HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

«Գիրք-2011» ինտերնետային մարաթոն. հավաքվել է 6000-ից ավելի գիրք

Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը: 24 ժամ անընդմեջ համացանցային տիրույթում, սոցիալական ցանցերի եւ էլեկտրոնային փոստի օգնությամբ, մարաթոնի կազմակերպիչներն ու հարյուրավոր կամավորներ տպագիր գրականություն հանգանակեցին հանրապետության հեռավոր շրջանների դպրոցների եւ գրադարանների համար:

Մարաթոնի օրը պատահական չէր ընտրվել. մարտի 13-ը' Չարենցի ծննդյան օրը, նախաձեռնողների խումբը փորձեց համացանցի միջոցով դարձնել գիրք հավաքելու եւ մարզային, գյուղական գրադարաններին նվիրելու օր:

Նվիրատվության առաջին փուլը տեղի է ունենալու մարտի 19-ին Տավուշի մարզում: Ինչպես խոստացել են կազմակերպիչները, բոլոր գրքերի վրա գրվելու են նվիրողի անուն-ազգանունը:

Մարաթոնի ընթացքում հավաքվել է ամեն տեսակի գիրք' մասնագիտական, գեղարվեստական, ինչպես նաեւ ամսագրեր, քարտեզներ, նոտաներ, տեղեկատուներ, ալմանախներ, տարբեր տեսակի տպագիր հրատարակություններ, այն ամենն, ինչ մարդկանց կարող է պետք գալ: Կազմակերպիչները վստահ են, որ ընթերցողները իսկապես դրանց կարիքն ունեն:

Իր տեսակի մեջ եզակի այս ինտերնետային մարաթոնի առիթով զրուցեցինք կազմակերպիչներից արձակագիր, հրապարակախոս Հովիկ Չարխչյանի հետ:

Արդարացվեցի՞ն մարաթոնի մասնակցության ակտիվության ձեր ակնկալիքները:

Մեզ չէինք նախապատրաստել այս ծավալներին ու այս հաջողությանը, որովհետեւ, դե, մտածում էինք' կասենք, կարձագանքեն մարդիկ, դե գրքեր կհավաքենք... Բայց որ հազարավոր գրքեր քաղաքի ու հարակից մարզերի տարածքներից ու այդքանը տեղափոխելու, կուտակելու, դասակարգելու, գրառումները կատարելու խնդիր... Ինձ իսկապես ուրախացրեց երիտասարդության ակտիվ մասնակցությունը:

Մեր նվիրատուների 70-80 տոկոսը 18-24 տարեկան երիտասարդներ են, իսկ դա արդեն շատ լավ նշան է: Սովորաբար Հայաստանում ոնց է ընդունված. բոլոր կարգի նվիրատվությունների, մարաթոների ժամանակ ովքեր են ակտիվ մասը' միջին տարիքը, ավագ սերունդը: Ու երբեք չես մտածի, որ մեր երիտասարդությունը, այն էլ գրքի հետ կապված, այդ կարգի ոգեւորություն հանդես կբերի:

Եւս մի բան էինք ուզում մարդկանց պատկերացումների մեջ փոխել: Սովորաբար օգնություն, նվիրատվություն, բարեգործություն, այդ բառերի հետեւում անընդհատ ինչ-որ սննդային վիճակներ են պատկերացնում, ապրանքային, ինչ-որ կենցաղային իրեր լինեն, լավագույն դեպքում «մի տեղ սայլուտ կրակենք, ժողովուրդը ուրախանաե տարբերակով:

Բայց կա նաեւ հոգեւորի պահանջը, չէ՞: Իսկ ո՞վ ասաց, որ այն հեռավոր գյուղերում ապրող մարդը նույնքան դրա կարիքը չունի, ինչքան իր ստամոքսի խնդիրները հագեցնելու կարիք: Ո՞վ որոշեց: Ես ճիշտ հակառակում եմ համոզված: Ես գիտեմ, որ այսօր այդ գիրքը որ տանում ենք, արկղերով տեղափոխում ենք, իրենց համար նույնքան կարեւոր է, որքան առաջնային կենցաղային հոգսերն են:

Այն արձագանքը, որ մենք ստացանք, ինձ ստիպեց նաեւ մտածել, որ մարդիկ հասկացան մեր նպատակը, աջակցեցին: Ընդ որում շատ հետաքրքիր մի շերտ էլ կար. մարդիկ էին, ովքեր դժվարությամբ էին բաժանվում իրենց գրքերից: Դե գրքասերներ են, չեն ուզում իրենց գիրքը նվեր տալ, բայց դրա հետ մեկտեղ ուզում են ինչ-որ կերպ օգտակար լինեն մեզ ու ասում են, գանք ամեն կերպ ձեզ օգնենք, գնանք, գիրք հավաքենք, ուրիշներին հորդորենք: Ես նույնքան կարեւորում են նրանց ներկայությունը ու մասնակցությունը, ինչքան նրանց, ովքեր գրքեր նվիրեցին:

Ինտերնետի ընտրված մեթոդը փաստորեն արդարացրեց իրեն:

Ոչ միայն արդարացրեց, այլեւ գերազանցեց մեր սպասելիքները: Ու ընդ որում, պարզվեց, որ իսկապես ընտրությունը ճիշտ էինք կատարել: Նախ շատ մարդ է ներգրավված, հետո կապը շատ արագ է ու անմիջական: Եթե ուրիշ կերպ մի քիչ տեխնիկական դժվարություններ կարող է լինեն, այստեղ անմիջապես հղումն արեցիր, մարդը արձագանքեց, արագ տվյալները վերցրեցիր, արձանագրեցիր քո մոտ ու հետո առաջիկա երեք օրերի ընթացքում, ինչպես որ պայմանավորվել էինք, այցելում ենք մարդկանց կամ իրենք են բերում հավաքման կետեր, հանձնում են, ու ամեն ինչ շատ արագ ու հեշտ կատարվում է:

Տեսեք, մենք մի նախաձեռնություն արեցինք առանց մի կոպեկ ծախսելու' չունենալով ոչ մի հովանավոր, չունենալով ոչ մի կառույց, որ մեզ, այսպես ասած, տանիք էր, չհամագործակցելով որեւէ մեկի հետ: Ուզեցինք նաեւ նշել, որ գիտեք ինչ, եթե ինչ-որ բան եք անում, պետք չէ հսկայական գումարների հետ խաղալ ու ձեւ անել, թե իբր թե սարեր եք շուռ տվել: Ավելին ասեմ, սփյուռքից մեզ գրեցին, որ իրենք պատրաստ են գումար փոխանցել:

Մենք իրենց ասեցինք, որ ֆինանսների, գումարների հետ մենք ընդհանրապես չենք առնչվելու, եթե դուք իսկապես մեծ ցանկություն ունեք, ուղարկեք ձեր բարեկամներից որեւէ մեկին, թող մտնի առաջին պատահած գրախանութը, գրքեր առնի, ու բերի հանձնի մեզ, որովհետեւ փողի հետ գործ ունենալը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

Քանի՞ գիրք հավաքվեց մարաթոնի արդյունքում:

Այս պահի դրությամբ ունենք արդեն 6 հազարից ավելի կտոր գրականություն, սակայն դեռ խոստումներ կան, որոնք չենք հասցրել վերցնել: Իսկ մենք նույնիսկ 1000-ի հույսը չունեինք, ասում էինք, որ 1000-2000' լավագույն դեպքում կարողանանք հավաքել: Ու հիմա մտածում ենք, որ արդեն մի ուղղությամբ չենք բավարարվի, այսինքն' գրքերի մի մասը կտանենք Տավուշ, հետո կփորձենք Հայաստանի մարզերում մի թեթեւ դիտարկում անցկացնել, թե որտեղ ավելի շատ դրա կարիք կա ու կմշակենք նաեւ երկրորդ երթուղին:

Ի դեպ, ասեմ, որ Տավուշում գրքերի հանձնելու համար աջակցություն կա տեղի իշխանություններից ու այնտեղ գործող հասարակական կազմակերպություններից: Ամսի 19-ին իրենց մոտ գրքի տոն են անցկացնելու: Նախապատրաստվող արարողության շրջանակներում պատրաստվում ենք ոչ միայն գիրք տանող լինել, այսինքն' բեռ տեղափոխող չենք, մեզ հետ միասին գալու է մտավորականներ մի մեծ խումբ, այսինքն' մենք նաեւ կողմնակից ենք անմիջական շփմանը:

Գրողը պիտի գնա իր ընթերցողին տեսնի, աչքերի մեջ նայի, զրուցի հետը, լսի նրա խոսքը: Միայն գրելով չէ: Ուզում ենք նաեւ այդ կապը ամրապնդել, որովհետեւ շատ կարեւոր առանձնահատկություն կա. բոլորին թվում է, որ նրանք մեր կարիքը ունեն, իրականում' չէ: Գրողները նրանց' ընթերցողների կարիքն ունեն: Միշտ հակառակ կապն են անընդհատ շեշտում:

Հավաքված գրքերը հետո ո՞ւր են ուղղվելու:

Գրքերը դասակարգելու ենք, կբաժանենք' մասնագիտական, գեղարվեստական: Գնալուց առաջ հարցում կանենք' դպրոցներին առանձին, գյուղական գրադարաններին առանձին, զորամասերին առանձին: Պարզ է' զորամաս մանկական գրականություն չես տանի, բայց նաեւ չեմ տանի հայրենասիրական գրականություն: Ես զինվոր եղել եմ, ես հավատացնում եմ' զինվորին ամենաքիչը հայրենասիրական գրականություն է պետք:

Նրան պետք է ինչ-որ սիրային գործեր տանել, հուզիչ պատմություններ, այդ մարդը դրա կարիքն ունի: Դա էլ մոտեցման խնդիր է: Հատկապես այդ հեռավոր շրջաններում մի շատ ողբերգական վիճակ է ձեւավորվել: Վերջին 20-25 տարվա մեջ բացարձակապես գոնե մեկ գրքով գրադարանները չեն համալրվել, այսինքն նոր գրականություն, ինչ-որ տպվել է, նրանք ընդհանրապես տեղյակ չեն դրա գոյության մասին: Էլ չեմ ասում, որ վատ պահպանություն է եղել, եղածներն էլ խունացել են, փչանում են արդեն, մի մասն էլ մութ ու ցուրտ տարիներին այրել են:

Գրադարաններ կան, որոնք տարիներով պարզապես կողպեքով փակ են: Նոր գրքերի ներկայությունը թերեւս ինչ-որ ազդակ, խթան հանդիսանա, որ մարդիկ այցելեն: Նաեւ այնտեղ ուսանողներ են ապրում, դպրոցականներ, ովքեր թեկուզ այն առաջին անհրաժեշտության գրքերի կարիքը պիտի որ ունենան:

Անհատական նախաձեռնության միջոցով հնարավո՞ր է նման լուրջ խնդրին լուծում տալ:

Բացարձակ: Մենք ընդամենը մարդկանց ուշադրություն ենք ուզում հրավիրել: Եթե որեւէ մեկին թվում է, թե ես ու մի 7-8 երիտասարդներ սարեր ենք շուռ տալու... Իսկապես չենք շուռ տալու: Դա շատ ավելի լուրջ ուշադրության, լուրջ վերաբերմունքի խնդիր է: Ես չեմ ուզում անպայման շեշտել պետական հոգածություն, բան... Բայց ամեն դեպքում չի կարելի աչքաթող անել:

Տարեկան մեր երկրում պետպատվերով հարյուրավոր գրքեր են տպվում, հետո այդ գրքերը հավաքում, տանում, լցնում են որեւէ պահեստում ու դարերով այդպես փոշոտվում են. ոչ ընթերցողն է դրա երեսը տեսնում, ոչ էլ, մեր մեջ ասած, դրա որակն է մի բան, որ ընթերցողը դրանց երեսը տեսնի: Չէ: Իսկ էլ ինչի՞ համար են այդ միջոցները: խորհրդային իշխանությանը անուն ենք դնում. այն ժամանակ յուրաքանչյուր գրադարան պետության կողմից որոշակի քանակությամբ ամեն ամիս համալրվում էր: Տպվեց նոր գիրք, մի շաբաթ հետո դա արդեն հայտնվում էր գրադարանում:

Մայրաքաղաքը 12 թվին պատրաստվում է դառնալ համաշխարհային գրքի մայրաքաղաք, ընդամենը 4 գրախանութ ունի, էլ ինչի՞մասին ենք խոսում: Ամենաակնհայտ փաստն եմ ասում: Մյուս կողմից էլ' քիչ թե շատ կաղացող մշակութային կյանքն ամբողջությամբ կենտրոնացված է մայրաքաղաքում. կարծես Հայաստանն այս քաղաքի սահմաններով վերջանում է, իսկ այնտեղ մի հատ օտար, թշնամական երկիր է, որին ոչ ուշադրություն են դարձնում, ոչ ուզում են որեւէ բանով աջակցել:

Այդ վերաբերմունքի փոփոխության խնդիր կար, մեր նախաձեռնությունն ուզում էր նաեւ դրան նպաստել: Այսինքն' մարդկանց ստիպես Երեւանի պատերից մի քիչ էլ այն կողմ նայել, հիշել, որ դրսում էլ Հայաստան կա, որ այնտեղ էլ լավ մարդիկ են ապրում: Ու թող որեւէ մեկի մտքով չանցնի, թե հոգեւոր կյանքի արմատները հենց Երեւանում են, թող հիշեն' մեր լավագույն գրողները, մեր լավագույն գիտնականները հատկապես որտեղից են դուրս գալիս: Ու հենց որ հիշեն, կհասկանան, թե այսօր գյուղը, գավառը, հեռավոր մարզերը ինչքան կարեւոր են այս երկրի համար: Ո՞վ որոշեց, որ խնդիրները առաջինը Երեւանում պիտի լուծվեն, հետո նոր' մյուս տեղերում: Իսկ գուցե առաջինը հենց այնտե՞ղ պիտի լուծվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter