HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Արսեն Ղազարյան. «Հայաստան-Թուրքիա հարաբերություններից շահում են ե՛ւ Իրանը, ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Միջին Ասիան, ե՛ւ Սիրիան»

11_09-a-khazaryan«Ժնեւում հրապարակված հայ-թուրքական արձանագրությունները աննախադեպ են մեր ողջ պատմության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա նշեց, որ առաջին անգամ է, որ պետական մակարդակով առաջ են քաշված դրույթներ, որոնց հիմքում ընկած է միջպետական հարաբերությունների կարգավորումը. « Ըստ էության, Թուրքիան առաջին անգամ գրավոր փաստաթղթով Հայաստանը ճանաչել է որպես գործընկեր երկիր, առաջին անգամ Թուրքիան արձանագրության կետերի շուրջ համաձայնության է եկել առանց որեւէ նախապայմանի»: Վերջերս թուրքական «Միլլեթ» թերթին տված հարցազրույցում Արսեն Ղազարյանին հարցրել են, թե ինչ կլինի, եթե Թուրքիայի խորհրդարանը չհաստատի արձանագրությունը: «Ես ասացի` միջազգային հեղինակության որոշակի հավակնություններ ունեցող, տարածաշրջանային առաջնայնության հավակնություն ունեցող երկիրը եւս մեկ անգամ խայտառակ կլինի»: Ղազարյանը համոզված է, որ սահմանի բացումը կհանգեցնի լուրջ տնտեսական աճի, իսկ որ ամենակարեւորն է` այդ ամենի արդյունքում կշահի ամբողջ տարածաշրջանը: «Հայաստան-Թուրքիա հարաբերություններից շահում են ե՛ւ Իրանը, ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Միջին Ասիան, ե՛ւ Սիրիան»: Արսեն Ղազարյանը նշեց, որ միամտություն է կարծել, թե սահմանի բացմամբ թուրքական կապիտալը, ներխուժելով Հայաստան, մեր տնտեսությունը կճնշի: Նա այսօրվա Հայաստանի տնտեսությունը տեսնում է ինչ-որ չափով զարգացած եւ կայացած: «Ճիշտ է, որոշակի ծավալների փոփոխություն կլինի: Բայց դրա փոխարեն մենք կստանանք մեծ հնարավորություն աշխատել այդ հզոր շուկայում` արտահանել, ներդրումներ անել: Օրինակ` ես համոզված եմ, որ Վանա լճի շրջակայքում տուրիզմը շատ քիչ է զարգացած, իսկ մենք կարող ենք այնտեղ ներդրում անել եւ զարգացնել»: Գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահը նշեց, որ սահմանի բացմամբ կունենանք 20-25 տոկոս էժանացում տրանսպորտի մեկ միավորի վրա: «Մենք այս տարի հանդիպել ենք Ստամբուլի կարի եւ տրիկոտաժի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ եւ արդեն ունենք համագործակցության նախնական պայմանավորվածություն»: Արսեն Ղազարյանը նաեւ համագործակցություն է տեսնում գյուղատնտեսության, գիտության, մշակույթի ոլորտներում: Նրա միակ մտավախությունը կապված է թմրանյութերի, զենքերի ներմուծման հետ, որի կանխումը պետք է իրականացնի Մաքսային ծառայությունը: «Եւ վերջապես, մենք կլուծենք մի շատ կարեւոր հոգեբանական խնդիր: Մեզ միշտ թվում էր, որ Արարատից այն կողմ աշխարհը վերջանում է, այժմ ռեալ հնարավորություն կլինի ազատ գնալ այդ երկիր ու տեսնել մեր պատմական տարածքները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter