HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Չինաստանն առաջ է անցել Բրիտանիայից համաշխարհային արվեստի շուկայում

Եվրոպական կերպարվեստի հիմնադրամի համար պատրաստված զեկույցը ցույց է տվել, որ 2010թ. շուկայի 23 տոկոսը պատկանում է Չինաստանին: Զեկույցը գնահատել է 2010 թվականի համաշխարհային արվեստի եւ անտիկվար իրերի շուկայի արժեքը 43 միլիարդ եվրո (60 միլիարդ դոլար), որը մեծ առաջընթաց է՝ համեմատած 2009-ի տվյալների հետ, երբ ճգնաժամ էր գրանցվել նաեւ արվեստի շուկայում:

Չինաստանը զբաղեցրել է Բրիտանիայի տեղը՝ որպես երկրորդ ամենախոշոր արվեստի եւ անտիկվար իրերի աճուրդի շուկա: «Համաշխարհային արվեստի շուկան 2010 թվականում. Ճգնաժամը եւ վերականգնումը» զեկույցում ներկայացվել է այն, ինչ աճուրդի տները եւ ոլորտի մասնագետները նկատել էին տարվա ընթացքում. հարուստ չինացի գնորդների, հետեւաբար, նաեւ արժեքների կտրուկ աճ է գրանցվում:

Զեկույցի համաձայն' Չինաստանի արվեստի շուկայի արժեքը գրեթե կրկնապատկվել է 2010 թվականին: Աճուրդներում վաճառքը հասել է մոտ 6 միլիարդ եվրոյի, որն էլ կազմում է 2010 թվականի համաշխարհային արվեստի շուկայի 23 տոկոսը: ԱՄՆ-ն պահպանել է առաջատար դիրքը իր 34 տոկոսով, սակայն Միացյալ Թագավորությունը սայթաքել է' հայտնվելով երրորդ տեղում:

Մեծ Բրիտանիայի արվեստի շուկայի ֆեդերացիան օգտագործել է զեկույցը' նախազգուշացնելու կառավարությանը, որ առաջարկվող օրինագիծը, համաձայն որի հաջորդ տարվանից հարկ է սահմանվելու վերջին 70 տարվա ընթացքում մահացած եվրոպական նկարիչների բոլոր արվեստի գործերի վաճառքի վրա (օր. Պիկասո, Բեյկոն, եւ ուրիշ խոշոր գումարներ արժեցող նկարիչներ), կարող է արվեստի առեւտուրը հեռու տանել Մեծ Բրիտանիայից եւ հետագայում նվազեցնել շուկայում սեփական պետության մասնաբաժինը, որի արդյունքում էլ հսկայական բացասական ազդեցություն կկրի Մեծ Բրիտանիայի ողջ մշակութային տնտեսությունը:

Այնուամենայնիվ, զեկույցը չի տրամադրում հստակ վիճակագրություն'արդյոք արվեստի առեւտրի հետընթացի պատճառը վերոնշյալ օրինագի՞ծն է, որն արդեն գործում է Մեծ Բրիտանիայում կենդանի եվրոպացի նկարիչների գործերի վաճառքի համար: Շուկայում մասնաբաժին կորցնելու պատճառը կարող է պարզապես լինել Չինաստանի տեղական շուկայի հսկայական աճը, որը տարիներ առաջ գրեթե չի գրանցվել որեւէ զեկույցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter