HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզում հայտնաբերվել է եւս մեկ վաղբրոնզեդարյա ժամանակաշրջանի բնակավայր

Կապսի վաղբրոնզեդարյան հուշարձանը հայտնաբերվել է 1980-ականներին Կապս գյուղից 2 կմ հեռավորության վրա նախատեսված ջրամբարի կառուցման շինարարական աշխատանքների ժամանակ: Բացվել էր Քուր-Արաքսյան ժամանակաշրջանին պատկանող բնակավայր եւ դամբարանադաշտ: Որեւէ հետազոտական աշխատանք այդ եւ հետագա տարիներին այդ տարածքում չի իրականացվել:

2008 թ.-ին Գյումրիի Երկրագիտական թանգարանի հնագիտական արշավախմբի ղեկավար Համազասպ Խաչատրյանն ու հնագետ Լարիսա Եգանյանը նշված տարածքում խեցե անոթների բեկորներ էին հավաքել եւ, համոզվելով, որ դրանք պատկանում են վաղբրոնզեդարյա մշակույթին, տարածքի պահպանման խնդրով դիմել էին Հուշարձանների պահպանության գործակալություն: Այս տարի ԳԱԱ հնագիտության ինստիտուտի եւ Գյումրիի Երկրագիտական թանգարանի հնագիտական արշավախմբերը հուլիսի 2-ից օգոստոսի 1-ը համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացրին նշված տարածքում: Հնագետներին հաջողվեց պեղել գրեթե մեկ ամբողջական դամբարան, որից հայտնաբերվեց երեք թաղում` իրենց ուղեկցող նյութերով: 10_08-kaps-3«Մեր հայտնաբերած մարդկանցից մեկը կին էր, մատին` բրոնզե ոլորուն մատանի, իսկ երկուսը տղամարդ էին,- պարզաբանում է հնագետ Լարիսա Եգանյանը,- կինը նորմալ պառկած դիրքով էր, իսկ տղամարդկանց թաղել էին նստած, հնարավոր է` զոհաբերություն է եղել, այդ ժամանակաշրջանին բնորոշ արարողակարգ, որ ընդունված է եղել նաեւ հայերի մոտ»: Հնագետներին հաջողվել էր հողի շերտից անվնաս դուրս բերել մեկ ամբողջական խեցե անոթ: Բնակավայրը պեղելիս հայտնաբերվել էր հացահատիկի համար նախատեսված հորի քարե շրջանաձեւ բերան, խեցե անոթների բազմաթիվ բեկորներ: Արշավախմբի ղեկավար, ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Լեւոն Պետրոսյանը փաստեց, որ 20 տարի առաջ իրականացրած շինարարական աշխատանքները խիստ խաթարել են բնակավայրը, որի հետեւանքով բնակավայրի սահմանների ճշգրտումը բավական դժվարանում է, իսկ դամբարաններից մի քանիսն էլ գտել են կիսավեր վիճակում: «Չնայած այս ամենին` մեր կատարած աշխատանքն անարդյունք չէ: Նախ` ապացուցվեց այդ տարածքում մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 1-ին կեսին պատկանող բնակավայրի գոյության փաստը: Կապսի հուշարձանով լրացվեց Քուր-Արաքսյան մշակույթին պատկանող հուշարձանների շարքը Հայաստանում եւ մասնավորապես Շիրակի մարզում»,- ասաց Լեւոն Պետրոսյանը: 10_08-kaps-1

Շիրակի մարզում հայտնաբերված համաժամանակյա պեղված հուշարձաների թվում են Քեթին եւ Հառիճը: Հետախուզական արշավախմբեր են աշխատել Ոսկեհասկում, Կարմրաքարում, Բյուրակնում, որտեղ նույնպես այս ժամանակաշրջանին պատկանող բնակավայրեր են հայտնաբերվել: Արշավախմբի ղեկավար Լեւոն Պետրոսյանն ասաց, որ Կապսի հուշարձանը ժամանակավորապես կոնսերվացնելու են, մինչեւ հաջորդ տարի: «Հայաստանում պեղման կարոտ հուշարձանները շատ են, իսկ մեր թե' մարդկային, թե' գումարային ռեսուրսները` չափազանց սուղ,- ցավ հայտնեց Լեւոն Պետրոսյանը,- բայց հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք Կապսում կշարունակենք աշխատանքները, այն, ինչ այս տարի հայտնաբերվեց, դրա նախադրյալներն ապահովում է»: Լինելով գյուղական բնակավայրից բավական հեռու` Կապսի հուշարձանն այս կերպ ժամանակին զերծ է մնացել մարդկանց կողմից հետագա ավերումներից: Հնագետների հավաստիացմամբ` հիմա էլ նման բան չի սպառնում: Այն գյուղերի տարածքներում, որտեղ արշավախումբը պեղումներ է կատարել, մարդիկ բավական զգուշավոր են հողային աշխատանքներ կատարելիս: Այնքան զգուշավոր, որ ընդամենը երկու օր առաջ Շիրակավան գյուղից մի ընտանիք զանգել ու գյումրեցի հնագետներին գյուղ էր հրավիրել: 10_08-kaps-2

Պարզվել էր` դրսում նոր զուգարանի համար հողը փորելիս շիրակավանցիք հանդիպել էին հարթ մակերեսով քարե զանգվածի ու մտածելով, որ հնարավոր է դամբարան լինի, ահազանգել հնագետներին: Տեղ հասնելով` հնագետները կատարել էին փորման ամբողջ աշխատանքն ու պարզել, որ ահազանգը կեղծ է: Արդյունքում շահել էին տանտերերը. պետքարանի համար հարակավոր ամբողջ տարածքը փորել էին հնագետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter