HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հոլանդական հ/կ-ի նախագահը պնդում է, որ իր կազմակերպությունը կոռուպցիայի զոհ է դարձել Հայաստանում

«Արդյոք դուք տեսնու՞մ եք հնարավորություն` այս հիրավի կոռուպցիայի հետ կապված գործում մեր «Famtofam» («Ընտանիքը ընտանիքին») հ/կ-ի իրավունքների համար պայքարելու համար»,- ասվում է հոլանդական «Famtofam» հ/կ-ի նախագահ Հոյտ Սպիջեկստրայի (Hoite Spijkstra)` «Հետքին» ուղարկած նամակում:

Կազմակերպությունը բարեգործական ծրագրեր է իրականացնում Շիրակի մարզում` ներկայումս մոտ 200 աղքատ երեխայի ամսական 10 եվրո տրամադրելով: Հոյտ Սպիջեկստրան խնդիրը ներկայացրեց հետևյալ կերպ. «Ավետիք Մելիք-Սարգսյանը հ/կ-ի ներկայացուցիչն էր մինչև հեռացվելը, քանի որ որպես «Famtofam» հ/կ-ի հոլանդական խորհուրդ` մենք անցյալ տարիներին շատ խնդիրներ ենք ունեցել նրա հետ»: Անցյալ տարիներին հ/կ-ն երբեմն խնդիրներ է ունեցել բարեգործական ապրանքները (օրինակ` արդեն օգտագործված լավ որակի համակարգիչներ) բաժանելու կամ իր իրականացրած այլ ծրագրերի հետ կապված: «Բայց մենք դեռևս շփվում էինք իրար հետ: Իրավիճակը փոխվեց, երբ պետք է աղքատ ընտանիքների համար բանկային նոր համակարգ կիրառեինք»,- գրում է Հոյտ Սպիջեկստրան: Նա բացատրեց, որ հոլանդացի հովանավորները հնարավորություն ունեն ավելի քիչ շահութահարկ վճարել, երբ փող են ծախսում բարեգործական նպատակների համար: «Famtofam» հ/կ-ն Հոլանդիայի ֆինանսների նախարարության կողմից ճանաչված կազմակերպություններից մեկն է, որոնց նախարարությունը խնդրել է ունենալ թափանցիկ և վստահելի վարչարարություն: Այդ պատճառով «Famtofam»-ը պետք է Արդշինինվեստբանկի միջոցով միջազգային բանկային այնպիսի համակարգ կիրառեր, որը հնարավորություն կտար ընտանիքներին հեշտությամբ ստանալ իրենց ամսական գումարը: 20_07-hol

«Պրն Ավետիք Մելիք-Սարգսյանը շատ վրդովվեց, որ բանկային նոր համակարգ է կիրառվելու և փորձեց դադարեցնել դրա կիրառումը: Այդ ժամանակ նա մի էլեկտրոնային նամակ գրեց մեր հոլանդացի հովանավորներին (նա ուներ մեր հ/կ-ի տվյալների բազան` էլ. հասցեներով) և հայտարարեց, թե այլևս չի աշխատի մեր գանձապահի և ինձ հետ: Մեր խորհրդում որոշեցինք դադարեցնել աշխատանքը պրն Ավետիք Մելիք-Սարգսյանի հետ և հեռացրինք նրան 2008 թ. մարտի 1-ին»,- գրում է Հոյտ Սպիջեկստրան: Հոլանդացի հովանավորներին գրած նամակը ստորագրված է հայկական «Famtofam»-ի կողմից: Ըստ նամակի` հոլանդական հ/կ-ի գանձապահ Սիթզ Փ. Բուրսման (Sytze P. Boersma) էլ. նամակ է ուղարկել Արդշինինվեստբանկին, որով տեղեկացրել է, որ Ա. Մելիք-Սարգսյանը շատ պրոբլեմներ է առաջացնում, և հայտարարել է, որ այլևս չի աշխատի Հոյտ Սպիջեկստրայի և գանձապահ Սիթզ Փ. Բուրսմայի հետ:

«Նախևառաջ, հայկական «Famtofam»-ը հայտարարում է` ո՞վ է իրավունք տվել Սիթզ Փ. Բուրսմային այսպիսի բառեր և նախադասություններ գրել հայկական «Famtofam»-ի նախագահի մասին և այն ուղարկել Արդշինինվեստբանկի ղեկավարությանը. դա հանդուգն մարդու արարք է: Ա. Մելիք-Սարգսյանը հարգված մարդ է ոչ միայն Գյումրիում, և ձեր բառերը վիրավորական են նրա հեղինակության համար: ...Դուք դիտավորյալ որոշեցիք տարվա վերջին արհեստականորեն ներմուծել ձեր էլեկտրոնային բանկային համակարգը: Իհարկե, դուք շատ լավ գիտեք, որ եթե երեխաներին չուղարկեք դեկտեմբերի փողը, դրանից միայն երեխաները կտուժեն: Բայց դուք և Հոյտը չեք ուզում փոխել ձեր համառ դիրքորոշումը անգամ հանուն աղքատ երեխաների: ... Հայկական «Famtofam»-ը հայտարարում է` սա թույլ մարդու կեցվածք է, սա հակաքրիստոս մարդու կեցվածք է: Ով նեղում է երեխաներին, կպատժվի Աստծու կողմից»,- նշված է հայկական «Famtofam»-ի գրած նամակում: Հայկական «Famtofam»-ը համարում է, թե կարիք չկա փոխել իրենց բանկային հաշիվն ու համակարգը, սակայն հոլանդական «Famtofam»-ի ներկայացուցիչները հաշվի չեն առնում սա և դիտավորյալ չեն ուղարկում «դեկտեմբերի փողը հայկական «Famtofam»-ի հաշվին, որպեսզի հատուկ սկանդալ առաջացնեն Սուրբ ծննդյանը և Ամանորին աղքատ երեխաներին տրվելիք նվերների հետ կապված»:

Հոլանդական հ/կ-ն գրանցված փոստով տեղեկատվություն է ուղարկել Կադաստրին, Շիրակի մարզպետին, Արդշինինվեստբանկին և հայտնել, որ Ա. Մելիք-Սարգսյանը հեռացվել է և այլևս իրենց ներկայացուցիչը չէ: «Մենք պատվիրեցինք պրն Ավետիք Մելիք-Սարգսյանին գրասենյակի և ավտոմեքենայի բանալիները, ինչպես նաև կնիքը հանձնել Շիրակի մարզպետ տկն Լիդա Նանյանին, քանի որ այդ պահին մենք պաշտոնական ներկայացուցիչ չունեինք»,- գրում է Հոյտ Սպիջեկստրան: Հոյտ Սպիջեկստրան ասաց, որ ավտոմեքենան ու գրասենյակը գնվել են իրենց ուղարկած գումարով. «Famtofam»-ի աշխատանքը կազմակերպելու համար Գյումրիի աշխատողները խնդրել էին իրենց համար գրասենյակ գնել, քանի որ համարում էին, որ այն անհրաժեշտ է` աջակցություն ստացող ընկերություններին ընդունելու համար: Նրանք նաև ավտոմեքենայի կարիք ունեին` աղքատ ընտանիքներին այցելելու համար: 20_07-hol-1

Հոլանդական հ/կ-ն 4500 եվրո է ուղարկել գրասենյակի և 4300 եվրո` ավտոմեքենայի համար: «Famtofam»-ը նաև գումար է ուղարկել գրասենյակի շենքը վերանորոգելու համար: Հոյտ Սպիջեկստրան ասաց, որ Հոլանդիայում գումարը հավաքելուց և այն ուղարկելուց հետո Ա. Մելիք-Սարգսյանին պատվիրել են «Famtofam» հ/կ-ն գրանցել Հայաստանում: «Նա դա չարեց այն ձևով, ինչ մենք էինք խնդրել, այլ հիմնադրեց իր սեփական հ/կ-ն և այն գրանցեց որպես «Famtofam»: Պրն Ավետիք Մելիք-Սարգսյանը գրասենյակը գնել է Խաղաղության հրապարակում (շենք 4, բնակարան 10): Գրասենյակը գնվել է 2003 թ. մարտի 27-ին «Famtofam»-ի ծրագրի (և ոչ թե հ/կ-ի) համար: Գրասենյակի պաշտոնական բացումը եղել է 2003 թ. սեպտեմբերի 27-ին «Famtofam» հ/կ-ի հոլանդական խորհրդի անդամներից, ինչպես նաև հ/կ-ի աջակիցներից կազմված մեծ պատվիրակության ներկայությամբ: Նա գրասենյակն անմիջապես չգրանցեց մեր «Famtofam» հ/կ-ի վրա (այն կադաստրով գրանցվեց 2005 թ. հունվարի 19-ին): Նա նույնը արեց նաև ավտոմեքենայի հետ»,- «Հետքին» գրում է Հոյտ Սպիջեկստրան: «Famtofam» հ/կ-ի խորհուրդը որոշեց, որ Հոյտ Սպիջեկստրան և Անժելա Մելքումյանը` որպես խորհրդի անդամներ, պահպանեն գրասենյակը և ավտոմեքենան իրենց կազմակերպության համար: 2008 թ. օգոստոսի 8-ին «Famtofam» հ/կ-ն գրասենյակի և ավտոմեքենայի սեփականության մասին մանրամասն տեղեկատվություն է ուղարկել Շիրակի մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կ. Թ. Թովմասյանին և նրան խնդրել արձագանքել: 2008 թ. օգոստոսի 19-ին հոլանդական հ/կ-ն գրանցված փոստով նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակը ծավալուն տեղեկատվություն է պարունակել վերոնշյալ գրասենյակի և ավտոմեքենայի վերաբերյալ: «Այդ նամակին արձագանք մենք չստացանք: 2009 թ. հունվարի 22-ին մենք էլ. փոստով դարձյալ ինֆորմացիա խնդրեցինք դատախազությունից, բայց նորից արձագանք չստացանք»,- ասում է Հոյտ Սպիջեկստրան: 2009 թ. մայիսի 11-ին հ/կ-ն ստացել է հետաքննության վերաբերյալ Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Կ. Թ. Թովմասյանի և քննչական բաժնի քննիչ Ա. Ն. Եդիգարյանի որոշումը: Համաձայն Կ. Թ. Թովմասյանի և Ա. Ն. Եդիգարյանի որոշման` «հոլանդական «Famtofam» հասարակական կազմակերպության նախագահ Հոյտ Սպիջեկստրան նշել է, որ Հայաստանում աշխատանքը ծավալելու նպատակով իրենց ներկայացուցիչ Ավետիք Մելիք-Սարգսյանին 25.02.2003 թ. և 26.03.2003 թ. համապատասխանաբար 4500 և 4300 եվրո են ուղարկել գրասենյակ և ավտոմեքենա ձեռք բերելու համար: Դադարելով լինել «Famtofam» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը Հայաստանում` Ավետիք Մելիք-Սարգսյանը գրասենյակը և մեքենան ներկայացրել է որպես իր սեփականություն և հրաժարվել բանալիները հանձնել Շիրակի մարզպետ Լ. Նանյանին»: Ըստ Կ. Թ. Թովմասյանի և Ա. Ն. Եդիգարյանի որոշման` հայկական «Ընտանիքը ընտանիքին» հ/կ-ի նախագահ Ա. Մելիք-Սարգսյանը բացատրություն է տվել այն մասին, որ վերջին 10 տարիների ընթացքում հոլանդական «Famtofam» հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել Հայաստանում, այդ թվում նաև հայկական «Ընտանիքը ընտանիքին» հ/կ-ի հետ, սակայն երբեք ինքը չի եղել հոլանդական «Famtofam» հիմնադրամի ներկայացուցիչը Հայաստանում: Իսկ հայկական «Ընտանիքը ընտանիքին» հ/կ-ն գրանցված է որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հասարակական միավորում և ՀՀ սահմանադրության համաձայն` գործում է որպես անկախ և ինքնուրույն կազմակերպություն: Ա. Մելիք-Սարգսյանը հայտնել է նաև, որ թեև հոլանդական «Famtofam» հիմնադրամը Հայաստանում իրականացրել է մի շարք ծրագրեր, բայց երբեք Հայաստանում սեփականություն չի ունեցել: «Չկա ոչ մի ծրագիր, բյուջե և ֆինանսական փոխադարձ պայմանագիր, համաձայն որոնց` հոլանդական կողմը որևէ սեփականություն է հանձնել իրեն կամ հայկական «Ընտանիքը ընտանիքին» հասարակական կազմակերպությանը, բացի այդ` Գյումրի քաղաքի Խաղաղության հրապարակի 4 շ. 10 բնակարանը, ինչպես նաև ՎԱԶ 21213 մակնիշի սպիտակ գույնի 45 օս 990 պ/հ ավտոմեքենան երբեք հոլանդական «Famtofam» հիմնադրամին չեն պատկանել: Նշված բնակարանը հանդիսանում է հայկական «Ընտանիքը ընտանիքին» հասարակական կազմակերպության սեփականությունը և գնվել է իր անձնական միջոցների ներդրմամբ, իսկ ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանել է իրեն, գնվել է իր միջոցներով: Ներկայումս նշված ավտոմեքենան վաճառել է այլ քաղաքացու, իսկ նշված բնակարանը հանդիսանում է հայկական «Ընտանիքը ընտանիքին» հասարակական կազմակերպության գրասենյակը»,- վկայակոչելով Ա. Մելիք-Սարգսյանի տված բացատրությունը` պարզել է քննիչ Ա. Ն. Եդիգարյանը: Որոշման մեջ նշվում է նաև, որ, ըստ հայկական «Ընտանիքը ընտանիքին» հ/կ-ի նախագահ Ա. Մելիք-Սարգսյանի` իրոք, 2003 թ. ընթացքում հոլանդական «Famtofam» հիմնադրամից ստացվել են գումարներ` մի շարք տարբեր գործառույթներ իրականացնելու համար, «այդ թվում նաև` հոլանդական «Famtofam» հասարակական կազմակերպության նախագահ Հոյտ Սպիջեկստրայի` ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումին կից ներկայացված անդորրագրերով` 25.02.2003 թ. և 26.03.2003 թ. համապատասխանաբար 4500 և 4300 եվրո, սակայն նշված գումարները հոլանդական կողմի համաձայնությամբ ծախսվել են իր` ք. Գյումրի Սայաթ-Նովա փող. 7շ., 27 բնակարանի, որը որպես գրասենյակ է ծառայել, և կարմիր գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարձակալության, ընթացիկ և կապիտալ վերանորոգման համար: Նույնաբովանդակ բացատրություն է տվել նաև Կիմա Ասատրյանը, ով հասարակական հիմունքներով օգնել է կազմել հայկական «Ընտանիքը ընտանիքին» հասարակական կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները»:

Հոյտ Սպիջեկստրան այս որոշումը որակեց որպես «փաստաթուղթ, որը լեցուն է պրն Ավետիք Մելիք-Սարգսյանի և տկն Կիմա Ասատրյանի պատմած ստերով»: Վերջին անձը, հոլանդական հ/կ-ի նախագահի խոսքերով, այն պահին, երբ իրենք գնեցին և բացեցին գրասենյակը, իրենց Famtofam հայկական խմբի անդամ չէր: «Մենք պատասխան ենք ուղարկել, որով հայտարարում ենք, որ այդ պնդումները իսկական ստեր են: Մինչ այժմ մենք պատասխան չենք ստացել Գլխավոր դատախազից, ինչպես նաև Գյումրիի քննչական բաժնից` մեր վերջին արձագանքի վերաբերյալ: Պրն Ավետիք Մելիք-Սարգսյանի եղբայրը ինչ-որ բարձր պաշտոն ունի Երևանում` արդարադատության համակարգում: Մենք չգիտենք, թե որտեղ է նա աշխատում, բայց գուցե նա սատարում է իր եղբորը»,- «Հետքին» գրում է Հոյտ Սպիջեկստրան: Մինչդեռ Շիրակի մարզի քննչական բաժնի պետը և քննիչն այլ տեսակետ ունեն: «Այսպիսով, նյութերի նախապատրաստման արդյունքում որևէ տվյալ ձեռք չի բերվել Ավետիք Մելիք-Սարգսյանի կողմից խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով հոլանդական «Famtofam» հասարակական կազմակերպության գումարները հափշտակելու վերաբերյալ, այլ հիմնավորվել է, որ նրանց միջև առկա վեճը քաղաքացիաիրավական բնույթի է և ենթակա է լուծման դատական կարգով»:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 35-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետով, 181 և 185 հոդվածներով` որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել` հանցակազմի բացակայության պատճառով: 2008 թ. օգոստոսի 8-ին Հոյտ Սպիջեկստրան նամակ է ուղարկել Կ. Թ. Թովմասյանին:

Նամակում հ/կ-ի նախագահն ընդգծել է, որ Ա. Մելիք-Սարգսյանն «անուղղակիորեն ընդունում է, որ գրասենյակի կարողությունը և ավտոմեքենան պատկանում են հոլանդական Famtofam հ/կ-ին, որը գումար է փոխանցել Famtofam հ/կ-ի աշխատանքին անհրաժեշտ այդ երկու օբյեկտը գնելու համար», քանի որ Ա. Մելիք-Սարգսյանը «2005 թ. փետրվարի 3-ի մի էլ. նամակով իր տեսակետն է արտահայտել ունեցվածքի վերաբերյալ:

Մատնանշված էլ. նամակում Ա. Մելիք-Սարգսյանը գրել էր. «Մենք արդեն նշել ենք նամակի սկզբում, որ գրասենյակի փոխանցումն ավարտվել է «Famtofam»-ի գրասենյակի անունով: Մինչ «Famtofam»-ի տնօրենի պաշտոնական հրաժարականը, ես` Ա. Մելիք-Սարգսյանս, պատրաստ եմ վաճառել գրասենյակն ու մեքենան և գումարը հետ ուղարկել Հոլանդիա»:

Ավելի ուշ` 2009 թ. հուլիսի 1-ով թվագրված նամակով, Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Կ. Թ. Թովմասյանը հայտնել է Հոյտ Սպիջեկստրային, որ «22.06.2009 թ. ՀՀ գլխավոր դատախազ Ա. Գ. Հովսեփյանի կողմից ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 61203209 քրեական գործը և նախաքննություն կատարելու համար ուղարկվել Շիրակի մարզի քննչական բաժին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter