HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Երկաթգիծն ընդդեմ խողովակների

Հուլիսի 29-ին ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման բանակցային փուլն ավարտված է: Առաջիկայում կստորագրվի համաձայնագիր, որով դրամաշնորհ կտրամադրվի երկաթգծի կառուցման տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունն իրականացնելու համար:

Իրան-Հայաստան երկաթգծի ծրագիրը խիստ հակասական կարծիքներ առաջացրեց Հայաստանում: Ծրագրի քննադատները հիմնական շեշտը դնում են տնտեսական աննպատակահարմարության վրա: 470 կմ ընդհանուր երկարությամբ երկաթգիծը, որի 60 կմ-ը կանցնի Իրանով, իսկ 410 կմ-ը` Հայաստանով, նախնական հաշվարկներով կպահանջի 2 մլրդ դոլար` իրականություն դառնալու համար: Շատերի համոզմամբ` երկաթգծի գործարկումից հետո ստացված եկամուտներն ամենեւին չեն կարող արդարացնել կառուցման համար նախատեսվող ծախսերը:

Չնայած դրան` Իրան-Հայաստան երկաթգծի նախագծի վերաբերյալ իրենց հետաքրքրությունն են հայտնել Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, նաեւ Ռուսաստանը: Անկախ ամեն ինչից` երկաթգիծը ցամաքային ամենաէժան կապը կստեղծի Հայաստանի տարածքով Իրանից առնվազն մինչ Վրաստան` միմյանց կապելով Պարսից ծոցի եւ Սեւ ծովի նավահանգիստները:

Սակայն տարածաշրջանային զարգացումները կարծես նոր հնարավորություններ են ստեղծում երթուղին մինչեւ Ռուսաստան հասցնելու համար: Բոլորովին վերջերս վրացական «Ռեզոնանսի» թերթում սկանդալային հրապարակում հայտնվեց այն մասին, որ վրացական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը հանձնվելու է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը: Վերջինս, հիշեցնենք, արդեն իսկ իրականացնում է «Հայկական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարումը: «Ժողովրդական շարժում - միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Ռոման Քուսիանիի խոսքերով` «Վրացական երկաթուղիներ»-ի հանձնման հարցն արդեն լուծված է, հակառակ դեպքում «հարկ չէր լինի դեռ երկու ամիս առաջ ռուսերեն թարգմանել այս կազմակերպության բոլոր փաստաթղթերը»:

«Հավաստի տեղեկություններ կան, որ այդ փաստաթղթերը վերջերս փոխանցվել են «Հայկական երկաթուղիներ»-ի կառավարումն իրականացնող ղեկավարներին»,- հայտնել է Քուսիանին:

«Ռեզոնանսի»-ի փոխանցմամբ` «Վրացական երկաթուղիներ»-ի կառավարման տենդերի մրցույթում նախորդ տարի հաղթող է ճանաչվել անհայտ մի ընկերություն, որը գրանցված է օֆշորային գոտում: Ընդդիմության ճնշման տակ վրացական իշխանությունները ստիպված եղան չեղյալ հայտարարել մրցույթի արդյունքները: Սակայն շրջանառվող լուրերի համաձայն` անհայտ ընկերության տակ թաքնված է հենց «Ռուսական երկաթուղիները»: Ըստ որոշ տեղեկությունների` այս գործարքի վերաբերյալ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ գաղտնի բանակցություններ են ընթանում դեռ 2006 թ.-ից: Իսկ վերջին հակասությունները այս հարցում հարթվել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու` Երեւան կատարած այցի ընթացքում: Մոսկվայի շահագրգռվածությունը` ձեռք բերել «Վրացական երկաթուղիներ»-ը, ինքնանպատակ չէ:

«Ռուսական երկաթուղիներ»-ն արդեն իսկ իրականացնում են «Հայկական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարումը: Միաժամանակ մայիսին Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը հայտարարեց, որ «Աբխազական երկաթուղիներ»-ը ժամանակավորապես` 10 տարով, հանձնվել են «Ռուսական երկաթուղիներ»-ի կառավարմանը: Ձեռք բերելով նաեւ «Վրացական երկաթուղիներ»-ը` Մոսկվան, փաստորեն, կվերահսկի Հարավային Կովկասի ողջ երկաթուղային համակարգը, բացի ադրբեջանականից: Վրացի տնտեսագետ Նիկո Օրավելաշվիլին այս առումով ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ «Հայկական երկաթուղիներ»-ի նոր կառավարիչները այն վերանվանել են Անդրկովկասյան երկաթուղիներ: «գՀայկական երկաթուղիների վերանվանումն արդեն իսկ խոսում է ռուսների հավակնությունների մասին. Անդրկովկասը միայն Հայաստան չէ»,- նշել է տնտեսագետը «Նեզավիսիմայա գազետա» թերթի հետ զրույցում:

Այս համատեքստում լրիվ հասկանալի է դառնում նաեւ Մոսկվայի հետաքրքրությունը Հայաստան-Իրան երկաթգծի նկատմամբ: Ձեռք բերելով նաեւ «Վրացական երկաթուղիներ»-ը` Մոսկվան ուղղակի ցամաքային կապ է ստանում Իրանի հետ` ուժեղացնելով Հյուսիս-Հարավ ռազմավարական առանցքը եւ դրանում ընդգրկելով նաեւ Վրաստանին: Ինչ վերաբերում է ռուս-վրացական երկաթգծին (Սոչի-Սուխումի-Թբիլիսի), որն անգործության է մատնված վրաց-աբխազական հակամարտության պատճառով, ապա Սոչի-Սուխումի հատվածի վերականգնման աշխատանքները, անկախ ամեն ինչից, կտարվեն: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը մեծ թափով նախապատրաստվում է 2014 թ. Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերին: Դրանց նախապատրաստական աշխատանքների աջակցությունն ապահովելու համար Մոսկվան նախատեսում է ներդրումներ կատարել Աբխազիայի ողջ ենթակառուցվածքում (Սուխումիի օդանավակայան, աբխազական նավահանգիստներ եւ երկաթուղի), ինչը հնարավորություն կտա օգտագործել դրանք եւ խուսափել Սեւ ծովի ռուսական նավահանգիստների ծանրաբեռնվածությունից: Փորձագետների գնահատականներով` օրինակ, Սոչիում օլիմպիական օբյեկտների կառուցման համար անհրաժեշտ կլինի «Աբխազական երկաթուղով» տեղափոխել 100 մլն տոննա շինանյութ: Հատկանշական է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու` վերջերս Երեւան կատարած այցելության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ ցամաքային կապի վերականգնմանը: Ճիշտ է, Վրաստանի նախագահը Երեւանում հանդես եկավ Մոսկվային ուղղված կոշտ հայտարարություններով: Սակայն, ընդհանուր առմամբ, Սահակաշվիլու այցը Հայաստան հիմք է տալիս ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովին եզրակացնել, որ, հիասթափվելով իր արեւմտյան դաշնակիցներից, Թբիլիսին փորձում է Երեւանի միջոցով վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ: Թերեւս, հենց սրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ Երեւանում Վրաստանի նախագահին առանձնապես չծանրաբեռնեցին Ջավախքի հիմնահարցով եւ հայ-վրացական այլ խնդիրներով:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հնարավոր երկաթուղային կապին, ապա այն նոր հնարավորություն է տալու Մոսկվային իր ազդեցությունը պահպանել Հարավային Կովկասում, ինչպես նաեւ ապահովել կապը Հայաստանում ռուսական ռազմակայանի հետ:

Երկաթուղին ինչ-որ տեղ նաեւ այլընտրանքային ծրագիր կդառնա Հայաստանը շրջանցող տնտեսական-քաղաքական ծրագրերին: Այն միաժամանակ առաջին անգամ Հայաստանը կդարձնի տարանցիկ երկիր` հնարավորություն տալով նաեւ մանեւրել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter