HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Նանա Մինասյան. «Ինձ միշտ ուղիղ, չհատվող գծերն են գրավել»

Նկարչուհի Նանա Մինասյանի արվեստն ամբողջովին տարբերվում է այն ամենից, ինչը մենք սովոր ենք համարել արվեստ: Նրա բնանկարները` մենավոր ծառերն ու տները, նրբերանգ լեռներն ու արահետները, պատկերված են ամենանուրբ գունային ելեւէջներով: Իսկ պատկեր նա ստանում է ընդամենը չհատվող, զուգահեռ մանր գծերից: «Գծային նկարչությունն ինձ մոտ եկավ այն բանից, երբ ես սկսեցի մտածել, որ, օրինակ, թելը գիծ է, չէ՞, բայց երբ դու թելով գործում ես, այն դառնում է մակերես:

Նկարչության մեջ տեխնիկան այլ է: Ես ուսումնասիրել եմ գծանկարչությունը, տեսել բազմաթիվ նկարներ, բայց ինձ միշտ ուղիղ, չհատվող գծերն են գրավել»: Նանան առաջին անգամ գծային բնանկար է ստացել, երբ ամուսնուն` երգահան Ռուբեն Հախվերդյանին, վիրահատում էին Ֆրանսիայում: 14_09-n_minasyan-4«Երբ հիվանդանոցում գիշերները նստում էի, այդպես` կարծես ձեռքի հետ, սեւ-սպիտակ տուշերով նկարեցի մի բնապատկեր: Կապանից վերեւ` Խուստուփի լանջին, Գեղանուշ անունով մի գյուղ կա: Շատ գեղեցիկ գյուղ է: Տները շատ հետաքրքիր էին: Հիշելով նկարեցի: Հետո Ռուբիկին վիրահատություն արած բժիշկը եկավ, տեսավ, շատ հավանեց: Ռուբիկն էլ միանգամից ասաց` դա ձեզ ենք նվիրում: Ուրախացավ, ձեռքս համբուրեց` «Օ~, մեղսի, մադամ..» եւ նման բաներ, ու հանկարծ ասաց. «Կխնդրեի մի հատ էլ գունավոր նկարեիք»: Մենք ֆինանսապես չենք նեղվել այդ ժամանակ, բայց երբ ես գնացի իրենց գրենական պիտույքների խանութ, ապշեցի, թե ինչ սարսափելի գներ էին: Գնեցի ինձ պետք եղած պարագաները ու այն ժամանակի համար, իրոք, մի հսկայական գումար տվեցի: Բայց ոչինչ, նկարեցի, դա էլ շատ հավանեց»: Գծանկարչությունը չափազանց աշխատատար եւ բարդ գործ է: Նանայի խոսքերով` մի փոքրիկ նկար ավարտելու համար նա մի ամբողջ շաբաթ նկարում է: «Սարսափելին այն է, որ ես սխալվելու իրավունք չունեմ, ես չեմ կարող ջնջել, քերել, ոչինչ»: 14_09-n_minasyan-3

Նկարչուհու` նուրբ գունավորմամբ մի քանի սյուժեները հայտնվում են մեկ թղթի, մեկ` կավե ափսեների, մեկ էլ` փոքրիկ բացիկիների վրա: Նա երբեք չի ձանձրանում մի թեման մի քանի անգամ նկարելուց, քանի որ ամեն անգամ նույն սյուժեով նկարները տարբեր տրամադրություններ են պարունակում: Նանան միշտ անկեղծ է: Նա զուրկ է ավելորդ պերճանքից ու ձեւերից, իր ասած` նկարչի բոհեմական կյանքով էլ չի ապրում եւ երբեւէ չի երեւակայել, որ պիտի ապրի: Այդ պարզությունն ու մաքրությունը կա նաեւ նրա արտաքինում: Երբ նկար ընտրելիս թերթում էինք նրա ֆոտոալբոմը, մի տեղ իրեն տեսավ շպարված եւ կարմիր շրթներկով. «Թե էս շրթնե՞րկը ինչ եմ, է~, քսել»,-ինքն իր վրա անկեղծ զայրանալով` ասաց նա: Իր իսկ նկատմամբ ունեցած խստությունն էլ, թերեւս, բերում է իդեալական կամ դրան մոտ արդյունքի: Թեեւ առաջին հայացքից կարող է թվալ, որ գծանկարչությունն ավելի «չոր արվեստ» է, Նանայի նկարներում դա այդպես չէ միանշանակորեն: Կա թախիծ նրա մանկության տան պատկերներում, խաղաղություն կա բնանկարներում ու զովություն` լեռներում: Գծային նկարչությամբ նման հուզականության հասնելով եւ արվեստի պատմության ուղն ու ծուծը ուսումնասիրելով  հանդերձ` Նանան իրեն նկարիչ ու արվեստագետ չի համարում: 14_09-n_minasyan-1

«Ես ի՞նչ արվեստագետ: Մեկը, որ յուղաներկով նկարել չի սիրում, նույնիսկ յուղաներկի հոտը չի սիրում, ո՞նց կարող է լինել արվեստագետ…դե, համենայնդեպս մեր իրականության պատկերացումներով: Համ էլ` նկարիչները պետք է միայն տղամարդիկ լինեն, բերետով, գրպաններով ժիլետով ու անպայման մորուքով…(ժպտում է): Մի մարդ, որ 3 երեխա ունենա ու աշխարհի բոլոր պահածոները պատրաստի, արվեստագետ կմնա՞»,- հարցնում է Նանան: «Ես չեմ կարող, երբ իմ ձեռքերը չեն աշխատում, երբ չեմ կարում, գործում եմ, երբ չեմ գործում, նկարում եմ, երբ չեմ նկարում, պահածո եմ պատրաստում: Միգուցե մարդ կա, որի խելքն է անընդհատ աշխատում, իսկ ինձ մոտ ձեռքերն են»,- ասում է Նանան: Նկարչուհու համար նկարելը ծանր աշխատանք է, որի արդյունքում նա հաճույք է ստանում. «Ես միշտ չեմ հասկացել, երբ նկարիչները ասում են` մուսաս եկավ, գնաց, գիշերը եկավ` նկարեցի: Ես միայն դադարում եմ նկարելուց որոշ ժամանակով, երբ շատ նկարելուց հոգնել եմ: Հավաքում եմ սեղանս, այլ բաներով եմ զբաղվում»: 14_09-n_minasyan-2

«Մեկ-մեկ այնքան եմ երազում, որ մենակ ես նստեմ իմ հեռուստացույցի առջեւ, DVD-ով նայեմ Ագաթա Քրիստիի պատմվածքների հիման վրա ստեղծված ֆիլմերը: Ու ինձ ոչ ոք չխանգարի»: Նանան պատրաստում է վերնիսաժային հուշանվերներ` կեչու տերեւի վրա պատկերելով միջատներ ու թռչուններ: Նա պատրաստում է բացիկներ, կավե ափսեներ, նկարներ… «Եթե ժամանակ ունենամ, այնքան բան կարելի է մտածել, շատ գաղափարներ կան, բայց ժամանակ չունեմ: Ես միշտ պետք է ինչ-որ բան պատրաստ ունենամ ինձ մոտ, որովհետեւ անընդհատ պատվերներ են լինում, առաջարկներ: Եւ հետո, ես շատ եմ սիրում նկարներս նվիրել: Մարդ կա` ամեն ինչ սիրում է պահել, բայց ես հակառակը, ոչ մի բան չեմ պահում: Այդ պահելու կուլտուրան մեր ընտանիքում չկա: Մենք նույնիսկ Ռուբիկի շատ սկավառակներ չունենք, անկեղծ եմ ասում»: Նանային եւ Ռուբեն Հախվերդյանին համախմբում է մի շատ կարեւոր բան` անկեղծությունը: Հենց այդ անկեղծությունն էլ նրանք գնահատում են միմյանց մեջ: «Ռուբիկը իմ գործերը շատ է սիրում, հիանում է: Ես էլ իր բոլոր երգերն եմ շատ սիրում, բայց ամենից շատ սիրում եմ «Հեքիաթը»: Հրաշալի երգ է…»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter