HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Սկզբունք «կարգավորման» համար. պահպանել ստատուս քվոն

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպումն ավարտվեց առանց որեւէ փաստաթղթի ստորագրման: Մինսկի խմբի համանախագահները արեցին հերթական հուսադրող հայտարարությունները: Հայտնի դարձավ, որ երկու երկրները հաջորդ անգամ կհանդիպեն սեպտեմբեր-հոկտեմբերին:

Այս հանդիպումը կարելի կլիներ դասել մինչ այժմ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում տեղի ունեցած սովորական հանդիպումների շարքին, եթե չլինեին այն իրադարձությունները, որ տեղի ունեցան նախորդ մեկ շաբաթվա ընթացքում: Այն բանից հետո, երբ Մեծ ութնյակի անդամ Մինսկի խմբի երկրների ղեկավարները հանդես եկան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու կոչով, իսկ Սպիտակ տունը հրապարակեց մադրիդյան սկզբունքները, որոնք ընկած են բանակցությունների հիմքում, Հայաստանում եւ Ադրբեջանում բուռն բողոքի ալիք բարձրացավ: Հայ հեղափոխական դաշնակցությունը հինգշաբթի օրը հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջով: Միաժամանակ իրենց մտահոգությունը Ղարաբաղի շուրջ զարգացող իրադարձությունների վերաբերյալ հայտնեցին «Ժառանգություն» կուսակցությունը եւ Հայ ազգային կոնգրեսը: Դրանից առաջ իսկական դեմարշ կազմակերպվեց ԼՂՀ-ում, երբ ՀՅԴ նախաձեռնությամբ եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանու ներքո անցկացված խորհրդաժողովի ավարտին հրապարակվեց մի փաստաթուղթ, որով, փաստորեն, Ստեփանակերտն անվստահություն էր հայտնում Երեւանին ղարաբաղյան բանակցություններում: Մոսկովյան հանդիպման նախօրեին` հուլիսի 16-ին, Հայաստանի ԱԳ նախարարը ցուցադրական այց կատարեց Ղարաբաղ եւ հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս քայլն ակնհայտորեն նպատակ ուներ փոքր-ինչ մեղմել արձագանքները Հայաստանում եւ Ղարաբաղում, միաժամանակ ցույց տալ ներքին եւ արտաքին լսարանին, թե իբր Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հակասություններ չկան, եւ Երեւանը խորհրդակցում է Ստեփանակերտի հետ գործընթացի ընթացքի վերաբերյալ: Սակայն Նալբանդյանի այս քայլը չփրկեց իրավիճակը: Ավելին, ՀՀ ԱԳՆ-ն թույլ տվեց մի մեծ բացթողում` նախարարի այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգրկելով շտկված հարցեր եւ պատասխաններ` խուսափելով տարածել Ղարաբաղի լրագրողների կողմից Նալբանդյանին ուղղված սուր հարցերն ու վերջինիս խուսափողական եւ անորոշ պատասխանները: (Այս մասին ավելի մանրամասն տես` Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը խեղաթյուրում իրականությունը): Այս քայլը միայն ավելի խորացրեց անվստահության մթնոլորտը: Մադրիդյան սկզբունքների կապակցությամբ իրենց դժգոհությունը հայտնեցին նաեւ Ադրբեջանում: Հայտնի քաղաքագետ, Ալիեւ ընտանիքի խորհրդատու Վաֆա Գուլուզադեն մադրիդյան սկզբուքներն անվանեց «Բաքվի ձախողումը, որը կարող է հանգեցնել Ադրբեջանի մասնատմանը»: Միաժամանակ մոսկովյան հանդիպման ժամանակ Ալիեւին չուղեկցեց Ադրբեջանի նախագահի միջազգային կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը այն դեպքում, երբ նա միշտ ներկա է գտնվել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի բոլոր հանդիպումներին: Փորձագետները Մամեդովի այս քայլը բնութագրեցին որպես դեմարշ, որը վկայում է Ղարաբաղի հարցում Ադրբեջանի վերնախավի միջեւ առկա հակասությունների մասին: Սակայն մոսկովյան հանդիպումից մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը գնաց ծայրահեղ քայլի` փաստորեն հայտարարելով պաշտոնական Բաքվի համար մադրիդյան սկզբունքների անընդունելիությունը: Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում, ելույթ ունենալով Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, Ալիեւը հատարարեց, թե Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանից դուրս: Ըստ այդմ` հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը պետք է իրենց հաշիվ տան, որ «ոչ մի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի անկախության մասին չի կարող լինել», քանի որ դա հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին: Միաժամանակ Ալիեւը նշեց, որ չի կարող «ամբողջովին բացառել ռազմական լուծումը, քանի որ մենք լիիրավ եւ միջազգային օրենքների վրա հիմնված իրավունք ունենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, որը աշխարհի ոչ մի պետության կողմից կասկածի տակ չի դրվում»: Ադրբեջանի նախագահը, իհարկե, առաջին անգամը չէ, որ անում է նման հայտարարություն, սակայն նման հայտարարություն անելով մադրիդյան սկզբունքների հրապարակումից հետո եւ մոսկովյան հանդիպումից առաջ` Ալիեւը, փաստորեն, ցույց է տալիս, որ չի ընդունում մադրիդյան սկզբունքները, որոնցում Ղարաբաղի կարգավիճակի հարցին հստակ լուծում չի տրվում: Հետեւաբար, Ադրբեջանի նախագահի հայտարարությունը մեկ կարեւոր հարց է առաջ քաշում` ինչու՞ պետք է Հայաստանը քննարկի իր կողմից արվելիք զիջումների հարցը, երբ Ադրբեջանի նախագահը նախօրոք հայտարարում է, որ Բաքուն իր մասով չի գնալու զիջումների: Այս համատեքստում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը լիովին համարժեք կլիներ Երեւանի պատասխան ծայրահեղ քայլը` Հայաստանի նախագահը, օրինակ, կարող էր սկզբունքորեն հրաժարվել մոսկովյան հանդիպումից: Իսկ եթե իրականում բանակցությունների սեղանի շուրջ ադրբեջանական կողմի դիրքորոշումը տարբերվում է հանրությանն ուղղված հայտարարություններից, այդ դեպքում մենք գործ ունենք լրիվ ուրիշ խնդրի հետ: Փաստ է, որ այսօր Երեւանն ու Բաքուն ոչինչ չեն անում իրենց հասարակություններին զիջումների նախապատրաստելու համար: Հավանաբար հասկանալով, որ Ալիեւն ու Սարգսյանը հրապարակավ չեն խոստովանի, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար յուրաքանչյուր կողմն էլ պետք է գնա անցանկալի զիջումների, Մինսկի խմբի համանախագահ երկրները որոշեցին հրապարակել մադրիդյան սկզբունքները: Դա ոչ այլ ինչ էր, քան առաջին քայլ երկու հանրություններին զիջումների նախապատրաստելու համար: Նրանք արեցին այն, ինչ վախենում են անել Երեւանն ու Բաքուն: Ավելորդ է նշել, որ մադրիդյան սկզբունքները եւ կամ դրանց իրականացման պայմանները լիովին ձեռնտու չեն կողմերից ոչ մեկին: Երեւանն ու Բաքուն շատ կցանկանային պահպանել ստատուս քվոն եւ յուրաքանչյուրը համարել, թե ժամանակը կաշխատի իր օգտին, եթե միայն չլինեին միջազգային հանրության ճնշումները: Այս պայմաններում ընդհանրապես անհասկանալի է, թե ինչ սկզբունքների շուրջ կարող էին պայմանավորվել երկու երկրների նախագահները: Դատելով ամենից` նրանք համաձայնության են եկել չպայմանավորվելու շուրջ: Ի վերջո, միշտ էլ կարելի է վերջին պահին հրաժարվել բոլոր պայմանավորվածություններից եւ շարունակել պահպանել ստատուս քվոն. ահա այն, ինչի մասին, հավանաբար, անխոս պայմանավորվել են երկու նախագահները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter