HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Լույս է տեսել արձակագիր Արամ Պաչյանի գիրքը

Այսօր Բյուրոկրատ գրախանութում տեղի ունեցավ Արամ Պաչյանի «Ռոբինզոն և 13 պատմվածք» գրքի շնորհանդեսը: Գիրքն ամփոփում է հեղինակի վերջին 3 տարիների պատմվածքները:

28-ամյա արձակագիրը վերջերս բավականին հանրաճանաչ է դարձել գրական շրջանակներում: Նրա ստեղծագործությունների երկրպագուների համար առաջին գրքի լույս տեսնելը սպասված իրադարձություն էր:

«Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր Կարեն Անտաշյանի խոսքերով, Արամ Պաչյանը դարձել է հայ գրականության վերածննդի, նոր կյանքի խորհրդանիշներից մեկը: «Ես չգիտեմ վերջին 20-ամյակում այսպիսի հեղինակ կամ այդպիսի գիրք, որ այսքան սպասված լինի»,- հայտարարեց նա:

Գրականագետ Հասմիկ Հակոբյանի խոսքերով, գիրքը շատ սպասված է, իսկ գրական- գեղարվեստական առումով' բովանդակալից: «Արամն այն հեղինակներից է, որ կարողանում է ստեղծագործության հենց ամենասկզբում ինչ-որ մի նյարդ գտնել եւ պահել այդ նյարդը մինչեւ ստեղծագործության վերջ ու անընդհատ զարգացնելով ստեղծել տխրության ու թախիծի պահը, որով էլ կարողանում է ազդել ընթերցողի վրա»,- ասում է նա:

Գրքի շապիկը ձևավորվել է հատուկ գրքի համար արված նկարով, որի հեղինակն է ամերիկացի նկարիչ, քանդակագործ, Նյու-Յորքի "Yale School of Art"-ի պրոֆեսոր Սեմուել Մեսսերի:

2009 թ.-ին գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար անցած տարի Պաչյանը արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի: Երիտասարդ գրողի առաջին ստեղծագործությունները տպագրվել են 2007 թ. «Գրական թերթում», հետագայում պատմվածքները լույս են տեսել «Նարցիս» , «Ինքնագիր» գրական հանդեսներսւմ, «Գրեթերթ» , «Եղիցի լույս» թերթերում եւ արդի հայ արձակի «Անթոլոգիա 18-33» գրքում:

Նա նաեւ արժանացել է «Նարցիս» հանդեսի մրցանակին 2007-2008 թթ. տպագրված պատմվածքների համար: Մրցանակակիր է «Գրեթերթի» 2008, 2009, 2010թթ. լավագույն պատմվածք և էսսե անվանակարգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter