HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Անկանխատեսելի հարեւաններ. Վրաստան

Վերջին շրջանում բացահայտ բնույթ ստացան հայ-վրացական հակասությունները: Դրանք ավելի ակնհայտ էին դարձել դեռ ռուս-վրացական պատերազմից եւ դրան հաջորդած հայ-թուրքական հաշտեցման գործընթացից հետո: Սակայն հայ-թուրքական նոր արձանագրությունները կարծես հակված են ավելի սրել առկա խնդիրները: Իսկ դրա համար կան բավարար առիթներ:

Վերջին շաբաթների դիվանագիտական սկանդալը հայ-վրացական սահմանային խնդիրներն էին: Օգոստոսի 26-ին մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ վրաց սահմանապահները մուտք են գործել հայկական տարածքներ եւ արգելում են գյուղացիներին մշակել սեփական հողերը: Ավելի ուշ վրաց-թուրքական սահմանի հատվածում տեղի ունեցավ միջադեպ, որի ընթացքում զոհվեց երեք վրացի սահմանապահ: Վրացական մամուլում սա լուսաբանվեց որպես միջադեպ` տեղի ունեցած հայ-վրացական սահմանում: Եվ թեեւ տեղեկատվությունը հետագայում հերքվեց պաշտոնական Թբիլիսիի կողմից, այն միայն սրեց լարվածությունը առնվազն հայ եւ վրաց հասարակական շրջանակներում: Միաժամանակ սեպտեմբերի 1-ին ելույթ ունենալով ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ արտերկրում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների առջեւ` նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց Ջավախքի հարցում Հայաստանի առաջնայնությունների մասին: «Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք վիրահայությանը հնարավոր աջակցություն ցույց տալու համար: Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը, բովանդակային առումով, պետք է բխի «ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից: …Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը»,- հայտարարեց Ս. Սարգսյանը: Այս հայտարարությունը, թերեւս, յուրահատուկ «մեսիջ» էր վրացական իշխանություններին` ոչ պատահականորեն այն ժամանակ, երբ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են վերանայման անհրաժեշտության փուլում: Դրանով, փաստորեն, վրացական իշխանությունները անուղղակիորեն մեղադրվում են ձուլման քաղաքականություն վարելու եւ հայերի ինքնության եւ մշակութային իրավունքները ոտնահարելու մեջ: Սա առաջին հայացքից բնական, սակայն իրականում աննախադեպ քայլ է, եթե հաշվի առնենք, որ վերոնշյալ հարցերում Վրաստանի հանդեպ Հայաստանի քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես «թողտվության քաղաքականություն»: Ս. Սարգսյանի հայտարարությունը, ճիշտ է, Թբիլիսիում ընդունվեց ոչ միանշանակ: Մինչ Երեւան ժամանած Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն խոստացավ քննարկել հայերենին Վրաստանում մարզային լեզվի կարգավիճակ տրամադրելու հարցը, Վրաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում հայտարարությունը հակված են ընկալել որպես հարված թիկունքից: Վրաստանի կառավարության անանուն բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ի հետ զրույցում այս հայտարարությունը կապեց հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող տեղաշարժերի հետ: «…Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները այս տարիների ընթացքում մեզ հետ անկեղծ չեն եղել միայն այն պատճառով, որ Հայաստանը Վրաստանի տարածքով միակ ե՞լքն ուներ արտաքին աշխարհ: Սակայն վաղ չէ՞, արդյոք: Չէ՞ որ Թուրքիայի հետ սահմանը դեռ բաց չէ, եւ խոսքը միայն մտադրությունների մասին է »,- հայտնեց նա: Նույն թերթի հետ զրույցում, մեկնաբանելով Վրաստանում հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տալու հարցը, Վրաստանի փոխվարչապետ, վերաինտեգրման հարցով պետնախարար Թեմուրի Յակոբաշվիլին հայտարարեց. «Մենք շատ ուրախ ենք, որ հայերենը միակ պետական լեզուն է Հայաստանում»: Իսկ Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին ադրբեջանական 1news.az թերթին տված հարցազրույցում խորհուրդ տվեց նախեւառաջ նման պահանջներ առաջ քաշել Բուենոս Այրեսում, Ավստրալիայում եւ Կալիֆոռնիայում, որտեղ հայերը մեծ թիվ են կազմում: «Ցավոք, Վրաստանի համար այժմ դժվար ժամանակներ են, եւ ես խորհուրդ կտայի Հայաստանի ղեկավարությանը կանգնել եղբայրական վրաց ժողովրդի կողքին, այլ ոչ թե հանդես գալ նրա դեմ»,- հայտարարեց Նաթելաշվիլին: Միաժամանակ սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը քվեարկեց Վրաստանի կողմից մշակված բանաձեւի դեմ. բանաձեւը նախատեսում է վրաց փախստականների վերադարձ Աբխազիա եւ Հարավային Օսեթիա: Հիշեցնենք միայն, որ որպես կանոն Վրաստանը կողմ է քվեարկում ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից առաջ քաշված բոլոր բանաձեւերին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին եւ չեն բխում Հայաստանի շահերից: Ակնհայտ է, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը լուրջ մտահոգություններ է առաջացնում Թբիլիսիում: Այն ամենեւին ձեռնտու չէ Վրաստանին, որը կարող է կորցնել իր կարեւորությունը ինչպես Արեւմուտքի համար, այնպես էլ Հայաստանի` միաժամանակ ավելի խոցելի դառնալով Մոսկվայի հետ հարաբերություններում: Նման պայմաններում Վրաստանը խիստ անկանխատեսելի է դառնում սկզբունքորեն իր բոլոր հարեւանների համար: Դրա մասին է վկայում վերջին սկանդալը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Օգոստոսի 16-ին Վրաստանի մերձափնյա պաշտպանության ուժերը առգրավեցին թուրքական Buket տանկերը, որը Աբխազիա էր փոխադրում 2700 տոննա վառելիք: Վրացական կողմը ձերբակալեց տանկերի ողջ անձնակազմին, որոնք Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիներ էին: Խնդիրը քաղաքական երանգ ստացավ: Միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանի եւ Թուրքայի ԱԳ նախարարությունները բողոքի նոտա հղեցին Թբիլիսի, անձնակազմն ազատ արձակվեց: Սակայն տանկերի` ազգությամբ թուրք կապիտանը դատապարտվեց 24 տարվա ազատազրկման: Եվ միայն Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի` Թբիլիսի կատարած այցից հետո թուրք կապիտանը ազատ արձակվեց: Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը գուցե, իրոք, հնարավորություն է տալիս Հայաստանին ավելի կոշտ եւ հետեւողական լինել Վրաստանի հետ հարաբերություններում, սակայն դա ամենեւին չի լրացնում Վրաստանի հանդեպ Հայաստանի հստակ քաղաքականության բացակայությունը: Իսկ այդ քաղաքականությունը պետք է լինի կոնկրետ եւ հետեւողական, այլ ոչ թե իրավիճակային: Այն միաժամանակ պետք է բավականաչափ ճկուն լինի` խուսափելու համար անցանկալի լարվածություններից: Այսօր առավել, քան երբեւէ Երեւանն ու Թբիլիսին փոխադարձ կախվածության մեջ են միմյանցից: Թբիլիսին չարաշահում է իր աշխարհագրական  եւ քաղաքական դիրքը, սակայն չպետք է մոռանալ, որ ցանկացած ճնշում Երեւանի կողմից Թբիլիսիին ավելի խոցելի է դարձնում Մոսկվայի հետ հարաբերություններում: Այս հանգամանքի կարեւորությունն ավելի հստակ է երեւում, երբ հաշվի ենք առնում, որ Թբիլիսին փաստացիորեն ռեալ աջակցություն չի ստանում իր դաշնակից Արեւմուտքից: Այս պայմաններում Հայաստանը հնարավորություն ունի հստակեցնելու իր պահանջները հարեւան Վրաստանից: Միաժամանակ, Երեւանը կարող է կոտրել այն փոխադարձ անվստահության մթնոլորտը, որ պատմականորեն ձեւավորվել է երկու ժողովուրդների հարաբերություններում: Այլապես շուտով Թբիլիսին եւ Երեւանը եւս ստիպված կլինեն նստել «հաշտեցման» սեղանի շուրջ` երրորդ երկրների միջնորդությամբ: Որպես օրինակ` սեպտեմբերի 3-ին հայ-վրացական հարաբերությունների հարցը քննարկվել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի միջեւ տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter