HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Մենք ունենք մեր նկատմամբ թշնամական մոտեցում»

29_07-k_bekaryanԱնգամ եթե Թուրքիան շարունակի ներկայիս իմիտացիան, թե իբր ուզում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, և ոչ մի կառուցողական քայլ չանի Հայաստանի նկատմամբ, Հայաստանը կարող է որոշակի օգուտ քաղել դրանից: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը: «Հայաստանը ունենալու է նույն իրավիճակը, որը ուներ մինչև գործընթացի սկսվելը` գումարած մի շատ հետաքրքիր շտրիխ, որի կարևորությունը բոլորովին փոքր չէ: Հայաստանը ցույց է տվել աշխարհին, որ, անկախ բոլոր տեսակի խնդիրներից, գնում է բնականոն հարաբերությունների զարգացման, փորձում է դա անել: Եվ երբ դիմացի կողմից ստանում է այդ թշնամական իրավիճակը, որ ոչինչ չտեղաշարժվեց, դիմացի կողմը կորցնում է միջազգային հանրության մեջ բոլոր հնարավորությունները` հետագայում նույն, օրինակ, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նմանատիպ ռադիկալ և արմատական դիրքերից հանդես գալու»,- ասաց Կարեն Բեքարյանը: Նրա համոզմամբ` Թուրքիային պետք են Հայաստանի հետ հարաբերությունները, սակայն Թուրքիան փորձելու է այդ հարաբերություններին գնալ` իր շահերը, ինչպես նաև երկրի ներսում իշխանության շահը առավելագույս պահպանելու միջոցով: Կարեն Բեքարյանն անդրադարձավ նաև նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, թե «Ես կմեկնեմ Թուրքիա` ֆուտբոլային պատասխան խաղին, միայն այն պարագայում, երբ եղած կլինեն ռեալ քայլեր, գործողություններ, և կմեկնեմ, եթե սահմանը բաց լինի, կամ եթե գտնվենք Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին»: «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավարը նշեց, որ այս հայտարարության մեջ «Հայաստանի ապաշրջափակում» արտահայտությունը պատահական չէ ընտրված: «Բոլորդ շատ լավ գիտեք, որ հարկադրված փակ սահմանը հարկադրանքի քաղաքականության ձևակերպում է: Եվ, հետևաբար, միջազգային հանրության ուշադրությունը դարձվում է նրան, որ «ոչ թե մենք իրար հետ ունենք աննորմալ հարաբերություն կամ չունենք հարաբերություն, այլ մենք ունենք մեր նկատմամբ թշնամական մոտեցում»: Սահմանների «ապաշրջափակումը» դա է վկայում մեկ անգամ ևս»,- ասաց Կարեն Բեքարյանը: Ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե ինչո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան միշտ մեջբերում Ադրբեջանի նախագահի ասածները` ազատագրված տարածքների վերաբերյալ, և երբեք չի մեջբերում Հայաստանի նախագահի հայտարարությունները ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ: «Եթե Մեթյու Բրայզան Երևանում նշանակվելիք դեսպանը լիներ, նրա բոլոր հղումները կլինեին Հայաստանի իշխանությունների պաշտոնական կարծիքի վրա: Բայց մարդը արդեն մտնում է այդ կաշվի մեջ, մարդը արդեն պատկերացնում է, որ այդ երկրում պիտի աշխատի, իսկ աշխատելու համար փորձում է ստեղծել բարերար հիմք»,- ասաց Կարեն Բեքարյանը` ափսոսանք հայտնելով, որ վերլուծական ընկերակցության հակազդեցությունը ամերիկացի համանախագահի հայտարարություններին` հաճախ ուշանում է: Ըստ բանախոսի` Իլհամ Ալիևը միջազգային հանրության շրջանում տպավորություն է ստեղծել, թե «իր հասարակության հետ աշխատելիս այնպիսի մեծ խնդիր ունի, որ իրեն օգնություն է պետք»: Եվ «կողքից օգնողի» այդ դերը ժամանակ առ ժամանակ ստանձնում են տարբեր երկրների տարբեր դիվանագետներ, իսկ վերջին շրջանում` ԱՄՆ-ի` Ադրբեջանում նշանակվելիք դեսպան Մեթյու Բրայզան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter