HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Հրազդանում ստորագրություններ են հավաքում երկաթի հանքավայրի շահագործման դեմ

 Հրազդան քաղաքի (Կոտայքի մարզ) կողմից նկարված այս բլուրն այն տեղն է, որտեղ պայթեցման եղանակով բացվելու է Հրազդանի երկաթի հանքը եւ կառուցվելու է երկաթի հարստացուցիչ ֆաբրիկան:

Նկարից արդեն երեւում է, թե հանքն ինչքան մոտ է քաղաքին: Քաղաքի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ձգվելով երկայնքով` այն շրջապատում է բլուրը: Այդ պատճառով քաղաքի Վանատուր, Բանավան եւ Ախպարա թաղամասերն ուղղակի հասնում են բլրի լանջերին:

07_09-blur

Հանքին շատ մոտ են գտնվում նաեւ այլ բնակավայրեր` Քաղսի` 4 կմ, Սոլակ` 6 կմ, Լեռնանիստ` 5.5 կմ հեռավորության վրա տեղակայված գյուղերը: Հանքավայրի արտադրական հրապարակից ընդամենը 0,6 կմ հեռավորության վրա հոսում է Սեւան- Հրազդան ջրանցքը, իսկ 1.5 կմ-ով հեռու հոսում է Հրազդան գետը: Կոտայքի տարածաշրջանում են գտնվում նաեւ զբոսաշրջության կենտրոնները` Ծաղկաձոր եւ Հանքավան համայնքները, որտեղ բազմաթիվ ներդրումներ են արված: Այնուամենայնիվ, բնապահպանական եւ զբոսաշրջության առումով բարենպաստ տեղանքը խոչընդոտ չի հանդիսացել, որպեսզի «Նագին» ընկերությունը ստանա Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը: Այս պահին հանքի շահագործման գործընթացը սառեցնելու իրավական հնարավորությունները գրեթե սպառված են` դրական եզրակացությունը կա, հանրային լսումներն ավարտված են: 

«Մենք արդեն սկսել ենք ստորագրահավաք երկաթի հանքի բացման գործընթացը կանխելու համար»,- ասում է Հրազդանի բնապահպանական տեղեկատվական հասարակական «Օրհուս» կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանը` ավելացնելով, որ ավելի շատ հրազդանցիներ կտային իրենց ստորագրությունները, եթե նրանց չմատահոգեին «իսկ քաղաքապետը տեղյա՞կ է, որ ստորագրահավաք է» կամ «ինձ աշխատանքից չե՞ն հեռացնի» հարցերը: Հրազդանն ունի 57 հազար բնակիչ, իր ստորագրությունն է տվել դեռեւս մոտ 1500-ը: Բացի այն հանգամանքից, որ հանքը շատ մոտ է քաղաքին, կան այլ պատճառներ, որոնք մտահոգում են Հրազդանի ՀԿ-ների ներկայացուցիչներին: Մասնավորապես, «Նագին» ՍՊԸ-ի «Հրազդանի երկաթի հանքաքարի հանքավայրի» շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ փորձաքննական եզրակացության մեջ նշվում է, որ արտադրական կեղտաջրերը մղվելու են Հրազդանի մաքրման կայան` Քաղսի գյուղից ոչ հեռու գտնվող կոլեկտոր:

07_09-collector

«Այդ կոլեկտորը չի գործում արդեն երկար տարիներ, եւ կեղտաջրերն առանց մաքրման` ուղղակի հոսելով այդ կոլեկտորի միջով, թափվում են Հրազդան գետը»,- ասում է պրն Ենգիբարյանը` ցույց տալով կոլեկտորի քարուքանդ շինությունների լուսանկարները:

07_09-collector-1

Կա նաեւ այլ մտահոգություն: Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ամիրխանյանը Հրազդանի «Օրհուս» կենտրոնին ուղղված նամակում պատասխանել է, որ «այս հանքավայրը զուտ սեւ մետաղի հանքավայր է եւ այլ մետաղներ չի պարունակում»: ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ՕԳՀ որոնման եւ հետախուզման ամբիոնի վարիչ Ռ.Ս. Մովսեսյանն ասում է, որ մետաղական օգտակար հանածոները, այդ թվում երկաթի հանքը, երբեւէ չեն կարող լինել առանց ուղեկից օգտակար մետաղների: Իսկ Հ.Ս. Ավագյանի հեղինակած «Հայաստանի հանքահումքային ռեսուրսներ» ձեռնարկում կա մանրամասն տեղեկատվություն, թե ինչքան բազմամետաղ է հանքը: Օրինակ` ցիրկոնիում` 1160տ, գալիում` 497տ, արծաթ` 124տ, նիկել` 387, կոբալտ` 7628տ, տիտան` 20398տ, պղինձ` 11553տ, ցինկ` 22554տ, կապար` 857տ եւ այլն: Մաքուր երկաթ հանքում կա 161120000 տոննա: Քանի որ «Նագին» ընկերությունն, ըստ նախագծի, պատրաստվում է արդյունահանել միայն երկաթի հանքաքար, նշանակում է, որ նշված մետաղները, որոնք ընկերության համար շահավետ չեն կորզելու համար, հայտնվելու են պոչամբարում` քաղաքից 500մ հեռավորության վրա գտնվող ձորակում:

Օդի աղտոտվածության հետ կապված խնդիրը նույնպես մտահոգիչ է: «Նագին» ընկերությունն օդի ուսումնասիրություն չի կատարել: Դրա փոխարեն հանքի նախագծի բնապահպանական մասում ներառել է Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի» (Հայէկոմոնիտորինգ) Հրազդանի օդի մոնիտորինգի տվյալները: Այդ կենտրոնի տվյալներով` Հրազդանում ցեմենտի փոշին 2009 թ.-ի ընթացքում կատարված ուսումնասիրությունների ընթացքում ամեն ամիս արդեն իսկ գերազանցում է ՍԹԿ-ն (սահմանային թույլատրելի կոնցենտրացիան) 2-6.5 անգամ: Սրան կգուրմարվեն նաեւ այլ աղտոտող նյութեր, որոնք մթնոլորտ կարտանետվեն հանքի պայթեցումների ժամանակ: Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների ուսումնասիրությանը, ապա այստեղ կան հակասություններ: Ի տարբերություն օդի` ջրի աղտոտվածության մոնիտորինգ իրականացրել է «Նագին» ընկերությունը:

«Մենք համեմատեցինք ընկերության փաստաթղթերում գրված ՍԹԿ-ները «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի» տեղեկանքներում գրված ՍԹԿ-ների հետ եւ պարզեցինք, որ ընկերության փաստաթղթերում գրված ՍԹԿ-ները չեն համապատասխանում «Հայէկոմոնիտորինգ» կենտրոնի տեղեկանքներում գրված ՍԹԿ-ներին, որոնք անփոփոխ են միշտ: Օրինակ` ընկերության փաստաթղթում գրված է, որ ջրում մանգանի սահմանային թույլատրելի քանակը 0.1մգ/լ է, իսկ «Հայէկոմոնիտորինգ»-ի տեղեկանքներում մանգանի ՍԹԿ-ն 0.001մգ/լ է, նատրիտ-իոնի ՍԹԿ-ն, ըստ ընկերության, 3.3մգ/լ է, իսկ ըստ «Հայէկոմոնիտորինգի»` նատրիտ-իոնի ՍԹԿ-ն 0.02մգ/լ է, նմանապետ քրոմի ՍԹԿ-ն, ըստ ընկերության, 0.5մգ/լ է, իսկ ըստ «Հայէկոմոնիտորինգի»` 0.001 է: Պարզ երեւում է, որ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների սահմանը ընկերության փաստաթղթերում փոփոխված է»,- ասում է Էդգար Ենգիբարյանը:

Բնապահպանության նախարարության պաշտպանողական դիրքորոշումն ավելի քան ակնհայտ է: Նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ամիրխանյանը պատասխանել է, որ «Հայէկոմոնիտորինգի» մակերեւութային ջրերի վիճակի մասին տեղեկանքներում ՍԹԿ-ները չեն համապատասխանում ՀՀ տարածքում ընդունված ՍԹԿ-ների նորմատիվներին: «Այս դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ է այդ կենտրոնն իրականացնում մոնիտորինգ, եւ ինչո՞ւ են կենտրոնի տվյալները որպես պաշտոնական ուսումնասիրություն տեղադրվում բնապահպանության նախարարության կայքում»,- հարցնում է Հրազդանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանը:

Տես նաեւ՝ «Նոր հանքավայր Հրազդանում. Վարդան Այվազյանի երազանքն իրականանում է», «Ի՞նչ են շնչում Հրազդանում»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter