HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Անկարա-Երեւան-Բաքու. ո՞վ կճեղքի փակուղին

ԱՄՆ Կոնգրեսում այս օրերին ստորագրություններ են հավաքվում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակի համար: Նախաձեռնությունը պատկանում է կոնգրեսականներ Ֆրենք Փալոնին, Մարկ Քիրքին, Ադամ Շիֆին եւ Ջորջ Ռադանովիչին:

Նամակը, մասնավորապես, մեղադրում է Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պարտավորությունը խախտելու մեջ եւ կոչ անում ամերիկյան վարչակազմին տարանջատել հայ-թուրքական կարգավորման եւ Ցեղասպանության ճանաչման հարցերը: Նամակի հեղինակները նշում են, որ Հայաստանը հավատարիմ է մնացել ապրիլին հրապարակված հայ-թուրքական Ճանապարհային քարտեզին, մինչդեռ Թուրքիան որոշել է «հարված հասցնել առանց նախապայմանների կարգավորման ԱՄՆ քաղաքականությանը»: Հեղինակների եզրահանգմամբ` Թուրքիան, «նպատակ ունենալով կանխել Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից, համաձայնել է Ճանապարհային քարտեզին, որին հետեւելու մտադրություն չի ունեցել»: Նամակում հույս է հայտնվում, որ ԱՄՆ վարչակազմը նոր ջանքեր կգործադրի` նպաստելու հայ-թուրքական կարգավորման գործընթացին առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում, իսկ ԱՄՆ նախագահը կշարունակի Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստման իրագործումը: Այս նամակի նախաձեռնության պահը պատահական չէ: Այն համընկնում է մի ժամանակահատվածի հետ, երբ հայ-թուրքական կարգավորման գործընթացը փաստացիորեն հայտնվել է փակուղում, սակայն տարածաշրջանային իրադրությունը կարգավորումը հետաձգելու հնարավորություն եւ ժամանակ այլեւս չի թողնում: Հայ-թուրքական կարգավորումը փաստացիորեն փակուղու մեջ հայտնվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հունիսին Բաքվում որպես հայ-թուրքական կարգավորման նախապայման առաջ քաշեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Հայ-թուրքական հաշտեցման փակուղին կրկին դուրս մղեց Թուրքիային տարածաշրջանային գործընթացներից եւ սառեցրեց ռուս-վրացական պատերազմից հետո տարածաշրջանային գերտերության դերը ստանձնելու Թուրքիայի նախաձեռնությունները: Չարդարացան նաեւ Թուրքիայի հույսերը` որեւէ դեր ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նախորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն վերջնականապես բացառեց այդ հնարավորությունը` հայտարարելով, որ Թուրքիայի միջնորդությունը գործընթացում անհնար է: Սակայն ֆրանսիացի համանախագահի այս հայտարարությունը ոչ միայն այդ հնարավորության բացառում էր, այլեւ եւս մեկ կոչ` ուղղված Անկարային` միմյանց չկապել հայ-թուրքական եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացները: Իսկ համանախագահների, ինչպես նաեւ ընդհանրապես միջազգային հանրության մոտեցումը երկու գործընթացների հարաբերակցությանը հետեւյալն է. որեւէ առաջընթաց գործընթացներից մեկում միայն կնպաստի առաջընթացին նաեւ մյուս գործընթացում, սակայն մեկը մյուսի նախապայմանը չի կարող հանդիսանալ: Այս տրամաբանությամբ` Ղարաբաղյան կարգավորման շուրջ ակտիվացումը միաժամանակ նպատակ էր հետապնդում կոտրել հայ-թուրքական հաշտեցման գործընթացում առաջացած փակուղին: Սակայն Ադրբեջանի նախագահը վարվեց այնպես, ինչպես երկու ամիս առաջ վարվեց Թուրքիայի վարչապետը` գործընթացը տանելով փակուղի: Նա, փաստորեն, մերժեց բանակցությունների հիմքում դրված սկզբունքները` ցույց տալով, որ պատրաստ չէ զիջումների: Ալիեւի լոնդոնյան թեզը ստիպում է եզրահանգումներ անել, թե ընդհանուր գծերով որոնք են Ղարաբաղյան կարգավորման` Բաքվի համար ընդունելի տարբերակները. 1. Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասը: 2. Ադրբեջանը «կազատագրի» «օկուպացված» տարածքները ռազմական ուժով: 3. Դեռեւս կպահպանվի ստատուս քվոն (վերջին կետի մասին Ալիեւը, իհարկե, չի խոսել, սակայն ինքնըստինքյան հասկանալի է, որ ստատուս քվոյի պահպանումը շարունակում է մնալ այլընտրանք): Ակնհայտ է, որ այս կետերը կամ կարգավորումը տանում են դեպի փակուղի (1,3), կամ ձախողում բանակցային գործընթացն ընդհանրապես (2): Բաքվում, թերեւս, չեն մտածում այն մասին, որ կոշտացնելով դիրքորոշումը Ղարաբաղի հարցում` Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հնարավորություն են տալիս: Իսկ գործընթացի տրամաբանությունը ենթադրում է, որ չհաջողելով հայ-թուրքական կարգավորման վրա ազդել Ղարաբաղյան գործընթացում առաջընթաց արձանագրելու միջոցով` փորձ կարվի վերջինիս վրա ազդել հայ-թուրքական կարգավորման միջոցով: Թերեւս հենց այս ծուղակն են իրենք իրենց համար ստեղծել Բաքուն եւ Անկարան` ի սկզբանե նպատակ հետապնդելով գործընթացների փոխկապակցման սցենարն օգտագործել Հայաստանին զիջումներ պարտադրելու համար: Այն մասին, որ Ղարաբաղյան կարգավորումը հայտնվել է փակուղում, վկայում են Մինսկի խմբի համանախագահների կազմում սպասվելիք փոփոխությունները: Առաջիկա ամիսներին կփոխարինվեն ռուսաստանցի եւ ամերիկացի համանախագահները: Նախորդ չորեքշաբթի այս մասին հայտարարեց ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ինչ վերաբերում է Մեթյու Բրայզային, ապա, ըստ շրջանառվող լուրերի, նա կլինի Ադրբեջանում Միացյալ Նահանգների նոր դեսպանը: Թերեւս, դժվար չէ կռահել, որ համանախագահների փոփոխություն տեղի չէր ունենա այն դեպքում, եթե կողմերը մոտ լինեին որեւէ փաստաթղթի ստորագրմանը. նրանք կշարունակեին իրենց պարտականությունները գոնե մինչեւ ենթադրյալ առաջընթացի ներկա փուլի ավարտը: Իսկ նոր համանախագահների նշանակումը ենթադրում է, որ նրանց որոշ ժամանակ կպահանջվի` գործընթացի մանրամասներին ծանոթանալու համար: Ճիշտ է, իրենց պաշտոնները լքելուց առաջ համանախագահները կկատարեն իրենց պետությունների ղեկավարների` Մեծ Ութնյակի գագաթնաժողովի ժամանակ տված հանձնարարությունը: Հուլիսի վերջին համանախագահները կհանդիպեն Կրակովում` լրամշակելու Մադրիդյան փաստաթուղթը, իսկ սեպտեմբերին կրկին կժամանեն տարածաշրջան` նախապատրաստելու Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հոկտեմբերյան հանդիպումը: Սակայն Մադրիդյան փաստաթղթի լրամշակումը, ըստ էության, չի կարող մեծ փոփոխությունների հանգեցնել բանակցային գործընթացում, այն դեպքում, երբ բոլորին է հայտնի` ամենասուր հարցը շարունակում է մնալ Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ստեղծված պայմաններում հայ-թուրքական հաշտեցման գործընթացն, իրոք, կարող է մոտ ժամանակում ճեղքում արձանագրել: Նախորդ շաբաթ մի ուշագրավ հրապարակում հայտնվեց թուրքական «Սաբահ» թերթում, ուր հեղինակը, հիմնվելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի արտաքին քաղաքական կոնցեպտների վրա, ներկայացնում է Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնայնությունները: Այդ առաջնայնությունների շարքում անդրադառնալով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին` թերթը գրում է, որ այս երկու գործընթացները մեկը մյուսին այլընտրանք չեն, այլ պետք է միմյանց վրա դրական ազդեցություն ունենան: Միաժամանակ ընդգծվում է, որ տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանումը մեծ ռիսկեր է պարունակում: Նշելով, որ հայտարարված շրջանակներում Անկարայի շփումները Երեւանի հետ շարունակվում են, թերթը հայտնում է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի ֆուտբոլային հանդիպումից առաջ: Նախորդ շաբաթ Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ մի հոդված էլ հայտնվեց բրիտանական The Economist թերթում, ուր անդրադարձ կա նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: «Պարոն Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի հետ ընկերությունն անհնար է, քանի դեռ այն դուրս չի եկել Լեռնային Ղարաբաղից: Պարոն Դավութօղլուն պնդում է, որ Թուրքիան խաղաղություն է ուզում Հայաստանի հետ: Բայց մի արեւմտյան դիվանագետ ասում է, որ «Հայաստանի հետ հաշտեցումը վերջին փուլում է գտնվում»,- գրում է թերթը: Այսպիսով, պարզ է դառնում, որ առաջիկայում նոր գործընթացներ են սպասվում ոչ այնքան Ղարաբաղյան հակամարտության հարցում, որքան հայ-թուրքական հարաբերություններում: Ճիշտ է, հայ-թուրքական հաշտեցման խնդիրն այս ողջ ընթացքում դուրս չի էլ եկել տարածաշրջանային օրակարգից: Սակայն Ադրբեջանի նախագահի վերջին քայլը, որով նա Ղարաբաղյան բանակցությունները մտցրեց փակուղի, այժմ նոր խթան են հանդիսանալու հայ-թուրքական գործընթացում բեկում արձանագրելու համար: Ստատուս քվոյի պահպանման մասին խոսք լինել չի կարող: Արեւմուտքում շատ լավ են հասկանում, որ երբ դադարեն հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բանակցությունները, Երեւանը կշարունակի հյուսիս-հարավ` Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական առանցքի զարգացումը` հատկապես եթե հաշվի առնենք, որ Իրանի հետ ռազմավարական ծրագրերը դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ են ընթանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter