HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Կարո՞ղ է ձեր սիրտը մատոռ է, որ բենզինը լցնում եք երակներդ»

Ոստիկանների ուղեկցությամբ դատական նիստերի դահլիճ մուտք գործած ամբաստանյալի ծնոտի ձախ կողմում երևացող սև հատվածը կասկած չէր թողնում. Տիգրան Ղազարյանի մոտ բենզինից պատրաստվող թմրանյութի օգտագործման հետևանքով սկսված փտախտի արտաքին նշաններն էին:

Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել քր. օր-ի 266 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և քր. օր-ի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, սակայն Տիգրան Ղազարյանը (մականունը՝ «Կուզիկ») մեղքը չէր ընդունել և միջնորդել էր անցկացնել դատաքննություն:

1963 թ. ծնված ամբաստանյալը 60-ամյա տղամարդու տպավորություն էր թողնում: Ի տարբերություն այլ թմրանյութեր օգտագործողների՝ բենզինի և այլ նյութերից ստացվող թմրանյութի սիրահարները ոչ միայն օր օրի ծերանում են աչքի առաջ, այլև քայքայվում: Փտախտը տարածվում է մարմնով մեկ՝ առաջնահերթորեն ախտահարելով ծնոտի և ծնկի ոսկրային հատվածները:

Վերջին շրջանում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նմանատիպ դատական գործերից այս մեկը տարբերվում էր ոչ միայն նրանով, որ ամբաստանյալը չէր ընդունել մեղքն ու չէր միջնորդել արագացված դատաքննություն անցկացնել, այլև առգրավված թմրանյութի չափն էր զգալի:

Տիգրան Վարազդատի Ղազարյանը 2011թ. փետրվարի 14-ին իր տանը ապօրինի, առանց իրացնելու, անձամբ գործածելու նպատակով, «կաֆետին» դեղատեսակի և այլ նյութերի օգտագործմամբ, տնայնագործական եղանակով պատրաստել և ստացել էր խոշոր չափի՝ 1.07713 գրամ «կոդեին» տեսակի թմրամիջոց: Բացի դրանից՝ ապօրինի թմրամիջոցներ պատրաստելու նպատակով իր տանը պահել է 0.9 մլ ծավալով «քլորաջրածնական թթու» տեսակի պրեկուրսոր, որը հայտնաբերել են ՈԳԲ աշխատակիցները:

Այնուհետև՝ 2011թ. մարտի 1-ին, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջները, չունենալով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, դրանց պրեկուրսորներ ձեռք բերելու, վերամշակելու, պատրաստելու լիցենզավորված գործունեության իրավունք՝ ապօրինի, անձամբ գործածելու նպատակով, շրջանառությունն ազատ «կաֆետին» դեղատեսակի, բենզինի և այլ նյութերի օգտագործմամբ, տնայնագործական եղանակով Գյումրի քաղաքի Աթարբեկյան փողոցի 245 տանը պատրաստել և ստացել էր խոշոր չափի՝ 0.7907 գրամ «կոդեին» տեսակի թմրամիջոց, որոնք հայտնաբերել են ՈԳԲ աշխատակիցները:

Ամբաստանյալը իր պատրաստած 0.0173 գրամ «կոդեին» տեսակի թմրամիջոցը 2011թ. մարտի 1-ին 4000 դրամով վաճառել է Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչներ Ռոմիկ Ոսկանյանին և Արմեն Գևորգյանին: Նույն Արմեն Գևորգյանին Տիգրան Ղազարյանը 1000 դրամով թմրամիջոց էր վաճառել նաև 2011թ. հունվարին:

Առաջադրված մեղադրանքներում Տիգրան Ղազարյանն իրեն մեղավոր ճանաչեց մասնակի: ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց և դատարանին ցուցմունք տվեց, որ երկրորդ կարգի հաշմանդամ է և ստանում է 12.500 դրամ թոշակ: Ութ ամիս է, ինչ «կաֆետին» դեղատեսակից և քիմիական նյութերից պատրաստում և օգտագործում է թմրամիջոց ներարկման միջոցով:

Տիգրան Ղազարյանը նաև ասաց, որ ինքն ընդհանրապես ոչ մեկի թմրամիջոց չի հյուրասիրել և չի վաճառել: Իսկ ինչ վերաբերում է Պեմզաշեն գյուղի բնակիչներ Ռոմիկ Ոսկանյանին և Արմեն Գևորգյանին, ինքը նրանց չի ճանաչում և նրանց թմրամիջոց չի վաճառել: Վերջինները զրպարտում են իրեն:

Օգոստոսի 11-ի դատական նիստին դատակոչված 4 վկայից ներկայացել էր երկուսը՝ Արմեն Գասպարյանը և Արտյոմ Չախոյանը: Այս գործի 2-րդ դրվագով վկա Արմեն Գասպարյանը պատմեց, որ արդեն 4 ամիս է, ինչ ներարկման միջոցով օգտագործում է թմրանյութ: Սկզբնական շրջանում ներարկվել է «սեդալգին-նեո» դեղահաբերից պատրաստված թմրանյութ, իսկ այժմ «կաֆետին» տեսակի դեղահաբերից և այլ քիմիական նյութերից պատրաստված թմրանյութ:

Թմրամիջոց պատրաստելու եղանակը սովորել է ինտերնետից: Հիմնականում ներարկվում է աջ և ձախ թևերի արյունատար անոթներից: Ճանաչում է Տիգրան Ղազարյանին, տեղյակ է, որ նա թմրամոլ է: 2011թ. մարտի 1-ին որոշել է գնալ Տիգրանի տուն, որպեսզի միասին թմրանյութ ներարկվեն, սակայն իր հետ թմրանյութ պատրաստելու պարագաներ չի տարել:

Հասնելով Տիգրանի տուն՝ մտել է ներս, սակայն վերջինս տանը չի եղել, իսկ հյուրասենյակի սեղանին էլ դրված են եղել պլաստմասե շշեր, որոնց մեջ լցված են եղել թմրանյութ պատրաստելու պարագաներ: Այդ ընթացքում տան դուռը թակել են, ինքը մտածել է, թե Տիգրանն է, և դուռը բացել է, սակայն ներս են մտել ոստիկանության աշխատակիցները, այնուհետև Տիգրանը:

Ոստիկանները հարցրել են, թե ինչ շշեր են դրված սեղանին, և ում են դրանք պատկանում: Տիգրանն էլ պատասխանել է, որ դրանք թմրանյութ պատրաստելու պարագաներ են և պատկանում են իրեն: Ոստիկանները դրանք առգրավել են և իրենց էլ բերման են ենթարկել ոստիկանություն:

«Ձեր սիրտը կարո՞ղ է մատոռ է, բենզինո՞վ է աշխատում, ինչի եք է էդ բենզինը լցնում երակներդ»,- վկային հարց ուղղեց դատավոր Հարություն Մովսեսյանը: «Եսիմ, ոտքերս կցավան»,- խեղճացավ վկան: «Դուք ձեր կյանքի համար չեք մտածում, ձեր հարազատների մասին չեք մտածում, հիմի ով է մեղավոր, որ ոտքերդ կցավան»,- նշեց դատավորը: «Նոր եմ հիվանդացել, ցավեր ունիմ,- արդարացավ վկան.- դրա համար էլ կսրսկվիմ»:

Հաջորդ վկան՝ Արտյոմ Չախոյանը, պատմեց, որ ամբաստանյալին ճանաչում է, որովհետև նույն թաղում են ապրում: Ինքը սեփական կրպակ է աշխատեցնում և փոքր գումարներով օգնում է Տիգրան Ղազարյանին, երբ հարկ է լինում:

«Օրինակ, ի՞նչ գումարների սահմաններում,- հետաքրքվեց դատավորը:- Բենզինի փո՞ղ ես տալիս»: «Չէ, հացի փող»,- պատասխանեց վկան: Մարտի 11-ին ինքը տեսել է Տիգրանին և հարցրել՝ հաց կերե՞լ է, թե՞ ոչ, այնուհետև 300 դրամ է տվել, որ հաց գնի:

Հետո երեկոյան որոշել է իր տան բակում եղած փայտից մի քանի հատ տանել ամբաստանյալին. վերջինս տանը էլեկտրաէներգիա էլ չի ունեցել և հարկ եղած դեպքում վկան նաև մոմ գնելու գումար է տվել նրան:

Ա. Չախոյանը պատմեց, որ այդ օրը գնացել է Տիգրանի տուն, սակայն տանը որևէ մեկը չի եղել: Երբ դուրս է եկել, բակում հանդիպել է ոստիկանության աշխատակիցներին և Տիգրանին: Միասին մտել են տան հյուրասենյակ:

Սեղանի վրայից ոստիկանները հայտնաբերել են 2 հատ 0.25 լիտր և 1 հատ 1.5 լիտր տարողության շշեր, որոնց մեջ լցված է եղել տարբեր քանակության դեղնավուն հեղուկ զանգված: Ոստիկանները հարցրել են, թե դրանք ում են պատկանում, ինքն էլ ասել է, որ Տիգրանին են պատկանում: Դրանից հետո իրենց բերման են ենթարկել ՈԳԲ:

Օգոստոսի 18-ի դատական նիստում լսվեցին դատակոչված մյուս երկու վկայի ցուցմունքները: 3-րդ, 4-րդ, 5-րդ դրվագներով վկա, Պեմզաշեն գյուղի բնակիչ Արմեն Գևորգյանի ցուցմունքով առաջին անգամ ներարկվելու միջոցով թմրանյութ օգտագործել է անցած տարի Ռուսաստանում, իսկ Հայաստանում վերջին անգամ՝ 2011թ. հունվար-փետրվար ամիսներին: Թմրամիջոց պատրաստելու եղանակը չգիտի: Թմրանյութը երեք անգամ գնել է Գյումրու «Թուրքի մայլա» կոչվող թաղամասի բնակիչ Տիգրանից, որի մականունը «Կուզիկ է»:

2011թ. մարտի 1-ի առավոտյան հանդիպել է իր համագյուղացի Ռոմիկ Ոսկանյանին և նրան ասել, որ Գյումրիում կա մեկը, որը թմրանյութ է վաճառում, և երկուսով գալով համաձայնության, հավաքելով երկու հազարական դրամ՝ Ռ. Ոսկանյանի մեքենայով եկել են Գյումրի, հանդիպել Տիգրանին, նրան տվել 4000 ՀՀ դրամ գումար: Վերջինս էլ դրա դիմաց իրենց տվել է 3 հատ ներարկիչ, որոնց մեջ լցված է եղել տարբեր չափերի թմրանյութ:

Այն վերցնելուց հետո դրել են մեքենայի բեռնախցիկը և շարժվել դեպի Ազատան գյուղի մոտ գտնվող կամուրջը: Հասնելով այնտեղ՝ կանգնել են, որպեսզի ներարկվեն: Այդ պահին մոտեցել են ոստիկանության աշխատակիցները, զննել մեքենան և բեռնախցիկից հանել 3 հատ ներարկիչ, որոնց մեջ եղել է թմրանյութ: Իրենց բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Բացի տվյալ օրից՝ նախկինում՝ 2011թ. հունվար-փետրվար ամիսներին, վկան Տիգրանից ևս 2 անգամ գնել էր թմրանյութ՝ ամեն անգամ վճարելով 1000 դրամ: 3-րդ դրվագով քրեական գործում որպես վկա ներգրավված Ռոմիկ Ոսկանյանը հաստատեց Արմեն Գևորգյանի ցուցմունքները:

Վկան պատմեց, որ առաջին անգամ ներարկման միջոցով «կաֆետին» դեղահաբերից և այլ քիմիական նյութերից պատրաստված թմրանյութ օգտագործել է մոտ մեկ կամ մեկ ու կես ամիս առաջ: Տիգրանից թմրանյութը գնելու ժամանակ ներկա են եղել ինքը, իր համագյուղացի Արմենը և Տիգրանը, որի մականունը «Կուզիկ» է: Սակայն գնած թմրանյութը չեն հասցրել օգտագործել, քանի որ ոստիկաններն իրենց բերման են ենթարկել բաժանմունք:

Դատական նիստի ընթացքում դատավոր Հարություն Մովսեսյանը հրապարակեց դատանարկոլոգիական ու դատահոգեբուժական փորձաքննությունների արդյունքները, որոնց համաձայն՝ ամբաստանյալ Տիգրան Ղազարյանը տառապում է «ափիոնային թմրամոլություն»-ից, ուստի հարկադիր բուժման կարիք ունի: Բացի դրանից՝ ամբաստանյալը տառապել և տառապում է «շիզոֆրենիա» հոգեկան հիվանդությամբ, որը կայուն ռեմիսիայի փուլում է:

Ամբաստանյալ Տիգրան Ղազարյանը ճանաչվել է մեղսունակ, միաժամանակ խորհուրդ է տրվել նյարդահոգեբույժի ամբուլատոր հսկողություն:

Դատարանը վճռեց Տիգրան Ղազարյանին 1-ին դրվագով հանցավոր ճանաչել քր. օր-ի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 266 հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, ՀՀ քր. օր-ի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նրան դատապարտել ազատազրկման՝ մեկ տարի ժամկետով, ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի 4-րդ մասով նրան դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատակի՝ 50.000 դրամի չափով:

Դատարանը վճռեց Տիգրան Ղազարյանին 2-րդ դրվագով հանցավոր ճանաչել քր. օր-ի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման՝ մեկ տարի ժամկետով: 3-րդ դրվագով հանցավոր ճանաչել քր. օր-ի 266 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով:

Դատարանը որոշեց ամբաստանյալին 4-րդ դրվագով հանցավոր ճանաչել քր. օր-ի 266 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: 5-րդ դրվագով հանցավոր ճանաչել քր. օր-ի 266 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: 6-րդ դրվագով հանցավոր ճանաչել քր. օր-ի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով:

ՀՀ քր. օր-ի 66 հոդվածի կարգով՝ հանցանքների համակցությամբ պատիժները մասնակի գումարելու միջոցով դատարանը վերջնական պատիժ նշանակեց ազատազրկում՝ 5 տարի ժամկետով, և տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի՝ 30.000 դրամի չափով:

Ամբաստանյալը պատիժը կրելու է արդատարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում նյարդահոգեբույժի հսկողության տակ: Նրա նկատմամբ կիրառվելու է հարկադիր բուժում թմրամոլությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter