանում է Ղարաբաղի ժողովրդին, այժմ կարծես այստեղ եւս մտորում են Ղարաբաղի` բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու նպատակահարմարության մասին:

Նախորդ շաբաթ Երեւանում ընդունելով Մինսկի խմբի համանախագահներին` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, անդրադարձել է նաեւ բանակցությունների ձեւաչափին` նշելով «բանակցային գործընթացում արցախյան կողմի լիակատար մասնակցության անհրաժեշտությունը` որպես խաղաղ գործընթացի արդյունավետության երաշխիք»:

Ակնհայտ է, որ, լինի դա ղարաբաղյան կողմի եւ այլ քաղաքական ուժերի ճնշմամբ, թե փաստի կարեւորության գիտակցմամբ, պաշտոնական Երեւանը, ի վերջո, ստիպված է լինելու գործել Ղարաբաղին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ:

Ու թեեւ այս եղանակի դեպքում մինչ այժմ արձանագրված «առաջընթացները» կարգավորման գործընթացում գուցե չեղյալ համարվեն, եւ կողմերը ստիպված լինեն ամեն ինչ սկսել նորից, սա լավագույն տարբերակն է հայկական կողմի եւ, մասնավորապես, Ղարաբաղի համար:

Այն, որ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին ի չիք է դարձնելու արձանագրված «առաջընթացները» եւ արդեն հաջորդ տարի համաձայնագիր ստորագրելու հույսերը, շատ լավ հասկանում են կարգավորումը արագացնել փորձող ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները, ովքեր, այցելելով տարածաշրջան, արդեն երկրորդ անգամ չեն այցելում Ստեփանակերտ` անհեթեթ պատճառաբանություններ բերելով:

Ապահովելով Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին` հայկական կողմը շրջանառության մեջ կդնի իր ամենաուժեղ խաղաքարտը, ինչն էլ թույլ կտա նրան խուսափել այնպիսի զիջումներից, որոնք այդպես էլ չեն երաշխավորելու ամենակարեւոր հարցը` անկախ Ղարաբաղի կարգավիճակը:

Բացի դրանից, ապահովելով ուղղակի բանակցությունները Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ` Երեւանը հնարավորություն կունենա մի քանի աստիճան բարձրացնել իր կարգավիճակը բանակցություններում` հանդես գալով ավելի շուտ որպես միջնորդ եւ երաշխավոր, քան հակամարտող կողմ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա համար հակամարտության կարգավորումը մադրիդյան սկզբունքների համաձայն` ամենեւին էլ ամենավատ տարբերակը չէ: Ինչպես պնդում են քաղաքագետները` Բաքվի համար «ավելի լավ է ունենալ ճնճղուկը ձեռքում, քան` կռունկը երկնքում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter