HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Շուտով պարզ կլինի` ունե՞նք ուրան, թե` ոչ

10_08-uraniumՍյունիքում արդեն սկսվել են ուրանի որոնողական աշխատանքները, եւ այս տարվա վերջին պարզ կլինի` արդյոք այնտեղ կա՞ արդյունահանման համար անհրաժեշտ քանակությամբ ուրան, թե` ոչ: (Այն, որՍյունիքում կա ուրան, արդեն պարզ էր խորհրդային տարիներին, մնում է պարզել` որքանո՞վ է հանքի բացումը տնտեսապես շահավետ):

Եթե տարվա վերջին պարզվի, որ Սյունիքում (Լեռնաձորի համայնք` Քաջարան եւ Կապան քաղաքների միջեւ ընկած տարածք) կա ուրանի հարուստ հանք, ապա նախագիծը կանցնի հաջորդ փուլ, եւ կառավարության սեղանին կդրվի ուրանի հանքերի շահագործման ծրագիր: Ուրանի որոնման աշխատանքների սկզբի մասին հայտնեց Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը` Կապանում օգոստոսի 4-ին այս հարցի վերաբերյալ կազմակերպված հասարակական լսումների ժամանակ: Լսումներին ամենից շատ շփոթված էր Լեռնաձոր համայնքի ղեկավարը, ում ղեկավարած համայնքի վարչական սահմաններում են գտնվում ուրանի հանքի պաշարները` մոտավորապես 4 գյուղ` 700 բնակիչներով: «Ի՞նչ պետք է լինի, ո՞նց պետք է լինի: Չգիտեմ, ես արդեն շփոթվել եմ… շատ լարված իրավիճակ է ժողովրդի մեջ` ուրան բառի հետ կապված, մտածում են, որ իրենց պետք է տեղահանեն»,- ասում էր համայնքապետ Ստեփան Պետրոսյանը: Մինչդեռ ուրանի հանքերի երկրաբանական որոնման եւ հետախուզման աշխատանքները կատարող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի գլխավոր խորհրդատու եւ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանը հավաստիացնում էր, որ այս փուլի ուսումնասիրության համար «ընդամենը հողաշերտից վերցվելու է 10 գրամ հող` փորելով 25 սմ խորությամբ փոս»: «Ստանդարտ հետախուզում է, այնպիսին, ինչպիսին մետաղների` պղնձի, մոլիբդենի որոնման ժամանակ է արվում: Վերցվում են նմուշներ, անալիզներ են արվում` որակական և քանակական կազմը պարզելու համար: Ուրանի կենսաերկրաբանական հետախուզումը հիմնականում ոչնչով չի տարբերվում պղնձի և մոլիբդենի հետախուզումից»,- ասում է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մկրտիչ Կիրակոսյանը: Որքան էլ փոխնախարարը, ընկերության տնօրենն ու խորհրդատուն փորձում էին հավաստիացնել, որ այս փուլում միայն հույսեր են, լսումներին ներկա բնապահպաններն ու տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պահանջում էին ավելի հստակ պատասխաններ: Մասնավորապես, Կապանի «Խուստուփ» բնապահպանական հ/կ-ի տնօրեն Վլադիկ Մարտիրոսյանին մտահոգում էր, թե ինչպես են հանքի բացման ժամանակ մաքրվելու մակերես դուրս եկող ռադիոակտիվացված ջրերը: «Կենի» հ/կ-ի տնօրեն Գ. Գաբրիելյանին հետաքրքրում էր` արդյոք նախատեսվու՞մ է կառուցել ճառագայթային հսկողության կայան: Քաջարանի քաղաքպետ Վարդան Գեւորգյանը հարցնում էր` արդյոք կլինե՞ն ընկերության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրեր բնակիչների եւ հանքի աշխատակիցների համար: Եղան առաջարկներ` նման լսումներ կազմակերպել Երեւանում եւ ծրագրում ներգրավել նաեւ արտերկրյա մասնագետներին: Այս բոլոր հարցերի պատասխանները շատ ընդհանուր էին, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության» ներկայացուցիչները չունեին հստակ պատասխաններ, նրանք բացատրում էին, որ առաջին փուլում այս հարցերի քննարկման անհրաժեշտությունը չկա, իսկ հաջորդ տարիներին նման հանդիպումների ժամանակ կպարզվեն բոլոր հարցերը: «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ընկերությանը երկրաբանահետախուզական ուսումնասիրություն կատարելու լիցենզիան տրված է 5 տարի ժամանակով, իսկ տարածքը, որտեղ նա հետազոտելու է, 25 քառ. կմ է: Բնապահպանների ամենամեծ մտավախություններից է այն, որ եթե բացվի ուրանի հանք, ապա Սյունիքի հարավում կստեղծվի հանքարդյունաբերական շղթա` Կապանից մինչեւ Ագարակ: Մինչդեռ էներգետիկների համար դա կլինի բարեբախտություն, քանի որ ուրանից կստացվի միջուկային վառելիք, որն այնքան անհրաժեշտ է Հայաստանում նոր ատոմակայանի բացման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter