HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ալեք Ենիգոմշյան. «էս ձևի ոտնակոխումը, դավաճանությունը անպատիժ չի մնալու»

a-enigomshyan-4.09.09

Օգոստոսի 31-ին ստորագրվել է «ամբողջ մեր 5000-ամյա պատմության մեծագույն մասը մոռանալու, Ցեղասպանությունը մոռանալու և մեր երկիրը թրքական ազդեցության գոտուն հանձնելու» փաստաթուղթ

«Գիտենք, որ Արևմտյան Հայաստանի ազատագրումն այսօրվա, վաղվա գործ չէ: Ոչ էլ ասում ենք, որ Արցախի իրավականորեն վերամիացումը Հայաստանին այսօր, 1 ամսից կամ 1 տարուց իրականացող գործ է: Բայց սրանք են ռազմավարական նպատակները: Մնացած բոլոր միջանկյալ քայլերը կարող են լինել մարտավարական գործառույթներ, միջոցներ:

Ցանկացած մարտավարական միջոց թույլատրելի է` պայմանով, որ չհակասի ռազմավարական նպատակին»: Այս մասին սեպտեմբերի 3-ին «Միացում» ազգային նախաձեռնության կազմակերպած «Ոչ մի թիզ հայրենի հողից» հավաք-քննարկման ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա հավելեց. «Արցախի ազատագրված տարածքների պաշտպանությունն ու նրանց միացումը Հայաստանի Հանրապետությանը և Արևմտյան Հայաստանի տեսլականի պահպանումը մեր այսօրվա և մեր ապագայի գոյության երաշխիքն են: Ցանկացած հայ մարդու, լինի նա ՀՀ-ում, ԼՂՀ-ում, թե սփյուռքում, առաջին նպատակը պիտի լինի այս նպատակների անխախտ պահպանումը: Մնացյալ բոլոր նպատակներն այսօր ածանցվում են այս նպատակներին»: Ալեք Ենիգոմշյանը «ազգի դավաճաններ» բառով բնորոշեց Ցեղասպանության նկատմամբ արդարություն պահանջելու, Արցախի հաղթանակները անխախտ պահելու վճռականությանը վնասող գործիչներին: «Մեկը մյուսի ետևից ՀՀ իշխանություններն իրենց լիարժեք պատրաստականությունն են հայտնում և' թշնամուն հանձնելու մեր եղբայրների արյան գնով ազատագրված տարածքները, և' արդեն իսկ ստորագրել են, այսպես ասած, նախաստորագրել ամբողջ մեր 5000-ամյա պատմության մեծագույն մասը մոռանալու, Ցեղասպանությունը մոռանալու փաստաթուղթ և մեր երկիրը հանձնելու թրքական ազդեցության գոտուն»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: Նա հավելեց. «Բոլոր նրանք, սկսած այսօրվա ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանից և մնացյալ բոլոր պատասխանատուներից, վերջացրած բոլոր պաշտոնատարներով ու բոլոր ոչ պաշտոնատար քաղաքական կազմակերպություններով և մարդկանցով, ովքեր կգնան այս ձեռքբերումները և այս տեսլականները ոտնակոխ անելու քայլին, պատասխանատու պիտի լինեն հայ ժողովրդի առաջ` բառի ամբողջական առումով»: Ալեք Ենիգոմշյանի համոզմամբ` 17 տարի շարունակ Հայաստանում իշխող տարբեր ռեժիմներ միշտ հաջողել են ոտնակոխ անել ժողովրդի կամքը և մնալ անպատիժ, սակայն «էս ձևի ոտնակոխում, դավաճանություն անպատիժ չի մնալու»: «Մենք այսօր նվազագույնը պահանջում ենք այն պատասխանատուների հրաժարականը, ովքեր նախաստորագրել են և կստորագրեն, այսպես կոչված, «արձանագրությունները» Թուրքիայի Հանրապետության հետ, և ովքեր պատրաստվում են և պատրաստականություն են հայտնում Ադրբեջանի հետ, այսպես ասած, «հաշտության» քողի տակ վերստին թշնամուն հանձնելու ազատագրված հողերը: Նրանք պիտի հրաժարվեն: Ինչքան էլ իրենց թվա, որ մենք այսօր թույլ ենք, նրանք չեն կարողանալու փախուստ տալ ժողովրդի անեծքից և վճռից»,- ասաց «Միացում» նախաձեռնության անդամը: Նրա համոզմամբ` քանի որ այսօր մեր ազգի գլխավոր խնդիրը Արցախի ձեռքբերումների պաշտպանությունն է և Արևմտայն Հայաստանի մեր տեսլականի` մեր արժանապատվության պահպանումը, հետևաբար երկրի ընդդիմությունը չի կարող ուրիշ խնդիրներ ունենալ: Սակայն, Ալեք Ենիգոմշյանի խոսքերով, այսօր իրեն ընդդիմություն համարող հատվածը չի կարող այլընտրանք լինել իշխանություններին, եթե վերոնշյալ խնդիրների վերաբերյալ ունի այն նույն տեսակետները, ինչ իշխանությունը: «Չի կարող լինել նաև կեղծ ընդդիմություն: Եթե մենք դեմ ենք «Մադրիդյան սկզբունքներին», նշանակում է` առաջին հերթին մենք դեմ ենք ցանկացած ազատագրված տարածք հանձնելու գաղափարին: Մնացյալ կետերի շուրջ` այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքների», թե ով կգա միջազգային, այսպես կոչված, «խաղաղարար ուժերից», կամ քանի տարուց պետք է լինի, այսպես կոչված, «հանրաքվեն» ԼՂԻՄ-ի տարածքում, կամ «քանի տարածք պետք է հանձնել, ինչը պահել», սա արդեն կեղծ ընդդիմություն է: Սա կեղծ մերժում է «Մադրիդյան սկզբունքների»»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը` հավելելով, որ նույնը վերաբերում է Արևմտյան Հայաստանին վերաբերող բոլոր հարցերին: Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի ռազմավարական նպատակը մնում է Արցախի այսօրվա նվազագույնը 12 հզ. քառ. կմ-ի դե յուրե վերամիավորումը Հայաստանի Հանրապետության 30 հզ. քառ. կմ-ին: Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ ցանկացած ազգ-պետության գոյության իմաստը և նպատակը տվյալ ազգի հավերժության ապահովումն է, այդ երկրում ապրող մարդկանց ազատ կյանքով ապահովելը, երկրի համար սոցիալական և մնացած բոլոր ոլորտներում արդարության ապահովումը, այդ ազգի մշակույթի ծաղկումը: Նրա համոզմամբ` այն երկրների համար, որոնց ազգը պատմական պատճառներով համախմբված չէ այդ երկրի սահմանների ներսում, նաև այդ պետությունն ամբողջացնելու խնդիր կա: Քանի դեռ հայ ազգի համար այս խնդիրը լուծված չէ, և արժանապատիվ կյանքն ապահովված չէ, հայ ազգի և պետության ապագան երաշխավորված չեն: «Հայ ազգի համար 20-րդ դարում և 21-րդ դարի այս ժամանակաշրջանում հիմնական խնդիրները եղել և մնում են` մի կողմից Արևմտյան Հայաստանի ազատագրությումը` այն առումով, որ հայ ժողովուրդը վերագտնի իր պատմական հողերը, և ամբողջ աշխարհում սփռված հայ ազգը վերադառնա այդ հողերի վրա, որպեսզի կարողանա որպես ազգ գոյատևել, հարատևել և հավերժանալ: Ինչքան էլ որ այս նպատակը երազային թվա, այնքան ժամանակ, որ հայ ազգը չի կորցրել այս նպատակին հասնելու իր տեսլականը, այդ ազգը չի մեռնի»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: Նա համոզված է, որ ցանկացած հայ, ով ազգից «խլում է» այդ նպատակը իրականացնելու երազը և տեսլականը, «մահացու հարված է ուղղում հայ ազգի գոյությանը և ապագային», և եթե այսօր վերջակետ դնենք Արևմտյան Հայաստանի տեսլականին, Ցեղասպանության նկատմամբ արդարություն պահանջելու ու Արցախի մեր հաղթանակները անխախտ պահելու վճռականությանը, ուրեմն «մենք կորած ազգ ենք»: Երկրորդ խնդիրը, որը, ըստ «Միացում» նախաձեռնության անդամի, ամենաէական նշանակությունն ունի հայ ազգի գոյատևման և ապագայի համար, Արցախն է: «Այն պայքարը, որ մեզ շնորհվեց 2000 տարիների պարտություններից հետո, ամենավսեմ հաղթանակը ևս ուզում են մեզնից` հայ ազգից, պոկել և դրանով սպանել հայ ազգին»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: Իսկ երրորդ կարևորագույն խնդիրը, ըստ նրա, հայ ազգի համար արդար, արժանավայել կյանքի ապահովումն է: Նա նշեց, որ ՀՀ-ում և Արցախում հայերը 17 տարի է արժանապատիվ կյանքով չեն ապահովվել: «Ուրեմն, մեր ազգի գոյատևման ոչ մի գործոն, ոչ մի ազդակ այսօր երաշխավորված չէ»,- ասաց «Միացում» նախաձեռնության անդամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter