HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Հայ եւ ադրբեջանցի երիտասարդները` երկխոսության սեղանի շուրջ

Օգոստոսի սկզբին հարեւան Վրաստանում էին հավաքվել մի խումբ հայ եւ ադրբեջանցի երիտասարդներ` մասնակցելու «Երկխոսություն գործողության համար» խորագրով հայ-ադրբեջանական սեմինարին: Սեմինարի կազմակերպիչը Հակամարտությունների հաղթահարման «Իմաջին» կենտրոնն էր:

Այն ստեղծվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների` հակամարտությունների կարգավորման ոլորտի երիտասարդ մասնագետների կողմից` նպատակ ունենալով լրացնել հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջեւ շփման բացը, նպաստել նրանց միջեւ դրական եւ համագործակցային մթնոլորտի ստեղծմանը, ստեղծել շահագրգռված մասնագետների համագործակցային ցանց, որը կաջակցի հասարակություններում խաղաղության գործընթացի առաջխաղացմանը: Մինչ այժմ կենտրոնը կազմակերպել է թվով 5 հանդիպում հայ եւ ադրբեջանցի երիտասարդների միջեւ: Կենտրոնի համանախագահ Ֆիլիպ Գամաղելյանի խոսքերով` իրենք մշակել են բավականին արդյունավետ մեթոդաբանություն: «Նախ` մենք շեշտը դնում ենք մարդկային հարաբերությունների զարգացման վրա, այնուհետեւ` հաղորդակցության եւ հակամարտությունների կարգավորման ունակությունների զարգացման: Հաջորդ քայլը երկխոսությունն է, որի ժամանակ մասնակիցները բաց կերպով քննարկում են իրենց հակասությունները, այդ թվում նաեւ այնպիսի բարդ հարցեր, ինչպիսին պատմությունն է»: Ֆ. Գամաղելյանը նշում է, որ իրենք աշխատում են ինչպես ինտելեկտուալ, այնպես էլ զգացմունքային մակարդակներում: «Այն բանից հետո, երբ կողմերը հասկանում են իրենց հակասությունները եւ հասնում փոխըմբռնման, մենք սկսում ենք աշխատել համատեղ մտահղացումների եւ ծրագրերի մշակման եւ զարգացման վրա»: Ծրագրի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն հնարավորություն է տալիս երիտասարդներին անկեղծ երկխոսություն վարել իրենց մտահոգությունների, կարիքների եւ հույսերի շուրջ, ներկայացնել սեփական կողմի դիրքորոշումը եւ փորձել հասկանալ մյուսինը: Սեմինարի ընթացքում մասնակիցներն ունենում են նաեւ բավական ազատ ժամանակ` պարզապես միմյանց հետ շփվելու համար: Ֆիլիպ Գամաղելյանը խոստովանում է, որ 2007-ին, երբ ծրագիրը դեռ նոր էր մեկնարկել, կազմակերպիչները մեծ դժվարությունների են հանդիպել` ստիպված լինելով հաղթահարել ճնշումներն ու քննադատությունները ինչպես երկու հասարակությունների, այնպես էլ մասնակիցների կողմից: Նույնիսկ դժվար է եղել բավականաչափ մասնակիցների գտնել հանդիպումներն իրականացնելու համար: «Այսօր արդեն մենք շատ դիմումներ ենք ստանում, մասնակիցներն աջակցում են միմյանց, նրանք չեն վախենում խոսել իրենց ընկերության մասին, ավելին` նախաձեռնում են համատեղ ծրագրեր եւ աշխատում միասին»,- նշում է նա: Իրենց տպավորությունները երկխոսության ծրագրից «Հետք»-ի հետ կիսեցին նաեւ մասնակիցները: 17-ամյա Կարոն այս տարվա սեմինարի ամենակրտսեր մասնակիցն էր: Սա նրա առաջին անմիջական շփումն էր ադրբեջանցիների հետ: Թեեւ Կարոյի պատկերացումները հակամարտության եւ հարեւանների մասին ընդհանուր առմամբ չեն փոխվել, այնուամենայնիվ, նա հասկացել է, որ ադրբեջանական հասարակությունը նույն ցավերն ու մտահոգություններն ունի, ինչ մենք: «Ես սովորեցի հակամարտությունը որոշ ժամանակով դնել մի կողմ եւ մարդկային շփում ունենալ: Երբեք չէի պատկերացնի, որ նման փոփոխություն հնարավոր է: Հիմա ես բաց եմ լսելու այնպիսի կարծիք, որը տարբերվում է իմ կարծիքից, եւ պատրաստ եմ հասկանալ ուրիշի մտահոգությունները»,- ասում է նա: Սեմինարի մեկ այլ մասնակից` Արփին, խոստովանեց, որ ի սկզբանե խիստ մտահոգ է եղել, որ հայ եւ ադրբեջանցի մասնակիցները չեն կարողանա հասկանալ միմյանց, եւ ոչ մի երկխոսություն էլ չի ստացվի: «Սակայն այստեղ ես գտա մարդկանց, ովքեր կարող են քեզ լսել եւ հասկանալ: Ես սովորեցի ավելի հանդուրժող լինել` առանց փոխելու իմ դիրքորոշումը: Սովորեցի նաեւ հարցերին նայել մյուս կողմի տեսանկյունից, համեմատել դիրքորոշումները եւ ավելի ճիշտ եզրահանգումներ անել»: Ադրբեջանից մասնակցող Դելիան գտնում է, որ հայ եւ ադրբեջանցի երիտասարդներն ընդհանրապես չգիտեն միմյանց, նրանք չեն ցանկանում խոսել եւ լսել միմյանց: Մինչդեռ երկխոսության ծրագրում «մարդիկ զգում եւ հարգում էին միմյանց ցավերը»: «Նրանք, ովքեր ցանկանում են ինչ-որ բան փոխել, կարող են: Միայն պետք է պատրաստ լինես ինքդ փոխվելու եւ փոխես քո շուրջը գտնվող մարդկանց»,- ասում է նա: «Ադրբեջանի նոր սերունդը չի տեսել հայերին եւ հակված է նրանց ճանաչելու միայն Ղարաբաղյան հակամարտության միջոցով»,- գտնում է Նիգյարը, ով հայտնի բլոգեր է Ադրբեջանում եւ շատ հայ ընկերներ ունի: «Մեր կառավարությունները զբաղված են միմյանց մեղադրելով եւ սերունդներին կարծրատիպերով դաստիարակելով: Սակայն հայ եւ ադրբեջանցի երիտասարդները տարածաշրջանի ապագան են եւ ստիպված են սկսել խոսել միմյաց հետ»: Ճիշտ է, Նիգյարի կարծիքով երիտասարդների համար շատ դժվար կլինի որեւէ բան փոխել իրենց հասարակություններում, սակայն եթե «մարդկանց ցույց տաս բարեկամության հեռանկարները, կիսես քո փորձը եւ պատմես քո ընկերների մասին, ամեն ինչ հնարավոր կլինի»: «Նոր սերունդը լի է նոր մտահղացումներով, մենք ունենք կրթություն եւ ունակություններ, որ մեր ծնողները չունեն,- ավելացնում է Ֆիլիպ Գամաղելյանը:- Մենք կարող ենք սովորեցնել ավագ սերնդին աշխարհին չնայել միայն «խաղ զրոյական գումարով» բանաձեւի միջոցով, մենք կարող ենք համագործակցել եւ ձեռք բերել այն ամենը, ինչ ուզում ենք` միաժամանակ մյուս կողմին տալով այն ամենը, ինչ իրենք են ուզում: Մենք կարող ենք հակամարտությունն ընկալել ոչ թե որպես մեզ պարտադրված չարիք, այլ համատեղ առաջխաղացման եւ զարգացման հնարավորություն: Մենք կարող ենք օգնել մեր կառավարություններին նոր մտքերով եւ համագործակցային ցանցերով, կամ կարող ենք մեզ վրա վերցնել պատասխանատվությունը եւ ամենն անել սեփական ուժերով, եթե կառավարությունները ունակ չեն կամ չեն ցանկանում լսել: Տարածաշրջանը մեզ է պատկանում, եւ մեր ապագան մեր ձեռքերում է»: Երկխոսության ծրագրի մասնակիցները միայն այս հանդիպմամբ չեն պատրաստվում սահմանափակվել: Նրանք մտադիր են իրականացնել համատեղ ծրագրեր եւ փորձ անել որեւէ փոփոխություն կատարել իրենց հասարակություններում: Իսկ նրանց փորձը կարող է ուսանելի լինել. սեմինարի ընթացքում եղել են նաեւ դժվարություններ, լարվածության եւ թյուրըմբռնման պահեր, սակայն դա նրանց հաջողվել է հաղթահարել: Նրանք, ամեն ինչից վեր, ձեռք են բերել լավ ընկերներ, մի բան, որ, շատերի խոստովանությամբ, անհնար էին համարում:

Ապագա համատեղ ծրագրերի մասին խոսելիս մասնակիցները մի հատված են մեջբերում Ջոն Լենոնի հայտնի «Իմաջին» («Պատկերացրու») երգից, որը դարձել է ծրագրի ոչ պաշտոնական հիմնը. «You may say Im a dreamer, but Im not the only one» («Դու կարող ես ասել, որ ես երազող եմ, բայց ես միակը չեմ»):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter