HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Ընտրությունները քննություն չէին

Հարցազրույց արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանի հետ

- Ի՞նչ նոր տեխնոլոգիաներ կիրառվեցին 2008 թվականի ընտրությունների ժամանակ:Այս միջոցով Լեւոն Տեր-Պետրոսյանից ձայներ խլելու գործում որոշակի արդյունքի հասավ Արթուր Բաղդասարյանը, մյուսները` Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը եւ այլք, լուրջ դերակատարում չունեցան: Քարոզարշավի ընթացքում որպես նոր տեխնոլոգիա կիրառվեց եւ նշանակալի ազդեցություն ունեցավ DVD-ների միջոցով տեղեկատվության տարածումը: Այն պայմաններում, երբ հեռուստաընկերությունները գործնականում փակ էին ընդդիմադիր գործչի համար, այդպես նրա խոսքը հասցվեց մարդկանց: 


Սերժ Սարգսյանի PR կազմակերպողները գրեթե ամեն ինչ արեցին, որ իրենց թեկնածուն առավելագույնս վատ ներկայանա ընտրողների առջեւ: Օրինակ, ամբողջ երկրով մեկ նրա նկարի փակցնումը հիշեցրեց խորհրդային միության անցյալը, երբ բոլորը միայն մի նկար էին տեսնում իրենց առջեւ: Հետաքրքրությամբ էի հետեւում «Դաշնակցություն» կուսակցության քարոզարշավին: Նրանք փորձեցին կիրառել քարոզարշավի արեւմտյան մոդելի տարրեր: Օրինակ, փողոցներում կազմակերպեցին նախնական ընտրություններ` իրենց երկու թեկնածուներից մեկին առաջադրելու համար: Կիրառվեցին նաեւ կեղծումների տեխնոլոգիաներ: Դրանք, իհարկե, նոր չեն. «կառուսել»-ը, կնիքներ ջնջելը, անձնագրեր հավաքելը եւ այլն:

- Կարելի՞ է, արդյոք, ընտրությունները համարել ժողովրդավարության քննություն: Ինչպե՞ս է հասարակությունը վերաբերվում իր ընտրելու հնարավորությանը:

- Մեր տիպի հասարակություններում ժողովրդավարությունը չի կարող քննություն լինել, որովհետեւ մենք դեռ չգիտենք էլ, թե ի՞նչ է իրականում ժողովրդավարությունը: Հասարակության այն մասի համար, որը պատրաստ է ձայներ վաճառել, կարող է բռնություններ կիրառել, անել ամեն ինչ, որպեսզի իր թեկնածուն մի քանի ձայն ավելի ստանա, ժողովրդավարությունը ծես է, որի հիմքում արժեքներ չկան: Սա կարելի է համեմատել այն մարդու հետ, որն Աստծուն չի հավատում, բայց գնում է եկեղեցի մոմ վառելու: Հասարակության մի մասի համար ընտրությունները ցավոտ անհրաժեշտություն են. նրանք կուզեին, որ ընտրություններ ընդհանրապես չլինեին եւ իրենք միշտ իրենց տեղում մնան: Հասարակության մյուս մասը (իմ գնահատմամբ` մեծամասնությունն) ընտրությունները որպես քննություն չի դիտարկում, դրանք պարզապես համարում է կյանքը փոխելու միջոց: Կյանքը փոխելու շարժառիթները կարող են եւ նույնը չլինել, ինչ խոսք, բայց մարդիկ ուզում են, որ իրենց ձայնը տեղ հասնի: Դրսի ընտրություններին հետեւողների համար, իհարկե, Հայաստանը ժողովրդավարության քննություն էր տալիս: Բայց թե ինչպե՞ս հանձնեց` այլ հարց է:

Ընտրություններից հետո անցած մեկ ամիսը ցույց տվեց, որ մարդիկ փորձում են պայքարել իրենց իրավունքները պաշտապանելու համար, եւ այդ իրավունքների մեջ է քվեարկության միջոցով իշխանություն փոխելու հնարավորությունը: Հսկայական քանակությամբ մարդիկ գնացին ընտրությունների եւ փորձեցին իրենց ձայնով ազդել դրանց վրա` նույնիսկ գիտակցելով, որ արդյունքները կեղծվելու են: Դրանից հետո նրանք դուրս եկան հրապարակ` խաղաղ ցույցերի միջոցով հայտնելով իրենց անհամաձայնությունը տեղի ունեցած կեղծումների հետ: Անցած տարիների համեմատ այս անգամ ավելի ընդգծվեց մարդկանց քաղաքացիական ակտիվությունը:

- Որքանո՞վ էին արդյունավետ տեղական եւ միջազգային դիտորդների ինստիտուտները:

- Ընդհանուր առմամբ դիտորդական առաքելություններն աշխարհում արդյունավետ են եւ ապահովում են հսկողության ինչ-որ աստիճան: Բայց մեր պետության նման երկրներում արեւմտյան դիտորդները վերապահումներով են դիտարկում իրավիճակը` խախտումները վերագրելով ժողովրդավարության մասին մեր հասկացողության պակասին: Այս ընտրությունների ժամանակ նրանց նախնական գնահատականը դրական էր: Բայց հետաքրքիր է այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո: Հանկարծ դիտորդները հասկացան, որ հանրության արձագանքներն իրենց գնահատականների վերաբերյալ այն չեն, ինչ իրենք սպասել են, ինչպես եղել է անցած ընտրությունների ժամանակ: Հասկացան, որ հասարակությունը, թեպետ ֆրագմենտար, բայց զարգանում է, եւ այն, ինչ ասվում, հայտարարվում է, այլեւս միանշանակ չի ընդունվում: Բախվելով իրենց գործունեության մասին չափազանց կոշտ գնահատականների, բացահայտ բողոքի հետ` դիտորդները ստիպված էին ավելի լուրջ վերաբերվել հարցին, խորությամբ ուսումնասիրել այն, եւ, արդյունքում, նրանց գնահատականները փոփոխվեցին: Միջազգային դիտորդների ինստիտուտի արդյունավետությունը կախված է հասարակությունից: Եթե հասարակությունը պահանջում է դիտորդից, ցույց է տալիս, որ չի հավատում, ապա խորանում են նաեւ դիտորդի վերաբերմունքն ու մոտեցումները: Դիտորդը ժամանակավոր մարդ է, եւ նրա գործողությունները շատ պարզ են` գալ, նշումներ անել եւ հեռանալ: Եթե հասարակության մեջ չկա ներքին պահանջ, նպատակին հասնելու համապատասխան բազա, դրսի ուժերը երբեք ի վիճակի չեն լինի ազդելու իրավիճակի զարգացման վրա: Այս ընտրությունների ժամանակ, կարծում եմ, որ հասարակությունը պատրաստ էր պահանջելու, որ հարգվի իր ազատ, անկախ կամքը, իր արժանապատվությունը: Սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ընդդիմադիր դաշտը հստակ էր, կար ուժեղ քաղաքական ընդդիմադիր գործիչ, որը կարողացավ միավորել ոչ միայն լիբերալ շրջանակներին, այլ ընդհանրապես հասարակության այն ներկայացուցիչներին, որոնց չի բավարարում իրականությունը եւ որոնք դեմ են ստեղծված իրավիճակին: Մանր եւ միջին բիզնեսի եւ որոշակի ինստիտուտների զարգացման հետեւանքով ձեւավորվեց միջին խավ, որը ցանկացավ ավելի ժամանակակից պետության մեջ ապրել, լինել պաշտպանված, ունենալ անկախ դատաիրավական համակարգ եւ ազատություններ: Ես կարծում եմ, միջին խավը եւ երիտասարդությունը դրեցին այս պահանջը եւ դիտորդների, եւ իշխանությունների առջեւ: Ինչ վերաբերում է տեղական դիտորդներին, ապա, ինչ-որ աշխատանք նրանք հավանաբար կատարեցին, բայց եւ գրեթե չերեւացին: Մեր դիտորդների մոտ մեր իշխանություններն, այսպես ասած, իրենց առանց քաշվելու էին պահում:

- Ինչպե՞ս են Հայաստանում ընդունվում միջազգային դիտորդների գնահատականները:

-Նայած ում կողմից: Օրինակ` Հանրային հեռուստաընկերության եւ իշխանությունների համար բավական էր դիտորդների գնահատականի առաջին ձեւակերպումը, որ «ընտրությունները հիմնականում համապատասխանել են միջազգային չափանիշներին»: Հաջորդ տողերում կային ընտրախախտումների վերաբերյալ լուրջ դիտողություններ, բայց դրանք նրանց չէին հետաքրքրում: Այստեղ, իհարկե, ճիշտն իրավիճակին սթափ մոտենալն է: Ի վերջո, մարդիկ այդ գնահատականներին հավատալու կամ չհավատալու խնդիր չունեն: Յուրաքանչյուրը տեսավ, թե ինչ էր կատարվում ընտրություններից առաջ, ընթացքում եւ հետո: Դիտորդներն ավելի խորությամբ մոտեցան այս հարցին միայն այն ժամանակ, երբ մարդիկ պահանջեցին դա, նաեւ այն պատճառով, որ հասարակության որոշակի խմբեր սկսեցին ավելի մանրակրկիտ ուսումնասիրել եւ քննարկել այս կամ այն գնահատականի պատճառը, փորձեցին հասկանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter