HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Հայ լինելու գիտակցումը

«Չգիտեմ` պե՞տք է, արդյոք, այս ամենը փոխանցեմ իմ երեխաներին, թե՞ ոչ: Չգիտեմ` շարունակեմ հա՞յ մնալ, թե՞ ապրեմ»: Նժարի երկու ծայրերում ոչ համարժեք, սակայն իրականության թելադրանքով միմյանց հակակշռող երկու «գոյություն» է` հայ մնալ եւ ապրել:

Ֆրանսահայ երիտասարդ օրիորդն անկեղծացավ սփյուռքահայ բոլոր երիտասարդների փոխարեն, ովքեր իրենց ամենօրյա կենսապայքարում եւս մեկ պայքար ունեն մղելու` հայ մնալ: Իսկ արդյոք հայ ինքնության պահպանումը գիտակցվու՞մ ու կարեւորվու՞մ է, արդյոք այն այդքան պարտադի՞ր է: Հեշտ չէ՞ պարզապես ապրել` փոխանակ փորձելու պահպանել ազգային ինքնությունդ մի հասարակությունում, ուր իշխում են արեւմտյան բարքերը: Այս հարցականները դրված են սփյուռքահայ շատ երիտասարդների առջեւ, ովքեր դեռ ընդունում են իրենց հայկական ծագումը եւ ֆրանսիացի, բելգիացի, ամերիկացի լինելուց զատ` ասում են նաեւ, որ հայ են:

 

Ես հայ եմ 27_07-ruben

 

«Փոքր տարիքում քեզ հաշիվ չես տալիս, որ հայ ես: Բայց երբ մեծանում ես, զգում ես, որ տարբերվում ես ֆրանսիացիներից: Հատկապես ընտանիքի տեսանկյունից, ինչը շատ կարեւոր է: Մեր ընտանիքներն ավելի խիստ են, ավելի մեծ տեղ են տալիս ազգականներին` այցելություններ տատիկ-պապիկին, զարմիկներին: Դաստիարակությունը նույնպես տարբեր է: Երբ մեծանում ես Ֆրանսիայում, զգում ես այդ տարբերությունը»,- պատմեց քսանամյա Ռուբենը:

Նա նախորդ տարի Հայաստան կատարած այցից հետո որոշեց հայերեն սովորել: Սորբոնի համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողը, մեկ տարի ապրելով Փարիզի Հայ ուսանողների տանը, տարբեր երկրներից ժամանած հայ ուսանողների կողքին, էլ ավելի արժեւորեց իր հայկական ծագումն ու արմատները, իր իսկ խոսքով` դա իրեն թույլ տվեց կառուցել իր հայկական ինքնությունը: Բացի այդ, ինքն իրեն ու բոլորին ապացուցեց, որ ցանկության դեպքում կարելի է կարճ ժամանակաընթացքում հայերեն սովորել, քանի որ հայ լինելը լոկ բառեր չեն: Ռուբենի օրինակը, թերեւս, եզակի չէ, սակայն դժվար է ասել, որ նման ոգեւորվածությունը համատարած բնույթ է կրում: Սփյուռքում այսօր ծնվում է ցեղասպանությունը վերապրածների չորրորդ սերունդը: Բնականաբար, նրանց համար հայրենիք է այն հողը, որի վրա ծնվել են: Մանավանդ արեւմտյան երկրներում, որտեղ կողք-կողքի տարբեր ազգություններ են ապրում, եւ հասարակության մեջ նրանց ինտեգրումն այնքան հաջողված է, որ երբեմն ավելորդ է դառնում ազգային ինքնությունդ, ծագումդ, ինչը ժամանակի ընթացքում` սերունդների հերթագայմամբ, մոռացության է մատնվում: Ձուլման այս վտանգը սպառնում է նաեւ հայերին: Շատերին է մտահոգում այն խնդիրը, որ հայությունը վաղը սփյուռքում պարզապես դառնալու է «մեծ ծնողների ազգություն»: Ահա թե ինչու շատ ընտանիքներ շարունակում են իրենց զավակներին դաստիարակության միջոցով փոխանցել հայի մտածելակերպը, ավանդույթները, հայոց լեզուն, հավատը, մշակույթը եւ պատմությունը: Իսկ ի՞նչ է նշանակում հայ լինել: Մեզ հետ զրույցում երիտասարդներն առանձնացրին հայ մնալու համար անհրաժեշտ չորս կարեւոր հանգամանք` լեզու, կրոն, մշակույթ, ընտանիք: Ցավոք, ոմանց համար հայ լինելը կապվում է նաեւ փակված հասարակության ու արգելքների հետ, որոնք նրանց առջեւ դրվել կամ դրվում են ձուլման վտանգից խուսափելու համար:

Հայ լինել` նշանակում է հայերեն խոսել

Ռուբենի կարծիքով` եթե երեխայիդ հետ հայերեն ես խոսում, ուրեմն հայ ես, քանի որ երեխայիդ հետ միշտ խոսում ես սրտիդ լեզվով: Հակոբ Թալաթինեանը ծնվել եւ մեծացել է Լիբանանում, ընտանիքում մայրենի լեզուն հայերենն է եղել, հաճախել է հայկական վարժարան: Միակ մտահոգությունն այսօր այն է, որ զավակները հայերեն խոսեն, քանի որ ցանկանում է նրանց փոխանցել այդ «գանձը»: 27_07-hakob«Մեծ հորս ընտանիքը ինչքան դժվարությամբ է հայերեն սովորել: Ասում են, որ անապատի մեջ, ավազների վրա են սովորել, որ հայերենը չկորչի: Ես որոշ պարտք եմ զգում մեծ հորս ու իր մոր նկատմամբ, որ փորձեց մի արժեք պահպանել: Մենք հարգանքի պարտք ունենք տալու: Դրա համար ես չեմ կարող ինքս ինձ ասել` ես հայ չեմ: Չեմ կարող, որովհետեւ մարդ իր հոր աչքերին պիտի նայի, եւ հոր ու մոր աչքերը պիտի ասեն` այդ արժեքը, որ ես քեզ տվեցի... Երեխան, երբ ծնվում է, չես ասում` նայենք` ինչ հագուստ կուզի հագնել: Դու հագուստ պետք է հագցնես, որպեսզի հետագայում որոշի` այդ հագուստը կուզի՞, թե ոչ: Այդպես է լեզուն եւ կրոնը»,- ասում է Հակոբ Թալաթինեանը:

Մկրտիչ Բասմաջյանը, ով թատերական խմբակ է ղեկավարում Փարիզում, հայերենով պիեսներ բեմադրում, նկատեց, որ սփյուռքում հայ մնալ կարելի է միայն դպրոցի եւ եկեղեցու զուգահեռ աշխատանքով: Սակայն հատկապես արեւմտյան երկրներում այլեւս հարցականի տակ է հայերենի տարածումը: Եթե այսօր դեռ կան հայերենի ուսուցմամբ հետաքրքրվողներ, ապա նրանց թիվը զգալիորեն նվազում է նախորդ տարիների համեմատությամբ: Վերջերս փակվեց Փարիզի միակ հայատառ թերթը` «Հառաջը», որը հիմնադրվել էր 1925-ին: Երկար տարիներ այն մեծ պահանջարկ էր ունեցել ֆրանսահայ համայնքում` ոչ միայն իբրեւ տեղեկատվության միջոց, այլ նաեւ իբրեւ հայատառ պարբերական, որը, շատերի վկայությամբ, իրենց ծնողների ու մեծ ծնողների համար անչափ սպասված էր. հայրենիքի կարոտն էին առնում: Ինչու՞ փակվեց «Հառաջը»` նախկինի համեմատությամբ էլ ավելի մեծ հայկական համայնք ունեցող Ֆրանսիայում: Սփյուռքում այսօր հայերենը շատ հաճախ խորհրդանշական, քան լեզվի կամ հաղորդակցման դեր է կատարում: Նույնիսկ եթե շարունակում են գործել հայկական դպրոցները, ոչ բոլոր ընտանիքներում է հայերենը մնում իբրեւ մայրենի լեզու: 27_07-tigran«Մեր լեզուն սուրբ է, գանձ է» պիտակները էլ ավելի են մոռացության դատապարտում լեզուն: «Իմ կարծիքով` շատ վտանգավոր է ասել, որ մեր այբուբենը սրբատառ է, որովհետեւ որքան սուրբ լինի, այնքան պիտի խաչենք, այն խաչքար պիտի դառնա, չենք կարող այդ արժեքները արդիականացնել եւ փոխանցել»,- նշեց քսանչորսամյա Տիգրան Եկավեանը:

Դժբախտաբար, այսօր սփյուռքում տարածված է ավելի շատ պահպանման սկզբունքը, քանի որ նորն իր մեջ պարունակում է արեւմտյան մշակույթի մեջ ինտեգրման վտանգը: «Հայապահպանումը, ինչպես նաեւ մշակույթը դառնում է պահածոյի մի տուփ: Այսինքն` բոլոր առարկաները` լեզուն, ավանդույթները, խորհրդանշական իրերը պիտի լցնեմ պահածոյի տուփի մեջ ու պիտի փակեմ: Ինձ համար հայի զարգացումն է կարեւորը: Փոխանակ խրախուսելու նոր սերունդներին, նոր տաղանդները, նախընտրեցինք կլասիցիզմը` պահպանել անցյալի փրկված ժառանգությունը: 50-60 տարի պիտի արտասանենք նույն բանաստեղծությունը, օրինակ` Սիամանթո: Մարդիկ ոչ մի բան չպիտի հասկանան ու պիտի շարունակեն ավանդույթները»,- շարուակեց Փարիզի Քաղաքագիտական Դպրոցի շրջանավարտ Տիգրան Եկավեանը: Թերեւս, տարբեր հայկական կազմակերպություններ շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել` տարածելու համար հայկական մշակույթը, պատմությունը, սակայն երիտասարդների գնահատմամբ` հիմնականում ամեն ինչ պտտվում է մեկ անցքի շուրջ` ցեղասպանություն:

Ազգային ինքնությունը հարկավոր է մշակույթի վրա կառուցել

«Տարիներ ի վեր կտրված եմ եղել հայկական համայնքից: Հիմա հետ եմ գալիս: Երբեք չեմ հասկացել, թե ինչու այդքան ցավ ունենք: Արդյոք ցեղասպանությա՞ն պատճառով: Այնքան շատ են դրվում ցավի, զոհ լինելու հարցերը, որ մեզ չի հաջողվում մշակութային տեսանկյունից կապեր հաստատել մյուս երկրների հետ: Տարբեր մշակութային միջոցառումների, փառատոների եմ մասնակցում, բայց ինձ չի հաջողվում հայերի հանդիպել: Ես կցանկանայի, որ մշակութային առումով մենք հանդես գայինք: Ինչու՞ մենք` հայերս, փակված ենք մնում: Միշտ կա մշակույթը կորցնելու վախը: Կարծես մի գանձ է, որին չպետք է դիպչել: Պետք է տալ, քանի որ երկխոսություն է պետք սկսել նաեւ մյուս երկրների հետ: Հայ լինելը միայն վերքի այդ պատմությունը չէ, այլ հարուստ մշակույթն է: Մեզ փոքրուց սովորեցնում են ցեղասպանությունը եւ կրոնը: Բայց կրոնն ինձ համար մշակույթ չէ, իսկ ազգային ինքնությունը հարկավոր է մշակույթի վրա կառուցել եւ ոչ թե ցեղասպանության»,- ասաց ֆրանսահայ Նոյեմի Յափուջյանը: Զրուցակիցներիս խոսքով` սփյուռքում այսօր միջոցառումների հիմնական մասը նվիրված է ցեղասպանության թեմային: Այն համախմբում է բոլոր սփյուռքահայերին, այս հարցի շուրջ համընկնում են բոլոր տեսակետերը: Եվ ինչպես իր խոսքում նշեց Մկրտիչ Բասմաջյանը` «Հայ զգալու համար զգացական մի ջիղ կա. զգացմունքները վերագրում ենք 1915-ին»: Այսօր սփյուռքում այնքան շեշտադրված է հայ ժողովրդի պատմության այդ սեւ էջը, որ երբեմն մոռացության է մատնվում հայոց պատմության եւ մշակույթի գոյությունը մինչեւ 1915-ը: 27_07-peter«Մենք պատմություն ունենք եւ ոչ միայն ցեղասպանություն: Այդ ողբերգական դեպքի դեմ պայքարելու լավագույն միջոցն այն է, որ ցույց տանք մեր պատմությունը: Օսմանյան կայսրության մեջ հայերը մեծ ներդրում ունեին կայսրության կայացման գործում, պետք չէ դա մոռանալ: Ամենամեծ պալատները հայերի կողմից են ստեղծվել»,- նշեց բելգիահայ Պիտեր Բողոսյանը:

Ֆրանսահայ մի օրիորդ խոստովանեց, որ երկար ժամանակ չի իմացել, որ Հայաստան երկիրը գոյություն ունի: Հայաստանն այսօր շատերի համար պարզապես խորհրդանշում է այն «էրգիրը», որը կորցրինք: Իրենց ապագան Հայաստանում շատերը չեն պատկերացնում: «Եթե վաղը Կիլիկիայի հողերը ետ տան, ես կգնամ այնտեղ ապրելու: Բայց Հայաստանը այն երկիրը չէ, որտեղից գալիս են նախնիներս, այն խորհրդանիշ է: Շատ սիրեցի Հայաստանը, երբ այցելեցի, բայց դա չէ մեր Հայաստանը: Մենք գալիս ենք մի Հայաստանից, ուր հայերի կողքին ապրում էին հույներ, թուրքեր, արաբներ, հրեաներ»,- ասաց Պիտերը: Սփյուռքում գործող հայկական բոլոր կազմակերպությունների հիմնական գործունեությունն այս կամ այն չափով առնչվում է ցեղասպանության ճանաչմանը նպաստող միջոցառումների կազմակերպման հետ: Այլ կերպ ասած` Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտումն այսօր համախմբում է սփյուռքի հայությանը: Ի՞նչ է լինելու, եթե Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը: 27_07-shant«Մեր երիտասարդների հավաքներին մեր առաջին նպատակը հայկական ջարդն է, երկրորդ` աշխատում ենք, որ երիտասարդները հայ մեծանան: «Նոր Սերունդ»-ի մեջ ունենք հայկական թերթ: Թերեւս, որ այսքան տարի հայ ենք զգում մեզ, այն է, որ Թուրքիան չընդունեց, դա ավելի մեզ ուժ տվեց»,- պատմեց նոր սերունդական Շանթ Հաբիբյանը:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Փարիզի երիտասարդական թեւի նախագահ Րաֆֆի Տեր-Հակոբյանի խոսքով` երիտասարդական հավաքներին խոսում են ամեն ինչից, սակայն ապրիլի 24-ը միավորում է բոլորին: «Այդ խնդիրը` անընդհատ խոսել ցեղասպանությունից, սպանում է ինձ: Այն օրը, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայերը կրակի մեջ են ընկնելու, քանի որ այնքան ենք կենտրոնացել մեր պատմության այդ սեւ անցքի շուրջ, որ չենք կարողանում պատկերացնել, թե ինչ ենք անելու հետագայում»,- ասում է Րաֆֆին: Հիրավի, այս հարցն այսօր մտահոգում է շատերին, սակայն այդ մասին բարձրաձայնում են քչերը:

Հայ մնալ` նշանակում է նաեւ պայքարել ամեն օր

«Շատ դժվար է ֆրանսիացուն բացատրել, որ ես հայ եմ, քանի որ ասում են` բայց դու այստեղ ես ծնվել, ծնողներդ այստեղ են: Բայց իմ երակներում հայկական արյուն է հոսում: Ես ինձ շատ հայ եւ շատ ֆրանսիացի եմ զգում: Երկու աշխարհ կա մեզ համար, ինձ համար` հայկականը, որ իմ ընտանիքն է, եւ ֆրանսիականը` հասարակությունը: Երկուսը միացնելու համար պայքար ես մղում ամեն օր»,- պատմում է Րաֆֆի Տեր-Հակոբյանը:

Բարեբախտաբար, սփյուռքում այսօր դեռ կան շատ ընտանիքներ, որոնք ձգտում են պահպանել իրենց ազգային տեսակը` դաստիարակության միջոցով երեխաներին փոխանցելով, շատ հաճախ պարտադրելով «հայկական արժեքները», որ տարբեր կերպ են գիտակցվում տարբեր ընտանիքներում` լեզուն, կրոնը, մշակույթը, հայ ընտանիքին բնորոշ սովորույթները եւ այլն: «Մինչեւ 15 տարեկան ես ինձ շատ զորավոր կերպով հայ էի նկատում եւ շատ հպարտ էի: Եվ մանավանդ հիշում եմ, երբ միջնակարգը ավարտում էի, շարադրություն էի գրել. «Եթե հայ ծնված չլինեի, կուզենայի հայ ծնվել»: Բայց 17-18 տարեկանից սկսեցի մի քիչ տարբեր մտածել: Եվ բնական է, որ մտածում ես` ո՞վ ես, ի՞նչ ես, որտեղի՞ց ես գալիս, սիրու՞մ ես, արդյոք, քո ինչ լինելդ: Անդրադարձա, որ շատ բաների մեջ ազդված եմ իմ ծնողների դաստիարակությունից: Եվ կային բաներ, որ չէի սիրում կամ չեմ սիրում դեռ եւ հանդուրժում եմ ծնողներիս պատճառով: Հայ լինելս չեմ մերժում եւ չեմ ամաչում: Իրենց էլ հասկանում եմ, իրենք էլ տառապել են, բայց երբ որ ցանկանում են պստիկ տարիքից փոքրիկներին փոխանցել այս ամենը, ուղեղի լվացում է ստացվում: Եվ, վերջիվերջո, երբ 17 տարեկան ես դառնում, սկսում ես մտածել այս բաների մասին եւ հասկանում ես, որ overdosing է լինում»,- պատմեց հունահայ Անին: Դաստիարակությունից զատ` շատ ընտանիքներում պարտադրվում է նաեւ ամուսնությունը հայի հետ: Չգիտես` արդյոք վա՞խ կա, որ ձուլումը հետզհետե կարող է բերել հայ ինքնության բնաջնջման, թե պարզապես մտավախություն ունես զավակիդ համար, ցանկանում ես, որ ամուր ընտանիք ունենա, ինչը, քո խորին համոզմամբ, հնարավոր է միայն հայի հետ: «Հայրս չի կարող ընդունել մինչեւ այսօր, որ ես օտարի հետ ամուսնանամ, անկարելի է, անզիջելի: Ինչ-որ չափով պարզ է, քանի որ փոքր ազգ ենք եւ չենք կարող «էդ լյուքսը ունենալ»` օտարի հետ ամուսնանալ եւ կորցվել»,- ասաց Տիգրան Եկավեանը: Քսանվեցամյա Նարեկը, որը մանկությունն անցկացրել է աֆրիկյան մի երկրում, ուր մի քանի հայ ընտանիք կար ընդամենը, պատմեց, որ փոքր տարիքում մերժում էր հայությունը, քանի որ նախ` երբ քեզ չեն ճանաչում, դժվար է լինում ինտեգրումը տվյալ հասարակության մեջ: Մյուս կողմից էլ` այն ներկայացնում էր ծնողների իշխանությունը: «Ես համաձայն չէի այն ամենի հետ, ինչ ծնողներս ինձ պարտադրում էին` խելոք տղայի դաստիարակություն, որը հիմարություններ չի անում: Երբ առաջին անգամ դուրս եկա մի արաբ աղջկա հետ եւ ասացի ծնողներիս, իրենց համար դա վտանգավոր էր: Մայրս հիվանդացավ: Ամեն օր ճնշում կար իմ ընտանիքում: Ես ցանկանում էի մնալ այդ աղջկա հետ, բայց հայկական բարքերի պատճառով դա արգելված էր: Դրանից հետո շատ աղջիկներ կային, որ ինձ դուր էին գալիս, բայց ես դադարեցնում էի, քանի որ ավելի հեռու գնալը մեծ ցավ կպատճառեր ավելի ուշ: Մյուս կողմից էլ` ուզում եմ հաճույք պատճառել ծնողներիս: Հայերը ալտրուիստ են, իրենց ցավ են պատճառում, որ դուր գան մարդկանց: Թուլության պահերին շատ հաճախ ինձ ասել եմ, որ շատ կցանկանայի արաբ լինել»,- ասում է Նարեկը: Այսօր Նարեկը դրական է գնահատում ծնողների դաստիարակությունը: Դժվար է ասել, թե որքանով էր անկեղծ, սակայն մեզ հավաստիացրեց, որ հոգու խորքում երեւի ինքն էլ էր այդպես ուզում: «Երբ մի քիչ հոգնում ես, մի քիչ հեռանում, զգում ես, որ կարիքն ունես: Նույնիսկ եթե շատ հոգնում ես հավաքներից, շատ չես կարող հեռանալ: Հեռանում ես թե չէ` զգում ես կարիքը: Էլաստիկի էֆեկտն ունի` որքան ձգում ես, այնքան հետ է գալիս ու ավելի զորավոր է գալիս»,- նշեց Շանթ Հաբիբյանը: 27_07-rafiԱմերիկահայ Րաֆֆի Պարսումյանը մանկության տարիներին շրջապատված է եղել հայերով, ընտանիքում հայերեն են խոսել: Միայն տնից հեռանալուց, քոլեջ գնալուց հետո է սկսել մտածել իր ազգային ինքնության պահպանման անհրաժեշտության մասին: «Հեռու ապրեցի երկար ժամանակ ու սկսեցի մտածել` հիմա ի՞նչ պիտի անես, պիտի ամուսնանաս, տարբեր բաներով պիտի զբաղվես եւ կարող ես շեղվել: Մտածում ես` կյանքը կյանք է, բոլոր մարդիկ մարդիկ են, ինչու՞ չէ: Բայց անցյալ օրը ընկերս բան էր ուղարկել ինձ youtube-ով Մոնթե Մելքոնյանի մասին, որ Կալիֆոռնիայում է մեծացել, ապրել, որ ամերիկացի է ու զինվոր եղավ: Այս պատմությունը որ տեսնում ես, ասում ես` կան ուրիշ մարդիկ, ուրիշ երկրներ, կարող ենք գնալ լինել ամերիկացի, ֆրանսիացի, բայց մեղք է: Մարդիկ կան, որ իրենց կյանքը տվել են, որ պահեն-պահպանեն այն, ինչ դու ունես արյանդ մեջ»,- ասում է Րաֆֆին: 27_07-france-1 Հ.Գ. Հոդվածը գրելու գաղափարն առաջացավ Մկրտիչ Բասմաջյանի «Բեկանած հույսեր» ներկայացմանը (Փարիզ) հաջորդած քննարկման ընթացքում: Ամենամեծ հարցականը, որ երիտասարդների կողմից դրվեց երեկոյի ընթացքում, այն էր, թե ի՞նչ է պետք անել հետագայում, արդյոք պե՞տք է ապագա սերունդներին էլ փոխանցել այս «ծանրությունը», որն իր մեջ ներառում է հայկական ծագումը, պատմությունը` մասնավորապես ցեղասպանությունը, մյուս կողմից էլ` հայկական հպարտությունը: Բնական է, որ օտար ափերում ծնվելով` այս երիտասարդները այլեւս միայն հայ չեն: Սակայն պարզ էր նաեւ, որ ինչ-որ բան նրանց դեռ մոտ է պահում իրենց հայկական արմատներին: Մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում շատերը խոստովանեցին, որ բազմիցս մտածել են` ի~նչ հեշտ կլիներ, եթե հայ չլինեին, սակայն հայությունը միշտ ձգել է, որքան էլ փորձել են հեռանալ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter