HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Մեկնարկեց «Թատրոն-X» 4-րդ հանրապետական փառատոնը

Այսօր Հր.Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում մեկնարկեց «Թատրոն-X» փառատոնը: Մարտի 21-ից ապրիլի 28-ը թատերասերները հնարավորություն կունենան մայրաքաղաքում եւ մարզերում դիտելու 31 ներկայացում «Թատրոն-X» 4-րդ հանրապետական փառատոնի շրջանակում:

«Թատրոն-X» 4-րդ հանրապետական փառատոնը կազմակերպում է Ազգային թատերական ստեղծագործական միավորումը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Արդեն չորրորդ անգամ անցկացվող փառատոնին այս տարի մասնակցում են Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից 31 թատրոն ու թատերախումբ: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի փառատոնին մասնակցել են 25 թատրոններ' 26 ներկայացումներով, 2009-ին' 16, իսկ 2008-ին' 8 թատրոն: Այս տարի, Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոնի թատերախմբից բացի, մասնակցելու է նաև Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. դրամատիկական թատրոնը:

«Երբ փառատոնը հիմնադրվում էր 2007-ին, ընդամենը մասնակցում էր 8 թատրոն եւ թատերախումբ՝ 8 ներկայացում: Սա զուտ քանակական ձեռքբերում չէ, սա նշանակում է, որ մեր խնդիրները համընկնում են թատերական միջավայրի խնդիրներին»,- մշակույթի նախարարությունում փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիսին ասաց փառատոնի նախագահ Արա Խզմալյանը եւ հավելեց նաեւ, որ բոլոր այն մարզերը, որտեղ կա թատերական կյանք եւ թատերական պրոցես, ընդգրկված են փառատոնի մեջ:

Փառատոնի նախագահը նշեց նաեւ այս տարվա փառատոնին անկախ երիտասարդական թատերախմբերի առատությունը, ինչն իր կարծիքով խոսում է այն մասին, որ աստիճանաբար թատերական կյանքը գտնում է իր հունը, քանի որ երիտասարդները փորձում են ինքնուրույն ինչ-որ արժեքներ ստեղծել:

Այս տարվա փառատոնի կարգախոսն է «Մշակութային միասնություն, բանավեճի փառատոն»: Փառատոնի ձեւաչափը ենթադրում է յուրաքանչյուր ներկայացումից հետո բաց, հրապարակային քննարկումներ' բնագավառի մասնագետների մասնակցությամբ (ռեժիսորներ, թատերական քննադատներ, պրոդյուսերներ, դերասաններ, բանասերներ):

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ փառատոնի արդյունքում ստեղծված համընդհանուր կարծիքը կօգտագործվի մշակույթի ոլորտում հետագա քաղաքականությունը ուղղորդելու համար:

«Այս տարի «Թատրոն X»- ի արդյունքին մենք ավելի շատ ենք սպասելու, որովհետեւ կարծում եմ, որ բացառապես այդ փառատոնի եզրակացությունների հիման վրա մենք կփորձենք ձեւավորել նաեւ այն պետական աջակցությունը, որը տրվում է թատրոններին: Այսինքն՝ ռեալ արդյունքների, ռեալ իրավիճակի վրա, որն արդեն չի մեկնաբանվի որպես սուբյեկտիվ որոշում, ինչու է պետպատվերը տրված սրան կամ նրան, այլ կլինի հստակ վերլուծությունների արդյունքում ձեւավորված տեսակետ»,- ասաց նա:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքերով այսօր ամենակարեւոր խնդիրը երկխոսության խնդիրն է: Եվ այս տեսակետից նրա կարծիքով փառատոնի պալիտրան շատ հարուստ է, այստեղ ներկայացված են եւ պրոֆեսիոնալ, եւ ոչ պրոֆեսիոնալ խմբեր, որոնք կիրառում են տարբեր ժանրեր, նույնիսկ փորձարարական ժանրեր:

«Թատերական պրոբլեմները չեն կարող դիտվել որպես միայն թատրոնի պրոբլեմներ, թատրոնը անմիջական կապ ունի հասարակության հետ: Պարզ է, որ առավել եւս այս փառատոնը, որը հանրապետական է, որն իր մեջ ներառում է նաեւ պրոֆեսիոնալ շրջանակներից դուրս՝ հանդիսատեսիսի հետ քննարկումներ, իր առջեւ դնում է նաեւ հասարակական խնդիր»,- ասաց նա:

«Թատրոն-X» 4-րդ հանրապետական փառատոնն ընդգրկում է մասնակից թատրոնների ընտրությամբ' նախորդ տարվա լավագույն բեմադրությունները և հնարավորություն է ընձեռում խոսելու խնդիրների ու անելիքների մասին, ամփոփելու ձեռքբերումները, բացահայտելու նոր անուններ:

Ռուբեն Բաբայանի խոսքերով հաճախակի կարելի է հանդիպել մի երեւույթի, երբ քննադատությունը կարծես առաջին հայացքից չի ընդունվում, եւ ինքը' արվեստագետը ընդվզում է, բայց Ռուբեն Բաբայանը համոզված է, որ որեւէ քննադատություն անարդյունք չի անցնում: «Այն, ինչ մենք անում ենք, ուղղված է դեպի ապագան: Այս տեսակետից, այն 3 փառատոները. որ տեղի են ունեցել, այդ աճը ապահովում են. ավելի հետաքրքիր, բազմաժանր ներկայացումներ են ստեղծվել, ավելի լայն խմբեր են ընդգրկվում, եւ կարծում եմ, որ թատերական միտքը զարգացում է ապրում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter