HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ-ի բանաձեւն ու մենք

Վերջին օրերին բոլորի ուշադրության կենտրոնում Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւն է։ Ոմանք այն համարում են պատժամիջոց, ոմանք՝ հետեւանքներ չնախատեսող խորհրդատվական փաստաթուղթ, ոմանք էլ կարծում են, թե իշխանությունները սովորության համաձայն կարողանալու են մարսել այս բավական կոշտ փաստաթուղթն ու որոշ ժամանակ անց պարզերես դառնալ եւրոպական հեղինակավոր կազմակերպության առջեւ։

Երեքն էլ ճիշտ կարող են լինել, եթե այս հարցը դիտարկենք ժողովրդական շարժման իրողությունից դուրս։ Պատժամիջոցը կարող է կիրառվել այլ նպատակներով, օրինակ՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման, խորհրդատվությունը կարող է պարզապես ընդունվել ի գիտություն, իսկ մարսելու ու պարզերես դուրս գալու հմտությանը մեր իշխանությունները, կարծես թե, տիրապետում են։

Սակայն պետք է ուշադրություն դարձնել բանաձեւի վերնագրին՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների մասին։ Այսինքն՝ սա ոչ թե եւ ոչ միայն հետընտրական ժամանակաշրջանն է ներառում, այլ՝ Հայաստանում ժողովրդավարության վիճակն առհասարակ։ Այսինքն՝ նպատակ ունի վերացնելու ոչ թե հետեւանքները, այլ՝ պատճառները, որոնք ձեւավորվել են անցած տասը տարվա ընթացքում։

2002 թվականին փակված չլիներ Ա1+ հեռուստաընկերությունն, այսօր Հայաստանում դժվար թե նման իրավիճակ ստեղծվեր։ Էլեկտրոնային լրատվամիջոցների կոշտ ու միակողմանի աշխատանքն էր մարդկանց տանում հրապարակ, որտեղ նրանք պաշտոնականից տարբեր տեղեկություն ստանալուց զատ համակվում էին նաեւ քաղաքացիական տրամադրությամբ եւ ինչու չէ նաեւ հեղափոխական պաթոսով։

Այդքան միատոն չլիներ Ազգային ժողովն, ունենար ծանրակշիռ ընդդիմադիր հատված, հարցերը կքննարկվեին խորհրդարանում եւ ոչ թե հրապարակում։

Չլիներ դատարանների ստորաքարշ պահվածքն, այսօր Հայաստանում դժվար թե նման իրավիճակ ստեղծվեր։ Գործադիր իշխանության թելադրանքով գործող դատական համակարգն էր ստիպում մարդկանց արդարություն փնտրել հրապարակում։

Չլինեին ոստիկանության եւ իրավապահ այլ մարմինների կամայականությունները, որով նրանք ավելի շատ իշխանություններին են ծառայում, քան՝ օրենքին, մարդիկ ապահովություն եւ պաշտպանվածություն չէին փնտրի հրապարակում։

Մի խոսքով, այն ինչ կատարվել է Հայաստանում փետրվարյան ընտրություններից առաջ եւ հետո արտառոց չէ, որովհետեւ նշված բոլոր հանգամանքները տարիների ընթացքում նպաստել են անվստահության մթնոլորտի ձեւավորմանը։

ԵԽԽՎ-ի բանաձեւոմ նշված թերությունները չեն կարող կոսմետիկ շտկումներ ունենալ։ Փոփոխությունները պետք է լինեն արմատական եւ միայն այդ դեպքում կվերականգնվի ժողովրդի վստահությունը։ Եթե, օրինակ, «Հայլուրը» կամ մի այլ հեռուստաընկերության լրատվական ծրագիր վաղը փորձի ճշտախոս ու անաչառ երեւալ, դրան ոչ ոք չի հավատա։ Հանրային հեռուստեսությունն ու էլեկտրոնային լրատվամիջոցների մասնավոր հատվածը պետք է համապատասխանի հասարակության մեջ առկա տրամադրությունների համամասնությանը։

Եթե պաշտոնական տվյալներով Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացել է ընտրողների ձայների քսան տոկոսն, ինչը կեղծիքներով նվազեցված թիվ է, էլեկտրոնային լրատվամիջոցները պետք է բավարարեն հանրության այդ հատվածի քաղաքական հետաքրքրությունները։ ԵԽԽՎ-ի բանաձեւում արծարծված այս թեման պիտի առիթ տա պահանջելու օրինական հասանելիքը եւ ոչ թե բավարարվելու լրատվամիջոցների առերեույթ ու ժամանակավոր ազատականացմամբ։

Բանաձեւում Ազգային ժողովին արված անդրադարձն այլ լուծում չունի, քան ԱԺ-ն առաջիկայում լուծարելն ու նոր ընտրություններ անցկացնելը։ Արտախորհրդարանական ուժերին ներգրավելու նպատակով ստեղծվելիք բոլոր կառույցները՝ հանձնաժողովներ, կոմիտեներ եւ այլն, իշխանություններին միայն հնարավորություն կտան ժամանակ ձգելու եւ եւրոպական կառույցների աչքին թոզ փչելու, բայց որեւէ էական արդյունքի չեն հանգեցնի։

Դատարանների, դատախազության ու ոստիկանության հարցն իշխանությունները կփորձեն լուծել քաղաքական գործունեության համար ձերբակալված գործիչներին ազատ արձակելով։ Դա կլինի յուրօրինակ մի «ամնիստիա», որը ոչ մի երաշխիք չի տա, որ վաղը հարկ եղած դեպքում նույնը չի կրկնվելու։ Հյուսիսային պողոտայում խաղաղ զբոսնող մարդկանց առանց պատճառի ոստիկանության բաժիններ բերման ենթարկելն, օրինակ, դադարեց Ագոյի խմբի Հայաստանում գտնվելու օրերին, բայց այսօր ոչ ոք վստահ չէ, որ պողատայում չգիտես ինչ նպատակով հերթապահող ոստիկանները վաղը դարձյալ չեն դիմի անօրինական քայլերի, երբ ԵԽԽՎ-ի հետ բոլոր հարցերը լուծված կլինեն։

Ասածս կարող էր ենթադրություն թվալ, եթե ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ի կոշտ բանաձեւը, չասեր. «Ես համաձայն չեմ փաստաթղթի որոշ դրույթների հետ, սակայն գտնում եմ, որ Հայաստանը՝ լինելով ԵԽ անդամ, պետք է քայլեր ձեռնարկի։ Դա չի նշանակում, որ մենք պետք է հետեւենք յուրաքանչյուր տառի։ Մենք կանենք այն, ինչ պահանջում են հայ ժողովրդի շահերը»։

Հիշեցնելով ԱԺ նախագահին, որ ինչպես յուրաքանչյուր ժողովրդի, հայերիս շահն էլ առաջին հերթին ազատ ու արդար կերպով ընտրված իշխանություն ունենալն է, պետք է փաստել, որ ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջները սկզբունքային են ու հստակ եւ իմաստ չունի դրանք բաղադրել «տառ»-երի։ ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջների ընտրողաբար կատարումը գուցե հնարավորություն տա առերեւույթ մեղմել լարվածությունը, բայց վերացնել չի կարող։

Ի՞նչ են պատրաստվում անել իշխանությունները, դժվար է այս պահին ասել, բայց պարզ է մի բան, որ ազատ Հայաստան երազող մարդիկ, պետք է հասնեն նրան, որ բանաձեւը ոչ թե կատարվի ԵԽԽՎ-ին լավ կամ վատ, շատ կամ քիչ բավարարելու համար, այլ՝ ժողովրդավարական ինստիտուտների վերականգնման ու լիարժեք գործունեության։ Դրա պատասխանատվությունը մերն է, ոչ թե իշխանություններինը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter