HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժողովուրդ եւ էլեկտորատ, կամ` արտաքին ու ներքին լեգիտիմության արանքում

Հայաստանում նախագահական ընտրություններն այս անգամ էլ ընթացան ետխորհրդային երկրներում տարածված սցենարով. հասարակության եւ քաղաքական դաշտի համար ետընտրական գործընթացներն ավելի նշանային էին, քան բուն ընտրական իրադարձությունները:

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անց են կացվելու 2008 թ. աշնանը: Հենց այս` արդեն տեղի ունեցած եւ սպասվելիք իրադարձությունների մեկնաբանությունները ստանալու սկզբունքով էինք մենք կազմել հայ եւ ադրբեջանցի փորձագետներին ուղղված հարցերը: Ենթադրում էինք, որ ընտրությունների արդյունքներն ու դրանց հետ կապված սպասելիքները, միեւնույն է, պետք է ցուցադրեն երկու հասարակություններում տիրող իրավիճակներն ու բացահայտեն նրանց մեջ հնարավոր փոփոխությունները: Նրանց հարցազրույցներն արդեն տպագրվել են «Հետք»-ում, «168 ժամ» եւ ադրբեջանական «Նովոյե Վրեմյա» թերթերում:


Սակայն տարեսկզբին դժվար էր մտածելը, թե նախընտրական ադրբեջանական հասարակությունը, որը նկարագրված է ադրբեջանցի փորձագետների հարցազրույցներում, այդքան շատ կտարբերվի ներկայիս հայ հասարակությունից, եւ որ մեր մեջ տեղի ունեցած այս փոխակերպումները հնարավոր են այսքան կարճ ժամանակաընթացքում: Չէ՞ որ դեռեւս անցած տարվա աշնանը հայ հասարակությունն էլ էր գտնվում այն նույն ապատիկ վիճակում, որը կարճ ու դիպուկ ներկայացրեց ադրբեջանցի փորձագետներից մեկն իր երկրի ներսում տիրող տրամադրությունները նկարագրելիս. «Հասարակությունն ապրում է քաղաքական, տնտեսական, բիզնեսի, տեղեկատվական, քաղաքացիական ոչ մրցակցային միջավայրում»: Դատելով նաեւ հարցված մյուս ադրբեջանցի մասնագետների պնդումներից` հոկտեմբերին կայանալիք ընտրությունները անցնելու են հասարակության «կողքով» եւ այս անգամ էլ են ավարտվելու նախապես որոշված արդյունքների հրապարակումով:

Մոտավորապես այսպես, կանխատեսելի արդյունքներով էին անց կացվելու նախագահական ընտրությունները նաեւ Հայաստանում, չնայած այն բանին, որ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի` հրապարակում հայտնվելու պատճառով հայաստանյան ընտրական գործընթացներում անհամեմատ ավելի մեծ ինտրիգ էր առաջացել, քան եղել էր երբեւէ մինչ այդ: Նույնիսկ դեկտեմբեր-հունվար ամիսներին առավելագույնը, որ կանխատեսելի էր ինձ համար, այն էր, որ Ռ. Քոչարյանից Ս. Սարգսյանին իշխանության փոխանցման սցենարն արդեն հարթ չի լինի, կերկարաձգվի «օբյեկտիվորեն առաջացած» երկրորդ փուլի պատճառով: Երկրորդ փուլին գնալու հավանականությունն ինձ համար պայմանավորված էր այն հանգամանքով, որ լեգիտիմության լիարժեք պաշարի կարիք ունեցող իշխանական հավակնորդի հաղթանակի այդ տարբերակն ավելի տպավորիչ եւ արժանահավատ էր լինելու նախեւառաջ դրսի համար: Հայաստանում, ինչպես եւ ետխորհրդային այլ երկրներում, մինչեւ վերջերս քիչ էին հաշվի առնում այն հանգամանքը, որ ընտրությունների արդյունքները պետք է արժանահավատ լինեն նախեւառաջ երկրի ներսում, սեփական հասարակության համար:

Ապրիլի 9-ին իշխանական մի գործչից մյուսին կառավարման լծակների փոխանցումն ամրագրվեց պաշտոնապես, բայց դա եղավ աննախադեպ ցավոտ կերպով, ալեկոծեց առանց բացառության ողջ հասարակությանը եւ սկզբունքորեն փոխեց նրան: Վերջին անգամ Հայաստանում արտակարգ դրություն սահմանել էին խորհրդային իշխանությունները: Անկախ Հայաստանի պատմության մեջ երբեւէ նման ծավալի ու նման հետեւանքների բախումներ հասարակության եւ ուժային ստորաբաժանումների միջեւ չեն եղել: Չի եղել երբեւէ այնպես, որ պետական նշանակության այնպիսի մի հանդիսավոր իրադարձության ժամանակ, ինչպիսին նաեւ նորընտիր նախագահի երդման արարողությունն է, հասարակության մեկ ուրիշ հատված դուրս գա փողոց մեկ այլ, լրիվ հակառակ` ցավալի ու տխուր առիթով: Չնայած` ոչ երդման օրն էր կարելի տեղաշարժել, ոչ էլ` զոհերի մահվան քառասունքը հետաձգել: Այս անհամատեղելի իրադարձությունների ընթացքը մեկ օրվա մեջ, նույն ժամերին եւ միեւնույն քաղաքի` իրարից ոչ հեռու հատվածներում չափից ավելի ցցուն էին դարձնում այն երկիմաստ զգացողությունները, որ ապրեց հասարակությունն իր ամբողջության մեջ ետբախումնային առաջին օրերին:

Ադրբեջանցի փորձագետները պնդում են, որ իրենց երկրում ակնհայտ է «նույնիսկ ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու իմիտացիայից հրաժարումը»: Այնտեղ բոլորն արդեն հասկացել են, որ ժողովրդավարական խաղեր տալու համար ավելորդ ջանքեր թափելու պահանջ այլեւս չկա, Ադրբեջանն իր նավթապաշարների պատճառով քարտ բլանշ ունի երկրի ներսում կամայականություններ անելու եւ դրա համար չպատժվելու համար: Հայաստանում, հակառակը, հասարակական-քաղաքական դիսկուրսում արդեն վաղուց եւ խորն է արմատավորվել արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին թեզը: Ժողովրդավարության, որպես պետության միակ կապիտալի մասին, որը կարելի է հետո ուղղել ամենատարբեր, նույնիսկ այնպիսի կարեւոր հարցի լուծմանը, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն է, խոսում են վաղուց, համառորեն եւ համարյա մշտապես: Հայաստանում 2007 թ. խորհրդարանական ցուցափեղկային, «ճիշտ» ընտրություններից ստացած տպավորությունները, հատկապես եվրոպական կառույցների գովասանական գնահատականները հասարակական լայն զանգվածների համար այդքան նշանակալի չէին: Դժվար է ասել, թե դրա պատճառն ա՞յն էր, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները ամենից շատ հետաքրքրում են միայն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին եւ նրանց կայուն կողմնակիցներին, այլ ոչ թե ողջ հասարակությանը: Թե՞ այն, որ այդ «օրինակելի ընտրությունների» ժամանակ եւ մրցակցությունն էր չնչին, եւ Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համար փոքրամասնության մեջ հայտնվելու վտանգ առհասարակ չկար: Ուստի, չկար նաեւ ռիսկի գնալու, պատգամավորական մանդատների համար ամեն գնով պայքարելու անհրաժեշտություն: Հարթակում վաղուց իրար լավ ճանաչող, մեկը մյուսի քայլերը նախօրոք իմացող խաղացողներ էին, ոչ մի անկանխատեսելի շրջադարձ չէր սպասվում, չնայած մրցակցությանը մասնակցեց նորաստեղծ «Իմպիչմենտ»-ը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի փաստն ինքնին սենսացիոն էր, քանի որ իր հրաժարականից հետո անցած այս ողջ ժամանակաընթացքում նա երբեւէ չի մեկնաբանել իրենից հետո եկած իշխանությունների քայլերը ղարաբաղյան կարգավորման բնագավառում, հաճախ նույնիսկ չափից ավելի կտրուկ էր մերժում լրագրողների խնդրանքներն այս մասին` ստեղծելով խորհրդավոր լռության մի տպավորություն: Մինչդեռ հենց այդ հարցի` ղարաբաղյան կարգավորման պատճառով 1998 թ. փոխվեց իշխանությունը Հայաստանում, եւ անցած տարիների ընթացքում քիչ չեն եղել այն հիմնավոր առիթները, որոնք նա կարող էր օգտագործել «պատասխան քայլ» անելու համար:

Լ. Տեր-Պետրոսյանի հայացքները ղարաբաղյան հակամարտության մասին հայ, ադրբեջանցի եւ այլ փորձագետների համերաշխ գնահատականներով այժմ անվանում են «կարգավորմանն ուղղված ավելի մեղմ մոտեցումներ»: Սակայն սա (Հայաստանում վերջին տասնամյակի ընթացքում պաշտոնապես ընդունված ձեւակերպումների հետ նոմինալ այս տարբերությունը) չէր, իմ կարծիքով, այն բանի պատճառը, որ նա վերստացավ քաղաքական լուրջ գործոն լինելու հնարավորությունը: Եվ կարելի է նույնիսկ վստահաբար ասել, որ նրա կողմն անցած բողոքական ընտրազանգվածն առաջնորդվում էր ոչ թե ղարաբաղյան հարցում նրա հայացքների տարբերության, այլ բոլորովին այլ, փոխկապակցված մի ամբողջ խումբ պատճառներով: Եվ դրանցից հիմնականներն իշխանությունների ու մյուս ընդդիմադիր ուժերի կողմից անձամբ այս գործչի ֆիգուրի հետ կապված ամեն ինչի նկատմամբ դրսեւորած վերաբերմունքն է: Չնայած այս ընտրությունների ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը հիշատակվում էր ավելի ինտենսիվ եւ ավելի մեծ զգացականությամբ, քան 1998 թ.-ից հետո տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, սակայն մարդկանց զանգվածների վրա ազդեցություն չէր գործում: Ընտրությունների ժամանակ ղարաբաղյան հակամարտությանն այդքան մեծ տեղ տալու եւս երկու պատճառ կար: Եվ մեկը բավական բանալ էր. եթե Տեր-Պետրոսյանին հեռացնելու պատճառը ղարաբաղյան հակամարտությունն էր, ապա նրա «քաղաքական ոչնչացման» հիմնական փաստարկն այժմ էլ պետք է դառնար հակամարտությունը: Գուցե, ասենք, Ռուսաստանից հարաբերականորեն վերջերս Հայաստան եկած նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանին քարոզչական լավ հնարք էր թվում բլոկադային Լենինգրադի տեսարաններ հիշեցնող 90-ականների սառած երեւանյան կադրերի ցուցադրումն ու «Մի ընտրեք անցյալը, այլ ընտրեք ապագան» կոչերը: Բայց չէ՞ որ գոնե Ղարաբաղում պաշտպանական գործողությունները ղեկավարող, համակարգող ու դրանց մասնակցող Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը լավ գիտեին, թե «որքան ծանր աշխատանք է եղել պատերազմը» բոլորի համար` իշխանություններից մինչեւ հասարակ ժողովուրդ:

Արտակարգ իրավիճակի օրերին ադրբեջանական եւ ղարաբաղյան ստորաբաժանումների միջեւ կարճատեւ, բայց զենքի ավելի լայն տեսականու գործադրմամբ բախումը ղարաբաղյան հակամարտության թեման զարգացրեց ներքարոզչական փոքր-ինչ այլ, բայց ոչ ամբողջովին ուրիշ ճանապարհով: «Թե ովքեր են հետապնդում պետական շահեր, իսկ ովքեր իրենց նեղ անձնական կամ նեղ քաղաքական նպատակներին հասնելու համար գնում են պետությանը վտանգող քայլերի» մոտիվներով խոսակցություններն այնքան հին են, որքան գոյություն ունի իշխանության համար պայքարն առհասարակ: ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով ընդունված բավական կոշտ որոշումը հաստատ դեռ լինելու է այս թեման ներքին քննարկումների ընթացքում ծավալելու առիթ: Սակայն, մյուս կողմից էլ շատ դժվար է հիմա դասդասել բոլոր 9 թեկնածուներին եւ քաղաքական այլ ուժերին ըստ ընդունված մեխանիզմի. բոլոր իշխանամետ ուժերը հետապնդել եւ շարունակելու են հետապնդել պետական շահեր, իսկ բոլոր ընդդիմադիր ուժերը` այն մյուսը, ոչ պատվաբերը, նեղ անձնականը: Քանի որ հիմնական պայքարն ընտրությունների բոլոր փուլերի ժամանակ, այդ թվում` մարտիմեկյան իրադարձություններից հետո, ընթանում էր «բոլորը Տեր-Պետրոսյանի դեմ» սկզբունքով:

Ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության տակ միշտ, նաեւ նախագահական ընտրությունների նախօրեին, հասկանում էին ոչ այնքան այն, թե ինչպես կընդունվեն այդ ընտրությունները գործընթացի բուն դերակատարների` ընտրազանգվածի ու քաղաքական ուժերի կողմից, որքան` թե ինչպես գործընթացին կվերաբերվեն երկրի սամաններից դուրս: Սակայն ընտրությունների մասին այդքան շատ խոսելու արդյունքում ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին իրենց սպասելիքները կապել ընտրությունների հետ, հավատալ այդ թեզին եւ այն բանին, որ բողոքի ցուցադրումը կունենա սթափեցնող նշանակություն: Մանավանդ, որ ընտրությունների մասին խոսակցությունների ֆոնին հասցրել էր հասունանալ մի նոր, երիտասարդ, արդարության պահանջարկ ունեցող մի սերունդ: Ես, իհարկե, հասկանում եմ, թե իրականում ի՞նչ էր ուզում ասել հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը, երբ լրագրողների համար իր ելույթներից մեկում պնդում էր, որ Հայաստանի խնդիրներն այն բանից են, որ այս ժողովրդին երկար եւ համառորեն ներշնչում էին, որ ինքը նաեւ ընտրազանգված է: Սակայն այդ դեպքում ինչի՞ համար են կազմակերպվում առհասարակ ընտրությունները, եթե այդ ընթացքում մեջտեղ պետք է բերվեն Ղարաբաղի նման կարեւորագույն ու ցավոտ մի այնպիսի հարցի հետ կապված «բացահայտումներն» ու «ոչնչացնող հիշեցումները», որոնք ճիշտ ընկալելու ու մարսելու համար ոչ ժողովուրդ լինելն է բավարար, ոչ էլ` թրծված էլեկտորատ:

Սա, իհարկե, Հայաստանում ընթացող խորը հասարակական գործընթացների միակ ցուցանիշը չէ, որոնք դրանց արագ փոխակերպումների պատճառով դժվար է միարժեք գնահատելը: Բայց մի բան միանշանակ է. այն, որ փետրվարի 19-ին քվեատուփերին մոտեցած ընտրողներն ու ներկայիս հասարակությունն իր ամբողջության մեջ երկու տարբեր երեւույթներ, հանրույթներ, երկու տարբեր քաղաքական գործոններ են: Ետընտրական հասարակության հետ, որին այժմ արդեն անվանում են ժողովուրդ, ավելի շատ են հաշվի նստում, եւ եթե իշխանություններն ականջ են դնում երկխոսության մասին կոչերին, ապա միայն այն նպատակով, որպեսզի կարողանան «կազմաքանդել» քաղաքական ընդդիմախոսներին սատարող քաղաքացիների բանակը: Կկարողանա՞ն, արդյոք, Տեր-Պետրոսյանն ու նրա շուրջ հավաքված ուժերն այսուհետ էլ մնալ ներքաղաքական ազդեցիկ գործոն: Դժվար է ասել, քանի որ այսպես կոչված անցումային ժողովրդավարությունների երկրներում, ինչպիսին նաեւ մինչեւ վերջերս անվանվում էր Հայաստանը, ընտրություններից հետո արվում է ամեն ինչ քաղաքական ընդդիմախոսներին թուլացնելու, գուցեեւ ապագա ընտրազանգվածի աչքում քաղաքականապես ոչնչացնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter