HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Զբոսավայր հասնելուց առաջ զբոսաշրջիկներին նախ աղբակույտերն են դիմավորում

Կոտայքի մարզի 67 համայնքներից բնապահպանական նորմերին համապատասխանող թափոնատեղի ունի միայն մեկը

2007 թ. ավարտին տարին ամփոփելով` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հայտարարեց, որ ընդունած զբոսաշրջիկների թվով մարզը երկրորդն է Երեւան քաղաքից հետո:

Զբոսաշրջիկներն այսօր էլ են մարզ այցելում: Ամենից հաճախ, հատկապես ամռանը, լինում են Գառնիում եւ Գեղարդում: Սակայն մինչ հայկական պատմամշակութային արժեքներով զմայլվելը, օտարերկրյա քաղաքացիները «բացահայտում են» հայոց բնաշխարհը, որը ոչ միշտ է ներկայանալի տեսքով ընդունում հյուրերին: 

Գառնի մեկնելիս անկարելի է չնկատել ճանապարհի ողջ երկայնքով ձգվող, պոլիէթիլենային տոպրակներով ծածկված դաշտավայրերը եւ ճանապարհի տարբեր հատվածներում կուտակված աղբը: Ինչպես տեղեկացանք Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնում, ընկերությունը 3 անգամ 150.000 դրամ տուգանք է նշանակել Գառնիի համայնքապետարանին: Մեր այցելության օրը աղբակույտերը աչքի էին զարնում հենց գյուղի մուտքի մոտ:

Համայնքապետ Աշոտ Վարդանյանը նախ նշեց, որ մեզ սխալ են տեղեկացրել, եւ գյուղը մեկ անգամ է տուգանքի արժանացել, ինչն էլ մեկնաբանեց այսպես` «Եկան, նայեցին: Մյուս համայնքների համեմատ մերը հարմար էր, ուղղակի Գալակտիկա գնացող ճանապարհին աղբ կար լցրած, ես հողով ծածկել էի: Շինարարական աղբ էր, ի միջի այլոց: Մեշոկներով բերել-լցրել էին...»:

Ձմռան ամիսներին 8 հազար բնակիչ ունեցող Գառնի գյուղում աղբահանություն չի կատարվում: Գարնանը ընդհանուր շաբաթօրյակ են կազմակերպում: Համայնքի ղեկավարի խոսքով` աղբարկղեր տեղադրված են 120 տնտեսություն ունեցող «գարադոկում», որոնք դատարկվում են ամսական 1 անգամ: Պարբերաբար աղբակուտակումներ են լինում Արտաշատից եկող ճանապարհին, որի համար էլ տուգանվել են: «Հիմա տրակտորով բրդել-թաղել ենք, որը կարողացել` հավաքել ենք: Մի հատվածն է մնացել` Հացավանի եւ Գառնիի արանքում: Մի հատ փոս ենք արել, էդ փոսում լցնում ենք աղբը»,- նշեց համայնքապետը: Գառնիի աղբավայրը նախկինում տեղակայված է եղել Չափիչ գործարանի մոտակայքում, այժմ մի փոքր վերեւ է տեղափոխվել` «աչքից հեռու»:

Համայնքապետարանի 55 միլիոնանոց բյուջեում աղբահանության համար առանձին գումար չի հատկացվել: Մեծ գործեր չեն անում. աշխատողին վարձակալությամբ են վերցնում` 30.000 դրամ ամսավճարով, ու մեքենայի վառելիքի գումարն են վճարում` մոտ 400.000 դրամ:

Զրույցի ընթացքում Ա. Վարդանյանը Գառնիի աղբահանության խնդիրը լուծված համարեց: Նոր թափոնատեղին անօգտագործելի հող է, ճանապարհից ու արոտատեղից հեռու: Թեեւ հողօգտագործման գծագրերն ուղարկվել են մարզպետարան եւ սպասում են նաեւ կառավարության հաստատմանը, սակայն համայնքապետը նշեց, որ թե՛ տեսչության, թե՛ բնապահպանության նախարարության աշխատակիցներն ասել էին, որ իրենք իրավունք ունեն ավագանու միջոցով որոշել, թե որ անկյունն է իրենց հարմար: Ավագանին էլ համապատասխան ընտրություն է կատարել: Սակայն երբ համայնքի ղեկավարին հարցրեցինք փորձաքննությունների մասին, վերջինս զարմացած պատասխանեց, որ հետազոտություններ չեն արվել, իրենք այդպես են նպատակահարմար գտել, քանի որ դա իրենց միակ տարածքն է:

Աղբանոցները խնդիր են մարզի գրեթե բոլոր համայնքների համար

Քաղսի համայնքի ղեկավար Սեդրակ Դավթյանը անկեղծորեն խոստովանեց, որ աղբահանություն չեն անում: «Ժողովուրդն իր բակում աղբը հավաքում, այրում է»,- ասաց նա, ապա ավելացրեց, որ անհրաժեշտության դեպքում համայնքապետարանը մեքենա է հատկացնում:

Աղբահանությունն առայժմ ոչ լիարժեք է կատարվում հատկապես գյուղական համայնքներում: Իսկ աղբանոցները խնդիր են նաեւ քաղաքային համայնքների համար: Մարզի յուրաքանչյուր քաղաքային համայնք ունի իր թափոնատեղին: Միայն Ծաղկաձորն է օգտվում Հրազդանի աղբավայրից: Բնապահպանության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի պետի տեղակալ Արսեն Պետրոսյանի խոսքով` դրանցից եւ ոչ մեկը, դե ֆակտո, չի բավարարում օրենքի նոր պահանջները: «Եթե թափոնատեղի է հատկացվում, այն պարտադիր ենթակա է փորձաքննության շրջակա միջավայրի ազդեցության բոլոր տեսակետներից: Դա կապված է մթնոլորտ արտանետումների, հոսքաջրերի, հողի վրա ունեցած ազդեցության, հոտի, աղմուկի, քամիների ազդեցության հետ»: Մարզի 67 համայնքներից փորձաքննություն անցած եւ օրենքին համապատասխանող միակ թափոնատեղին Ջրվեժում գործող աղբավայրն է, որը շահագործում է «Անկոլո» ՍՊԸ-ն:

Մյուս գյուղական համայնքները կա՛մ չունեն սեփական թափոնատեղի, կա՛մ դրանց համար նախատեսված հողատարածքներն իրենց կարգերով չեն համապատասխանում նորմերին:

Բացի այդ, Կոտայքի մարզը, մայրաքաղաքի հարեւանությամբ գտնվելով, աղբատեղի է դառնում Երեւանից դուրս եկող աղբատար մեքենաների համար: Կենցաղային թափոններն աղբավայր հասցնելու փոխարեն շատ հաճախ ընտրվում է ավելի մոտ ճանապարհ, ու աղբը լցվում է մարզի տարածքում: Խնդիրը լուծելու համար Բնապահպանական պետական տեսչության մարզային բաժինը հսկողություն է սահմանել մայրաքաղաքից մարզ մտնող բեռնատարների նկատմամբ: Մի քանիսը հայտնաբերվել են ու տուգանվել: «Բայց ամեն անգամ մենք չենք կարող վերահսկել: Համայնքները պիտի վերահսկեն: Բնապահպանական խնդիրների առաջին պատասխանատուներն ու արձագանքողներն իրենք են: Բայց գործունեության ողջ ընթացքում մենք իրենցից արձագանք չունենք: Ընդհակառակը, մենք ենք իրենց «բռնացնում» ու միջոցներ կիրառում»,- ասաց Ա. Պետրոսյանը:

Բաժնի պետի տեղակալի գնահատմամբ` խնդիրների խնդիրն այն է, որ համայնքային աղբավայրերում վտանգավոր աղբը կուտակվում է կենցաղային աղբի կողքին: Բայց այս հարցը հանրապետության մասշտաբով լուծված չէ: «Վտանգավոր թափոնների թափոնատեղիի հարցը կա՛մ նախագծման փուլում է, կա՛մ չկա»,- ասաց նա: Թերի է նաեւ աղբավայրերի շահագործումը, աղբակուտակման գործընթացը, քանի որ «չի կարելի հենց էնպես աղբը տանել, մի փոսի մեջ լցնել»: Նախ` անհրաժեշտ է բոլոր նորմերին բավարարող տարածք ընտրել, համապատասխանեցնել հողի կարգը, աղբը լցնելուց ու հողի շերտով այն ծածկելուց զատ կարեւոր է նաեւ թափոնների տեսակավորումն ու մշակումը: Ա. Պետրոսյանը խոսեց աղբի վերամշակման գործարանների կառուցման ծրագրերի մասին` նշելով, որ նախաձեռնություն է ցուցաբերել դանիական կառավարությունը: Վտանգավորների դասին է պատկանում նաեւ թռչնանոցների աղբը, եւ այսօր մարզում միջազգային վարկերով թռչնաղբի վերամշակումից մեթան գազ, պարարտանյութ ստանալու փորձեր են արվում: Որպես թռչնաղբի կենտրոնացված թափոնավայր է ընտրված Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան:

Անօթեւաններն աղբավայրի մեղուներն են

Ինչ վերաբերում է աղբի տեսակավորմանը, Բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի պետի տեղակալ Ա. Պետրոսյանի խոսքով` «այն, այնուամենայնիվ, կատարվում է: Մարդիկ պոլիէթիլենային ու ապակե շշեր, նյութեր են հավաքում: Դա թեթեւացնում է»: Խոսքն աղբարկղերը փորփրող մարդկանց մասին է, որոնք, մասնագետի գնահատմամբ, ակամայից իրենց փոքրիկ ներդրումն են ունենում բնապահպանական այս խնդրի դեմ պայքարում: Վերջիններիս կողմից իրականացվող «մեծ գործի մասին» խոսեց նաեւ «Անկոլո» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Հովհաննիսյանը: Այսօր լուրջ խնդիր են պոլիէթիլենային տոպրակները: Դրանց դեմ դժվար է պայքարել: «Ամեն ավտոյի հետեւից պետք է հող լցնել: 13-14 օրը մեկ անգամ բոմժերին 4-5 մ շառավղով հավաքել եմ տալիս: Շատ մեծ օգուտ են տալիս: Ամեն մեքենայի հետեւից վազում են: Բոմժերն աղբավայրի մեղուներն են»:

3 տարի առաջ բացված թափոնատեղին միակն է մարզում, որ համապատասխանում է օրենքի պահանջներին: «Հայաստանում միակ օրինական աղբավայրն է, որովհետեւ անցել է բոլոր փորձաքննությունները, ամենակարեւորը` էկոլոգիականը: Սովետաշենը քանի~ տարի է գործում, փորձաքննություն արին, չանցավ»,- նշեց Վ. Հովհաննիսյանը: Աղբավայրի ընդհանուր մակերեսը 6 հա է: Սպասարկում է Ջրվեժ գյուղը եւ Երեւանի Ավան ու Զեյթուն համայնքները: Ընկերության տնօրենը նախընտրեց չբացել կոմերցիոն գաղտնիքները եւ չխոսեց կատարված ծախսերի ու աղբավայրից օգտվող համայնքների վճարման չափերի մասին` նշելով միայն, որ Ջրվեժն անվճար է օգտվում աղբավայրից, քանի որ այն գտնվում է իր վարչական տարածքում: «Կախված է ծավալից, ծավալը մեքենաներով ենք որոշում: Ծանր սեզոն կա, թեթեւ սեզոն»:

Վ. Հովհաննիսյանը հայտնեց, որ համայնքներն իրենց բյուջեներով անկարող են նման թափոնատեղի ունենալ: Հիմնական դժվարությունը, վերջինիս խոսքով, կապված է փորձաքննությունների հետ: «Անկոլո»-ում փորձաքննությունները երեք տարի են տեւել: Ընկերությունն իրականացնում է աղբազերծում. աղբը կուտակվում է, այնուհետեւ` ծածկվում:

Տուգանքները խնդիրը չեն լուծում

Բնապահպանության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը նույնպես այն կարծիքին էր, որ մեկ համայնքն այսօր ի վիճակի չէ թափոնատեղի կառուցել, անհրաժեշտ է, որ մի քանիսը միավորվեն: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է նաեւ պետական լիազոր եւ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունը: Բնապահպանական տեսչությունն այսօր իրականացնում է վերահսկման աշխատանքներ, գրեթե բոլոր համայնքներում խախտումներ են գրանցվել, նշանակվել տուգանքներ: Սակայն նույնիսկ շարունակական տուգանքները խնդիրները չեն լուծում, եթե անգամ ուղեկցվում են բացատրական աշխատանքներով: Նախ` չկան միջոցներ եւ համապատասխան տարածք կամ, ինչպես սովորաբար լինում է, ֆինանսավորման դեպքում առաջնությունը միշտ շոշափելի խնդիրներին է տրվում` տանիք, ասֆալտապատում, ջրագիծ եւ այլն: Սակայն չի կարելի աչքաթող անել նաեւ աղբանոցների հարցը, քանի որ, մասնագետի գնահատմամբ, նման վիճակը «էպիդեմիայի առաջացման, հողերի փչացման, կենսոլորտի վատացման պատճառ կարող է հանդիսանալ»: «Էդ խնդիրը երկրորդային պլանում են թողնում, բայց դա ռումբ է, որն ամեն րոպե կարող է համաճարակի վերածվել, հողերը անպիտանության հասցնել»,- ասաց Ա. Պետրոսյանը:

Նախորդ տարի 150.000 դրամով տուգանվել է նաեւ Արգելի համայնքապետարանը: Պատճառն Արգելի եւ Քարաշամբի սահմանին կուտակված աղբն է եղել, որը գյուղի վարչական տարածքում լցրել են Քարաշամբի ամառանոցների բնակիչները: Ամեն անգամ Երեւան գնալիս աղբն իրենց հետ հեռու չեն տարել ու կուտակել են հարեւան գյուղի տարածքում: «Հարցը չի կարգավորվում: Պիտի գիշերը գնանք, նստենք, որ չլցնեն: Մի քանի անգամ ցուցանակ ենք գրել-դրել, որ կտուգանվեն 50.000 դրամի չափով, ցուցանակը վերցրել, գցել են ձորը, ու նորից նույն պատմությունը»,- պատմեց համայնքապետ Մաթեւոս Ավագյանը:

Լինելով նախկին քաղաքային ավան` Արգելում կան նաեւ բնակելի շենքեր, ուստի, ի տարբերություն մյուս գյուղերի, անհրաժեշտություն է պարբերական աղբահանությունը: Բայց գյուղն աղբանոց չունի: Աղբը Եղվարդի կամ Բյուրեղավանի աղբանոց է տեղափոխվում, սակայն ճանապարհը շատ երկար է: «Բաց մեքենայով որ տանում ենք, ճանապարհին աղբը, տոպրակները թափվում են: Քամին հետ ա բերում: Նման բաներից խուսափելու համար ձեռնտու կլինի, որ հենց այստեղ լինի»,-ասաց համայնքապետը: Աղբանոց չունեն նաեւ հարեւան Նոր Գեղին եւ Նոր Հաճնը: Երեք համայնքները միասնական աղբանոց ունենալու ծրագիր են մշակել: Նոր Գեղիում համապատասխան տարածք կա, որը նախկինում ավազի հանք է եղել: Տարիների ընթացքում շահագործվել է, ու տեղը մեծ փոս է առաջացել, որը 1 քաղաքային եւ 2 գյուղական համայնքներին 200-300 տարի կբավականացնի աղբ լցնելու համար: «Պայմանավորվել ենք, որ լցնելուց հետո պիտի վառենք, վառելուց հետո էլ, բնական է, ծածկելու խնդիր է լինելու»,- ասաց Մ. Ավագյանը: Ծրագիրն առայժմ փաստաթղթային փուլում է, փորձաքննություն չի անցել: Բացասական եզրակացության դեպքում համայնքապետերը նոր ուղիներ պետք է փնտրեն:

Չարենցավանի աղբը կուտակվում է հարեւան գյուղում

Չարենցավանի աղբանոցի խնդիրը նույնպես տարիների վաղեմություն ունի: Քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի ասելով` մի քանի տարբերակ փորձել են, առայժմ հաջողության չեն հասել: «Ցանկություն ունեինք աղբավայրն օրինական տեղափոխել Կարենիսի` նախկինում շահագործվող հանքերը: Կարենիսի համայնքապետի հետ պայմանավորվել էինք, որ Չարենցավան-Կարենիս ճանապարհն ամբողջությամբ վերանորոգենք, շահագործված հանքերը սարքենք Չարենցավանի աղբավայր: Բայց հետո պարզվեց, որ դրա ընդերքով խմելու ջուր է հոսում, եւ աղբը ջրին կվնասի: Դրանից էլ հրաժարվեցինք»,- պատմեց Հ. Շահգալդյանը: Քաղաքի աղբն այսօր կուտակվում է նոր գերեզմանատան մոտակայքում` Ալափարսի շուրջ 20 հա մակերեսով հողատարածքում` պոլիէթիլենային տոպրակներով ողողելով գյուղի հողերը: Հարեւան գյուղին հողի դիմաց վարձ չեն վճարում, շուրջ 40 տարի սա է եղել Չարենցավանի աղբավայրը: Առայժմ այլընտրանք չկա, թեեւ խնդրի հրատապությունը գիտակցում է նաեւ համայնքի ղեկավարը: Նշենք, որ նախորդ տարի մարզում բռնկված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության առաջին օջախն աղբանոցի հարեւանությամբ գործող ֆերմայում էր:

Չարենցավանն այսօր համապատասխան հող չունի թափոնատեղի կառուցելու համար. բնակելի տարածքներից դուրս հողեր չունի, ուստի խնդրի միակ լուծումը մեկ այլ համայնքի հետ համագործակցելն է: Համայնքի բյուջեն հողեր գնելու հնարավորություններ չի տալիս: «Հիմա պիտի փորձենք որեւէ համայնքի հետ էլի համաձայնության գալ: Վերջիվերջո, քաղաքը պիտի աղբատեղի ունենա»,- նշեց Հ. Շահգալդյանը: Առայժմ նախկին թափոնատեղիում կուտակված աղբը վերացնում են վառելու միջոցով: Բյուջեից տարեկան 1 մլն 100 հազ. դրամ գումար են հատկացնում աղբանոցի բարեկարգման, փորատման ու վարակազերծման համար:

Այս շարքի հոդվածները պատրաստվում են «Թափանցիկ տեղական ինքնակառավարում» մեկ տարի տեւողությամբ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է հանրապետության 5 մարզերում` Տավուշ, Լոռի, Գեղարքունիք, Արարատ եւ Կոտայք: Ծրագրի նպատակը Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությանը նպաստելն է: Այս շրջանակում պատրաստվում են նաեւ 5 տեսաֆիլմեր, որոնք կցուցադրվեն մարզային հեռուստատեսություններով: Հոդվածները ամիսը մեկ անգամ ներդիրով հրատարակվում են նաեւ «Ազգ» օրաթերթում:


Մեկնաբանություններ (1)

Արման
---Մարզի 67 համայնքներից փորձաքննություն անցած եւ օրենքին համապատասխանող միակ թափոնատեղին Ջրվեժում գործող աղբավայրն է, որը շահագործում է «Անկոլո» ՍՊԸ-ն:--- Նոր Նորքի 8-րդ և 9-րդ զանգվածների բնակիչները շնորհակալ են աղբավայրը այրելով կառավարող «Անկոլո» ՍՊԸ-ին անմոռանալի հոտերի ու փակ պատուհաններով անցկացրած ամառային գիշերների համար։ Հետքը պետք է գնա նկարի այդ զարմանահրաշ ինքնաայրվող/ինքնաբռնկվող աղբավայրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter