HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Օրեր, գույներ, ճակատագիր…»

Շուտով Վարդան Պետրոսյանը  հանդիսատեսին ներկայանալու է մի քանի նոր նախագծերով: Վարդան Պետրոսյանը պատրաստվում էր ներկայացնել իր նկարները եւ դրանց շուրջը հյուսված իր կյանքի սցենարով գծված մի մենաներկայացում այդ  նկարների շուրջը: «Ես այդ ամենը պատկերացնում էի նկարչի մի արվեստանոցում, որտեղ նկարիչը պատմում է իր կյանքի էտապների մասին: Սովորաբար իմ ներկայացումները ես եմ գրում: Կարծես ես հեծյալն եմ ու վայրի ձիուս ընտելացնում եմ ինձ:

Բայց այս ներկայացումը զարմանալի մուստանգ դարձավ, նա փախավ ու ես ստիպված վազում եմ նրա ետեւից, շատ տարօրինակ պրոցես է: Փորձերի ընթացքում այս ներկայացումը զարգացավ, սկսեց ինձնից  պահանջել տարբեր տարածքներ: Հետո հասկացա, որ նկարս ու թատրոնը պետք է իրարից անջատվեն»: Ի վերջո Վարդանը որոշեց երկու ներկայացում խաղալ: Մեկը` Սեպտեմբերի 27,28 եւ 29-ին Նարեկացի արվեստի միությունում «Սեղանի շուրջ» վերնագրով:  Վարդանը հանդիսատեսի հետ նստելու է սեղանի շուրջ եւ պատմելու է իր կյանքի երեք էտապների մասին` Գարունա, Գարունա` ձունա արել եւ Գողգոթա…

«Առաջին էտապը  մանկությունն ու պատանեկությունն է. ամեն ինչ վառ  է: Իմ մանկությունը այդպիսին է եղել, իմ ամբողջ այդ ժամանակահատվածը լի է  եղել սիրով, ամեն ինչ գունեղ էր, խենթի պես սիրահարված էի կյանքին: Ու այդ ամենը շատ պարզ երեւում է իմ նկարներում. ներկապնակի գույները վառ էին, կրակոտ` գարունա»: «Հետո գալիս  է դառը ժամանակահատվածը: Դառնություն եւ հիասթափություն էր իջնում այդ կյանքին` գարունա` ձունա արել…Մարդը մեծանում է, ամուսնանում է, տեսնում է, որ կյանքը վարդագույն չէ, ինչպես նա իրեն երեւակայում էր: Այդ ժամանակ իմ նկարչությունը դառնում է շատ դեպրեսիվ: Ես նկարում եմ  ծամածռված մարմիններ, դեֆորմացված գլուխներ, դեմքեր, չռած աչքեր, կարծես հիվանդագին նկարչություն լինի»:

«Հետո գալիս է մի երրորդ ժամանակահատված, երբ գալիս  է մի պահ` մարդուն տրվում է մի գիտակցություն, ըմբռնում է` սա իր կյանքի խաչն է, որ ինքը պետք է տանի: Երբ մարդը հասկանում է, որ դա իր խաչն է, այդ տառապանքները, զրկանքները, որ ինքը կրում է,ունեն կոնկրետ իմաստ ու այդ խաչը տանում է դեպի գողգոթա` դեպի հաղթանակ: Եթե մարդուն տրվում է այդ գիտակցությունը, նա ապրում է իր երկրորդ, երրորդ երիտասարդությունը, վերաիմսատավորում է իր կյանքը, նոր ընթացք ստանում: Նա ոչ միայն ինքն է առաջ գնում, այլ մյուսներին է առաջ տանում, մի բան, որ ես մաղթում եմ իմ ժողովրդին: Մի բան, որ ինձ դուրս հանեց ճահճում խեղդվելիս: Բայց այդ ժամանակ մի ուժ ծնվեց իմ մեջ, ու իմ փախուստը դարձավ մի անվերջ վերադարձ…»:

Այս սյուժեով ներկայացումը Նարեկացի արվեստի միությունում Վարդանը կխաղա կիթառով նվագակցելով, սուրճի սեղանի շուրջ` անկեղծ երկխոսության մեջ մտնելով հանդիսատեսի հետ: Դերասանին հանդիսատեսի կարծիքը չափազանց կարեւոր է, քանի որ նա մուտք է գործում ստեղծագործական մի նոր տարածք:

Դերասանը ցանկացել է կոտրել սահմանված ձեւաչափերը: Ներկայացման ընթացքում Վարդանը վեր է հանելու իր անձնական հարցերը, որի միջոցով ուզում է բացվել մարդկանց առջեւ, հասնել «ինքաազնիվացման»: «Եւ այդ «մերկացման» ժամանակ այնքան եմ խորանում, որ վեր եմ հանում հույժ անձնական հարցեր: Եւ պատկերացրեք, որ առաջին երկու ընթերցման ժամանակ ես կանգ առա , չկարողացա շարունակել,եւ  այդ պահին ես հասկացա, որ այդ խնդիրը ես ինքս իմ մեջ դեռ  չեմ հաղթահարել, ու դա նշանակում է, որ դեռ ունեմ չհաղթահարված խնդիրներ ու այնքան համարձակություն` դրանք վեր հանելու հանդիսատեսի առջեւ»: Այս սյուժեն կրկնվելու է նաեւ  հոկտեմբերի 20-ից հետո 

Կամերային թատրոնում «Օրեր, գույներ, ճակատագիր» վերնագրով ներկայացման ժամանակ: Ներկայացումը հագեցած է լինելու տարբեր ոճերի երաժշտությամբ`եւ դերասանի հեղինակած, եւ Շառլ Ազնավուրի երգերից, որոնք կապակցված են սյուժեին եւ դրա ուղեկցող տարրեր են լինելու, իսկ երաժիշտները` ներկայացման հերոսներ: Բեմադրությունը ուղեկցվելու է նաեւ Վարդան Պետրոսյանի նկարների էկրանավորմամբ: Կամերային թատրոնի ցուցասրահում ներկայացման օրերին ցուցադրվելու են նաեւ Վարդանի նկարները:

«Ես ուզում եմ, որ իմ անձնական պատմության մեջ մարդիկ գտնեն իրենցը: Իմ պատանեկության եւ երիտասարդության գունեղ ու խելառ տարիները միայն ես չեմ ապրել, այլ իմ ողջ սերունդը: Իմ փախուստի, մութ տարիները ոչ միայն ես ապրեցի այլ` բոլորը: Իմ վերադարձն էլ, որ ես անվանում եմ անվերջ վերադարձ, միայն իմը չէ, ամեն մեկը ինչ որ ձեւով, յուրահատուկ մի գիտակցությամբ վերադառնում է…»,- ասում է Վարդան Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter