HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Կրեդոյի» համար ըմբոստությունը միշտ ավելի կարեւոր է, քան արդյունքը

Credo_3.10.09«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնը հոկտեմբերի 1-ին մեկնարկեց բուլղարական «Կրեդո» թատրոնի «Շինել» ներկայացմամբ: Գոգոլյան հայտնի պատմվածքի հիման վրա այս ներկայացումը գերեց հայ հանդիսատեսին իր անմիջականությամբ եւ դերասանական հիանալի խաղով: «Ինչո՞ւ հենց Գոգոլ: Որովհետեւ նրա ստեղծագործությունների էությունը համընկնում է մեր մտածելակերպի հետ: Գոգոլի ստեղծագործությունների մեջ կա աբսուրդ եւ միեւնույն ժամանակ` հումանիզմ: Դրանք առաջին հայացքից շատ պարզ են ու հասարակ, բայց ցնցում է այն, ինչ կա այդ պարզության ներսում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կրեդո» թատրոնի տնօրեն, «Շինել» ներկայացման գլխավոր հերոս Նինա Դիմիտրովան: Ներկայացման երկու հերոսները սկզբում վանդակված են: Անազատության սիմվոլը` վանդակը, դառնում է շինելի մարմնացումը, որը բանտում է մարդուն: Երկու դերասանի խաղը հանդիսատեսի առջեւ բացում է ոգու անազատության եւ բանտվածության մի պատմություն, իսկ անազատության սիմվոլ վանդակը վերածվում է շինելի, որն էլ պետք է կոճկի մարդկանց հոգիները: «Իսկ ներսի եւ դրսի թեման ամբողջ ներկայացման մեջ կարմիր թելի պես ձգվում է` ասելով, որ մարդու ներքին ազատությունը կապված չէ վանդակի ներսում կամ դրանից դուրս գտնվելու հետ»,- ասաց դերասանուհին: Ազատությունը «Կրեդո»-ի համար սկզբունք է: 1992 թվականին Սոֆիայում Կինոյի եւ թատրոնի ազգային ակադեմիայի շրջանավարտներ Նինա Դիմիտրովայի եւ Վասիլ Վասիլեւի կողմից հիմնադրված թատրոնը հրաժարվում է որեւէ պետական աջակցությունից: «Մենք որոշեցինք, որ ոչ մի օրենքի չենք ենթարկվելու: Մեր թատրոնը անկախության եւ ազատության թատրոն է, որտեղ ըմբոստությունը միշտ ավելի կարեւոր է, քան արդյունքը: Արվեստում օրենքները խախտելու համար են ստեղծված: Օրինակ` մեզ երբեք չի սահմանափակել այն, որ մենք երկուսով ենք թատրոնում: Ազատությունը երբեք չես կարող գիտակցել ու զգալ, եթե չլինեն սահմանափակումներ»,- ասաց Նինա Դիմիտրովան: «Կրեդո» թատրոնը իր 17-ամյա գործունեության ընթացքում հանդիսատեսին է ներկայացրել երկու հիմնական ներկայացում` Գոգոլի «Շինելը» եւ Հ.Ք. Անդերսենի «Հայրիկը միշտ ճիշտ է»: «Մեր սկզբունքներից մեկն է նաեւ շատ պրոդուկտ չտալը: Մենք չենք ֆինանսավորվում պետությունից. եթե մենք ուզենք, կֆինանսավորվնեք, բայց մենք դա չենք ուզում:  Մենք ուզում ենք, որ մեր ստեղծածը երկար ապրի: Ինչի՞ համար շատ ջանք  թափել, մի քանի անգամ խաղալ ներկայացում եւ հետո թողնել այն: Իսկ մեր «Շինելը» արդեն 17 տարի ապրում է, եւ մենք ենք նրան ապրեցնում: Ստացվում է, որ ներկայացումը սկսում է ղեկավարել քո կյանքը` բարեբախտաբար կամ դժբախտաբար: «Շինել»-ը միանգամից մեր կյանքի ղեկը առավ իր ձեռքերը: Ուղղակի սկսեցին տարբեր ծայրերից նրան հրավիրել, եւ մենք պարզապես հետեւում էինք իրեն»,- ասաց դերասանուհին: «Շինել» ներկայացումը մի առանձնահատկություն էլ ունի: Դերասանները կարողանում են այն խաղալ 9 լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, ճապոներեն, հունարեն, սերբերեն, բուլղարերեն: «Հայերեն սովորելու ժամանակ չենք ունեցել, բայց մեզ թվում է, որ ռուսերենով շատ ավելի լավ է Գոգոլի ներկայացումը դիտել»,- «արդարանում են» դերասանները: «Շինել»-ը այս թատրոնին մեծ հռչակ է բերել: Այն խաղացվել է մոտ 150 միջազգային փառատոների շրջանակներում: «Շինել»-ը ստացել է 7 միջազգային մրցանակ` «Լավագույն ներկայացում» անվանակարգում եւ 4 մրցանակ` «Լավագույն դերասանական կատարում» անվանակարգում, իսկ Էդինբուրգի հեղինակավոր փառատոնին արժանացել է թատերագետների ամենաբարձր գնահատականին` «5 աստղի»: «Կրեդո» թատրոնը մի նոր ներկայացում է պատրաստում կրկին Գոգոլի ստեղծագործություններից մեկի` «Խելագարի հիշատակարան»-ի հիման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter