HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հայ-թուրքական սահմանին ապրողները չեն կարողանում օգտագործել իրենց հողերը

Սահմանամերձ Մեղրաշատում (Շիրակի մարզ) ամենադիտարժան կառույցը Սուրբ Աստվածածնա եկեղեցին է, որ զարմացնում է իր մեծությամբ ու շքեղությամբ, թեպետ երկրաշարժից տուժել են զանգակատունն ու պատերը: Շինությունը խորհրդային տարիներին ծառայել է որպես պահեստ:

«Մի բարերար չեմ գտնում, որ էս գյուղում զանգի ձայն լսվի, զզվել ենք արդեն մոլլի ձենը լսելուց»,- ասում է համայնքապետ Վահրամ Սաղաթելյանը: Ուղիղ 14:30-ին գյուղի լռությունը խախտվեց. նամազի ժամ է հարեւան թուրքական Սունգյուդարի գյուղում: «Հլա ուր էս, իրիկունը 7-ին էլ նույն պատմությունն է, ճար չունենք, պիտի լսենք, երկու գյուղերի միջեւ հեռավորությունը 1 կմ էլ չկա»,- ավելացնում է համայնքապետը: 03_08-meghrashat-1

Մեղրաշատը հիմնվել է 1812 թ.-ին: Գյուղը հայ-թուրքական սահմանից 500 մետր է հեռու: 1950 թ.-ից Մեղրաշատը հայկական մի շարք գյուղերի հետ հայտնվել է արգելապատնեշի ներսում: Գյողում սահմանվեց անցագրային ռեժիմ: «Պատկերացրեք բանտ, բայց ազատ ռեժիմով, անցաթուղթ չունենայիր, ներս չէին թողնի, օտար մարդ չպիտի լիներ գյուղում: 1965 թ.-ին հայրս մահացել էր, եղբայրս ուրիշ տեղ էր ապրում, մինչեւ եկել հասել էր, ուշ էր եղել, անցաթուղթ չէր ունեցել, ներս չէին թողել, հետ էր դարձել Գյումրի»,- պատմում է համայնքապետի տեղակալ Իշխան Սահակյանը Մեղրաշատցի տիկին Աելիտան հիշում է, որ երկար բողոքելուց հետո, ի վերջո, սահմանային ռեժիմը հանել են:

«Գյուղը փակ կյանքով կապրեր, մեղրաշատցի աղջիկներին դրսից ուզող չէր գա, ստիպված ամուսնություններն իրար մեջ էր կատարվում, հետո եղավ մի պահ, որ արդեն անթույլատրելի էր դա, սաղ գյուղն իրար բարեկամ էր»,- ծիծաղելով պատմում է Աելիտան: 1967 թ.-ին Մեղրաշատում գործող սահմանային ռեժիմը մեղմացվել է, գյուղի դիմաց գտնվող ուղեփակոցը հանվել է, սակայն գյուղին պատկանող խոտհարքի ու արոտի 99 տոկոսը հայտնվել է փշալարե պատնեշի ետեւում:

«Հիմի մենք մեղավո՞ր ենք, որ Մեղրաշատի աշխարհագրական դիրքն էս է,- դժգոհում է համայնքապետ Վահրամ Սաղաթելյանը,- մենք մեղավո՞ր ենք, որ մեր հողերն էդքան մոտ են պետական սահմանին, ուրեմն ի՞նչ, մեր անասունը պիտի սոված մնա՞»: Գարունը բացվելուն պես սկսվում են նաեւ մեղրաշատցիների խնդիրները Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի հրամանատարության հետ: Համայնքապետը պատմում է, որ 2006 թ.-ին Ջոկատի նախկին հրամանատար Ուսովի հրահանգով 2 ամիս չեն թույլատրել գյուղի անասունը արոտ տանել: Դրանից առաջ անասնագողության դեպք էր արձանագրվել, սահմանային ռեժիմը բոլոր ուղեկալներում խստացվել էր:

«Ուղեփակոցը չէին բացում, որ անասունը արոտ տանեինք,- պատմում է մեղրաշատցի Վազգեն պապը,- աչքերիս առաջ մեր ապրուստը կոտորվում էր, վերջը նկարահանող խումբ ենք կանչել, նկարել են, ցույց տվել, որ հարցը լուծվել է: Ախր հարցն էն է, որ մեր գյուղի մոտ երբեք խախտումներ չեն եղել, բայց հենց սահմանի երկարությամբ մի ուղեկալի, մի տեղամասում դեպք է պատահում, մենք էլ մյուսների հետ տուժում ենք»: Համայնքապետ Վահրամ Սաղաթելյանը հասկանում է, որ սահմանապահները առաջնորդվում են ՀՀ-ում գործող պետական սահմանի մասին օրենքով: Եվ այդ օրենքի համաձայն` սահմանապահն իրավունք ունի մինչեւ մեկ կմ շառավղով մարդ չթողնել սահմանին:

«Ախր Մեղրաշատը կես կմ է հեռու սահմանից, ուրեմն սաղ գեղով պիտի արտաքսեն, գնանք Կապս գյուղում ապրենք,- ասում է համայնքապետը,- մեր ունեցած 350 հա արոտից, որ սահմանի ներսում է, ընդամենը 50 հեկտարն ենք օգտագործում: Ամեն օր գյուղից 400-500 գլուխ անասուն է դուրս գալիս, ու՞ր տանենք էդ անասունը: Ջոկատի ներկա հրամանատար պարոն Պոլիշուկին որ լսենք, պիտի հարեւան Հայկավանի ու Ողջիի արոտավայրերը տանենք, ո՞ր մի հարեւանս կհանդուրժի»:

Այս տարի գարնանը սահմանի խախտման փորձ էր արձանագրվել Գտաշենի տարածքում: Այդ մասին Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի հրամանատար Սերգեյ Պոլիշուկը հայտարարեց մեկ ամիս առաջ կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ եւ սահմանամերձ բնակավայրերի համայնքապետերին զգոնության ու համագործակցության կոչ արեց: «Չեմ հասկանում, թե համագործակցությունն էլ ինչ տեսակ է լինում, նախորդ տարի էր, թուրքին օրը ցերեկով գյուղի մեջ բռնեցինք, տարանք հանձնինք իրանց,- պատմում է Վահրամ Սաղաթելյանը,- էդ սահմանախախտման դեպքն էլ որ ասում էր, իրոք, գիշերը տագնապի ազդանշան սաղ ուղեկալներում եղել է, բայց վերջը չիմացանք, թե կոնկրետ ինչ էր եղել, ասին` քրդեր են եղել ձիերով, եկել, ետ են գնացել»: Սահմանապահ ջոկատի հրամանատարը դիմել էր անգամ մարզպետին, որպեսզի վերջինս ազդի գյուղացիների վրա, եւ անասունը սահմանի ներսում արածացնելու փոխարեն այլ ելք մտածեն: Մարզպետ Լիդա Նանյանը գնդապետ Պոլիշուկի հրավերով շրջել էր սահմանի վտանգավոր համարվող հատվածներում, սակայն հրաժարվել էր պարոն Պոլիշուկի առաջարկը կյանքի կոչել: «Ես նրան ասացի, որ չեմ պատրաստվում ժողովրդիս կոտորել, մեղրաշատցին այսօր անասունից ստացած եկամտով է ապրում,- պարզաբանեց տիկին Նանյանը,- ես ասի, որ դա իրենց խնդիրն է, իրենց վճարում են դրա համար եւ իրենք էլ պարտավոր են սահմանը հսկել, ոնց որ պետքն է: Եթե զինվորների խնդիր ունի, թող թիվն ավելացնի, դա իր պարտականությունն է»:

Մեղրաշատի համայնքապետը ներկա է եղել այս տարի ԱԺ-ում տեղի ունեցած սահմանամերձ բնակավայրերի վերաբերյալ քննարկումներին եւ ասում է, որ եթե «այդ բոլոր գրածներն իրականանան, ապա, փաստորեն, հրաշք պայմաններ են լինելու եւ մարդիկ շտապելու են սահմանային գյուղերում ապրելու»:

«Բայց դե, եսիմ դա ե՞րբ լինի, լինի՞, թե չլինի, փաստն էն է, որ որպես սահմանամերձ բնակավայր իմ դոտացիան ամեն տարի 1մլն դրամ է եղել,- դժգոհում է Վահրամ Սաղաթելյանը,- բա դա թի՞վ է, դրանով հոգս կհոգա՞ս…Անցյալ տարի էնքան էի զայրացել, որ ասի` հրաժարվում եմ էդ գումարից, էդ գումար չի, ողորմություն է…էս տարի 3 մլն դրամ էին հատկացրել, բայց էդ էլ մեր նման գյուղերի համար քիչ է, մենք սահմանն ենք պահում, պետական սահմանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter