HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Դարձ ի շրջանս յուր. մայրը չի կարողանում ստանալ իր երեխաների ծննդյան վկայականները

17_08-galstyan

Նաիրա Գալստյանի 7-ամյա որդին եւ 4-ամյա դուստրը ծննդյան վկայականներ չունեն: Երեխաները շուտով դպրոց եւ մանկապարտեզ պետք է գնան, իսկ առանց վկայականի նրանց չեն ընդունի: Վկայականների բացակայության պատճառով աղքատության մեջ ապրող ընտանիքը նաեւ նպաստ չի ստանում: 2002 եւ 2005 թթ.-ին, երբ ծնվեցին Էրիկն ու Լիաննան, նրանց մայրը` Նաիրա Գալստյանը, չուներ անձնագիր, ինչի պատճառով հիվանդանոցից դուրս գրման ժամանակ խնդիրներ առաջացան:

Հիվանդանոցում նրան տվեցին մի գրություն, որը, մոր պատմելով, Քաղաքացիական կացության ակտերի Էրեբունու եւ Նուբարաշենի տարածքային բաժնում (ԶԱԳՍ) չընդունվեց, եւ երեխաների ծննդյան փաստն այդպես էլ չգրանցվեց: Նաիրա Գալստյանի անձնագրի հարցը լուծվեց միայն 2008 թ.-ին, որից հետո նա սկսեց զբաղվել երեխաների ծննդյան վկայականների հարցով, բայց ապարդյուն: Երբ մենք էլ գնացինք Նաիրա Գալստյանի անցած ճանապարհով, ավելի շուտ` եւս մեկ անգամ պտույտ գործեցինք փակ շրջանով` բախելով համապատասխան կառույցների դռները, բոլորից ստացանք գրեթե նույն պատասխանը. «Մենք տարիներով այսպես ենք աշխատել, ու սա մեր պրոբլեմը չի»:

Ամեն մի կառույցի աշխատակից իր հերթին անկեղծ զարմանում եւ վրդովվում էր մյուս կառույցի նմանատիպ պատասխանից, սակայն ոչ մեկն առաջինը քայլ չէր ձեռնարկում`օգնելու Նաիրային փակ շրջանից դուրս գալու, բայց, ինչպես պարզվեց հետագայում, կարող էր դա անել: Մինչդեռ բժիշկների ու բուժքույրերի` ամիսներ տեւած «բա մենք ի՞նչ անենք»  «ճարահատյալ» պատասխանից հետո, իր երեխաների համար հարցի լուծում փնտրող մայրը դառնում էր ավելի ու ավելի անճար: Եվ նրան այլ բան չէր մնում, քան դիմել լրագրողի օգնությանը: Սկզբում մենք դիմեցինք «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ծնվել էին երեխաները: Մայրը դիմումով խնդրել էր արխիվից հանել իր երեխաների ծննդյան փաստի մասին տեղեկություններ եւ տրամադրել տեղեկանք: Հիվանդանոցում մեզ պատասխանեցին, թե չեն կարող տրամադրել նման տեղեկանք:

«Գնացեք պոլիկլինիկա եւ բերեք երեխաների առողջության եւ կենդանության մասին տեղեկանք, հետո նաեւ կբերեք ԶԱԳՍ-ից տեղեկանք, որ այդ երեխաները չունեն ծննդյան վկայական»,- ասում էին հիվանդանոցի արխիվի աշխատակիցները` հղում անելով իրենց ներքին կարգին: Նույնը կրկնում էր նաեւ տնօրինությունը:

«Նոր Արեշ պոլիկլինիկա Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, որտեղ երեխաները հաշվառված են, մեզ ասացին, որ երեխաների առողջության մասին տեղեկանք տալու համար ԶԱԳՍ-ը պետք է հարցում ուղարկի պոլիկլինիկա, որից հետո պոլիկլինիկան կտա համապատասխան տեղեկանք:

«ՔԿԱԳ-ն պետք է ինձ հարցում անի այդ երեխաների կենդանության եւ առողջության մասին տեղեկություններ ստանալու համար, որից հետո այդ հարցման հիման վրա մենք կտանք տեղեկանքներ: Մենք չգիտենք` արդյո՞ք այդ երեխաները այս կնոջ երեխաներն են, թե՞ նա գտել է փողոցից կամ առեւանգել է եւ հիմա ուզում է իր ազգանունով ծննդյան վկայական ստանա»,- ասում էր «Նոր Արեշ պոլիկլինիկա Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոն»-ի փոխտնօրեն Տաթեւիկ Մուշեղյանը:

Զարմանալի էր, թե ինչու՞ էր հենց հիմա հարց ծագում` արդյո՞ք այս կինն է երեխաների մայրը, եթե արդեն մի քանի տարի երեխաներն այդ պոլիկլինիկայում են հաշվառված, ունեն հսկող բժշիկ եւ երբեւէ նման կասկած չի ծագել: Հակափաստարկները, որ երեխաների բժշկական գրքույկներում պահվում է հիվանդանոցից ուղարկված գրությունը երեխայի ծնողի, առողջության եւ այլ տվյալների մասին, զուր էին: Քաղաքացիական կացության ակտերի Էրեբունի եւ Նուբարաշենի տարածքային բաժնում (ԶԱԳՍ) էլ մեզ ասացին, թե չեն կարող հարցում գրել պոլիկլինիկա` առանց երեխաների ծննդյան փաստը վկայող տեղեկանքի:

«Մենք հո՞ չենք կարող հավատալ ձեր բանավոր խոսքին, որ այդ երեխաները ծնվել են: Բերեք տեղեկանք այն վայրից, որտեղ երեխաները ծնվել են, մենք էլ դրա հիման վրա հարցումներ կուղարկենք մեզ անհրաժեշտ տեղեկությունները ճշտելու համար»,- ասաց ԶԱԳՍ-ի աշխատակիցը: Այստեղ շրջանը փակվում է: Մի կառույցը պահանջում էր տեղեկանք, որը հնարավոր էր ստանալ, եթե այդ նույն կառույցը տար տեղեկանք, սակայն չէր տալիս: «Ճիշտ էին անում,- ասում է ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Ռուսլանա Գեւորգյանը,- կա իրավական դաշտ, որի հիման վրա էլ բժշկական կազմակերպությունները գործում են»:

Ուսումնասիրեցինք նաեւ իրավական դաշտը: «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է մեկ տարեկան և ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը. «Մեկ տարեկան և ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանված ձևի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների (ծնողներից մեկի) կամ շահագրգիռ այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա»:

Իսկ եթե երեխան ծնվել է բժշկական կազմակերպությունից դուրս, ապա օրենքը սահմանում է հետեւյալը. «Ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթղթի բացակայության դեպքում մեկ տարեկան և ավելի երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է ծննդի փաստը հաստատող դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա»: «Առողջապահության նախարարության անունից կուղարկվեն հարցումներ հիվանդանոց, պոլիկլինիկա եւ ԶԱԳՍ` պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունները, որից հետո արդեն պարզ կլինի հարցի լուծման տարբերակը»,- խոստացավ տկն Գեւորգյանը: Երկու օր առաջ լրացավ Էրիկի 7-ամյակը, սակայն դպրոց սեպտեմբերին նա չի հասցնի գնալ, որովհետե դեռ չունի ծննդյան վկայական:

Հ.Գ. Այս ընտանիքին` Նաիրային եւ իր երեք երեխաներին, «Հետքը» ծանոթ է 2007 թ.-ի ձմեռվանից (տես` «Դուք դա անում եք մեզ ծաղրելու համար»): Այդ ժամանակ մայրը չուներ անձնագիր, իսկ նրա երեք երեխաներից երկուսը` ծննդյան վկայականներ: Հանրակացարանում վարձակալած սենյակում չկար սանհանգույց, անկողին, հագուստ եւ դուռ. մուտքը փակվում էր վարագույրով: Նրանց պատմությունը հրապարակելուց հետո գտնվեցին բարի մարդիկ, որոնք նրանց տանը դուռ դրեցին, կահույք ու հագուստ տվեցին: Այժմ մայրը երեխաներին պահում է միայնակ` վաստակելով 30 հազար դրամ աշխատավարձ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter