HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Գոռ Սուջյան. «Մարդկանց անկեղծություն ունեմ տալու»

«Երազում էի թմբուկահար դառնալ: Երբ տանը մարդ չէր լինում, կաթսաները շրջելով շարում էի շուրջս ու նվագում: Հարեւաններն էնքան էին բողոքում...»: Ժամանակին «Gor&Friends»-ի, «Roxigen»-ի, իսկ հիմա արդեն «Dorians»-ի մեներգիչ 22-ամյա Գոռ Սուջյանը չէր պատկերացնում, որ բացի բակում ընկերների հետ զվարճության համար երգելուց` մի օր կհայտնվի բեմում, իր խմբով ու իր հեղինակած երգերով:

«Մի բամբակ ծախող կար, գալիս էր ու շատ ռիթմիկ ձեւով գոռում էր` շաքա~ր-բամբա~կ, շաքա~ր-բամբա~կ: Էնքան էլ ռիթմիկ էր գոռում, որ մենք էլ երգի պես բան էինք սարքել դրանից ու ամեն մեկը ինչ կարողանում էր նվագել, ձեւերով նվագում էինք: Դա դարձել էր մեր բակի հիմնը: Հետո սկսեցինք նաեւ այլ երգեր երգել, օրինակ` «We will rock you»-ն: Կոնսերվատորիայի այն ժամանակվա ռեկտորն էլ մեր բակից էր, նայում էր պատուհանից ու ծափ էր տալիս»: Գոռը տարված է եղել Մայքլ Ջեքսոնի արվեստով, ինչպես նաեւ «Led Zeppelin», «Queen» եւ մի շարք այլ խմբերով, որոնց նա իր ուսուցիչներ է կոչում: «Ինձ մոտ երաժշտական հետաքրքրվածությունը սկսվեց դպրոցից, երբ ինձ կանչեցին մասնակցելու «Notre Dame de Paris»-ի դպրոցական բեմադրւթյանը: Երգեցի, հաջողությունը կարծեմ մեծ էր, որովհետեւ ես ինքս շատ ոգեւորված էի դրանով: Դրանից առաջ էլի երգել եմ, բայց այդ մյուզիքլի բեմադրությունից հետո ինձ մոտ ամեն ինչ փոխվեց: Հետո այնպես եղավ, որ ես ինքս մեկը բեմադրեցի, երգեցինք էլի ընկերներով: Հետո նույնիսկ ինձ տարվա լավագույն աշակերտի կոչում տվեցին»: Հայտնի մյուզիքլի կատարման ժամանակ էլ Գոռին նկատեց հետագայում «Gor&Friends»-ի կիթառահար Արթուր Մարգարյանը, ով իր խմբի համար մեներգիչ էր փնտրում:

Գոռը ռոք-խմբի առաջարկությամբ կազմեց մի երգացանկ` հիմնականում ընդգրկելով «Led Zeppelin»-ի երգերը: Ակումբներում մի քանի ելույթներից հետո խումբը ցրվեց, այնուհետեւ կազմավորվեց «Roxigen» խումբը, որի հետ մի քանի համերգներ կայացան: Գոռին ամենից շատ անհանգստացնում էր այն, որ նրանք երգում էին ոչ իրենց հեղինակած երգերը:

«Ես որ տղերքին ուզում եմ ինչ-որ բան ասել` նա-նա-նա-ով եմ ասում: Երգ գրելն էլ ահավոր դժվար էր առանց նոտա իմանալու: Ես, ճիշտն ասած, երբեք էլ չէի պատկերացնում, որ երգ կգրեմ: Մտածում էի, որ ինչ-որ մեկը կգրի, մենք կերգենք: Բայց մի պահ եկավ, երբ մենք մի քանի համերգ տալուց հետո բոլորս զգացինք, որ նույն բանի պատճառով ենք նեղվում` որ «cover»-ներ (այլոց արդեն ճանաչված երգերը) ենք երգում: Մի օր էլ մեր տղերքից Արտաշ Դարբինյանն ասաց, թե` ինչ կլինի, մի օր նստիր տանը, փորձիր երգ գրել: Ես ասացի` չեմ կարող, իրոք չէի պատկերացնում, թե դա ոնց է լինում: Բայց, հետեւելով նրա խորհրդին, մի օր այդպես նստեցի դաշնամուրի առաջ, առանց նոտաները իմանալու, շատ երկար` ծընգ-ծընգ-ծընգ...մինչեւ որ գտա իմ ուզած հնչյունները ու գրեցի»: Եւ ձայնագրվեց խմբի հեղինակած առաջին երգը` «Կյանքը մարդու»:

Սակայն խումբը նորից ցրվեց, քանի որ երաժիշտներից յուրաքանչյուրն ուներ իր նախասիրությունները եւ համաձայնության դժվար էր գալ: Գոռի մոտ խմբի ամեն տարաձայնություն երգելուց հրաժարվելու նոր միտք էր ծնում: «Մեծ հիասթափություն էր նաեւ այն, որ մյուզիքլներից ոգեշնչված` ուզեցի ընդունվել Թատերական ինստիտուտ: Ամեն ինչ լավ էր, նույնիսկ այնտեղ գիտեին, որ ես պետք է գամ ընդունվելու, ճանաչում էին եւ այլն, բայց իմ ծուլության պատճառով ես չհասցրի իմ անձնագիրը պատրաստել եւ չընդունվեցի: Հետո հիասթափված որոշեցի, որ կգնամ բանակ, էն էլ աչքերիս պատճառով ինձ բանակ էլ չտարան»,- ասում է Գոռը:

 Շուտով ստեղծվեց մեկ այլ խումբ` նոր կազմով, կրկին «Gor&Friends» անվամբ, որը հետո վերանվանվեց «Dorians»: Կարճ ժամանակում Գոռը հասկացավ, որ առանց մասնագիտական կրթության չի կարելի առաջ գնալ եւ այժմ մասնավոր վոկալի դասընթացներ է անցնում: «Նաեւ անգլերենիս վրա եմ ուզում աշխատել, որովհետեւ անգլերեն ընդհանրապես չգիտեմ: Շատերը չեն էլ հասկանում, բայց հաճախ լինում է, որ լրիվ անկապ, հորինած բառեր եմ ասում երգի ժամանակ: Նույնիսկ մի անգլիացի աղջիկ իմ երգելու ժամանակ ասել է, թե հրաշալի անգլերեն ունեմ, առանց հայկական շեշտադրման, բայց բառերի մի մասը ես եմ հորինում ընթացքում, իհարկե` միայն «cover»-ների մասին է խոսքը, ոչ մեր երգերի»:

Գոռի հիմնական սկզբունքը անկեղծությունն է: Չի պատկերացնում, թե կկարողանա պատվերով երգ գրել, քանի որ այն անկեղծ չի լինի: «Այսօր հայերին անկեղծությունն է պակասում: Ինձ թվում է` դա նրանից է, որ հայերն ազատ չեն իրենց մտքերն ու ցանկություններն ազատ արտահայտելու մեջ: Մտածում են` բա որ կողքինս ասի` յագ, էս իգնչ ես ասում: Այսօր ես իմ երգերով, իմ երաժշտությամբ ուզում եմ մարդկանց ազատություն տալ: Այնքան է եղել, որ մեր համերգներին տեսել եմ ռաբիս տղերքի, որոնք համերգի ընթացքում բացվել են ու դարձել ազատ, հնարավոր է, որ միայն այդ պահին, բայց ինչ-որ բան փոխվեց նրանց մեջ»: Գոռը կարծում է, որ բեմը պահանջում է ավելի մեծ անկեղծություն, քան ցանկացած այլ տարածք, քանի որ մարդիկ սիրելու են ու երգելու են նրանց երգերը միայն այն դեպքում, եթե նրանց հավատան, զգան, որ այն ամենը, ինչի մասին երգում են, անկեղծ է, պերճանք կամ ձեւ չէ:

«Հայաստանում այսօր մեզ համար եւ հեշտ է, եւ` դժվար: Հեշտ է, քանի որ մեր ոճում հայկական այդ դաշտը դեռ բաց է եւ ազատ, դժվար է, որովհետեւ Հայաստանում դեռ պատրաստ չեն մեր երաժշտությունն ընկալել: Ոչ թե ասում եմ, թե մենք «վերջն» ենք, չէ, ուղղակի նման ոճը դեռ մեզ մոտ չի ընդունվում: Հետագայում` գուցե, բայց ոչ այսօր»,- ասում է «Dorians»-ի մեներգիչը: Շուտով լույս է տեսնելու խմբի առաջին ձայնասկավառակը եւ երկու նոր տեսահոլովակ, որով երիտասարդ խումբը կփորձի ճանապարհ հարթել արտերկրում: «Ես համոզված եմ, որ այն, ինչ մենք այսօր անում ենք, աշխարհում ոչ մի բանի նման չի: Այսինքն` չեն կարող ասել, թե սրանից են թխել կամ նրանից: Որովհետեւ ես անում եմ այն, ինչ ուզում եմ, իսկ դա արդեն չի կարող նման լինել ինչ-որ բանի: Ես չգիտեմ, թե մեր ուղղությունն ինչպես անվանել: Մենք ոչ ռոք ենք, ոչ փոփ, ոչ ջազ, ոչ բլյուզ. այս բոլորից մի-մի բան կա մեր երգերում»,- ասում է Գոռը:

Ընթերցելու մեծ սեր ունեցող Գոռն այսօր դժվարանում է գիրք կարդալ տեսողական խնդիրների պատճառով: Սակայն վիրահատությունից հետո կարդալու է իր սիրելի պատմական գրքերը. «Ես որ գիրք եմ կարդում, տառերը չեմ տեսնում, այլ ֆիլմ եմ տեսնում: Կարող է մայրս անցնի կողքովս ու ինչ-որ բան ասի, ես չլսեմ, այնքան եմ կլանվում: Ֆիլմեր էլ եմ շատ սիրում: Բայց, օրինակ, չեմ սիրում այնպիսի ֆիլմեր, որտեղ ամեն ինչ շատ ռեալ է, շատ իրական: Ֆիլմում պետք է մի փոքր ռոմանտիկա, մի փոքր ֆանտաստիկա, մի փոքր էլ երեւակայություն լինի»:

Գոռի մայրը ցանկանում էր որդուն տեսնել ավելի կայուն եւ վաստակի առումով հեշտ մասնագիտության տեր, օրինակ` ծրագրավորող, քանի որ Գոռը դպրոցում ուժեղ էր մաթեմատիկայից եւ ֆիզիկայից: «Կարեւոր չէ, թե ինչով ես փող աշխատում, թե որն է քո մասնագիտությունը: Կարեւորն այն է, որ դու իմանաս, թե քո առաքելությունը որն է, ինչ ունես տալու եւ ասելու: Այսօր ես իմ ասելիքը տեսնում եմ միայն երաժշտության մեջ»,- զրույցը եզրափակում է երգիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter