HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արկադի Տեր-Թադեւոսյան. «Շատ հողեր ենք հանձնել, էլ ի՞նչ պիտի հանձնենք»

02_09-ComandosԱրցախի զինված ուժերի նախկին հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) ամեն անգամ գալով Ղարաբաղ հիշում է այն տարիները, երբ ղարաբաղցիները զենքը ձեռքներին պաշտպանում էին իրենց հողը: Այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողներին տված ճեպազրույցում խոստովանել է Կոմանդոսը: 

Նա 1991-ին եկել էր այդ մարդկանց կողքին կանգնելու, նրանց օգնելու` զինվորական օրենքներով պաշտպանություն իրականացնել: «Թշնամու զենքն ու զինամթերքը մեզնից մի քանի անգամ շատ էր, բայց նայելով ղարաբաղցուն, հասկանում էի, որ իմ առջեւ այնպիսի մարդ է կանգնած, ով ոչնչի չի նայում, պատրաստ է իր կյանքը տալ, բայց պաշտպանել այս հողը, իր տունը, ընտանիքը»,-պատմում է Ա. Տեր-Թադեւոսյանը: Նրա կարծիքով, թշնամու բանակի հզորությունը ոչ թե նրա զենք-զինամթերքի քանակության մեջ է, այլ զինվորների ոգու: Կոմանդոսը նաեւ խոստովանեց, որ թեկուզ ստացել էր 9 տարվա զինվորական բարձրագույն կրթություն եւ զինվորական օրենքները լավ գիտեր, բայց հենց Ղարաբաղում սովորեց, թե ինչպես կարող է պաշտպանվել ու հաղթել ժողովուրդը` լինելով թշնամուց քանակով շատ քիչ, բայց ունենալով կամք ու ուժ: «Երբ գալիս ու այս տղերքին նայում ես (ցույց տալով հուշահամալիրի տարածքում ննջած արցախյան պատերազմի մասնակիցների շիրմաքարերը-հեղ.) , հասկանում ես, թե ինչ են արել իրենք, ինչումն է կայանում նրանց հերոսությունը»,-մի քիչ հուզված ասաց Կոմանդոսը: Նրա խոսքերով, վերջին շրջանում Ղարաբաղի բնակիչներն անհանգիստ են ու անընդհատ իրեն հարցնում են, թե հնարավո՞ր է պատերազմ սկսվի: Ի պատասխան նա նշում է, որ ամեն ինչ հնարավոր է, բայց միաժամանակ վստահեցնում, որ այսօր Ղարաբաղն ունի «ուժեղ երաշխիք»` դա իր բանակն է, երկրորդը` իր ժողովուրդը: Իսկ երրորդը, ըստ նրա, հայ ազգի համախմբվածության հնարավորություններն են: Պատասխանելով տարածքների հանձնման մասին հարցին, Արկադի Տեր-Թադեւոսյանը սկզբից շեշտեց, որ «այս հողը, հրաշալի բնությունը մերն է, ու միշտ էլ մերը կմնա»: Նա միաժամանակ ընդգծեց, որ լինելով զինվորական, ում ընկերներն այստեղ արյուն են թափել, դրական ոչինչ չի կարող ասել տարածքների հանձնման վերաբերյալ: «Ի՞նչ կարող ենք հանձնել, մենք այնքա~ն ենք հանձնել` Շահումյանն ենք հանձնել, Մարտակերտը, Արծվաշենը, շատ հողեր ենք հանձնել, էլ ի՞նչ պիտի հանձնենք»,-ավելացրել է Արցախի զինված ուժերի նախկին հրամանատարը, ով, իր խոսքերով, չի հասկանում նրանց, ովքեր խոսում են տարածքների հանձնման մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter