HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Հայերը բծախնդիր չեն քաղաքական ընտրություններում»

- Դժվար է քաղաքական հարցերում կանխատեսումներ անել, բայց իրադարձությունների զարգացման երեք տարբերակ կարող ենք դիտարկել:

Նախ` ի տարբերություն նախորդ ընտրությունների` այս անգամ իշխանության թեկնածուն փորձելու է անպայման ընտրվել լեգիտիմության լիարժեք պաշարով, որպեսզի հետագայում կարողանա իրադրության տերը լինել: Նրա համար դա բավական կարեւոր է, բայց թե որքանո՞վ կհաջողվի, արդեն այլ խնդիր է: Հասարակության մեջ դժգոհությունը բավական մեծ է, եւ դժվար է մարդկանց համոզել, որ բարեփոխումները շարունակվելու են կամ լինելու են ավելի արդյունավետ: Այնուամենայնիվ, եթե Սերժ Սարգսյանին հաջողվի ստանալ ժողովրդի վստահության քվեն, ապա հնարավոր կլինի խուսափել բախումներից եւ կոնֆլիկտներից: Կլինի հզոր ընդդիմություն` նախկին նախագահի շուրջ ձեւավորված, եւ քանի որ խորհրդարանական ընտրությունները հեռու են, ընդդիմությունը կգործի խորհրդարանից դուրս:

Եթե իշխանության թեկնածուն դառնա նախագահ առանց լիարժեք լեգիտիմության, ապա այս դեպքում հնարավոր սցենարն ամենադաժանն ու ամենացավալին կլինի: Վախեցած եւ կատաղած իշխանությունն իր ցասումը կուղղի ընդդիմության վրա, կունենանք փոշիացված ընդդիմություն եւ հիասթափված հասարակություն: Այս դրությունը կարող է սպառնալ երկրի կայունությանը:

Եթե հաղթի ընդդիմությունը, ապա սխալ կլինի մտածել, որ դրանով կավարտվի իշխանափոխությունը. մեր երկրում կառավարությունը ձեւավորում է խորհրդարանական մեծամասնությունը, այսօր նման լիազորություն ունի Հանրապետական կուսակցությունը: Իհարկե, նախագահը կարող է փորձել օգտագործել ՀՀ Սահմանադրության մեջ եղած սողանցքները եւ վարչապետ նշանակել ոչ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցչին, բայց այդ դեպքում խորհրդարանի անհամաձայնության պատճառով կարող են սկսվել կառավարական ճգնաժամեր, իսկ գործընթացը` դուրս գալ սահմանադրական կարգավորման շրջանակներից:

Իմ կարծիքով, իշխանությունն ավելի շատ ուժ է գործադրում եւ ցուցադրում (օրինակ` դրոշակներ կան հիմնականում «ՋԻՊ» մակնիշի մեքենաների վրա), քան իրականացնում այնպիսի նախընտրական քարոզչություն, որով կարող էր ընտրազանգված գրավել: Իրավիճակը լարված է պահում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը: Կարծում եմ` նրան հաջողվեց ստեղծել երկու բեւեռ:

Ընտրությունների ժամանակ լարվածություն միշտ եղել է, բայց այս անգամ բախումների վտանգ կա, մանավանդ, որ բախումների փոքր դրվագներ արդեն եղել են:

Մրցակցային առումով բավական վատ վիճակում է Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածուն: Գրագետ նախընտրական քարոզչություն իրականացնելով` թեկնածուն չի շահում երկփեղկվածության պատճառով. նա քննադատում է այն կառավարությանը, որի անդամ է: Իսկ չքննադատելու, ամեն ինչ գովերգելու դեպքում հարց կառաջանա, թե ովքե՞ր, այդ դեպքում, պետք է կրեն դափնիները: Փոքր ինչ շահեկան վիճակում է Արթուր Բաղդասարյանը: Նա ունի որոշակի կայուն էլեկտորատ, եւ այն ընտրողները, որոնք դեմ են եւ՛ ներկա, եւ՛ անցյալ իշխանություններին, մի փոքր ուժ տեսնելով Բաղդասարյանի թիմում` կարող են կողմնորոշվել նրա կողմը: Իմ կարծիքով, իրոք, նախագահական ծրագիր է ներկայացնում Վազգեն Մանուկյանը: Բայց նա, ավելի շատ ընտրազանգված ունենալով, կարող է ավելի քիչ ձայներ ստանալ: Նախագահական ընտրություններում մարդիկ չեն ուզում կորցնել իրենց ձայնը եւ քվեարկում են նրա օգտին, ում հաղթանակն ամենահավանականն է:

- Տարբերվո՞ւմ են, արդյոք, 2008թ. Հայաստանի նախագահական ընտրությունները նախորդ ընտրություններից:

- Տարբերություններ շատ կան: Այս անգամ նախագահի պաշտոնին ոչ թե գործող նախագահն է հավակնում, ինչպես դա 2003-ին էր, այլ` իշխանության նոր թեկնածուն: Բայց իշխանությունը միասնական չէ. իշխանության մաս կազմող Դաշնակցությունն առանձին թեկնածու է առաջադրել: Եւս մեկ կարեւոր տարբերություն. 10 տարվա լռությունից հետո ընդդիմություն ձեւավորեց առաջին նախագահը: Անկասկած, նա հետաքրքրում է հասարակությանը: Մարդիկ նրա մեջ տեսնում են «մինչեւ վերջ գնացող» կամ «պայքարից ետ չդարձող» ինչ- որ մի ուժ, եւ առկա լարվածությունը հիմնականում դրանով է պայմանավորված:

Նախորդ ընտրության ժամանակ ընդդիմության թեկնածուն չուներ առաջնորդի կերպար: Իսկ 1996 թ. Վազգեն Մանուկյանի սցենարներում ուժի գործադրմամբ իշխանության հասնելու տարբերակ չկար: Կարծում եմ, որ այսօր ընդդիմադիր քաղաքական ուժը հնարավոր կեղծումների դեպքում չի բացառում ուժով իշխանության հասնելու տարբերակը: Մի հետաքրքիր տարբերություն էլ եմ դիտարկել. ընդդիմությունը կարող է աջակցություն ունենալ իշխանության որոշ շրջանակներում գտնվող եւ իշխանություններից դժգոհ մարդկանց կողմից:

- Ի՞նչ ընդհանրություններ կան Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական համակարգերում: Եթե համեմատենք երկու երկրների նախորդ նախագահական ընտրությունները, ապա ի՞նչն է ավելի շատ` ընդհանրություննե՞րը, թե՞ տարբերությունները:

- Ընդհանրություններ կան ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական համակարգերում, այլ բոլոր այն ետխորհրդային երկրներում, որտեղ տեղի է ունենում սեփականության բաշխում, եւ որտեղ սեփականության վերաբաշխմանը մասնակցելու եւ այն պահպանելու միակ երաշխիքը իշխանությունում լինելն է: Եթե Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթացը մոտենում է ավարտին, եւ հերթը հասնում է իրարից խլելուն, ապա Ադրբեջանում այդ գործընթացը դեռեւս երկար է տեւելու` կապված նավթի նոր հանքավայրերի շահագործման կամ հայտնաբերման հետ:

Ընդհանրություններից է նաեւ քաղաքական համակարգերի չձեւավորված լինելն ու պատմական անցյալը: Այսօրվա ընտրողների գերակշիռ մասը չի տեսել ընտրությունների միջոցով իշխանություններ ձեւավորելու ավանդույթ: Երկու երկրներին էլ բնորոշ է ընտրական ցածր կուլտուրա, իշխանությունների կամքի բացակայություն ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար:

Տարբերություններից է այն, որ Հայաստանում իշխանությունը ժառանգաբար չփոխանցվեց: Իհարկե, երկուսում էլ իշխանության վերարտադրություն եղավ. սա, թերեւս, ընդհանրություն է, սակայն վերարտադրությունը տեղի չունեցավ ժառանգաբար: Հիշում ենք հայր Ալիեւի` հիվանդանոցում գտնվելու ժամանակ առեղծվածային պայմաններում որդու վարչապետ նշանակվելու հանգամանքները եւ այլն: Սա բնորոշ է միապետական երկրներին: Այս առումով Հայաստանում նման իրավիճակներ չեղան:

Կարեւոր տարբերություններից է նաեւ այն, որ մեզ մոտ ընտրություններ առանց այլընտրանքի կամ մեկ թեկնածուով չեն եղել, ինչպես Ադրբեջանում, այլ եղել է մրցակցություն: 1998 թ.եւ 2003 թ. մենք ունեցել ենք երկրորդ փուլեր, 1996 թ. երկրորդ փուլ չեղավ, բայց իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ իրականում պետք է լիներ: Մրցակցությունը Հայաստանում իրականություն է դարձել:

Եւս մի կարեւոր տարբերություն եմ ցանկանում նշել. Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ ոչ ժողովրդավարական ընտրություններ` հույս ունենալով երկրում զարգացում ապահովել նավթադոլարների հաշվին: Հայաստանը զարգացման այլ ճանապարհ չունի, քան ժողովրդավարությունն է: Այլ խնդիր է, թե Ադրբեջանն ինչպես կտնօրինի այդ նավթագումարները: Եթե որոշակի քայլեր ձեռնարկելուց հետո Հայաստանը շանսեր ունի դուրս գալու այս վարչահրամայական համակարգից եւ անցնելու իրական ժողովրդավարության, ապա, իմ կարծիքով, Ադրբեջանը բավական երկար ժամանակ նման հնարավորություն չի ունենալու:

- Ինչպիսի՞ն է 2008-ի ընտրազանգվածը:

- Ներքին քաղաքականությանը վերաբերող գլխավոր ընտրությունն Ազգային ժողովի ընտրություններն են, բայց Հայաստանում մարդիկ ավելի շատ սպասելիքներ կապում են նախագահական ընտրությունների հետ` հույս ունենալով, որ կգա ինչ-որ մեկը եւ կփրկի իրենց: Այս առումով ընտրողի հոգեբանության մեջ ոչինչ չի փոխվել. ոչ թե նախագահ են ընտրում, այլ` փրկիչ: Ընտրազանգվածի մի լայն շերտ այդպես է կողմնորոշվում: Այդ իսկ պատճառով, եթե նախորդ ընտրություններում ընտրազանգվածի կաշառվելն ինչ- որ դերակատարություն ունեցել էր, ապա այս անգամ, քանի որ սպասելիքները մեծ են, այդ երեւույթներն ավելի քիչ կլինեն: Ակտիվություն նույնպես կլինի:

Հայերը բավական բծախնդիր են կենցաղային հարցերում, բայց քաղաքական ընտրությունների ժամանակ նման բծախնդրություն ու հետեւողականություն չեն ցուցաբերում: Որպես ընտրության վրա կողմնորոշիչ գործոններ հանդես են գալիս այս կամ այն թեկնածուի հետ ունեցած ուղղակի, միջնորդավորված կապերը, նրա հետ կապված ակնկալիքները: Հայաստանում ընտրողի համար կողմնորոշիչ են երկու հարցեր` ի՞նչ շահ կա, եւ ո՞վ է ավելի մեծ փրկիչ: Սա նշանակում է, որ մեր հասարակությունը դեռեւս լիարժեք չի հասկացել ընտրությունների գինն ու իրական նշանակությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter