HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սեպտեմբերը հաճելի է լինելու

13_08-meteoՄինչև օգոստոսի 19-ը ներառյալ հանրապետությունում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակը: Օգոստոսի 20-23-ին սպասվում են տեղումներ և օդի ջերմաստիճանի նվազում: Օգոստոսի վերջին սպասվում է առանց տեղումների եղանակ և նորմային մոտ օդի ջերմաստիճան: Օգոստոսի վերջին տասնօրյակի միջին առավելագույն ջերմաստիճանը 32 աստիճանն է, այսինքն` հովտային շրջաններում անկնալվում է 30-32, իսկ լեռնային շրջաններում` 25-26 աստիճան տաքություն: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը` հավելելով, որ մեծ վաղօրոքությամբ արվող կանխատեսումները ճշտման կարիք ունեն: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ եղանակ է սպասվում աշնանը` Զարուհի Պետրոսյանն ասաց. «Աշնան կանխատեսում առայժմ չկա: Կարող եմ ասել, որ սեպտեմբերը սպասվում է նորմայի սահմաններում: Տեղումների քանակը` նույնպես նորմայի սահմաններում: Սեպտեմբերին շատ հաճելի ջերմաստիճանային ֆոնով և քիչ տեղումներով եղանակ է լինելու: Ամսական միջին տեղումների քանակը սեպտեմբերին Երևանում 9 մմ է, այսինքն` շատ քիչ է, և ջերմաստիճանային ֆոնը բավականին բարձր է: Այնպես որ, սեպտեմբերը հաճելի է կանխատեսվում»: Զարուհի Պետրոսյանի խոսքերով` Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 19-20 է: «Սևանում ջրի առանձնապես խիստ բարձր ջերմաստիճաններ չեն գրանցվում: Ջրի ջերմաստիճանը նորմալ է: Օդի ջերմաստիճանը իր առավելագույն արժեքին կհասնի ամսի 15-ին, 16-ին, 17-ին: Հատկապես 16-ին և 17-ին այստեղ ջերմաստիճանը կհասնի 24-25 աստիճանի: Երեկոյան ժամերին բոլոր դեպքերում Սևանում ամպամածության ավելացում կդիտվի: Առանձին դեպքերում տեղումները չեմ բացառում»,- ասաց նա: Միաժամանակ բանախոսը բացառեց այն լուրերի հավաստիությունը, թե իբր Սևանում ձյան տեսքով տեղումներ են եղել: Զարուհի Պետրոսյանը նշեց, որ այս տարի ամռանը ձյան տեսքով տեղումներ եղել են հուլիսի վերջին` Արագածի կատարին: Նա նշեց, որ վերջին 3 օրերին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 4-6 աստիճանով: Իսկ հուլիսը խոնավ էր, և ամսական տեղումների քանակը նորման գերացանցել է 2,5-3,5 անգամ, առանձին վայրերում (հատկապես Արարատյան դաշտում)` 4-5 անգամ: Օգոստոսի կեսի դրությամբ` օգոստոսի տեղումները ևս արդեն գերազանցել են ամսական նորման: «Ինչ վերաբերում է այս ջերմաստիճանների և տեղումների` նախադեպ ունենալուն և չունենալուն, բնականաբար, նախադեպերը կան, ընդ որում` ավելի ցայտուն արտահայտված նախադեպեր: Ինչ վերաբերում է տեղումներին, ապա նմանատիպ շեղումներ հանրապետությունում առանձին տարիների եղել են: Ավելի մեծ շեղումներ էլ են գրանցվել: Այդպիսի խոնավ տարիներ են եղել 1937, 1945, 1955 թթ.: Նույնը կարելի է ասել նաև ջերմաստիճանի մասին. նույնպես մենք ունեցել ենք տարիներ, երբ նմանատիպ հուլիսներ և օգոստոսներ են գրանցվել: Դրանք են 1960, 1963, 1974, 1982, 1988, 1992 թթ.»,- ասաց Զարուհի Պետրոսյանը` հավելելով, որ այս տարի գրանցված ամենացածր ջերմաստիճանը ավելի բարձր է եղել, քան նախորդ տարիներին գրանցված ջերմաստիճանները: Ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե արդյոք նման ցուրտ ամառը ենթադրու՞մ է նաև ցուրտ ձմեռ: Զարուհի Պետրոսյանը պատասխանեց, որ ամռան և ձմռան միջև նման միանշանակ կապ չկա: «Եթե լիներ ձմեռների և ամառների հստակ արտահայտված կապ, շատ հեշտ կլիներ տվյալ ձմեռից հետո կանխատեսել ամառը և տվյալ ամառից հետո կանխատեսել, ընդհանուր առմամբ, ձմեռը: Կանխատեսումները հիմնված են ավելի շատ գիտական հետազոտությունների, հաշվարկների վրա, որոնք կարվեն աշնանը, և կներկայացվի սեզոնային կանխատեսում»: Ասուլիսի մյուս բանախոսը` Հայպետհիդրոմետի տնօրենի տեղակալ Համլետ Մելքոնյանը, անդրադարձավ այն հարցին, թե արդյոք Հայաստանում նկատվող եղանակային փոփոխությունները պայմանավորվա՞ծ են կլիմայի գլոբալ փոփոխությամբ: Նա ասաց, որ եղանակի գլոբալ փոփոխութունը պայմանավորված է բնական գործոնով, սակայն ավելի շատ` անտրոպոգեն գործոնով` մարդու կողմից ջերմոցային գազերի արտանետումներով: Համլետ Մելքոնյանի խոսքերով` աշխարհում 1000 օդերևութաբանական կայան կա: Ըստ դրանց դիտարկումների` 1860 թ. ի վեր ջերմաստիճանը բարձրացել է 0,6 աստիճանով: «Այդ փոքր թիվը պարունակում է շատ մեծ երևույթներ: Այդ փոփոխությունը բերում է կլիմայական փոփոխականության, որը պայմանավորված է հիդրոօդերևութաբանական բազմաթիվ վտանգավոր երևույթներով: Մի տեղ կարող է ցուրտ լինել, մի տեղ կարող է շոգ լինել: Շատ անոմալ երևույթներ են առաջանում: Դա նաև ակնհայտ է մեր հանրապետության փոքր տարածքի համար. այս երկար տարիների ընթացքում որոշ տեղերում նկատվել է ջերմաստիճանի աճ, որոշ տեղերում` նվազում: Միջինացված տվյալներով` մեր հանրապետությունում ջերմաստիճանը բարձրացել է 0,6 աստիճան Ցելսիուսով, իսկ Երևան քաղաքում` 1935-2007 թթ. տվյալների գնահատականով` 0,85 աստիճան Ցելսիուսով»,- ասաց Համլետ Մելքոնյանը: Զարուհի Պետրոսյանն էլ հավելեց, որ կլիմայի գլոբալ տաքացումը ենթադրում է ընդհանուր առմամբ ջերմաստիճանի բարձրացում, «բայց այն կարող է ունենալ վտանգավոր երևույթների արժեքների ընդգծված շեղումներ: Այսինքն` չնայած ընդհանուր առմամբ տարեկան ջերմաստիճանը կարող է բարձր լինել 0,5-0,6-ով, բայց տվյալ տարվա ընթացքում առանձին ամիսների գրանցվեն խիստ ցածր ջերմաստիճաններ, առանձին ամիսների` բավականին բարձր ջերմաստիճաններ: Այդպես Հայաստանում եղավ 2007 թ. ամռանը, երբ բավական շոգ ամառ էր, որին հաջորդեցին բավականին ցուրտ դեկտեմբերն ու հունվարը: Նույնը 2008 թ.-ին էր. մեղմ ամառ էր, բայց 2008 թ. դեկտեմբերի վերջին և հունվարին գրանցվեցին տևական, խիստ ցածր ջերմաստիճաններ, Արարատյան դաշտում` առանձին օրերի նույնիսկ 28 աստիճան ցուրտ»,- ասաց նա: Համլետ Մելքոնյանը նշեց, որ 40 սցենար կա, թե ինչպես կընթանա եղանակի գլոբալ փոփոխությունը: Եթե ջերմոցային գազերի արտանետումները շարունակվեն, որոշ ժամանակ անց գործընթացը կարող է անշրջելի դառնալ, այսինքն` այլևս հնարավոր չի լինի դադարեցնել ջերմաստիճանի աճը, թեկուզև այն փոքր է: «Իսկ այդ փոքր աճը բերում է կլիմայի փոփոխականության, արտակարգ երևույթների հզորացման, ինտենսիվության հաճախացման և այլն»,- ասաց Հայպետհիդրոմետի տնօրենի տեղակալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter