HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սարատակցի «գիքորները»

14_09-manukyanՍարատակցի Մանուկյան Հարությունի տան, ավելի շուտ` տնակի տեղը գտնելն այնքան էլ մեծ ջանքեր չի պահանջի փնտրողից: Շիրակի մարզի Սարատակ գյուղում ցանկացած մեկին հարցնես, անմիջապես կբացատրի` համայնքապետարանի ետնամասում է, դիմացն էլ բավական մեծ ամայի տարածություն կա: Գյուղում այս ընտանիքին կոչում են «Գիքորենք»: «Դե, Թումանյանի հայտնի պատմվածքը նկատի ունենք,- պարզաբանեց գյուղի բնակիչներից մեկը,- որ ավելի մոտիկից ծանոթանաք իրանց պատմությանը, կհասկանաք, թե որտեղից էդ մականունը»:

14_09-manukyan-149-ամյա Հարություն Մանուկյանը ազատամարտիկ է, 1993-95 թթ.-ին մասնակցել է Արցախի Մարտակերտի շրջանի ազատագրման կռիվներին: 20 տարի տնակում է բնակվում, տունը երկրաշարժից փլվել է: Չորս զավակ ունի: 23-ամյա աղջիկը հոգեկան խնդիրներ ունի, 22-ամյա Դիանան արդեն մեկ ամիս է Գորիում (Վրաստան) բնակվող ծանոթների մոտ է: Հարությունը կցկտուր, կարծես չուզենալով` ասաց, որ աղջկան ուղարկել է աշխատելու ծանոթի ֆերմայում, համ էլ իրենց հոգսը մի քիչ կթեթեւանա: 11-ամյա Նինային մորական տատն է պահում, այդ պատճառով էլ երեխան խնամված տեսք ունի, նաեւ նորմալ սնվում է: Գյուղում պատմեցին, որ 90-ականներին ընտանիքն այնքան վատ վիճակում է եղել, որ նորածին 4-րդ աղջկան մի քանի պարկ կարտոֆիլի ու ալյուրի դիմաց հանձնել էին հարեւան գյուղերից մեկում բնակվող անզավակ մի ընտանիքի: Այդքան աղջիկների մեջ Հարությունյանները մեկ տղա զավակ էլ ունեն: 14_09-manukyan-219-ամյա Նարեկը արտաքինից 7-8-րդ դասարան հաճախող 12 տարեկան տղեկներից չի տարբերվում, գյուղում էլ հիմնականում էդ տարիքի տղաների հետ է շփվում: Անցած տարի զինվորական հանձնաժողովը հրաժարվել էր Նարեկին բանակ զորակոչելուց: Տղայի հասակը 1,44մ է, իսկ քաշը` թերսնման հետեւանքով, ընդամենը 39 կգ: «Միշտ օգնում ենք, էն գյուղապետ չեղած ժամանակս էլ եմ օգնել,- ասում է Սարատակի համայնքապետ Միշա Ղրզոյանը,- բայց հնար չկա, էլի նույնն են, էլի նույնը, երեխաները նորմալ կրթություն չունեն, մի աղջիկն ընդհանրապես դպրոց չի գնացել, էն երկուսն էլ մի կերպ Արթիկի գիշերօթիկ դպրոցի 8-րդ դասարանն են ավարտել, բայց դե... Մենակ էն մի աղջիկը, որ տատի մոտ է, Սարատակի միջնակարգ դպրոցն է հաճախում, լավ էլ սովորում է»: Համայնքապետի կինն էլ պատմեց, որ տարիներ առաջ փայտե օրորոց են տվել, որը, սակայն, նպատակին չի ծառայել. ընտանիքի մայրը` Աննան, հարմար է գտել դրա մեջ բաժակ-ափսեները պահել: «Մեր սառնարանը որ փոխում էինք, Միշան ասեց` արի էս հինը տանք Հարութենց,- պատմում է Գոհար Ղրզոյանը,- տվեցինք, հետո իմացանք, որ էն ձմեռվա ցրտերին էդ սառնարանի մեջ տղային է քնացրել, դե երեւի դուք էլ տեսաք` ոչ նորմալ մահճակալներ ունեին, ոչ էլ` անկողին»: Մանուկյանների չորս սենյակից բաղկացած տնակի մի սենյակը ծառայում է որպես ննջարան եւ հյուրասենյակ, որտեղ ոչինչ չկա` բացի երկու երկաթյա զսպանակավոր մահճակալից, խոհանոցի աթոռ-սեղանից եւ մեկ պահարանից: Մուտքի մոտ գտնվող սենյակներից մեկը նախատեսված է վառելիքի` աթարի համար, իսկ դիմացի սենյակում ամառ-ձմեռ փայտի վառարան են վառում կերակուր եփելու կամ ջուր տաքացնելու նպատակով: Ամբողջ տանը մի պատուհան տեսանք, այն էլ` պոլիէթիլենով պատված: Հարություն Մանուկյանը, պարզվեց, Շիրակի մարզի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի հորեղբոր տղան է, սակայն ազգակցական այդ կապից որեւէ օգուտ չի քաղել, բացի վնասից: Հարությունը պատմեց, որ 2008 թ. ՏԻՄ ընտրություններին համայնքապետ հորեղբորորդին` Ռոստոմ Մանուկյանը, վերցրել էր անձնագիրը, պահել, որ ընտրությունների չգնա, իսկ երբ համախոհներով ճշտել էին, որ Միշա Ղրզոյանին է ընտրելու, ծեծել էին: Այս տարի ծանոթներից մեկը Հարությունին հետը արտագնա աշխատանքի էր տարել: Երեք ամսից ետ էր եկել` ձեռքին 1000 դոլար: Պարտքերն էին տվել, կնոջ համար դեղորայք էին գնել, փողը վերջացել էր: «Դե որտեղի՞ց փող մնա, եթե էն գլխից չկա,-կարծես արդարանալով` ասում է Հարությունը,- մեր ընտանիքը էն հաշմանդամ աղջկաս թոշակի հույսին է, 9 հազար դրամ ու վերջ, տղես սեզոնին կերթա կարտոլ կհավաքե, էդ աշխատանքի դիմաց կամ 1000 դրամ փող կուտան, կամ մե 15-20 կիլո կարտոլ, դե ես էլ ինչ գործ կեղնի, կառաջարկեն, կէնեմ, որ յոլա էրթանք, կինս էլ էս թերսնվելուց, մրսելուց անընդհատ հիվանդ է»: Տան հարցով Հարություն Մանուկյանը մեկ անգամ դիմել է Պաշտպանության նախարարություն, սակայն մերժում է ստացել: Պատճառաբանել են, թե բնակարանների հատկացման ծրագիրը հաշմանդամ ազատամարտիկների համար է, իսկ Հարությունը, թեեւ ազատամարտիկ է, բայց հաշմանդամ չէ: Սարատակում համոզված են, որ Մանուկյանների երեխաները ծայր աղքատության պատճառով է, որ ետ են մնում իրենց հասակակիցներից ամեն առումով: 14_09-manukyan-3«Հիմի որ համեմատեք տատի պահած երեխուն ու իրանց պահածներին, ինչխոր լրիվ ուրիշի երեխա էղնի,- բացատրում է սարատակցի մի կին,- դրանց կերածը մենակ հաց ու կարտոլ է, սնունդ չկա, վիտամին չկա, էլ ուրտեղի՞ց նորմալ մեծնան: Էնքան չունի, որ էդ տունը մենակ մե կետըմ լույս կվառի, շատ վախտ էդ լույսի փողն էլ չեն կրնա տալ, կանջատեն»: Հրաժեշտ տալիս ուզեցի իմանալ, թե 19-ամյա Նարեկն ի՞նչ երազանք ունի: Խոսակցությանը ներկա հորեղբայրը ձեռքը թափ տվեց. «Եսիմ, էդ երեխեն գիտե՞, թե երազանքն ինչ է, Նարեկ ջան, էս մեր քուրը կհարցնե` ի՞նչ կուզենայիր ունենալ»,-փորձեց օգնել հորեղբայրը: «Տուն, տուն գուզենայի ունենանք»,- գլուխը կախ` պատասխանեց Նարեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter