HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

8 տարեկան Վարդանը սոցիալական պատճառներով դպրոց չի գնում

17_08-samvelԵրբ այցելեցինք Վարդենիս քաղաքի «Բանավան» թաղամասում ապրող Սամվել Պողոսյանի ընտանիքին, երեխաները միմյանց հետ կռիվ էին անում խանութից գնած մեկ շիշ մածունի համար: Նրանցից ամեն մեկը, շիշը ձգելով իրեն, փորձում էր վայրկյան առաջ մածունը դատարկել իր ափսեի մեջ: Ամուսիններն ու 4 երեխաներն ապրում են այն շենքում, որի բնակիչներն օրեր առաջ դժգոհում էին «Հետքին»` պետության կողմից իրենց նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունից (Տես` 20 տարի` առանց ջրի):

«Կարելի ա ասել` մենք էս տան մեջ վարձով ենք նստուկ: Դիմել եմ Սերժ Սարգսյանին, ասել ա` դիմեք մարզպետարան: Մարզպետարանից էլ ինձ ուղարկել են սոցիալական վարչություն, ընդեղից էլ ուրիշ տեղ ուղարկին: Ախպեր ջան, արդեն 3 տարի ա` թղթերս մարզպետարան դրուկ ա` ոչ մեկը տիրություն չի անում»,- «Հետքին» դժգոհեց Սամվելը: Գեղարքունիքի մարզպետարանից խոստացան առաջիկայում մեզ մանրամասն պարզաբանում տալ: Սամվելը երկրորդ կարգի հաշմանդամ է: 1994 թվականին Արցախի ազատագրման ժամանակ կանգնել է ականի վրա ու հրաշքով է կենդանի մնացել: Հաշմանդամության համար Սամվելը ստանում է 50 հազար դրամ թոշակ: «4 երեխա ունեմ ու ոչ մեկից ոչ մի օգնություն չեմ ստացել: Սաղին էլ դիմել եմ, տո քաղաքապետին էլ եմ դիմել, վայենկոմին էլ, սաղ էլ իմ անուն, ազգանունով թղթերն ունեն ու բանի տեղ չեն դնում: Ասում են` համբերեք, լավ կլնի, բայց ինչքան համբերեմ, մինչեւ երբ»,- ասաց ընտանիքի հայրը: 17_08-samvel-1Սոցիալական պայմաններից ելնելով` այս տարի ծնողները դպրոց չեն ուղարկելու իրենց 8 տարեկան տղային` Վարդանին:

Տղան դպրոց պետք է հաճախեր դեռեւս նախորդ տարի, սակայն նույն պատճառով չէր գնացել: Ծնողները հույս են ունեցել, որ այս տարի իրենց համար լավ հնարավորություններ կբացվեն եւ կկարողանան Վարդանին դպրոց ուղարկել, սակայն այդպես էլ երազած հնարավորությունները չեն ստեղծվել, ու տղան դարձյալ դպրոց չի հաճախի: Ընտանիքի մորը` Գոհար Երանոսյանին հարցրինք` արդյոք հնարավո՞ր չէր 50 հազար դրամ թոշակից ու 24 հազար դրամ նպաստից մի որոշակի գումար առանձնացնել Վարդանին դպրոց ուղարկելու համար: «Ունեմ 4 խատ մատղաշ ճիժ ու 2-րդ կարգի կիսամարդ դարձած տղամարդ, որ աշխատանքի պիտանի չի: Ո'չ տուն ունեմ, ո'չ էլ հույս, որ իմ 4 ճիժը նորմալ կապրեն: Թոշակի ու Փարոսի հույսին ապրող մարդիկ ենք: Հեռու չեթանք` դու «Փարոսով» 4 ճիժ կանա՞ս պախես, հաստատ չես պախի, գլուխ չգովաս: Աղջիկս դպրոց ա կէթա` ամիսը տասն անգամ փող ա գուզեն` մի դռբին 1000 դրամ հարեւանից ա գուզեմ, մի դռբին` բարեկամից, ամոթն էլ ա լավ բան: Է'լ գիրք, է'լ տետր, մաստիկա, տո ինչի փող ասես ուզում են, մենակ մի բանն ա, որ ասեմ: Վարդանս արդեն 8 տարեկան ա` տղա երեխա ա, հլնի 10 տարեկան նոր դպրոց էթա, հա՞, հլա չավարտած էլ` բանակ տանե՞ն: Անցած տարի պիտի էթար, էլի չկարեցա ուղարկեի, հիմա էս տարի էլ չեմ կարում, թե ո՞նց պիտի ըլնի մեր հալը, չեմ իմանում: Իրա թայերը 2-րդ դասարան են, բայց ինքը սկի չի էլ գնացել դպրոց»: Երբ զրուցեցինք Վարդանի հետ, նա ասաց, որ ցանկանում է դպրոց գնալ, սակայն ծնողները չեն ուղարկում: «Կուզեմ դպրոց էթամ, բայց պապան կսա, թե` փող չկա: Ճիշտ ա կսա` փող չկա, էլ ինչո՞վ էթամ»,- ասաց Վարդանը: Սամվելն ասաց, որ երբ նախորդ տարի աղջկան դպրոց է ուղարկել, որպես նպաստ ստացող ընտանիք` պետք է միանվագ 20 հազար դրամ իրենց հատկացնեին, սակայն այդ գումարն էլ չեն տվել. «Ասին` քաղաքի գրանցում չունես` Ակունք գյուղում ես գրանցվուկ: Ախր, իմ երեխեն ստեղի դպրոցն ա կեթա, ես էլ մի քանի տարի ա ստեղ ա կապրիմ, հմա հերթը կհասնի փող ու փարին` մի պատճառ կբռնեն, որ չտան, բայց ընտրությունների վախտ հաշվի չեն առնում` ստեղի գրանցվու՞կ եմ, թե՞ Համզաչիմանի»: Դպրոց չգնալով` Վարդանը պարապությունից վատ սովորություն է ձեռք բերում` կանգնում է մայթեզրին եւ իր ծանոթ մարդկանցից փող է ուզում: Նույն կերպ վարվեց նաեւ մեզ հետ: Երբ նստեցինք ավտոմեքենան, վազելով մոտեցավ մեզ ու գումար պահանջեց: Երբ հարցրի, թե այդ գումարով ի՞նչ է գնելու` վազելով հեռացավ: Գեղարքունիքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մամիկոն Գալոյանը «Հետքին» փոխանցեց, որ իրենց մարզում հանրակրթական դպրոցից դուրս մնացած երեխաներ չկան: Երբ Վարդանի դեպքը ներկայացրինք, պարոն Մամիկոնյանն ասաց. «Ուրախ եմ, որ ձեր կողմից դպրոցից դուրս մնացած երեխայի դեպքը բացահայտվեց: Ասեմ, որ այդ երեխայի ծնողները երբեւէ մեզ չեն դիմել, որ խնդիրներ ունի իրենց երեխան: Երեխայի հարցով նախ պետք է զբաղվեր համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը ու եթե չկարողանար հարցին լուծում տալ` նոր դիմեին մեզ: Ասեմ, որ իրենք էլ մեզ չեն դիմել»: Պարոն Գալոյանը խոստացավ, որ 8-ամյա Վարդանն այս տարի անպայման դպրոց կհաճախի: «Կայցելենք իրենց տուն, կարիքների գնահատում կանենք` տեսնենք իրո՞ք սոցիալական պատճառներով երեխան դպրոց չի հաճախում, թե՞ այլ պատճառներ կան: Եթե պատճառը սոցիալական է ու, ասենք, երեխան հագուստ չունի, որ դպրոց հաճախի, ապա թեկուզ միջազգային կազմակերպությունների օգնությամբ այդ հարցը կկարգավորենք»,- ավելացրեց Մ. Գալոյանը:

Նրա ասելով    ` երեխաների դպրոց չհաճախելու հիմնական մեղավորները ծնողներն են, քանի որ համապատասխան մարմիններին տեղյակ չեն պահում երեխայի ու իրենց խնդիրների մասին: Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը նույնպես տեղյակ չէր, որ իր համայնքի երեխան դպրոց չի գնում: «Այ քեզ մատաղ, բա ինչի՞ ինձ չեն դիմել: Իրենց տեղյակ պահեք` թող գան ինձ մոտ, ես այդ հարցը կկարգավորեմ»,- ասաց Վ. Խլոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter